Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-760-11.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրպետության օրենքի (ՀՕ-295, 14 ապրիլի 1999թ.) 49-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 49. Պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարները եւ համակարգի ֆինանսավորումը

Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունների դիմաց պետական բյուջե են գանձվում վճարներ, որոնց ցանկը եւ չափը սահմանվում է օրենքով:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրպետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջարկը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներից, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը: Բացի այդ, օրենքի ընդունումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը նշված համակարգում, կավելացնի պետական բյուջեի եկամուտները, ինչպես նաեւ կբարձրացնի բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը:

Նկատի ունենալով վերը նշվածը, առաջարկում ենք օրենքով կարգավորել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարները, դրանց չափն ու վճարման կարգը, ինչպես նաեւ նշված համակարգի ֆինանսավորումն ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: