Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն այդ հանգամանքների հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք, ինչպես նաեւ գործին մասնակից չդարձված այն անձինք, ովքեր վերջնական դատական ակտի կայացման եւ տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից համապատասխան վճռի կայացման պահին ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի եւ Կոնվենցիայի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 426. 7 հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի նպատակը անձանց` Սահմանադրությամբ կամ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն է ստեղծում միայն այն դեպքում, երբ վերանայման կարգը թույլ է տալիս այդ անձնաց իրացնելու նաեւ սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, այդ թվում` երբ նրանք սահմանադրական դատարանի կամ Եվրոպական դատարանի` նոր հանգամանք հանդիսացող որոշման կայացման պահին ունեցել են այդպիսի իրավունքն օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.21 եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2 (2-րդ մաս), գործող հոդվածները նման հնարավորություն չեն տալիս իրենց իրավունքների սահմանադրական կամ կոնվենցիոն պաշտպանություն իրականացնելու այն անձանց, ովքեր տարբեր պատճառներով քաղաքացիական կամ քրեական գործերի քննությանը չեն մասնակցել, բայց ունեցել են այդ իրավունքը: Քննարկվող նախագծերը հնարավորություն են ընձեռում անձանց սահմանադրական դատարանի կամ Եվրոդատարանի որոշման հիման վրա վերականգնելու Սահմանադրությանը կամ Կոնվենցիային հակասող ճանաչված նորմի կիրառման արդյունքում խախտված իրենց իրավունքները:
Ինչ վերաբերում է ՀՀ քր. դատ. օր. 426.7 հոդվածի 4-րդ մասից «Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը:» նախադասությունը հանելուն, ապա դա արվում է օրենսդրությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություն չնախատեսելու պայմաններում անձանց սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանը չխոչընդոտեու նպատակով:
Նախագծում ինստիտուցիոնալ մոտեցումների միջոցով իրացվել են ՀՀ սահմանադրական դատարանի թիվ, թիվ ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-833 որոշումների մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, ըստ որոնց վերը նշված նորմերը ճանաչվել են Սահմանադրության 18, 19 եւ 42-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր, առաջ են քաշվել օրենսդրական ճիշտ ձեւակերպումների միջոցով օրենսգրքերի նշված նորմերը կատարելագործելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը լիարժեք իրականացնելու հարցեր: