Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-763-11.11.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել  նոր՝  ժ) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ժ) տեղեկատվություն՝ մշակութային ծառայությունների մատուցման ժամանակ (թատերաերաժշտական, մասսայական միջոցառումներ, համերգներ, փառատոներ, համերգային հյուրախաղեր) կատարողների կողմից կենդանի կատարման կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին»։

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը  «այլ եղանակներով»  բառերից հետո լրացնել «ներառյալ գովազդի բոլոր միջոցները» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (ՀՕ-197) ընդունվել է  2001 թվականի հունիսի 26-ին։

Օրենքը կարգավորում է ՀՀ-ում սպառողների եւ արտադրողների միջեւ ապրանքների եւ ծառայությունների մատուցման ժամանակ ծագող հարաբերությունները, ապահովում սպառողների շահերի պետական եւ հասարակական պաշտպանության իրավական մեխանիզմները։ Այն սահմանում է նաեւ ապրանքների (աշխատանքներ, ծառայություններ) մատուցման ժամանակ կատարողի կողմից անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն ապահովելու պարտականությունը, ինչն անհրաժեշտ նախապայման է սպառողների կողմից պատշաճ որակի ապրանքներ եւ ծառայություններ  ձեռք բերելու համար։

Օրենքի 11-րդ հոդվածը՝ Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվությունը,   հստակեցնում է ապրանքների եւ ծառայությունների առանձին տեսակների  վերաբերյալ  անհրաժեշտ եւ պարտադիր տեղեկատվության ընդհանուր պահանջները՝ տեղեկություններ ապրանքների հիմնական հատկությունների՝ բաղադրության, կշռի, ծավալի, գնի, պիտանելիության, համապատասխանության վերաբերյալ։

Այսօր մեր հանրային կյանքում մեծաթիվ են մշակութային ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են  թատերահամերգային, մասսայական միջոցառումների, փառատոների, համերգների, հյուրախաղերի կազմակերպման աշխատանքներ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  վերջիններս հիմնականում խուսափում են անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ փոխանցել համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների մասին (կենդանի կատարում  կամ ֆոնոգրամա)։ Ոչ կենդանի  կատարմամբ  համերգները եւ այդ մասին  համապատասխան տեղեկատվության բացակայությունը շահեկան չեն թե սպարողների իրավունքների շահերի պաշտպանության, թե կատարողական արվեստում արդար մրցակցության  ապահովման տեսանկյունից։

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ապրանքների մասին պարտադիր տեղեկատվության ցանկում ֆոնոգրամայի/ձայնագրության կամ կենդանի կատարման մասին տեղեկատվության ամրագրումը կապահովի մշակութահամերգային ծառայություն պատշաճությունն ու համապատասխանությունը։

Օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս խնդիրը քննարկել  ենք մշակութային շրջանակների եւ սպառողների շահերի պաշտպանությամբ հետամուտ հասարակական կազմակերպությունների հետ, նկատի ենք ունեցել միջազգային իրավական փորձը։