Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-780-27.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունը «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» բառերից հետո լրացնել «0105,» թիվը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքով հաստատված ցանկի ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքը վերաբերում է միայն տոհմային թռչուններին, սակայն համաձայն ԱՏԳ ԱԱ-ի տվյալ դիրքում տոհմային թռչունները տարանջատված չեն ոչ տոհմային թռչուններից:

1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս խնդիրներ են առաջանում ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների ներմուծման ժամանակ, քանի որ տվյալ արտոնությունը սահմանված է տոհմային թռչնաբուծության զարգացման համար, մինչդեռ ըստ ԱՏԳ ԱԱ-ի 0105 ապրանքային դիրքը տարբերակված չէ ըստ տոհմային եւ ոչ տոհմային թռչունների:

1.2  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն տոհմային թռչնաբուծության զարգացման համար սահմանված ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը կվերաբերի միայն տոհմային թռչունների ներմուծմանը:

2. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան որոշ ապրանքների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության սահմանմանն առնչվող հարաբերություններն են:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները.
Օրենքի ընդունմամբ արտոնությունը կկիրառվի միայն տոհմային թռչունների ներմուծման ժամանակ: