Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-761-11.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001թ.) հոդված 7-ը լրացնել նոր` 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«8. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում, բացառությամբ` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասերի, հողամասի սեփականատերը` ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համապատասխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում` տեղական, համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական) մուծում է հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:

Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողերի կադաստրային գների նկատմամբ կիրառվում է նվազեցնող` 0.3 գործակիցը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացման եւ երկրում գյուղատնտեսության զարգացման խթանման նպատակով խիստ կարեւորվում է ջերմատնային արտադրության, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների, լճակային ձկնաբուծության ոլորտներում գործարար ակտիվության զարգացումը: Այս հիմնախնդիրն առավել կարեւորվում է Հայաստանի Հանրապետության լեռնային, սահմանամերձ գոտիներում: Սակայն ներդրումների իրականացմանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ վերը նշված ոլորտների տնտեսությունները` ջերմոցներ, անասնաշենքեր, թռչնանոցներ, իսկ ձկնաբուծական տնտեսությունները` արհեստական լճակներ կառուցելու համար պետք է սահմանված կարգով փոխեն հողերի նպատակային նշանակությունը, որը պահանջում է լրացուցիչ ծախսեր` հողերի նպատակային նշանակությունը փոխելուց պետք է վճարվի դրանց կադաստրային արժեքի տարբերությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային արտադրության, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների, լճակային ձկնաբուծության ոլորտների զարգացումը խթանելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով սահմանված կարգով կատարել համապատասխան լրացում` հնարավորություն ստեղծելով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց համար կադաստրային արժեքի զրո տոկոսը վճարելով, ապահովել իրենց գործունեության համար կառուցվող անշարժ գույքի պետական գրանցումը: Հետագայում սա կբացառի անօրինական կարգով անհրաժեշտ շինությունների կառուցումը եւ օգտագործումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 եւ 2003 թվականի դեկտեմբերի 24-ի  N 1746-Ն որոշումների մեջ: