Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-768-17.11.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) կասեցվել է քրեական գործով վարույթում կիրառման ենթակա իրավական ակտի գործողությունը.».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա որեւէ նորմատիվ ակտի դրույթ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Գործի վարույթը կասեցվելու դեպքում դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմում է սահմանադրական դատարան:»:

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`

1) մինչեւ սահմանադրական դատարանում գործի դատաքննությունը սկսվելը դատարանը հետ է վերցրել իր դիմումը.

2) սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը եւ դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին կամ բողոքարկելուց հետո` սահմանանադարկան դատարանի նախագահը դատարանի դիմումը  վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.

3) սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.

4) սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

5) ուժի մեջ է մտել կիրառման ենթակա նորմատիվ ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող եւ անվավեր ճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) առաջադրումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը ՀՀ սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ մասին եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմին համապատասխան` Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել նաեւ դատարանները՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ` նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների եւ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա (իրավական նորմերի կոնկրետ վերահսկողություն) վերտառությամբ հոդվածում սահմանված է ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածում ամրագրված դատարանների լիազորության իրականացման հստակ կարգ: Մինչդեռ, ՀՀ քրեական դատվարության օրենսգրքի 31-րդ հոդվածում դեռեւս պահպանվում են նորմեր, որոնք հակասում են ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքին, քանի որ դրանցով նախատեսված է, որ  քրեական գործով վարույթի ընթացքում կիրառման ենթակա օրենքի կամ այլ իրավական ակտի եւ ՀՀ Սահմանադրությանը հակասության հայտնաբերման դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը եւ դիմել դատարանների նախագահների խորհրդին` «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով1 սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով առաջարկվում է դատարանի վերապահել իրավունք կասեցնել իր վարույթում գտնվող քրեական գործի վարույթը`

1) եթե օրենքով նախատեսված դեպքերում2 կասեցվել է քրեական գործով վարույթում կիրառման ենթակա իրավական ակտի գործողությունը.

2) իր կողմից կիրառման ենթակա որեւէ նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության որոշման կապակցությամբ դատարանի որոշման` վարադաս դատարան բողոքարկելու հնարավորությունը, քանի որ`

1) եթե դատարանը նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության որոշման կապակցությամբ դիմել է սահմանադրական դատարան, ապա դատարանի որոշման իրավաչափության հարցն արդեն ենթակա է  որոշման սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակում` կոնկրետ  նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության որոշման հարթությունում.

2)  եթե դատարանը մերժել է նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության որոշման կապակցությամբ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունը, ապա դատարանի որոշման իրավաչափությունը կարող է վիճարկվել Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան դիմելու միջոցով` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:

Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքին համապատասխանող այն դեպքերը, երբ դատարանի կողմից կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության որոշման կապակցությամբ դատարանի կողմից կասեցված քրեական գործով վարույթը վերսկսվում է:
 
 
 
 
 

--------------------------------------------------------------------------------

1 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2007 թվականի փետրվարի 22-ին «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքով:

2 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն իրվական ակտի գործողությունը դադարում է նաեւ դրա գործողությունը կասեցվելու դեպքում, իսկ նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` իրավական ակտի գործողությունը կարող է կասեցվել իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ: