Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-764-12.11.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի 33.1 հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի` միաժամանակ 5 եւ ավելի համայնքում կամ 10.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձրատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը նույն ժամանակահատվածի համար (60 օր)` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով:

Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձատրության չափով:

Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամը վարձատրվում են համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի եւ հանձնաժողովի անդամի վարձատրության չափով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:ե:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը չի նախատեսում համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի` միաժամանակ 5 եւ ավելի համայնքում կամ 10.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից բացի այլ ընտրությունների դեպքում տեղամասային հանձնաժողովի անդամի վարձատրություն:

Օրենսգրքում նման ձեւակերպման արդյունքում Երեւան համայնքում տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները չեն վարձատրվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանը հանդիսանում է մեկ խոշոր համայնք, եւ քանի որ ընտրատարածքային հանձնաժողովում աշխատանքը ծավալուն է, ուստի արդարացի չէ այդ անդամներին չվարձատրելը:

Սույն օրենքով առաջարկվում է վարձատրություն նախատեսել Երեւան քաղաքում տեղական ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովների անդամների համար:

Նշված հոդվածի խմբագրմամբ նաեւ կատարվել է նորմի համապատասխանեցում օրենսդրական տեխնիկայի կանոններին (առաջին պարբերությունից հանվել է «եւ» շաղկապը):