Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու եւ 50%-ով նվազեցնելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի իմաստով Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեություն է համարվում Շիրակի մարզի համայնքների եւ Գյումրի քաղաքի վարչական սահմաններում՝
1.առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.
2.տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը՝ Շիրակի մարզի համայնքների եւ Գյումրի քաղաքի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս:
3. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը:
Հոդված 3. Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ՝
1) այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ Գյումրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությունը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն 50%-ով ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի՝
ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ Գյումրի քաղաքում՝ 50%,
բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ Գյումրի քաղաքում՝ 50%,
գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից, իսկ Գյումրի քաղաքում՝ 50%.
3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, իսկ Գյումրի քաղաքում՝ 50%.
4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:
Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Շիրակի մարզի համայքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով՝
1) վարում են եկամուտների եւ ծախսերի առանձնացված հաշվառում (կազմակերպությունների համար՝ առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաեւ այդ գործունեությունների հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են համապատասխանաբար նույն ժամանակաշրջանում Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով ստացվող համախառն եկամտի եւ դրա հետ կապված ծախսերի գումարի չափով:Եթե համայնքներում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի որոշ տեսակների մասով հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, ապա այդ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ծախսերից հարկման նպատակով նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվարկված համախառն եկամտի մեջ համայնքներում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան:Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում եւ հայտարարագրերում.
2) իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդների համար (ծառայություններից օգտվողների համար) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ հաշվառում եւ (կամ) գրանցումներ) եւ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետնրում հարկային մարմին են ներկայացնում հաշվարկներ, հայտարարագրեր, հարկային օրենդրությամբ նախատեսված փաստաթղթեր եւ տեղեկություններ:
Հոդված 5. Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100մլն. ՀՀ. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:
Հոդված 6. Գյումրի քաղաքում 80 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200մլն. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները երկու տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:
Հոդված 7. Գյումրի քաղաքում 100 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400մլն. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները երեք տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:
Հոդված 8. Գյումրի քաղաքում 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1մլրդ. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները չորս տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:
Հոդված 9. Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հանգամանքով:
Օրենքի ընդունման դեպքում աղետի գոտի համարվող Շիրակի մարզի բոլոր համայնքներում եւ Գյումրի քաղաքում, առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար կսահմանվեն որոշակի հարկային արտոնություններ, որի արդյունքում աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ եւ առանձնահատուկ արտոնյալ պայմաններ:
Նախագծի ընդունմամբ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ նշված ոլորտում, եւ ամբողջ մարզում: