Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-765-16.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր «իը)» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«իը) Գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական մինչեւ տասը հազար դրամի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի նիստի թիվ 35 արձանագրության 25-րդ կետով ներկայացված արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի 6-րդ կետից: Նախագծի նպատակը գործատուներին` իրենց աշխատակիցների առողջության պահպանմանն առնչվող խնդիրների լուծման գործընթացներին մասնակից դարձնելու համար նպաստավոր օրենսդրական դաշտի ստեղծումն է:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, գործատուների կողմից իրենց աշխատակիցների համար կա-տարված առողջության ապահովագրավճարները եկամտահարկով հարկման առումով չեն նվազեցվում համախառն եկամտից: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությունը չի նպաստում, որպեսզի գործատուները ապահովագրավճարներ կատարեն իրենց աշխատակիցների առողջության պահպանության նպատակով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց կողմից իրենց աշխատակից ֆիզիկական անձանց համար կատարված առողջության ապահովագրավճարները` ամսական մինչեւ տասը հազար դրամի չափով, համարել համախառն եկամտից նվազեցվող եկամուտ:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան իրավաբանական անձանց կողմից իրենց աշխատակից ֆիզիկական անձանց համար կատարվող առողջության ապահովագրավճարներն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվի նպաստավոր օրենսդրական դաշտ` գործատուների կողմից իրենց աշխատակիցների առողջության պահպանման նպատակով առողջության ապահովագրավճարների կատարման համար: