Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ` օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունում`
1. «կարող է» բառը փոխարինել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը կարող են» բառերով,
2. Վերջին նախադասությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ «Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Սույն մասով սահմանված հատուկ գրանցամատյանը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների լիազոր մարմիններում վարվում է նաեւ էլեկտրոնային ձեւով: Ընդ որում, էլեկտրոնային գրանցամատյանը պետք է տեղադրված լինի լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայք էջում, հնարավորություն ընձեռի ցանկացած անձի ստանալու ներկայացված իրազեկումների, դրանց բովանդակության եւ քննարկման ժամկետների, քննարկված իրազեկումների վերաբերյալ կայացված որոշումների մասին տեղեկատվություն: Տրված իրազեկումը` այն ներկայացվելուց հետո, իրազեկման քննարկման արդյունքների վերաբերյալ որոշումները` դրանք կայացնելուց հետո ոչ ուշ, քան երեսուն րոպեի ընթացքում մուտքագրվում են էլեկտրոնային գրանցամատյան:»
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`
1. 4-րդ մասում «եւ այլ ժամեր» բառերը փոխարինել «, այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին), այլ ժամեր» բառերով,
2. 4-րդ մասում «կամ միջոցառման» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ միջոցառման» բառերով,
3. 5-րդ մասում «5-րդ մասով» բառերից հետո ավելացնել «, ինչպես նաեւ սույն հոդված 4-րդ մասի համաձայն միջոցառման անցկացման վայրի համընկնումով» բառերը:
4. 7-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «8. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 7-րդ մասերին համապատասխան միջոցառումը այլ վայրում անցկացնելու վերաբերյալ լիազոր մարմնի եւ կազմակերպիչների միջեւ փախադարձ համաձայություն ձեռք բերելու դեպքում` իրազեկման մեջ նշված վայրից մինչեւ առաջարկված եւ համաձայնեցված վայր տեղաշարժվելու երթը համարվում է օրինական:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Գործնականում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ներկայացվող իրազեկումները մերժվում են այն պատճառով, որ իրազեկում ներկայացնող անձինք նախապես չգիտեն տվյալ վայրում նույն ժամին կամ նույն օրը անցկացվող միջոցառումների մասին եւ ներկայացնում են հայտեր, որոնք մերժվում են լիազոր մարմինների կողմից, կամ անհամաչափ վարչարարության հետեւանքով ներկայացվող իրազեկումները մերժվում են` ստեղծելով իրավակիրառական վատ պրակտիկա: Առաջարկվող փոփոխության նպատակը միջոցառում նախատեսող անձանց համար հնարավորություն կտա նախապես տեղեկանալ հնարավոր միջոցառումների անցկացման մասին, իրենց հայտերը ներկայացնելիս հաշվի կառնվեն արդեն իսկ ներկայացվող իրազեկումները, ինչպես նաեւ առավել կանխատեսելի կդարձնեն լիազոր մարմնի գործողություններ` ինչը բխում է թե ՀՀ սահմանադրության եւ թե նաեւ «Վարչական վարույթի եւ վարչարարության հիմունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Բացի դա, առաջարկվող փոփոխությունների ընդունումն ու գործադրումը էականորեն կնվազեցնի միջոցառումների անցկացման իրազեկումների սահմանափակումներին առնչվող դատական վարույթների քանակը, առավել կթեթեւացնի լիազոր մարմնի աշխատանքները, կդյուրացնի քաղաքացիների կողմից ժողովներ, երեթեր կամ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Հատկանշական է, որ այս խնդիրների լուծմանը անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ-ն` իր 1677 բանաձեւով, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը` ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած եզրակացությամբ: Այսպես, ԵԽԽՎ 1677 բանաձեւի 10-րդ մասի համաձայն Վենետիկի հանձնաժողովը նկատում է, որ միջոցառումներ անցկացնելու հայտերը հաճախ տեխնիկական պատճառներով մերժվում են կամ դրանց նկատմամբ կիառվում են անհարկի սահմանափակումներ: Ուստի վեհաժողովը կրկնում է իր առաջարկը` պրակտիկայում հարգելու հավաքների ազատության սկզբունքը, եւ ի կատար ածելու ԵԽ ու ԵԱՀԿ կողմից ներկայացված հանձնարարականները: Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության 7-րդ բաժնի իրավական-քաղաքական առաջնահերթությունների 5-րդ մասում նշվում է. «Չնայած կատարված դրական փոփոխություններին, Հանձնաժողովը գտնում է, որ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու վերաբերյալ իրազեկումները հաճախ տեխնիկական հիմքերով մերժվում են, կամ դրանց նկատմամբ կիրառվում են անհարկի սահմանափակումներ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում:»:
Չհավակնելով լուծումներ տալու առկա բոլոր խնդիրներին, այնուամենայնիվ առաջարկվող փոփոխություններն այլեւս հրատապ են եւ բխում են ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիների իրավունքների անխափան իրականացման համար բավարար նախապայմաններ ստեղծելու հրամայականից: