Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-758-09.11.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին»  Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում ավելացնել  նոր՝  14-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

Մշակութային ծառայություններ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը`  թատերահամերգային, մասսայական միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, զանգվածային տեղեկատվության բոլոր՝ էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին  գովազդի  միջոցներում պարտադիր  տեղեկություններ պետք է նշեն  գովազդատուի, ձեռնարկի բովանդակության, վայրի, ժամանակի, համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ ձայնագրություն (ֆոնոգրամա)) մասին։

Կենդանի կատարման կամ ձայնագրության մասին տեղեկությանը չպետք է լինի գովազդի ողջ  ծավալի, տարածքի կամ բովանդակության 7% -ից պակաս։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է  1996թ.։ Այն կարգավորում է ՀՀ-ում գովազդի ստեղծման եւ տարածման իրավական հիմքերը, անհրաժեշտ պայմաններ է ապահովում հասարակության, գովազդ սպառողների եւ արտադրողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Օրենքը սահմանում է նաեւ գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջները՝ հստակեցնելով ապրանքների առանձին տեսակների՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դեղամիջոցների, մանկական սննդի, բուժտեխնիկայի, զենքի եւ զինամթերքի, վիճակախաղի գովազդի առանձնահատկությունները։

Այսօր գովազդի շուկայում՝ զանգվածային տեղեկատվության տպագիր,  էլեկտրոնային, ինչպես նաեւ արտաքին գովազդի   միջոցներում բավական մեծ ծավալներ  են կազմում մշակութային ծառայությունների՝ թատերահամերգային, մասսայական միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդները։ Սակայն  միշտ չէ, որ  մշակութային ոլորտի գովազդատուներն ու գովազդ արտադրողները բարեխիղճ են իրենց պարտականությունների մեջ։ Հաճախ հավաստի կամ անհրաժեշտ տեղեկություններ չեն  ներկայացվում մշակութային ծառայության իրական բովանդակության, վայրի, ժամանակի, համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների  մասին։

Պետական համերգասրահներում եւ թատերական դահլիճներում քիչ չեն ոչ կենդանի  կատարմամբ  համերգները եւ  այդ մասին գովազդի մեջ համապատասխան հղման բացակայությունը։

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում ապրանքների առանձին տեսակների  շարքում  մշակութային գովազդի ընդհանուր պահանջների ու առանձնահատկությունների ամրագրումը  բավարար իրավական  մեխանիզմներ կապահովի  մշակութային գովազդի պատշաճության եւ գովազդ սպառողների շահերի պաշտպանության համար։

Օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նկատի ենք ունեցել միջազգային իրավական փորձը։