Հոդված 1. Հայաստանի Հանրապետությdան 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Քննիչը մեղադրյալին, նրա պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը եւ միաժամանակ պարզաբանում քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
Նախագծի ընդունումը պայմանավորված է մեղադրյալի, նրա պաշտպանի, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի եւ նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Գործող քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Նշված նորմերի մեկնաբանությունը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածով սահմանված նորմերի մեկնաբանման մեթոդով) թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին: Այսինքն, շահագրգիռ անձիք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշման պատճենը, այլ վերջիններիս ուղղակի բացատրում են դրա բողոքարկման հնարավորության մասին:
Պրակտիկայում քննիչների կողմից վերոնշյալ որոշումների միայն տեղեկացման եւ դրանց բողոքարկման կարգի պարզաբանման, ինչպես նաեւ արդյունքում փաստացի որոշման պատճենի չտրամադրման հիմնավորում է հանդիսանում այն, որ Օրենսգրքով նման դատավարական կարգ սահմնաված չէ, եւ ՀՀ Սահամնադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Մինչդեռ, հարց է առաջանում, թե Օրենսգրքի վերոնշյալ հոդվածում նշված շահագրգիռ անձիք քննիչի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ ո՞ր հիմքերը կարող են բողոքարկել համապատասխան մարմնին, եթե քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը: Նշվածն ուղղակի հակասության մեջ է գտնվում Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, որի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց իրավունք է տրվում դատարան բողոքարկել նաեւ քրեական գործը կասեցնելու մասին որոշումը:
Իրականացնելով քննարկվող ինստիտուտի համեմատական վերլուծություն Օրենսգրքի այլ դրույթների եւ կարգավորումների միջեւ եւ համեմատելով խնդրո առարկա կարգավորումը քրեական գործով վարույթի կարճման ինստիտուտի հետ (Օրենսգրքի 262-րդ հոդված)` պարզ է դառնում, որ այնտեղ կարգավորումն ընթացել է այլ ուղով, մասնավորապես` տուժողին ուղարկվում է կարճման որոշման պատճենը՝ դրանով իսկ նախատեսելով բոլոր իրական հնարավորությունները նշված որոշումը բողոքարկելու համար:
Հարկավոր է հաշվի առնել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումն ուղղակիորեն վերաբերում է տուժողի շահերին, եւ հաշվի առնելով այն, որ անձանց արդյունավետ պաշտպանության իրավունքի իրականացման համար միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է, տրամաբանական կլիներ, որ քննիչը տուժողին տրամադրեր քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման պատճենը եւ պարզաբաներ, որ նշված որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո` նկատի ունենալով, որ տուժողները, չստանալով որոշումները, փաստորեն զրկվում են դրանք բողոքարկելու, այդ կերպ իրենց շահերն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման միասնական պրակտիկան ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս 2013թ. հուլիսի 17-ին հանձնարարել է կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին՝ ապահովել տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին քրեական գործով վարույթը կասեցնելու մասին գրավոր իրազեկումը, որում միաժամանակ պետք է պարզաբանվի, որ վերոնշյալ անձանց կողմից գրավոր պահանջի դեպքում նրանց կարող է տրամադրվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը` այն Օրենսգրքով նախատեսված կարգով բողոքարկելու համար:
Հանձնարարականն իհարկե ողջունելի է եւ իրականում լուրջ ձեռքբերում է իրավահարաբերության կարգավորման շրջանակներում, այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ հարցը կարգավորվի օրենքով, քանի որ այն հավասարապես վերաբերում է իրավունքին ու պարտականությանը:
Հարկ է նշել, որ հարցի կարգավորումն իր արտացոլումն է գտել դեռեւս 2012թ. ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված քրեական դատավարության օրենսգրքի նախագծում: