Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-774-23.11.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 19-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությունը

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի (անձանց) կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ  զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ  այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով»:»

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1.-րդ պարագրաֆով.

««2.1. Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ  պայմանները:

Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները

1. Քաղաքացին, որի կարծիքով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը  արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակայնորեն տարածած անձի դեմ:

2. Սույն օրենսգրքի իմաստով վիրավորանք է համարվում խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով կատարված հրապարակային արտահայտությունը (կարծիքը կամ գնահատող դատողությունը), որի նպատակը կամ մտադրությունը անձին արատավորելն է:

Սույն հոդվածի իմաստով արտահայտությունը չի համարվում անձին արատավորելու մտադրությամբ տարածված, եթե այն տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակշռող հանրային կամ իրավաչափ մասնավոր շահով:

3. Սույն օրենսգրքի իմաստով զրպարտություն է համարվում անձի վերաբերյալ այնպիսի ոչ ճշմարիտ փաստացի տվյալների հրապարակային տարածումը, որոնք արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:

4. Սույն հոդվածում նախատեսված գործերով անհրաժեշտ փաոտացի տվյալների (հանգամանքների) ապացուցման բեռը, կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ, մինչդեռ հայցվորն է տիրապետում այդ փաստացի տվյալներին (հանգամանքներին):

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստացի տվյալները չեն մեկնաբանվում որպես զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել`

ա) օրենսդիր մարմնում լսումների եւ նիստերի ընթացքում արված ելույթում:

բ) օրենսդիր մարմնի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովում, (հանձնախմբում) լսումների ընթացքում արված հայտարարությունում, եթե այն առնչվում է այդ մարմնում քննվող խնդրին,

գ) դատական քննության մասնակցի կողմից դատական քննության ընթացքում արված հայտարարությունում, որը վերաբերել է քննվող գործի հանգամանքներին,

դ) գիտական կամ հանրային խնդրի քննարկմանը մասնակցելու նպատակով արված հայտարարությունում, երբ ապացուցվի, որ դրանք տարածած անձը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը եւ(կամ)   հիմնավորելու դրանց մեջ առկա մեղադրանքները, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխիղճ է ներկայացրել այդ տվյալները:

6. Վիրավորանքի դեպքում քաղաքացին իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած անձից դատական կարգով պահանջել`

ա) հրապարակային ներողություն.

բ) հերքում, եթե դա հնարավոր է` հաշվի առնելով վիարվորանքում տեղ գտած արտահայտության (արտահայտությունների) էությունը.

գ) միանվագ փոխհատուցման վճարում նվազագույն աշխատավաձի մինչեւ 250-ապատիկի չափով:  Գումարի չափը սահմանում է դատարանը` հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները :

7.  Զրպարտության  դեպքում քաղաքացին իրավունք ունի իրեն զրպարտած անձից դատական կարգով պահանջել`

ա) զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հրապարակային հերքում

բ) միանվագ փոխհատուցման վճարում նվազագույն աշխատավաձի մինչեւ 500-ապատիկի չափով: Գումարի չափը սահմանում է դատարանը` հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները:

8. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված միջոցներով բավարարում ստանալու հետ միասին քաղաքացին իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջել վիարվորանքի կամ զրպարտության հետեւանքով իրեն պատճառված վնասները, այդ թվում` դատական ծախսերը եւ խախտված իրավունքների վերականգման համար իր կողմից կատարված ծախսերը, որոնց չափը սահմանում է դատարանը:

9. Եթե վիարավորանքը կամ զրպարտությունը դրանք տարածած անձի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետեւանքով տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա այդ անձը որպես բարոյական վնասի հատուցում պետէ վճարի միանվագ գումար համապատասխանաբար զրպարտության դեպքում` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի, իսկ վիրավորանքի դեպքում` մինչեւ 500-ապատիկի չափով: Գումարի չափը սահմանում է դատարանը` հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները:

10. Եթե վիրավորանքը  կամ զրպարտությունը տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ, եթե նման տեղեկությունը տարածվել է հեռուստատեսությամբ  եւ(կամ)  ռադիոյով ուղիղ հեռարձակմամբ, ապա վնաս կրած անձն իրավունք ունի զանգվածային լրատվական գործողություն իրականացնողից պահանջել`

ա/ հրապարակել պատասխան,

բ/ ուղղել փաստերի մասին սխալ հայտարարությունը,

գ/ հրապարակել դատարանի վճիռը, որը հավաստում է փաստերի մասին սխալ լինելը,

դ/ վճարել փոխհատուցում սույն հոդվածի 11-րդ  մասով սահմանված կարգով:

11. Եթե սուն հոդվածի 10-րդ մասով սահմանված միջոցները բավարար չեն խախտած իրավունքները վերականգնելու համար, ապա դատարանը կարող է զանգվածային լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել վճարել համապատասխանաբար զրպարտության դեպքում նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի իսկ վիարվորանքի դեպքում մինչեւ 1000-ապատիկի չափով միանված գումար:

Գումարի չափը սահմանելիս դատարանը պետք է հաշվի առնի հետեւյալ հանգամանքները.

ա)  զանգվածային լրատվության միջոցի կողմից պատասխան կամ ուղղում հրապարակելու մասին առաջարկ լինելը,

բ)  վիճարկվող հրապարակման հավասարակշռված ձեւով ներկայացված լինելը,

գ)  հրապարակման վերաբերելիությունը էական հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին եւ դրա նպատակաուղղվածությունը հանրային շահին ծառայելուն:

12. Անձը կարող է ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա կրկնել է այնպիսի զրպարտող փաստացի տվյալ, որը նախկինում հրապարակայնորեն տարածվել է եւ չի հերքվել զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:

13. Անձը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմաված պատասխանատվությունից, եթե նա կրկնել է նախկինում մեկ այլ անձի կողմից արտահայտված վիրավորանքը` անկախ դրա տարածման միջոցներից եւ ժամկետից:

14. Դատարանը սույն հոդվածով սահմանված վնասի հատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնի պատասխանողի գույքային դրությունը:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության տարածման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:

16.  Անձի գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի կանոները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ:

Հոդված 3. Օրենսգրքի 22-րդ հոդվածի «19 հոդվածով» բառերը փոխարինել «1087.1-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հարպարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության   քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության   քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի

Հանրապետության   քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի ընդունումը նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես  բարձարագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մաս,  ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված):  Խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որեւէ անձի պաիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով եւ եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

 Որպես անձի պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման երաշխիք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատաuխանում են իրականությանը:»: «Զաանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.  «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաuտացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե  վերջինu չի ապացուցում, որ այդ փաuտերը համապատաuխանում են իրականությանը:»:

Այս հոդվածներից երեւում է, որ Հայաստանում  պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի քաղաքացիաիրավական պաշտպանության առաջին եւ հիմնական ձեւը միայն հերքումն է, իսկ դրա համար առաջին կարեւոր պայմանն այն է, որ տարածված տեղեկատվությունը պետք է արատավորի մարդու պատիվն ու արժանապատվությունը, խախտի նրա իրավունքները: Նշված դրույթներում, սակայն,  բացակայում է արատավորող ճանաչելու չափանիշները: Յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հիմք ընդունի, թե արդյոք տարածված տեղեկությունները հասարակության մեջ ընկալվում են որպես արատավորող, ինչպես օրինակ` անգրագետ, հիմար, պատեհապաշտ, դրածո եւ այլ արտահայտությունները  կամ տարբեր  անհատական որակումներով ներկայացնելը:

Բացի այդ վերոնշյալ դրույթների համաձայն ապացուցման պարտականությունը դրված է տեղեկություններ տարածած անձի` պատասխանողի վրա, այն դեպքում, երբ Արտիկլ 19 կազմակերպության «Սահմանել զրպարտությունը» հրապարակման 7-րդ սկզբունքում ամրագրված է, որ տեղեկությունները կեղծ լինելը ապացուցելու պարտականությունը պետք է կրի հայցվորը:

Նախագծում տեղ գտած սահմանումները եւ ձեւակերպումները  առավելագույնս հստակեցվել են, որպեսզի խոսքի ազատությունը եւ այդ իրավունքի իրացնողները առավելագույնս պաշտպանված լինեն վիրավորանքի կամ զրպարտության կամայական մեկնաբանություններից:

Այսպես, փոփոխվող հոդվածի համաձայն`

ա) վիրավորանք է համարվում խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով կատարված հրապարակային արտահայտությունը (կարծիքը կամ գնահատող դատողությունը), որի նպատակը կամ մտադրությունը անձին արատավորելն.

բ) զրպարտություն է համարվում անձի վերաբերյալ այնպիսի ոչ ճշմարիտ փաստացի տվյալների հրապարակային տարածումը, որոնք արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:

Ամենեւին պարտադիր չէ, որ պատիվը, արժանապատվությունը եւ   գործարար համբավը արատավորող  գործողությունները լինեն դիտավորությամբ կատարված, նույնիսկ անփութությամբ կատարվածը արատավորողին պատասխանատվությունից չի ազատվում:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումը հնարավորություն կտան ֆիզիկական անձանց քաղաքացիական դատավարության ընթացակարգերով վերականգնել իրենց պատվի եւ արժանապատվության, խախտված իրավունքի վերականգնում հերքման, պատասխանի , ինչպես նաեւ դրամական հատուցման եղանակով: Նմանապես` իրավաբանական անձինք նշված ընթացակարգերով եւ եղանակներով կկարողանան պաշտպանել իրենց գործարար համբավը զրպարտչական արտահայտություններից:Նշված փոփոխություններով անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանվում են ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից:

Վերջապես դատարանին իրավունք է վերապահված հաշվի առնելով կոնկրետ եւ հստակ հանգամանքները առավել մեղմ պատասխանատվություն նախատեսել հրապարակային արտահայտություններ կամ ոչ ճշմարիտ փաստացի տեղեկություններ տարածող  անձանց նկատմամբ:

Որպես կանոն իրավաբանական նորմատիվ բազան պետք է ապահովի անմեղների արդյունավետ պաշտպանությունը եւ չպետք է սահմանափակի նյութերի հրապարակումը միայն այն պատճառով, որ դրանք կարող են վնասել պաշտոնատար անձանց հասարակական վարկին: Ճիշտ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում ասվում է, որ քաղաքական գործիչները «անխուսափելիորեն եւ գիտակցաբար իրենց յուրաքանչյուր խոսքը եւ գործողությունը հրապարակայնորեն են կատարում, ոստի համաձայնվում է այն բանի հետ, որ  յուրաքանչյուր խոսք եւ գործողություն կարող է դառնալ լրագրողների եւ հանրության համար վերլուծության առարկա եւ ըստ այդմ նրանք  պետք է ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերեն», այնուամենայնիվ, այս դեպքում խոսքը վերաբերում է քաղաքական գործչի խոսքին, գործունեությանը` ոչ թե անձին:

Ժողովրդավարական շատ պետություններում ենթադրվում է, որ ԶԼՄ-ները հասարակությանը սատարելու համար հաճախակի անհանգստացնում են պետական պաշտոնյաներին, որը երբեմն  հանգեցնում է ԶԼՄ-ների անպատասխանատվությանը, սակայն անկախ դատական իշխանությունը եւ արդյունավետ գործող մամուլի խորհուրդները կարող են աջակցել նման շեղումների դեմ պայքարում:

Լրագրողների կողմից որոշակի պատասխանատվություն ստանձնելու եւ մասնագիտական գործունեության հետ կապված էթիկայի նորմեր կիրառելու պարտավորության օրինակ կարող է ծառայել Սլովակիայի լրագրողների Սինդիկատի որոշումը, համաձայն որի` լրագրողը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները հասարակությանը ապահովելու հավաստի, ճիշտ, ստուգված, լրիվ եւ մասնագիտական տեղեկատվությամբ: Լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, եթե պարզվի որ այն չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ եւ ունի առեւտրային ուղղվածություն:  Անապացույց մեղադրանքները, վստահության չարաշահումը, մասնագիտության կամ ԶԼՄ-ների օգտագործումը անձնական կամ խմբակային շահերի նպատակով, փաստերի խեղաթյուրումը, ցանկացած սուտ տեղեկատվության կանխամտածված մատուցումը լրագրողի կողմից` դիտվում է որպես լրջագույն մասնագիտական զանցանք: Լրագրողը պատասխանատվություն է կրում իր բոլոր հրապարակումների համար (հրապարակային ներողություն, հերքում, վնասների փոխհատուցում):

Ինչպես լրագրողը, այնպես էլ յուարքանչյուր ոք պետք է հարգի սահմանադրական կարգը ժողովրդավարական ինստիտուտները, գործող օրենքները, հասարակության համընդհանուր ճանաչման արժանացած բարոյական սկզբունքները, այլոց սահմանադրական իրավունքները եւ ազատությունները, պատիվը եւ բարի համբավը, բացառելով անհատական որակումները: Այլ քաղաքացիների պես լրագրողները նույնպես պետք է օգտվեն օրենքի լիակատար պաշտպանության տակ գտնվելու երաշխիքներից:

ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներով նախատեսված է պատասխանատվություն զրպարտության եւ վիրավորանքի համար, սակայն խոսքի ազատության որեւէ դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով չի համարվում համաչափ: Նկատի ունենալով սույն հանգամանքը առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվավածները, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասից հանել «135-րդ հոդվածի 1-ին  եւ 2-րդ մաuերով, 136-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով,» բառերը: