Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-782-30.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակները

Սույն օրենքը կարգավորում է ապրանքային եւ սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ապրանքային նշան՝ գրաֆիկական տեսքով ներկայացվող ցանկացած նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները եւ (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար.

անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

հանրահայտ ապրանքային նշան՝   ապրանքային նշան, որը հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կամ դրա մեջ նշված ավելի վաղ թվականի դրությամբ լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության որոշակի շրջանակներում այն ապրանքների եւ (կամ)  ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է ապրանքային նշանը.

կոլեկտիվ ապրանքային նշան՝  արտադրողների կամ ծառայություններ մատուցողների տնտեսական ընկերակցության, իրավաբանական անձանց միության կամ օրենքով սահմանված կարգով՝ անձանց ստեղծած այլ կամավոր միավորման (այսուհետ՝ միության) ապրանքային նշան, որն օգտագործվում է այդ անձանց ապրանքները եւ (կամ) ծառայությունները մակնշելու համար.

հավաստագրային ապրանքային նշան՝ ապրանքային նշան, որն օգտագործվում է ապրանքների կամ ծառայությունների որոշակի բնութագրերի համապատասխանության  հավաստման համար.

աշխարհագրական նշում՝   տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնորոշում է արտադրանքի ծագումը այդ տարածքից, տեղանքից կամ երկրից, եւ  այդ արտադրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են այդ աշխարհագրական ծագմամբ եւ որի արտադրությունը եւ (կամ) վերամշակումը եւ (կամ) պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.

ծագման տեղանուն՝   տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է որպես այն  արտադրանքի նշում, որը ծագել է այդ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, եւ որի որակը կամ բնորոշ հատկանիշները (հատկությունները) գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ բնական եւ մարդկային գործոնները, եւ որի արտադրությունը, վերամշակումը եւ պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.

հայտ՝ սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանի գրանցման նպատակով պետական լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.

հայտատու՝  անձ, որի անունից ներկայացվել է հայտը.

ապրանքային նշանի  իրավատեր՝ անձ, որի ապրանքային նշանին սույն օրենքի համաձայն պահպանություն է տրամադրված Հայաստանի Հանրապետությունում.

պետական գրանցամատյան՝ ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածու, որը սույն օրենքի համաձայն վարում է պետական լիազոր մարմինը, անկախ կրիչից, որի վրա դրանք պահպանվում են.

լիցենզիա՝  ապրանքային նշանի իրավատիրոջ (լիցենզատու) կողմից լիցենզային պայմանագրով այլ անձին (լիցենզառու) տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն.

ենթալիցենզիա՝    լիցենզառուի կողմից ենթալիցենզային պայմանագրով այլ անձին տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն.

բացառիկ լիցենզիա՝ լիցենզիա, որը տրված է միայն մեկ լիցենզառուի, որը բացառում է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի օգտագործումը  եւ այլ անձանց լիցենզիայի տրամադրումը.

եզակի լիցենզիա՝  լիցենզիա,  որը տրված է միայն մեկ լիցենզառուի, որը բացառում է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից  այլ անձանց լիցենզիայի տրամադրումը, սակայն չի բացառում ապրանքային նշանի օգտագործումը դրա իրավատիրոջ կողմից.

ոչ բացառիկ լիցենզիա՝ լիցենզիա, որը չի բացառում դրա իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի օգտագործումը եւ ցանկացած այլ անձի լիցենզիայի տրամադրումը.

դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որեւէ տարրին իրավական պահպանության տրամադրման մերժում.

Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան, որն ստորագրված է 1883թ. մարտի 20-ին՝ հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով.

ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր՝   Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրված է 1994թ. ապրիլի 15-ին Մարաքեշում.

Մադրիդյան համաձայնագիր՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագիր, որն ստորագրված է 1891թ. ապրիլի 14-ին՝ հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով.

Մադրիդյան համաձայնագրի արձանագրություն՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի Արձանագրություն, որն ստորագրված է 1989թ. հունիսի 28-ին.

Ընդհանուր հրահանգ՝ Մադրիդյան համաձայնագրի եւ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության կիրարկման Ընդհանուր հրահանգ.

Նիցայի դասակարգիչ՝ դասակարգիչ, որը հիմնադրված է նշանների գրանցման համար ապրանքների եւ ծառայությունների Միջազգային դասակարգման Նիցայի համաձայնագրով, որն ստորագրված է 1957թ. հունիսի 15-ին՝ հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով.

միջազգային   հայտ՝ ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտ, որը ներկայացված է Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության կամ անհրաժեշտության դեպքում՝ դրանց երկուսի համաձայն.

միջազգային գրանցում՝   ապրանքային նշանի գրանցում, որն իրականացվել է  Մադրիդյան համաձայնագրի եւ (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն.

Միջազգային բյուրո՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո.

միջազգային գրանցամատյան՝  Միջազգային գրանցումների վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաքածու, որը Մադրիդյան համաձայնագրի եւ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության սահմանած կարգով վարում է Միջազգային բյուրոն, անկախ կրիչից, որի վրա դրանք պահվում են.

թվական՝   օր, ամիս, տարի.

մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով).

պետական լիազոր մարմին՝  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը սույն օրենքի եւ իր կանոնադրության համաձայն իրականացնում է ապրանքային նշաններին պահպանություն տրամադրելու հետ կապված գործառույթները.

հայտերի հիմնապաշար՝ ապրանքային նշանների հայտերի հիմնական տվյալների բազմություն, որի կազմը հաստատում է պետական լիազոր մարմինը:

Հոդված 3. Ապրանքային նշանների մասին օրենսդրությունը

1. Ապրանքային նշանների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

Հոդված 4. Օտարերկրյա անձանց իրավունքները

1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց համահավասար։

2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը։

Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները

1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) ապրանքային նշանների գրանցման հայտերի ընդունումը եւ քննարկումը, դրանցով փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը.

2) ապրանքային նշանների միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանցով փորձաքննության անցկացումը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.

3) ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների

ընդունումը, քննակումը եւ որոշումների ընդունումը.

4) պետական գրանցամատյանի վարումը.

5) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման,  ապրանքային նշանների լիցենզիայի, գրավադրման եւ օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի գրանցումը.

6) ապրանքային նշաններին վերաբերող տեղեկատվական  ծառայությունների մատուցումը.

7) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա  եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

8) Մադրիդյան համաձայնագրի եւ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընթացակարգերով ներկայացվող հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.

9) ապրանքային նշանների գրանցման եւ վկայագրերի տրման հետ կապված գործընթացների անցկացումը.

10) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան  եւ օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն, եւ այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցներն ուղղում է մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ կադրերի պատրաստմանը, խրախուսմանը եւ տեխնիկատեխնոլոգիական վերազինմանը, ինչն իրականացվում է լիազոր մարմնի որոշմանը համապատասխան :

3. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ, ինչպես նաեւ իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

4. Պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը լուծում է ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված վիճելի  հարցերը որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդի կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Պետական տուրքերը

Սույն օրենքի համաձայն իրավունքների ձեռքբերման եւ պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր։ Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը եւ կարգը սահմանվում են օրենքով։

ԳԼՈՒԽ 2

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ  ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

2) սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն միջազգային գրանցման հիման վրա:

2. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։

3. Ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը, կարող է ընդարձակվել միայն սույն օրենքով սահմանված կարգով նոր հայտ ներկայացնելու միջոցով։

Հոդված 8. Նիշեր, որոնք կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

1. Որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկական տեսքով ներկայացվող այն նիշերը, որոնք`

1) բառեր, անուններ, ազգանուններ, կեղծանուններ, ֆիրմային անվանումներ կամ կարգախոսներ են.

2)  տառեր կամ թվեր են.

3)  նկարներ, պատկերներ կամ խորհրդանշաններ են.

4) եռաչափ պատկերներ են, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

5) գույների համակցություններ կամ կոմպոզիցիաներ են.

6) սույն մասի 1-4-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություններ են։

2. Ապրանքային նշանները կարող են գրանցվել ցանկացած գույնով, գունային համակցությամբ կամ գույների կոմպոզիցիայի տեսքով:

Հոդված  9. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը

1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝

1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին.

2) չունի տարբերակիչ հատկություն.

3) բացառապես բաղկացած է այնպիսի ցուցումներից կամ նշումներից, որոնք առեւտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ ապրանքների եւ (կամ) ծառայությունների այլ բնութագրերը նշելու համար.

4) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից կամ ցուցումներից, որոնք  համընդհանուր են դարձել խոսակցական պրակտիկայում կամ  բարեխիղճ եւ կայացած առեւտրային պրակտիկայում.

5) բացառապես ներկայացնում է ապրանքի արտաքին ձեւը, որը բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկություններից), տեխնիկական արդյունքի հասնելու անհրաժեշտությունից, կամ բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը) կամ ապրանքին տալիս է էական արժեք.

6) հակասում է հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաեւ անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին.

7) սպառողներին կարող է մոլորության մեջ գցել ապրանքների կամ ծառայությունների աշխարհագրական ծագման, դրանց որակի, բնույթի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում.

8) վերարտադրում կամ պարունակում է պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձեւեր, միջազգային եւ միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային եւ հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգեւներ ու այլ տարբերանշաններ (Փարիզյան կոնվենցիայի 6 թեր (ter) հոդվածի համաձայն) կամ շփոթելու աստիճան նման է դրանց.

9) վերարտադրում է նշաններ կամ խորհրդանիշեր, որոնք չեն պահպանվում Փարիզյան կոնվենցիայի 6 թեր (ter) հոդվածով, սակայն  ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն.

10) պարունակում է մեծ նշանակություն ունեցող խորհրդանիշեր, մասնավորապես՝ կրոնական.

11) վերարտադրում կամ պարունակում է տարրեր, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են Հայաստանի Հանրապետության կամ համաշխարհային  մշակութային ժառանգության պատկերներին կամ դրանց պաշտոնական անվանումներին, ինչպես նաեւ ֆոնդերում եւ հավաքածուներում պահպանվող մշակութային արժեքների պատկերներին, եթե գրանցումը հայտարկվում է այն անձի անունով, որը չի հանդիսանում դրա իրավատերը կամ չունի համապատասխան թույլտվություն.

12) բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական նշում  եւ գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, եթե այդ նշանի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մոլորության մեջ է գցում հանրությանը ապրանքների իրական ծագման վայրի հարցում: Նշված դրույթը կիրառվում է նաեւ այն աշխարհագրական նշման նկատմամբ, որը չնայած նշում է  ապրանքների իրական ծագումը, սակայն մոլորեցնում է հանրությանը, իբրեւ ապրանքները ծագել են մեկ այլ տարածքից:

13) բաղկացած կամ պարունակում է գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» եւ այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը չեն կիրառվում, եթե հայտատուն բավարար ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ օգտագործման արդյունքում, մինչեւ հայտի ներկայացման թվականը  տվյալ նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք  բերել այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման է ներկայացվել:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, եւ եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը։

4. Աշխարհագրական նշումները եւ ծագման տեղանունները, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ միայն այն դեպքում, երբ հայտատուն օրենքով սահմանված կարգով ստացել է դրանց օգտագործման իրավունք: Այլ երկրների աշխարհագրական նշումները թույլատրվում է օգտագործել գրանցվող  ապրանքային նշանում, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին, գրանցված է ծագման երկրում եւ հայտատուն ունի դրա օգտագործման իրավունք։ Ապրանքային նշանում ներառված գրանցված աշխարհագրական նշումները եւ ծագման տեղանունները հանդիսանում են ապրանքային նշանի չպահպանվող տարրեր։

Հոդված 10. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերը

1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝

1) նույնական է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցված է նույն ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար.

2) նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, եւ դրանցով մակնշվող ապրանքների եւ (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանություն).

3) նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին եւ գրանցման է ներկայացված ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը, այն դեպքում, երբ ավելի վաղ ապրանքային նշանը համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումը անարդար առավելությունների կհանգեցնի՝ ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ համբավի (ճանաչվածության) շնորհիվ կամ վնաս կհասցնի ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ համբավին (ճանաչվածությանը):

4) նույնական կամ շփոթելու աստիճան նման է այլ անձի ֆիրմային անվանմանը, որը Հայաստանի Հանրապետությունում այդ անվանման նկատմամբ իրավունք է ձեռք բերել մինչեւ ապրանքային նշանի գրանցման հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը, եւ որը մինչեւ այդ թվականը իրական գործունեություն է իրականացրել նույն կամ նույնատիպ ապրանքների (որոնց համար գրանցման է ներկայացվել ապրանքային նշանը) արտադրության կամ ծառայությունների մատուցման բնագավառում, եւ որ այդ նույնականությունը կամ նմանությունը կվնասի ֆիրմային անվանման համբավին.

5) նույնական  կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ապրանքի ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող  տարրեր եւ հայտը ներկայացված է աշխարհագրական նշման  կամ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից.

6) վերարտադրում կամ ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական նմուշ, օգտակար մոդել կամ արդյունաբերական սեփականության ցանկացած այլ օբյեկտ.

7) վերարտադրում կամ ներառում է  հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործություններ, դրանց անվանումներ կամ դրանցից մեջբերումներ ու հատվածներ (ֆրագմենտներ), դրանց հերոսներ, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչեւ տվյալ ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ առաջնության թվականը, եթե այդպիսին կա.

8) վերարտադրում կամ ներառում է որեւէ հանրահայտ անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն, կամ այլ անձի դիմանկար, եթե դրանց հետ  նմանությունը շփոթություն է առաջացնում։

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են՝

1) ապրանքային նշաններ, որոնց հայտի ներկայացման թվականը, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն հայտարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի ներկայացման թվականին, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն հայտարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականին, եւ հանդիսանում են՝

ա) սույն օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային նշաններ.

բ) միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշաններ.

2) սույն մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված գրանցումների համար հայտարկված նշանները, դրանց հետագա իրավական պահպանություն տրամադրելու պայմանով.

3) ապրանքային նշաններ, որոնք հայտարկված ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականի դրությամբ, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն հայտարկված առաջնության թվականի դրությամբ սույն օրենքով սահմանված կարգով հանրահայտ են ճանաչված Հայաստանի Հանրապետությունում։

3. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա նիշի գրանցումը որպես ապրանքային նշան չի կարող մերժվել, եթե ավելի վաղ ապրանքային նշանի կամ ավելի վաղ իրավունքի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ, որոշ դեպքերում, համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինը, տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույնական ապրանքային նշանների, որոնք հայտարկվել են նույնատիպ ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար։

4. Ապրանքային նշանի գրանցումը մերժվում է, եթե այն խնդրարկվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ  Առեւտրի համաշխարհային  կազմակերպության անդամ որեւէ երկրում ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի կամ այլ անձի կողմից առանց իրավատիրոջ թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ գործակալը կամ ներկայացուցիչը կապացուցեն իրենց գործողությունների արդարացված լինելը։

Հոդված  11. Դիսկլամացիաները

1. Ապրանքային նշանը չի կարող պարունակել այնպիսի տարրեր, որոնք ենթակա չեն գրանցման որպես առանձին ապրանքային նշաններ։

2. Եթե ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր եւ եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ ապրանքային նշանի գրանցումը կարող է կասկած հարուցել ապրանքային նշանի պահպանության վերաբերյալ, հայտատուի խնդրանքով այդ տարրերը պետական լիազոր մարմնի կամ դատարանի որոշմամբ կարող են  ճանաչվել որպես դիսկլամացված տարրեր:

3. Եթե հիմքերը, որոնցով ապրանքային նշանի տարրերը ճանաչվել են դիսկլամացված, վերացել են, ապա կարող է ներկայացվել այդ տարրերը պարունակող ապրանքային նշանի գրանցման նոր հայտ՝ առանց սույն հոդվածի 2-րդ մասում նշված սահմանափակման։

4. Դիսկլամացիան չի ազդում ապրանքային նշանի նկատմամբ դրա իրավատիրոջ բացառիկ իրավունքի վրա։

Հոդված 12. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը

1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առեւտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին եւ օգտագործվում է այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին եւ օգտագործվում է այնպիսի ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի օգտագործումը սպառողների մոտ  շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը  գրանցված է այլ ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում եւ այդ նիշի օգտագործումը  անարդար առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ համբավին (ճանաչվածությանը):

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանի իրավատերը կարող է երրորդ անձանց արգելել կատարելու հետեւյալ գործողությունները՝

1) նիշի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաեւ դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.

2) ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը, կամ այդ նիշով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.

3) այդ նիշով ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.

4) նիշի օգտագործումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.

5) նիշի օգտագործումը ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ ինտերնետային դոմեն անվանումներում.

6) սույն մասի 1- 4-րդ կետերում նշված նպատակներով նիշի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։

3.  Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված նշանի տարբերակիչ  հատկության inter alia (ի թիվս այլոց) խախտում է համարվում եթե՝

1) նիշն օգտագործվում է որպես ֆիրմային  անվանում եւ այդ օգտագործումը նիշի եւ գրանցված ապրանքային նշանի նմանության պատճառով հանրությանը շփոթության մեջ է գցում այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նիշի վերարտադրությունը կամ ներկայացումը գովազդում կամ լրատվամիջոցում տպավորություն է ստեղծում, որ այն որոշակի ապրանքների եւ (կամ) ծառայությունների սեռային անվանում է։

4.  Երրորդ անձանց համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից կամ միջազգային գրանցամատյանում ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին տեղեկության հրապարակման թվականից։

5. Ապրանքային նշանի իրավատերը կարող է ապրանքային նշանի կողքին զետեղել նախազգուշական մակնշում՝ շրջանագծի մեջ ներառված R տառի տեսքով, կամ գրառում այն մասին, որ ապրանքային նշանը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում։

6. Ապրանքները, դրանց փաթեթավորումները, պիտակները, որոնց վրա ապրանքային նշաններն օգտագործվում են ապօրինի, համարվում են կեղծ, նմանակված։

Հոդված 13. Բացառիկ իրավունքի սահմանափակումը

1. Բացառիկ իրավունքը չի տարածվում ապրանքային նշանի այն տարրերի վրա, որոնք սույն օրենքի համաձայն չեն կարող գրանցվել որպես առանձին ապրանքային նշան, մասնավորապես, նկարագրական բնույթի տարրերի վրա, դրանք բարեխիղճ օգտագործելու եւ ապրանքային նշանի իրավատիրոջ եւ երրորդ անձանց օրինական շահերը չխախտելու պայմանով։

2. Բացառիկ իրավունքը ապրանքային  նշանի իրավատիրոջը թույլ չի տալիս արգելել երրորդ անձանց իրենց արտադրական կամ առեւտրային գործունեության մեջ հանրության կողմից ընդունված բարեխիղճ ավանդույթների համաձայն օգտագործել՝

1) իրենց անունը (անվանումը) կամ գտնվելու վայրը (հասցեն).

2) ցուցումներ, որոնք վերաբերում են ապրանքի կամ մատուցվող ծառայության տեսակին, որակին, քանակին, նպատակին, արժեքին, ինչպես նաեւ ապրանքի արտադրության կամ մատուցվող ծառայության աշխարհագրական ծագմանը կամ այլ բնութագրերին.

3) ապրանքային նշան, եթե դա անհրաժեշտ է ապրանքի արտադրության եւ (կամ) ծառայության մատուցման նպատակը նշելու համար, մասնավորապես, որպես օժանդակ կամ համալրող մասեր, եթե դրանք օգտագործվում են  առանց ապրանքային նշանի իրավատիրոջ կամ երրորդ անձանց օրինական շահերին վնաս պատճառելու եւ սպառողներին մոլորության մեջ գցելու.

4) ապրանքային նշանը համեմատական գովազդում այն դեպքում, եթե այդպիսի գովազդն օրենքով արգելված չէ։

Հոդված 14. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների սպառումը

1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրներում, որոնց հետ գործում են ընդհանուր շուկայի, մաքսային սահմանի կամ նմանատիպ այլ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր։

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում, եթե իրավատերը ներկայացնում է հիմնավորված առարկություններ ապրանքների հետագա վաճառքի վերաբերյալ, մասնավորապես, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ փոփոխության են ենթարկվել։

Հոդված 15. Ապրանքային նշանի հիշատակումը բառարաններում

1. Եթե գրանցված ապրանքային նշանի զետեղումը բառարանում, հանրագիտարանում կամ այլ բացատրական հրատարակության մեջ տպավորություն է ստեղծում, որ այն հանդիսանում է սեռային կամ համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապրանքային նշանի իրավատիրոջ պահանջով համապատասխան հրատարակիչը պարտավոր է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից նշված Հայաստանի Հանրապետության որեւէ զանգվածային լրատվամիջոցով տեղեկատվություն հրապարակել այն մասին,  որ այն հանդիսանում է գրանցված ապրանքային նշան, իսկ հաջորդ հրատարակման մեջ ապրանքային նշանի զետեղումը զուգորդել նշված տեղեկատվությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են նաեւ էլեկտրոնային եղանակով կատարված հրատարակումների վրա։

Հոդված 16.  Ապրանքային նշանի գրանցումն առանց ապրանքային նշանի իրավատիրոջ թույլտվության

1. Եթե Փարիզյան կոնվենցիայի անդամ երկրներից մեկում ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող անձի գործակալը կամ ներկայացուցիչը կամ այլ անձն առանց իրավատիրոջ թույլտվության հայտ է ներկայացնում ապրանքային նշանն իր անունով գրանցելու համար, ապա իրավատերն իրավունք ունի բողոքելու հայտարկված  ապրանքային նշանի գրանցման դեմ, կամ պահանջելու գրանցման չեղյալ ճանաչումը, կամ նշված գրանցումն իրեն փոխանցելը, քանի դեռ այդպիսի գործակալը կամ ներկայացուցիչը կամ այլ անձը չի ապացուցել իր գործողությունների արդարացված լինելը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի առանց իր թույլտվության իր գործակալի կամ ներկայացուցչի կամ այլ անձի կողմից ապրանքային նշանի օգտագործումն արգելելու նպատակով դիմել դատարան։

3. Ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված իր իրավունքներն իրականացնել ոչ ուշ, քան նշանի գրանցման փաստի մասին տեղեկանալու թվականից երեք տարվա ընթացքում։

Հոդված 17. Ապրանքային նշանի օգտագործումը եւ այն չօգտագործելու հետեւանքները

1. Սույն հոդվածի իմաստով ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը եւ(կամ) դրանց փաթեթավորման վրա:

2. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաեւ դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաեւ պաշտոնական ձեւաթղթերում, ցուցանակներում, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսներում եւ տոնավաճառներում ցուցանմուշները ցուցադրելիս միայն այն դեպքերում, երբ ապրանքների եւ (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է:

3. Միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն:

4. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը ցանկացած անձի կողմից դատարան ներկայացված հայցի հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցվել բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված հինգ տարի անընդմեջ, կամ հայցն ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ընդհանրապես չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ողջամիտ ծավալներով։ Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա իրավատերը կամ լիցենզային պայմանագրով տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե՝

1) ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ նշանի չօգտագործումը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձեւով, որը տարբերվում է գրանցվածից դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող միայն առանձին տարրերով.

3) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը զետեղվել է ապրանքների եւ (կամ) դրանց փաթեթավորման վրա բացառապես արտահանման նպատակով:
 


ԳԼՈՒԽ 3

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված  18. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:

Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար  յուրաքանչյուր անգամ ոչ ավելի,  քան տասը տարի ժամկետով:

2. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է պետական լիազոր մարմին եւ քննարկվում է մեկամսյա ժամկետում։

3. Դիմումը տրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

4.Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը  կարող է երկարաձգվել նաեւ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

5. Ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։

6.  Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին լիազոր մարմինը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում (իրավատիրոջ ցանկությամբ) եւ  տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Դիմումի ձեւը, դրա ձեւակերպման եւ քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու օգտին:

9. Սույն հոդվածի համաձայն ներկայացված դիմումի որեւէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում, պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

ԳԼՈՒԽ 4

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված  20. Ապրանքային նշանից հրաժարվելը

1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է հրաժարվել ապրանքային նշանից բոլոր այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը։

2. Ապրանքային նշանից հրաժարվելն իրականացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից պետական լիազոր մարմին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով։ Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները դադարում են ապրանքային նշանից հրաժարվելու մասին տեղեկությունները պետական գրանցամատյան  մուտքագրելու օրվանից։

3. Լիցենզային պայմանագիր գրանցված լինելու դեպքում ապրանքային նշանից հրաժարվելու մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցամատյան, եթե ապրանքային նշանի իրավատերը ապացույցներ է ներկայացնում, որ  ապրանքային նշանից հրաժարվելու մասին ծանուցել է լիցենզիառուին։

Հոդված 21. Ապրանքային նշանի գրանցման չեղյալ հայտարարումը

1. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարվում դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության հետ կապված հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում, եթե՝

1) առանց հիմնավոր պատճառների, հինգ տարվա անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ողջամիտ ծավալներով չի օգտագործվել այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է։ Սակայն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին պահանջ չի կարող ներկայացվել, եթե նշված ժամանակահատվածի ավարտից մինչեւ համապատասխան հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը ապրանքային նշանը դարձել է զիջման կամ լիցենզային պայմանագրի առարկա կամ ապրանքային նշանի իրավատերն սկսել կամ վերականգնել է նշանի ողջամիտ ծավալներով օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի ողջամիտ ծավալներով օգտագործման սկիզբը կամ օգտագործման վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելուց երեք ամիս առաջ, իսկ այդ ժամկետն սկսվում է հինգ տարի անընդմեջ չօգտագործման ժամանակահատվածի ավարտից ոչ շուտ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ողջամիտ ծավալներով օգտագործումն սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորության մասին.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ գործունեության կամ անգործության  հետեւանքով ապրանքային նշանը դարձել է համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքի կամ  ծառայության համար, որի համար այն գրանցված է,.

3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման հարցում, որոնց համար այն գրանցված է։

2. Եթե ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքը առկա է միայն ապրանքների եւ (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվում մասնակիորեն՝ միայն համապատասխան ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ։

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները կիրառվում են միջազգային գրանցման ուժով Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանների նկատմամբ mutatis mutandis:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։

Հոդված 22. Ապրանքային նշանի գրանցման անվավերության բացարձակ հիմքերը

1. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվում դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության հետ կապված հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում, եթե՝

1)  ապրանքային նշանը գրանցվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի դրույթների խախտմամբ.

2) ապրանքային նշանի գրանցման  հայտ ներկայացնելու պահին հայտատուն գործել է անբարեխիղճ։ Հայտատուի գործողությունը եւ դրա հիման վրա կատարված ապրանքային նշանի գրանցումը համարվում են անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, որը ծագման երկրում համբավ ունի, եւ որի  առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության տարածքում  արդեն սկսվել է կամ որի առաջխաղացման մասին տարվում են բանակցություններ։ Ապրանքային նշանի անբարեխիղճ գրանցումն անվավեր ճանաչելիս հաշվի է առնվում, մասնավորապես՝ արդյոք գրանցված ապրանքային նշանն օգտագործվում է ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, ինչը հակասության մեջ է մտնում այլ ապրանքային նշանի հետ, թե գրանցված ապրանքային նշանի իրավատերն այդ գրանցումն օգտագործում է արգելափակման նպատակներով:

2.  Ապրանքային նշանը, որը գրանցված է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթների խախտմամբ, չի կարող անվավեր ճանաչվել, եթե գրանցումից հետո օգտագործման արդյունքում  տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցվել էր:

3. Եթե անվավեր ճանաչելու հիմքերը վերաբերում են այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների մի մասին, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը, ապա գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն ապրանքների եւ (կամ) ծառայությունների այդ մասի համար:

Հոդված 23. Ապրանքային նշանի գրանցման անվավերության հարաբերական հիմքերը

1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան համապատասխան հայց կամ իրավունքների պաշտպանության գործում հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում, եթե՝

1) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավելի վաղ ապրանքային նշան, եւ պահպանված  են նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները.

2) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին համապատասխան գրանցված ապրանքային նշան, եւ պահպանված են նույն մասով նախատեսված պայմանները.

3) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի դրույթներին համապատասխանող ավելի վաղ իրավունք, եւ պահպանված են նույն մասով նախատեսված պայմանները.

4) ապրանքային նշանի օգտագործումը կարող է արգելվել այլ ավելի վաղ իրավունքի հիմքով, մասնավորապես՝ անվան կամ պատկերի նկատմամբ  իրավունքով, հեղինակային իրավունքով, պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան իրավունքով, պահպանվող գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքով:

5) ապրանքային նշանի օգտագործումը կարող է խախտել Հայաստանի Հանրապետությունում հայտնի անձի դիմանկարի կամ անվան օգտագործման ավելի վաղ իրավունքը։

2. Ապրանքային նշանը չի կարող անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որեւէ մեկի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ, համապատասխան դեպքում, իրավասու պետական մարմինն իր համաձայնությունն է տվել ապրանքային նշանի գրանցման համար՝ տվյալ ապրանքային նշանն անվավեր ճանաչելուց կամ հակընդդեմ հայց ներկայացնելուց առաջ։

3.  Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որեւէ մեկի տիրապետողը, որն ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին ավելի վաղ դիմում կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայց է ներկայացրել, իրավասու չէ առաջին հայցը հիմնավորելու նպատակով նշվածներից որեւէ մեկ այլ  իրավունքի հիման վրա անվավեր ճանաչելու մասին նոր հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնել:

4. Եթե անվավերության հիմքերը վերաբերում են միայն որոշակի ապրանքների եւ (կամ) ծառայությունների, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումն  անվավեր է ճանաչվում միայն համապատասխան ապրանքների եւ (կամ) ծառայությունների մասով:

Հոդված 24. Իրավունքների սահմանափակումը իրավատիրոջ անգործունեության հետեւանքով

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված ավելի վաղ ապրանքային նշանի իրավատերը կամ նույն հոդվածի 4-8-րդ կետերում նշված ավելի վաղ ձեռք բերված որեւէ այլ իրավունքի տիրապետողը իրավունք չունի իր ավելի վաղ ապրանքային  նշանի կամ իր ավելի վաղ ձեռք բերված այլ իրավունքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ավելի ուշ իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանի (այսուհետ՝ ավելի ուշ ապրանքային նշան) իրավական պահպանության տրամադրումը չեղյալ ճանաչելու մասին հայց ներկայացնել կամ բողոքել ավելի ուշ ապրանքային նշանի օգտագործման դեմ այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է ավելի ուշ ապրանքային նշանը, եթե ավելի ուշ ապրանքային նշանի առաջին օգտագործումից անցել է առնվազն հինգ տարի, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելի ուշ ապրանքային նշանի գրանցումը կատարվել է անբարեխիղճ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում ավելի ուշ ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի բողոքելու  ավելի վաղ իրավունքի օգտագործման դեմ:

Հոդված 25. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու եւ անվավեր ճանաչելու հետեւանքները

1. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարեցվում է այդ մասին հայցը կամ հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու թվականից: Կողմերից մեկի դիմումի հիման վրա դատարանը կարող է սահմանել ավելի վաղ թվական, երբ ծագել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու  հիմքերից որեւէ մեկը։

2. Եթե ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա  համարվում է, որ հայտի ներկայացման թվականից սկսած ապրանքային նշանը համապատասխան չափով չի ունեցել սույն օրենքով նախատեսված գրանցման գործողություն:

3. Ապրանքային նշանի իրավատիրոջ անփույթ կամ անբարեխղճ գործունեության արդյունքում հասցված վնասի  հատուցման, ինչպես նաեւ անհիմն հարստացման  վերաբերյալ դրույթների կիրառման դեպքում, ապրանքային նշանի գրանցման չեղյալ կամ անվավեր ճանաչումը չի ազդում՝

1) իրավունքների խախտման վերաբերյալ վերջնական որոշումների վրա, որոնք ի կատար են ածվել մինչեւ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը.

2) ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա այն չափով, որ չափով որ դրանք կատարվել են մինչեւ համապատասխան որոշման ընդունումը: Միաժամանակ, արդարացնող հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել հանգամանքներն արդարացնող ծավալով գումարի հատուցում, որը վճարվել է  պայմանագրի համաձայն։

ԳԼՈՒԽ 5

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 26. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը

1. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները պայմանագրով կամ իրավահաջորդության կարգով կարող են  փոխանցվել այլ անձի ամբողջությամբ կամ մասնակիորեն։

2. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները կարող են փոխանցվել բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար այն գրանցված կամ հայտարկված է։

3. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցմամբ պայմանավորված ապրանքային նշանի նոր իրավական կարգավիճակը երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում համապատասխան գրանցում կատարելու թվականից։

4. Պետական գրանցամատյանում ապրանքային նշանի իրավունքների փոխանցումը գրանցելու համար փոխանցումն իրականացնող կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝

      1) դիմում իրավունքների փոխանցման գրանցում կատարելու մասին.

      2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը.

      3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

      4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում)։

5. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստթղթերն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իրականացնում է դրանց փորձաքննությունը եւ սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում, իրավունքների փոխանցումը գրանցում է պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում։

6. Պետական լիազոր մարմինը մերժում է իրավունքների փոխանցման գրանցումը, եթե ակնհայտ է, որ փոխանցման հետեւանքով ապրանքային նշանը կարող է սպառողին մոլորության մեջ գցել, մասնավորապես, այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների բնույթի, որակի, աշխարհագրական ծագման վերաբերյալ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, բացառությամբ այն դեպքի, երբ իրավունքներն ստացող կողմը համաձայնում է սահմանափակել ապրանքային նշանի գրանցումը այն ապրանքներով եւ (կամ) ծառայություններով, որոնց համար մոլորության մեջ գցելու վտանգը բացակայում է։

7. Եթե ապրանքային նշանը գրանցված է Փարիզյան կոնվենցիայի անդամ որեւէ երկրի ապրանքային նշանի իրավատիրոջ գործակալի կամ ներկայացուցչի կամ այլ անձի անունով առանց նրա համաձայնության, ապա վերջինս իրավունք ունի պահանջելու իրավունքների փոխանցումն իր օգտին, բացառությամբ այն դեպքի, երբ գործակալը կամ ներկայացուցիչը կամ այլ անձը կապացուցեն իրենց գործողությունների օրինականությունը։

8. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման պայմանագիրը կամ իրավահաջորդության մասին փաստաթուղթը վավերական  չէ, եթե իրավունքների փոխանցումը սույն օրենքի 5-րդ մասին համապատասխան   պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում չի գրանցվել:

      9. Գրանցված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

10. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական լիազոր մարմնի գործողությունները ապրանքային նշանի իրավունքների փոխանցման կողմերը կամ երրորդ անձինք կարող են վիճարկել Բողոքարկման խորհրդում՝ տեղեկությունները հրապարակելուց եռամսյա ժամկետում։

Հոդված 27. Լիցենզիայի տրամադրումը

1. Ապրանքային նշանի իրավատերը (լիցենզատու) կարող է լիցենզային պայմանագրով այլ անձի (լիցենզառու) թույլատրել օգտագործել ապրանքային նշանը բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը։

2. Լիցենզային պայմանագրում պետք է նշվի, որ լիցենզառուի կողմից այդ ապրանքային նշանով արտադրվող ապրանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի կողմից նույն ապրանքային նշանով արտադրվող ապրանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների որակին։

3. Լիցենզիան պետք է գրանցվի պետական   գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝

1) դիմում լիցենզիան գրանցելու մասին.

2) լիցենզային պայմանագրից քաղվածք, որը վավերացված է նոտարական կարգով, կամ  լիցենզիայի մասին հայտարարություն, որն ստորագրված է լիցենզատուի եւ լիցենզառուի կողմից.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում)։

4. Լիցենզային պայմանագրից քաղվածքը եւ լիցենզիայի մասին հայտարարությունը պարտադիր պետք է պարունակեն հետեւյալ տվյալները՝

1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) եւ գտնվելու վայրը (հասցեն).

2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) եւ գտնվելու վայրը (հասցեն).

3) ապրանքային նշանի գրանցման համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.

4) լիցենզիայի տեսակը.

5) ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.

6) լիցենզիայի գործողության ժամկետը.

7) լիցենզիայի գործողության տարածքը։

5. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իրականացնում է դրանց փորձաքննությունը եւ սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է պետական գրանցամատյանում։

6. Լիցենզիան երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում դրա գրանցման թվականից։ Գրանցված լիցենզիայի մասին  տեղեկությունները հրապարակվում են  «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Լիցենզային պայմանագրի որեւէ պայման չկատարելու դեպքում լիցենզատուն սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն կարող է պահանջ ներկայացնել լիցենզառուին, որը չի պահպանել լիցենզային պայմանագրի որեւէ պայման, մասնավորապես՝ պայմանագրի տեւողության, ապրանքային նշանի օգտագործման ձեւի, տարածքի, ինչպես նաեւ արտադրվող այն ապրանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների որակի կապակցությամբ, որոնց համար տրված է լիցենզիան։

8. Չխախտելով լիցենզային պայմանագրի դրույթները,  լիցենզառուն կարող է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանության հայց ներկայացնել միայն լիցենզատուի համաձայնությամբ։ Բացառիկ լիցենզիայի դեպքում լիցենզառուն կարող է այդպիսի հայց ներկայացնել, եթե ծանուցվելուց հետո ապրանքային նշանի լիցենզատուն ողջամիտ ժամկետում համապատասխան հայց չի ներկայացրել։

9. Պատճառած վնասի հատուցման համար ցանկացած լիցենզառու իրավունք ունի մասնակից դառնալու ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից սկսված ապրանքային նշանի նկատմամբ  իրավունքների պաշպանության գործին։

10. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված լիցենզիայի  պայմանների հետագա փոփոխությունները եւ լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից  մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը՝

1) դիմում լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին.

2) լիցենզիայի  փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն, որոնք ստորագրված են լիցենզատուի եւ լիցենզառուի կողմից:

11. Սույն հոդվածում նշված դիմումների ձեւերը, դրանց լրացման, ներկայացման եւ քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել առանց դիմողին  հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին:

13. Սույն հոդվածի համաձայն ներկայացված դիմումների որեւէ նշման կամ փաստաթղթի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում, պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

14. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների եւ օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ mutatis mutandis։

Հոդված 28. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը

1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են դրվել որպես երաշխիք (գրավադրում) կամ արգելանքի տակ դրվել (օգտագործելու, տնօրինելու կամ օտարելու իրավունքների ժամանակավոր սահմանափակում)։

2. Ապրանքային նշանի գրավադրման կամ արգելանքի տակ դնելու մասին համապատասխան իրավասու մարմնից ծանուցում ստանալուց հետո պետական լիազոր մարմինը համապատասխան տվյալներ է մուտքագրում պետական գրանցամատյան եւ այդ մասին տեղեկություններ հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

ԳԼՈՒԽ  6

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

Հոդված  29. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը

1. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող Է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության որոշակի շրջանակների համար այն ապրանքների եւ (կամ)  ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը։

2. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչվում եւ իրավական պահպանություն է ստանում  անկախ գրանցված լինելու հանգամանքից։

3. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվում Բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից։

4. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ։

Հոդված 30. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ծավալը

1. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի նաեւ արգելելու այլ անձանց առանց իր թույլտվության արդյունաբերական կամ առեւտրային գործունեության ընթացքում օգտագործել նիշ, որն իրենից ներկայացնում է հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունը, կարող է շփոթություն առաջացնել վերջինիս հետ եւ օգտագործվում է նույնական եւ (կամ) նույնատիպ ապրանքների նկատմամբ։

2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը  սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի արգելելու այլ անձանց առանց իր թույլտվության օգտագործել արդյունաբերական կամ առեւտրային գործունեության մեջ ոչ նույնատիպ ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ այնպիսի նիշ, որը կարող է ընկալվել որպես հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունը եւ կարող է շփոթություն առաջացնել, եթե տվյալ նիշի օգտագործումը այդ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ կապ  է ենթադրում  այդ ապրանքների եւ (կամ) ծառայությունների  եւ այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների միջեւ, որոնց նկատմամբ օգտագործվում է հանրահայտ ապրանքային նշանը, եւ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատիրոջ  շահերին։

3.  Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված իրավունքների իրագործման համար հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի դիմել դատարան։ Եթե հակադրվող ապրանքային նշանը դատարան դիմելու թվականին  նախորդող հինգ տարվա ընթացքում անընդհատ եւ ողջամիտ ծավալներով օգտագործվել է արդյունաբերական կամ առեւտրային գործունեության ընթացքում, ապա այդ հանգամանքը հիմք է ծառայում հայցի մերժման համար։

Հոդված  31. Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը
 

1. Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմում ներկայացնել Բողոքարկման խորհուրդ։ Դիմումը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի։

2.   Դիմումը պետք է պարունակի ապրանքային նշանի վերարտադրությունը եւ նկարագրությունը, ինչպես նաեւ այն թվականը, երբվանից հայտարկվում է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը։

3. Դիմումին կցվում են՝

1) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ օգտագործողի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.

2) ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.

3) փաստաթղթեր, որոնք վկայում են համապատասխան անձանց շրջանակում այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանի հայտնի լինելու մակարդակի մասին, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.

4) ապրանքային նշանի օգտագործման սկիզբն ու ժամանակահատվածը վկայող փաստաթղթեր.

5) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի օգտագործման աշխարհագրական տարածքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.

6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

4. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ

ճանաչելու մասին դիմումը Բողոքարկման խորհուրդը քննարկում եւ համապատասխան որոշում է կայացնում դիմումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Ապրանքային նշանը չի կարող ճանաչվել հանրահայտ, եթե՝

1)  սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը լիարժեք կամ հավաստի չեն կամ բավարար համոզիչ չեն, որ իրոք Հայաստանի Հանրապետությունում հասարակության որոշակի շրջանակների համար ապրանքային նշանը լայն ճանաչում է ստացել այն ապրանքների եւ (կամ)  ծառայությունների համար, որոնց նկատմամբ այն օգտագործվել է.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հասարակության որոշակի շրջանակների համար լայն ճանաչում է ստացել նույնատիպ ապրանքների եւ (կամ)  ծառայությունների համար այլ անձի նույն կամ շփոթելու աստիճան նման գրանցված ապրանքային նշանի առաջնության թվականից հետո։

6. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշման մեջ նշվում է ՝

1) հանրահայտ ապրանքային նշանի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) եւ գտնվելու վայրը (հասցեն).

2) ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել.

3) թվականը, երբվանից ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվել ։

7. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին որոշման հիման վրա պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում համապատասխան գրառում է կատարում հանրահայտ ապրանքային նշանների տվյալների բազայում, դրա իրավատիրոջը հանձնում է հանրահայտ ապրանքային նշանի վկայագիր եւ ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
 


ԳԼՈՒԽ  7

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

Հոդված  32 . Կոլեկտիվ ապրանքային նշաններ

1. Կոլեկտիվ ապրանքային նշաններն օգտագործվում են մեկ միավորման (անձանց խմբի, այսուհետ՝ միավորում) անդամների ապրանքները եւ (կամ) ծառայությունները այլ անձանց ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Կոլեկտիվ ապրանքային նշան գրանցելու իրավունք ունեն պատրաստողների, արտադրողների, ծառայություններ մատուցողների, վաճառողների միավորումները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ  իրավունքներ եւ պարտավորություններ, կնքել պայմանագրեր եւ կազմել այլ իրավաբանական փաստաթղթեր, ներկայացնել դատական հայցեր։

2. Անկախ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներից, սույն հոդվածի 1-ին մասի իմաստով կոլեկտիվ նշաններ կարող են լինել նիշեր կամ ցուցումներ, որոնք առեւտրում կարող են ծառայել որպես ապրանքների եւ (կամ) ծառայությունների աշխարհագրական ծագման նշում։ Կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց առեւտրում այդպիսի նիշերի կամ ցուցումների օգտագործումը, պայմանով, որ երրորդ անձանց կողմից դրանց օգտագործումը համապատասխանում է արդյունաբերական կամ առեւտրային գործունեության մեջ բարեխիղճ օգտագործման պայմաններին։ Մասնավորապես՝ այդպիսի ապրանքային նշանի առկայությունը չի կարող արգելել երրորդ անձանց օգտագործել աշխարհագրական նշումը։

3. Հաշվի առնելով սույն օրենքի 33-38-րդ հոդվածների դրույթները, կոլեկտիվ ապրանքային նշանների նկատմամբ հավասարապես կիրառվում են սույն օրենքի դրույթները։

4. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի եւ հակառակը:

Հոդված 33. Կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը

1. Կոլեկտիվ ապրանքային նշանի հայտատուն հայտի հետ միաժամանակ պետական լիազոր մարմին է ներկայացնում կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը, որը օրենքով սահմանված կարգով հաստատվում է միավորման կողմից։

2. Կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը սահմանում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունք ունեցող անձանց միավորմանն անդամակցելու պայմանները, ինչպես նաեւ ապրանքային նշանն օգտագործելու պայմանները, ներառյալ սանկցիաները, եթե այդպիսիք կան։ Կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը  սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի համար պետք է իրավունք տա ցանկացած անձի, ում ապրանքները եւ (կամ) ծառայությունները համապատասխան աշխարհագրական վայրից են, դառնալ կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող միավորման անդամ։

3. Կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միաժամանակ։

Հոդված 34. Կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցման մերժումը

1. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու սույն օրենքով նախատեսված հիմքերից բացի, կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցումը կարող է մերժվել նաեւ, եթե պահպանված չեն սույն օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածների պահանջները, կամ եթե կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը հակասում է հասարակության շահերին կամ բարոյականության սկզբունքներին:

2. Կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցումը մերժվում է նաեւ այն դեպքում, երբ վտանգ կա սպառողին մոլորության մեջ գցելու ապրանքային նշանի բնույթի կամ նշանակության վերաբերյալ եւ հատկապես, երբ այն չի ընկալվում որպես կոլեկտիվ ապրանքային նշան։

3. Կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցումը չի մերժվում, եթե հայտատուն կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգում փոփոխություններ կատարելու միջոցով վերացնում  է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջների անհամապատասխանությունը։

Հոդված 35. Կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխությունը

1. Կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է հայտնի կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի ցանկացած փոփոխության մասին։

2. Փոփոխությունները չեն մուտքագրվում ապրանքային նշանների  գրանցամատյան, եթե կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման փոփոխված կանոնակարգը չի համապատասխանում սույն օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին  կամ պարունակում է սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված մերժման հիմք։

3. Կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ապրանքային նշանների պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

Հոդված 36. Կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պահպանության համար հայց ներկայացնելը

1. Կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատերը կարող է կոլեկտիվ ապրանքային նշանն օգտագործելու իրավունք ունեցող անձանց անունից պահանջել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման արդյունքում հասցված վնասի հատուցում։

2. Լիցենզառուի իրավունքների մասին սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի դրույթները կիրառվում են կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող բոլոր անձանց նկատմամբ։

Հոդված 37. Կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից զրկելու հիմքերը

Բացի սույն օրենքով նախատեսված հիմքերով իրավունքներից զրկվելուց, իրավունքների պաշտպանության հետ կապված դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատերը կարող է զրկվել իրավունքներից, եթե՝

1)  իրավատերը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել կանխելու կոլեկտիվ նշանի այնպիսի օգտագործումը, որը չի համապատասխանում կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգով նախատեսված պայմաններին.

2) կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից դրա օգտագործման եղանակը սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով  կարող է մոլորության մեջ գցել սպառողին.

3) կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխությունները պետական գրանցամատյան են մուտքագրվել սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, բացառությամբ այն դեպքի, երբ կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատերը կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի նոր փոփոխությամբ վերացրել է տեղ գտած այդ անհամապատասխանությունը։

Հոդված 38. Կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցման անվավերության հիմքերը

Բացի սույն օրենքով նախատեսված անվավերության հիմքերից, կոլեկտիվ ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավունքների պաշտպանության հետ կապված դիմում կամ հակընդդեմ հայց դատարան ներկայացնելու արդյունքում անվավեր ճանաչվել, եթե այն գրանցվել է սույն օրենքի 34-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, բացառությամբ այն դեպքի, երբ կոլեկտիվ ապրանքային նշանի իրավատերը կոլեկտիվ ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի նոր փոփոխությամբ վերացրել է տեղ գտած այդ անհամապատասխանությունը։

Հոդված 39. Հավաստագրային ապրանքային նշաններ

1. Հավաստագրային ապրանքային նշանները կարող են գրանցվել պետական լիազոր մարմնում այն հավատարմագրված հավաստագրման մարմինների կողմից, որոնք  օրենքով սահմանված կարգով իրականացնում են ապրանքների եւ (կամ) ծառայությունների համապատասխանության հավաստագրում: Հավաստագրային ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել  ապրանքներ արտադրող, ներմուծող, իրացնող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց անունով։

2. Հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները, հավաստագրային ապրանքային նշանների նկատմամբ հավասարապես կիրառվում են սույն օրենքի դրույթները:

3. Հայտատուն, բացի սույն օրենքի 40-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերից, հավաստագրային ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է՝

1) հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը.

2) թույլտվություն կամ փաստաթուղթ, որը հաստատում է հայտատուի՝ հավաստագրման գործունեություն իրականացնելու իրավասությունը կամ, համապատասխան դեպքում,  ծագման երկրում հավաստագրային ապրանքային նշանի գրացված լինելը։

4. Հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգով որոշվում են անձինք, որոնք իրավունք ունեն օգտագործելու ապրանքային նշանը, տարրերն ու բնութագրերը, որոնք պետք է ապրանքային նշանով  հավաստվեն, հավաստագրման մարմնի կողմից այդ բնութագրերի ստուգումն անցկացնելու կարգն ու ապրանքային նշանի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,  կանոնակարգի խախտման համար նախատեսված պատժամիջոցները, ապրանքային նշանի օգտագործման համար սահմանված վճարները, տարաձայնությունների կարգավորման ընթացակարգերը։

5. Հավաստագրային ապրանքային նշանի օգտագործումը թույլատրվում է ցանկացած անձի, որն առաջարկում է ապրանքներ կամ մատուցում  ծառաություններ, որոնք համապատասխանում են հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթներով սահմանված բնութագրերին  եւ դրա պահանջներին։

6. Հավաստագրային ապրանքային նշանի իրավատերն իրավասու անձանց թույլատրում է ապրանքային նշանի օգտագործումը այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք համապատասխանում են հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթներով սահմանված բնութագրերին։

7. Եթե հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը չի պահպանում հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթները, ապա դրա իրավատերն իրավունք ունի հետ կանչել տվյալ անձի՝ ապրանքային նշանի օգտագործման թույլտվությունը կամ կիրառել կանոնակարգով սահմանված այլ պատժամիջոցներ։

8. Բացի  ապրանքային նշանի գրանցման մերժման հիմքերից, հավաստագրային ապրանքային նշանի գրանցումը կարող է մերժվել նաեւ, եթե նշանը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի դրույթներին, ինչպես նաեւ հավաստագրման մասին օրենսդրության նորմերին։

9. Հավաստագրային ապրանքային նշանը չի կարող լինել իրավունքների փոխանցման, գրավադրման պայմանագրի, ինչպես նաեւ հարկադիր կատարման միջոցների առարկա։ Հավաստագրային ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում այդ նշանը կարող է օրենքով սահմանված կարգով փոխանցվել այլ իրավաբանական անձի։

10. Հավաստագրային ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել դատարանի կողմից ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-9-րդ մասերի պայմաններին։

11. Եթե հավաստագրային ապրանքային նշանի պահպանությունը դադարել է, ապա այդ թվականից հետո տասը տարվա ընթացքում այն ենթակա չէ գրանցման կամ օգտագործման այլ նպատակների համար։

ԳԼՈՒԽ  8

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 40. Ապրանքային նշանի գրանցման հայտը

1. Ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվում է  պետական լիազոր մարմին:  Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով:

2. Ֆիզիկական անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր չունեն, եւ օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք  Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն գործող առեւտրային կամ արդյունաբերական հաստատություն, հայտը ներկայացնում եւ դրա քննարկման ընթացակարգով նախատեսված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով:

3. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի։

4. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Հայտի ձեւը, լրացման եւ ներկայացման կարգը (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

6. Ապրանքային նշանի գրանցման  հայտը պետք է պարունակի հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից ստորագրված դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որին կցվում են՝

1) հայտ ներկայացնելու եւ փորձաքննություն անցկացնելու համար

 օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

 2) հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով.

3) դիմում առաջնություն հայտարկելու մասին (համապատասխան դեպքում).

4)  թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).

5) համաձայնություն՝ տրված իրավատիրոջ կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).

6) կոլեկտիվ ապրանքային նշանի կանոնակարգը (համապատասխան դեպքում).

7) հավաստագրային ապրանքային նշանի օգտագործման կանոնակարգը (համապատասխան դեպքում):

7. Ապրանքային նշանի գրանցման մասին դիմումը պետք է պարունակի՝

1)  տեղեկություններ, որոնք  նույնականացնում են հայտատուին եւ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).

2)  հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը) եւ նկարագրությունը.

3)  այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցայի դասակարգչի դասերին համապատասխան, ըստ դասերի համարների աճման.

4) նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է (համապատասխան դեպքում).

5) նշում, որ հայտարկված նիշը հոլոգրաֆիկ է (համապատասխան դեպքում).

6) նշում, որ հայտարկված նիշը տեսանելի չէ (համապատասխան դեպքում).

7) նշում, որ գունային համակցությունը հանդիսանում է նշանի տարբերակիչ հատկանիշ (համապատասխան դեպքում).

8)  նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող (համապատասխան դեպքում).

9) նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը եւ դրանց հայերեն թարգմանությունը (համապատասխան դեպքում).

10) նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է (համապատասխան դեպքում).

11) նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է (համապատասխան դեպքում).

12) նշում հայտարկվող առաջնության թվականի եւ դրա հիմքերի մասին:

8. Մեկ հայտով ապրանքային նշանի գրանցումը կարող է հայտարկվել մեկ կամ ավելի դասերի ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար։ Հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար վճարվում է օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրք։

Հոդված 41. Հայտի ներկայացման թվականը

1. Հայտի ներկայացման թվականը սահմանվում  է այն թվականով, երբ պետական լիազոր մարմին  ներկայացվել են՝

1)  նշում, որից ակնհայտորեն կամ ենթադրաբար պարզ է, որ հայտարկվում է ապրանքային նշանի գրանցում.

2)  նշում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել հայտատուին.

3) նշումներ, որոնք հնարավորություն են տալիս պետական լիազոր մարմնին կապ հաստատել հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (ներկայացուցչի առկայության դեպքում).

4) գրանցման ներկայացված նիշի բավականին հստակ պատկերը (վերարտադրությունը).

5) ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը,  որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը։

2.  Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, պետական լիազոր մարմինը դրանք ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով երկամսյա ժամկետում կատարել այդ պահանջները։

3. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն

հոդվածի 1-ին մասի պահանջներին եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն կատարվել պետական լիազոր մարմնի պահանջները, ապա հայտի ներկայացման թվական չի սահմանվում, հայտը համարվում է չներկայացված եւ ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին:

4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն

հոդվածի 1-ին մասի պահանջներին, սակայն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կատարվել են պետական լիազոր մարմնի պահանջները, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տարրերից եւ նշումներից վերջինի ստացման թվականով:

Հոդված 42. Ապրանքային նշանի առաջնությունը եւ առաջնության իրավունքը

1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:

2. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ  Առեւտրի համաշխարհային  կազմակերպության անդամ երկրներից մեկում  սահմանված կարգով ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել (առաջին հայտ), ապա դրա ներկայացման թվականից վեց ամսվա ընթացքում նույն ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս հայտատուն օգտվում է առաջին հայտի ներկայացման թվականով ապրանքային նշանի առաջնության (միջազգային առաջնություն) սահմանման իրավունքից:

3. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ  Առեւտրի համաշխարհային  կազմակերպության անդամ երկրներից մեկում  անցկացված միջազգային ցուցահանդեսում որեւէ ապրանքային նշանի ներքո ապրանքներ եւ (կամ) ծառայություններ է ցուցադրել (առաջին ցուցադրում), ապա դրանից վեց ամսվա ընթացքում նույն ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին նույն ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս նա օգտվում է առաջին ցուցադրման թվականով ապրանքային նշանի առաջնության (ցուցահանդեսային առաջնություն) սահմանման իրավունքից:

Ցուցահանդեսը համարվում է միջազգային, եթե այն կազմակերպվել է պաշտոնապես եւ դրան մասնակցել են արտադրողներ, ծառայություն մատուցողներ մի քանի երկրներից, ինչպես նաեւ  այդ ցուցահանդեսի մասին տեղեկությունը համապատասխան ձեւով մատչելի է դարձել հանրությանը։

4.  Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթների համաձայն, առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պետական լիազոր մարմին ներկայացնում է համապատասխանաբար առաջին հայտի պատճենը, որը վավերացված է առաջին հայտի ներկայացման մարմնի կողմից, եւ դրա հայերեն թարգմանությունը  կամ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչի կողմից տրված վկայագիրը, որտեղ առաջին անգամ այդ ապրանքային նշանի ներքո ցուցադրվել են ապրանքները եւ (կամ) ծառայությունները։ Առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել հայտի հետ միասին կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում եւ նշված փաստաթղթերը ներկայացնել հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում՝ վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։

5. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները կատարված չեն, ապա սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված առաջնության իրավունքից օգտվելու մասին դիմումը համարվում է չներկայացված։

ԳԼՈՒԽ 9

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 43. Հայտի փորձաքննությունը

1. Սույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո մեկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինը՝

1) գրանցում է  հայտը՝ դրան տալով հերթական համար, եւ տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անցկացնում է հայտի փորձաքննություն, որի ընթացքում   ստուգում է հայտի փաստաթղթերի համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին։

2. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը չի համապատասխանում սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է փաստաթղթերի անհամապատասխանությունները երկամսյա ժամկետում վերացնելու  անհրաժեշտության, ինչպես նաեւ հայտի համարի  եւ դրա ներկայացման թվականի մասին:

3. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր  անհամապատասխանությունները, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու մասին եւ այդ մասին ծանուցում է հայտատուին: Ընդունված որոշման հետ միասին հայտատուն ծանուցվում է նաեւ հայտի համարի եւ դրա ներկայացման թվականի մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման համաձայն, անհամապատասխանությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին եւ տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։

5. Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված առաջնություն հայտարկելու մասին դրույթները չպահպանելու դեպքում հայտատուն զրկվում է հայտով առաջնության իրավունքից։

6. Հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է հետ կանչել ապրանքային նշանի գրանցման հայտը կամ սահմանափակել դրանում ընդգրկված ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը։

7. Հայտի քննարկման ցանկացած փուլում,  օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կարող է դիմում ներկայացնել հայտում փոփոխություններ կատարելու մասին միայն այն դեպքում, երբ դա պայմանավորված է հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) եւ (կամ) գտնվելու վայրը ճշգրտելու, ձեւակերպումները հստակեցնելու կամ վրիպակները վերացնելու անհրաժեշտությամբ, պայմանով,  որ դրանք էապես չեն փոխում հայտարկված նշանի պատկերը եւ հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը: Դիմումով առաջարկվող փոփոխությունները պետական լիազոր մարմնի կողմից հաշվի չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են հայտարկված նշանի պատկերը կամ հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով եւ (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են  առաջացնում:

8. Ապրանքները կամ ծառայությունները  չեն կարող նույնատիպ համարվել այն հիմքով, որ լիազոր մարմնի որեւէ գրանցման կամ հրապարակման մեջ դրանք ներառված են Նիցայի դասակարգչի նույն դասում:

9. Ապրանքները կամ ծառայությունները  չեն կարող ոչ նույնատիպ համարվել այն հիմքով, որ լիազոր մարմնի որեւէ գրանցման կամ հրապարակման մեջ դրանք ներառված են Նիցայի դասակարգչի տարբեր դասերում:

Հոդված 44. Ապրանքային նշանի փորձաքննությունը

1. Պետական լիազոր մարմինը հայտարկված ապրանքային նշանը   փորձաքննության ընդունելու մասին որոշումն  ընդունելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում անցկացնում է հայտարկված նշանի փորձաքննություն՝ ստուգելու համար դրա համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին։

2. Պետական լիազոր մարմինն ստուգում է՝

1) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված մերժման բացարձակ հիմքերի առկայությունը.

2) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված մերժման հարաբերական հիմքերի առկայությունը (իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա):

3. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ՝

1) հայտարկված  նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ եւ (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ եւ (կամ) հարաբերական հիմքերով, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված նշանի գրանցումը մերժելու մասին.

2) հայտարկված  նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների մի մասի համար  սույն օրենքի 9-րդ եւ (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ եւ (կամ) հարաբերական հիմքերով, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտում նշված մնացած ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար հայտարկված նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

3) հայտարկված  նշանի գրանցումը ենթակա չէ մերժման հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար  սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ եւ հարաբերական հիմքերի բացակայության պատճառով, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված նշանը հայտում նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար գրանցելու մասին:

4. Պետական լիազոր մարմնի որոշումները պետք է լինեն հիմնավորված։ Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան ընդունված որոշումներում պետք է նշվեն պատճառները եւ հիմքերը։

5. Ընդունված որոշման մասին պետական լիազոր մարմինը տասնօրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում)։

6. Եթե ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք տարբերակիչ հատկություն չունեն ու սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, եւ դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է  կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ, եւ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին,   ապա պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին։

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտարարություն չներկայացնելու կամ նշված տարրերից մի մասի նկատմամբ ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտարարությունն ստանալու դեպքում պետական լիազոր մարմինն այդ մասին  նշում է ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ, եւ այդ   տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին տեղեկությունները հրապարակում է ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միասին:

9. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝  բերելով հիմնավոր փաստարկներ։

10. Պետական լիազոր մարմինը կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստարկները եւ որոշում է կայացնում՝

1) չեղյալ ճանաչել նախորդ որոշումը եւ գրանցել ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար, կամ

2) ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումը։

11. Կրկնական փորձաքննության արդյունքում ընդունված որոշման մասին պետական լիազոր մարմինը տասնօրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում)։

12. Ապրանքային նշանի գրանցումը չի  կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին։

Հոդված 45. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշման բողոքարկումը

1. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ։

2. Բողոքը ներկայացվում է գրավոր եւ պետք է լինի հիմնավորված։

3. Բողոքը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

4. Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝

1) բողոքը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն եւ գրանցել ապրանքային նշանը հայտարկված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար, կամ

2) բողոքը մերժել եւ ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշումը։

5.  Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման թվականից։ Բողոքարկման խորհրդի որոշումը տասնօրյա ժամկետում ուղարկվում կամ հանձնվում է բողոք ներկայացնողին։

6. Հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող Է Բողոքարկման խորհրդի որոշումը վիճարկել դատական կարգով՝ դրա ստացման օրվանից վեցամսյա ժամկետում։

Հոդված   46.  Ապրանքային նշանի գրանցումը

1. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն,  ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը տասնօրյա ժամկետում ծանուցում է  հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու եւ վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին։

2. Օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը նշված ժամկետում չստանալու դեպքում, պետական լիազոր մարմինը հայտը համարում է հետ կանչված, ինչի մասին տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին:

3. Օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինը ապրանքային նշանը հերթական համարի տակ գրանցում է պետական գրանցամատյանում: Պետական գրանցամատյան մուտքագրվում են ապրանքային նշանի պատկերը, դրա իրավատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության եւ գրանցման թվականները, այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը, եւ սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված այլ տեղեկություններ:

4. Ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից երկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինը ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակում է  «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Հոդված 47. Ապրանքային նշանի գրանցման բողոքարկումը

1. Ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկություններն «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու թվականից երկամսյա  ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ այն մասին, որ ապրանքային նշանի գրանցումը կատարվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ, քանի որ այն գրանցման ենթակա չէ սույն օրենքի 9-րդ եւ (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ  եւ (կամ) հարաբերական հիմքերով՝ գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար:

2. Բողոքը ներկայացվում է գրավոր եվ պետք է լինի հիմնավորված։

3. Բողոքը համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

4. Բողոքի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում, այն ներկայացնող անձը կարող է  բողոքը հիմնավորող լրացուցիչ ապացույցներ եւ փաստարկներ ներկայացնել Բողոքարկման խորհուրդ:

Հոդված 48. Ապրանքային նշանների գրանցման դեմ ներկայացված բողոքների քննարկումը

1. Սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն ստացված բողոքի մասին ծանուցվում է ապրանքային նշանի իրավատերը, որը ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում կարող է իր մեկնաբանությունները  ներկայացնել բողոքի վերաբերյալ: Եթե նշված ժամկետում ապրանքային նշանի իրավատերը չի ներկայացնում իր տեսակետը, բողոքի քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա:

2. Բողոքի քննարկման ընթացքում Բողոքարկման խորհուրդը պետք  է կողմերին բավարար հնարավորություն  ընձեռի  ներկայացնելու իրենց  մեկնաբանությունները, որոնց մասին Բողոքարկման խորհուրդը հնգօրյա ժամկետում տեղեկացնում է  մյուս կողմին։

3. Ապրանքային նշանների գրանցման դեմ բողոքների քննարկումը Բողոքարկման խորհրդում պետք է լինի հրապարակային։

4. Ապրանքային նշանի իրավատիրոջ միջնորդությամբ ավելի վաղ ապրանքային նշանի իրավատերը, որը բողոք է ներկայացրել սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հակադրելով իր ավելի վաղ ապրանքային նշանը, պետք է ապացույցներ ներկայացնի, որ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների  հրապարակման թվականին նախորդող հինգ տարվա ժամանակահատվածում ավելի վաղ ապրանքային նշանը ողջամիտ ծավալով օգտագործվել է Հայաստանի Հանրապետությունում այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է եղել եւ որ  հակադրումը վերաբերում է այդ ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, կամ որ գոյություն ունեն չօգտագործման հիմնավորված պատճառներ, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների  հրապարակման թվականին ավելի վաղ ապրանքային նշանը գրանցված է եղել առնվազն հինգ տարի։ Այսպիսի ապացույցների բացակայության դեպքում բողոքը մերժվում է։ Եթե ավելի վաղ ապրանքային նշանը օգտագործվել է ապրանքների եւ (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար նշանը գրանցված է եղել, բողոքի քննարկման ժամանակ ավելի վաղ ապրանքային նշանը կարող է հակադրվել միայն ապրանքների եւ (կամ) ծառայությունների համապատասխան մասի նկատմամբ։

5. Բողոքի քննարկումը կասեցվում է, եթե՝

1) հակադրվել է ապրանքային նշանի գրանցման ավելի վաղ հայտ՝ մինչեւ դրա վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը.

2) բողոքի հիմքում դրված ավելի վաղ ապրանքային նշանը գտնվում է գրանցումն անվավեր ճանաչելու կամ վաղաժամկետ դադարեցնելու գործընթացում՝ մինչեւ գործի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը.

3)   կողմերից մեկը հիմնավորված դեմում է ներկայացրել՝ մինչեւ դրա մեջ նշված ժամկետի ավարտը։

6. Բողոքների քննարկման արդյունքում Բողոքարկման խորհուրդը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) բողոքը մերժելու եւ ապրանքային նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին.

2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու եւ ապրանքային նշանի գրանցումը դրա մեջ նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար անվավեր ճանաչելու մասին։

7. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

8. Բողոքարկման խորհրդի որոշումն ընդունման օրվանից տասնօրյա ժամկետում ուղարկվում կամ հանձնվում է կողմերին եւ կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում։

9. Բողոքարկման խորհրդի՝ սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Հոդված 49. Ապրանքային նշանի գանցման վկայագիրը

1. Եթե սույն օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան սահմանված երկամսյա ժամկետում ապրանքային նշանի գրանցման դեմ բողոք չի ստացվել կամ բողոք ստացվել է, սակայն սույն օրենքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն բողոքի քննարկման արդյունքում Բողոքարկման խորհուրդը որոշում է կայացրել բողոքը մերժելու եւ ապրանքային նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին, կամ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու եւ ապրանքային նշանի գրանցումը դրա մեջ նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների մի մասի համար անվավեր ճանաչելու մասին, ապա նշված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է ապրանքային նշանի գրանցման վկայագիրը։ Գրանցման վկայագրի  ձեւը եւ պարունակող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Եթե իրավատերը կամ նրա ներկայացուցիչը մեկամսյա ժամկետում գրանցման   վկայագիրը չի ստանում, ապա պետական լիազոր մարմինն այն առաքում է փոստով։

3. Ապրանքային նշանի գրանցման   վկայագիրը  իրավական փաստաթուղթ է, որը հաստատում է պետական գրանցամատյանում ապրանքային նշանի գրանցման փաստը եւ դրա իրավատիրոջ բացառիկ իրավունքը գրանցված ապրանքային նշանի նկատմամբ։

4. Ապրանքային նշանի գրանցման   վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, դրա կրկնակն ստանալու խնդրանքով ապրանքային նշանի իրավատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ ներկայացնելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է տասնօրյա ժամկետում:

5. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու դեպքում, դատարանի կողմից ապրանքային նշանի գրանցման վկայագիրն ուժը կորցրած է ճանաչվում։

Հոդված 50. Պետական գրանցամատյանը

1. Պետական գրանցամատյանը, որտեղ մուտքագրվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված տեղեկությունները, վարում է պետական լիազոր մարմինը։ Պետական գրանցամատյանում կատարված ցանկացած գրառման եւ դրա հետագա փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

2. Պետական գրանցամատյանում ընդգրկվող տվյալների ցանկը եւ գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Ցանկացած անձ իրավունք ունի օգտվելու պետական գրանցամատյանի տվյալներից, որոնց մատչելիությունն ապահովում է պետական լիազոր մարմինը։

4. Ցանկացած անձի դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով քաղվածքներ է տրամադրում  պետական գրանցամատյանից:

Հոդված 51. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը)

1. Ցանկացած հայտ, որը ներկայացված է երկու կամ ավելի ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ՝ զատված հայտեր)՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները եւ (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջեւ։ Այդպիսի դիմում պետական լիազոր մարմին կարող ներկայացվել՝

1) մինչեւ պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին որոշման ընդունումը.

2)  ապրանքային նշանի գրանցման մասին որոշման դեմ բեղոքների  քննարկման ցանկացած գործընթացի ժամանակ.

3) ապրանքային նշանի գրանցման մասին որոշման բողոքարկման ցանկացած գործընթացի ժամանակ։

2. Ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)՝ բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները եւ (կամ) ծառայությունները այդ գրանցումների միջեւ։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝

1) պետական լիազոր մարմնում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.

2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է  նախորդող ընթացակարգով պետական լիազոր մարմնի ընդունած որոշման բողոքարկման հետ։

3. Զատված հայտերը եւ զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը եւ առաջնության թվականը, եթե այդպիսին կա։

4. Հայտի կամ ապրանքային նշանի զատման մասին դիմումի հետ ներկայացվում է նաեւ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

5. Հայտը կամ ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

6. Զատված գրանցումների մասին տեղեկությունները պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

8. Սույն հոդվածի համաձայն ներկայացված դիմումի որեւէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում, պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

9. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման օգտին:

Հոդված 52. Հայտում եւ պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

1. Հայտատուն կամ ապրանքային նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է տեղեկացնի՝

1) իր անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

2) իր ներկայացուցչի եւ (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

3) հայտարկված կամ գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.

4) ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

5) հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության մասին.

6) տեխնիկական վրիպակներն ուղղելու մասին։

2. Հայտում կամ պետական  գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումին կից պետական լիազոր մարմին է ներկայացվում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Հայտում կամ պետական  գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձեւը եւ ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Պետական լիազոր մարմինը հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում քննարկում է այն եւ սույն հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխանելու դեպքում գրառում է կատարում հայտերի հիմնպաշարում կամ պետական գրանցամատյանում։

5. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրա մեջ գրառում կատարելու թվականից եւ պետական լիազոր մարմնի կողմից հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

6. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտում կամ պետական գրանցամատյանում  փոփոխությունների կատարման օգտին:

7. Պետական լիազոր մարմինն իր սխալներն ուղղում եւ հայտերի հիմնապաշարում եւ պետական գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարում է սեփական նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա՝ առանց պետական տուրք գանձելու:

8. Եթե սույն հոդվածի համաձայն ներկայացված դիմումը հիմնավոր կասկածներ է հարուցում սխալի իրական լինելու կամ կատարվող փոփոխության  հարցում, պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

Հոդված 53. Ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելը

1. Ապրանքային նշանը հանվում է պետական գրանցամատյանից, եթե՝

1) Բողոքարկման խորհուրդը որոշում է կայացրել ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին.

2) դատարանի վճռով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել.

3) սույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել.

4) ապրանքային նշանի իրավատերը դիմել է ապրանքային նշանը պետական գրանցամատյանից  հանելու համար.

5) լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը։

2. Պետական լիազոր մարմինն ապրանքային նշանը հանում է պետական գրանցամատյանից, եթե ստացել է՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին.

2)  ապրանքային նշանի իրավատիրոջ գրավոր դիմումը ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու մասին.

3) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը։

3. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին Բողոքարկման խորհդի կողմից որոշում ընդունելու կամ  սույն օրենքի 19-րդ   հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում ապրանքային նշանը հանվում է պետական գրանցամատյանից պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ։

4. Պետական գրանցամատյանից ապրանքային նշանը հանելու մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Հոդված 54. Իրավունքների վերականգնումը

1. Ապրանքային նշանի իրավատիրոջ, հայտատուի  կամ պետական լիազոր մարմնում որեւէ գործընթացի ցանկացած կողմ, որը չնայած բարեխիղճ ձեռնարկած միջոցներին չի կարողացել  պահպանել պետական լիազոր մարմնում գործընթացի իրականացման ժամկետները, կարող է իր իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնել, եթե ժամկետի բացթողումը հանգեցնում է սույն օրենքի համաձայն որեւէ իրավունքի կամ բողոքարկման հնարավորության ուղղակի կորստի։

2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր, ժամկետների բացթողմանը հանգեցնող հանգամանքների դադարման թվականից երկամսյա ժամկետում, որի ընթացքում իրականացվում է նաեւ չկատարված գործողությունը: Իրավունքների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բաց թողնված ժամկետը լրանալու օրվանից մեկ տարվա ընթացքում։

3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված եւ պարունակի փաստեր եւ ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը։ Դիմումը համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

4.Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն ժամկետների նկատմամբ, որոնք սահմանված են սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, 63-րդ հոդվածով, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով։

5. Իրավունքների վերականգնում չի թույլատրվում այն դեպքում, երբ  հայտի կամ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից  մինչեւ իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու թվականն ընկած ժամանակահատվածում ապրանքային նշանի գրանցման այլ հայտ է ներկայացվել, որը սույն օրենքի համաձայն կարող է հակադրվել։

6. Իրավունքները վերականգնած  ապրանքային նշանի իրավատերը չի կարող պահանջներ  ներկայացնել երրորդ անձանց, ովքեր ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչեւ իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակումը բարեխիղճ կերպով շուկա են  հանել ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ՝  ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշումով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված երրորդ անձը իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականից երկու ամսվա ընթացքում կարող է ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումը բողոքարկել Բողոքարկման խորհրդում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման  պայմանով։

8. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել իրավունքների վերականգնման օգտին:

9. Սույն հոդվածի համաձայն ներկայացված դիմումի որեւէ նշման կամ ապացույցի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում, պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

Հոդված 55. Ժամկետների երկարաձգումը եվ բաց թողնված ժամկետների վերականգնումը

1. Ապրանքային նշանի իրավատերը կամ հայտատուն  կամ պետական լիազոր մարմնում որեւէ գործընթացի ցանկացած կողմ կարող է`

1)  նախքան սահմանված ժամկետի ավարտը պետական լիազոր մարմին դիմում ներկայացնել  որեւէ գործընթացային գործողության իրականացման համար նախատեսված  ժամկետի երկարաձգման մասին.

2) որեւէ գործընթացային գործողության իրականացման համար նախատեսված  ժամկետը չպահպանելու դեպքում սահմանված ժամկետի ավարտի թվականից երկու ամսվա ընթացքում պետական լիազոր մարմին դիմում ներկայացնել  բաց թողնված ժամկետի վերականգնման  եւ գործընթացը շարունակելու համար՝ չկատարված գործողությունը երկամսյա ժամկետում իրականացնելու պայմանով։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Ժամկետի երկարաձգման կամ 2-րդ կետով նախատեսված բաց թողնված ժամկետի վերականգնման   ժամանակահատվածը չպետք է գերազանցի սահմանված ժամկետի ավարտի թվականից վեց ամիսը։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների իրականացման համար դիմումը համարվում է ներկայացված միայն օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն ժամկետների նկատմամբ, որոնք սահմանված են  սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 2-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 6-րդ մասով, 47-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, 48-րդ հոդվածի 8-րդ մասով, 62-րդ հոդվածով եւ 65-րդ հոդվածի 2-րդ մասի   1-ին կետով:

5. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ժամկետի երկարաձգման կամ բաց թողնված ժամկետի վերականգնման օգտին:

Հոդված 56. Ապրանքային նշանի գրանցումն օտարերկրյա պետություններում

Հայաստանի Հանրապետության անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցել օտարերկրյա պետություններում կամ կատարել դրա միջազգային գրանցում:

ԳԼՈՒԽ 10

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 57. Հիմնական դրույթներ

Սույն օրենքի դրույթները կիրառվում են mutatis mutandis Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն կատարված միջազգային գրանցումների նկատմամբ, որոնց  ծագման երկիր հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը կամ որոնց գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մեջազգային պայմանագրերով այլ բան է նախատեսված։

Հոդված  58. Միջազգային հայտը

1. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանի՝ Մադրիդյան համաձայնագրի 3-րդ  հոդվածին համապատասխան միջազգային հայտը կամ համապատասխան դեպքում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար մուտքագրված կամ  պետական գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանի՝ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածին համապատասխան միջազգային հայտը, որի  ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Միջազգային բյուրո ներկայացվում է պետական լիազոր մարմնի միջոցով։

2.  Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային հայտը կարող է ներկայացվել ցանկացած անձի կողմից, որը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի  գործող արդյունաբերական կամ առեւտրային հաստատություն, կամ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայր Հայաստանի Հանրապետությունում կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ծագումով Հայաստանի Հանրապետությունից է։

3. Գրանցված ապրանքային նշանի վրա հիմնված միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում ապրանքային նշանը  պետական գրանցամատյանում գրանցելու  թվականը, եթե այն պետական լիազոր մարմին է ներկայացվել  մինչեւ ապրանքային նշանի գրանցման թվականը։

4. Միջազգային հայտը պետք է կազմված լինի Ընդհանուր հրահանգին համապատասխան եւ պետք է պարունակի հատուկ նշումներ երկրների վերաբերյալ, որոնց համար հայտարկվում է միջազգային գրանցումից բխող պահպանություն կամ պահպանության տարածքային ընդարձակում։

Հոդված   59. Միջազգային գրանցման համար վճարները

1. Միջազգային հայտ ներկայացնելու համար վճարվում են օրենքով սահմանված պետական տուրքեր եւ  Մադրիդյան համաձայնագրով եւ (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված վճարներ։ Օրենքով սահմանված պետական տուրքերը հայտատուի կողմից փոխանցվում են պետական բյուջե, իսկ Մադրիդյան համաձայնագրով եւ Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված վճարները՝ անմիջականորեն Միջազգային բյուրո։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական տուրքերը չվճարելու եւ  վճարները չկատարելու դեպքում միջազգային հայտը համարվում է չներկայացված։

Հոդված   60. Միջազգային հայտի ստուգման գործընթացը  պետական լիազոր մարմնում

1. Միջազգային հայտն տանալու թվականից մեկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինը քննարկում եւ ստուգում է հայտի փաստաթղթերը՝   որոշելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին դրանց համապատասխանությունը, ինչպես նաեւ հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական  գրանցամատյանի տվյալներին  կամ համապատասխան դեպքերում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարի տվյալներին։

2. Եթե հայտը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին եւ Ընդհանուր հրահանգի պայմաններին, պետական լիազոր մարմինը նշում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, որից հետո հայտի մեկ օրինակն ուղարկում է Միջազգային բյուրո, իսկ մյուսը՝ հայտատուին, որպես հայտի ընդունված լինելու հավաստում։

3. Միջազգային  գրանցման թվականը,  որի  ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Մադրիդյան hամաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով  կամ համապատասխան դեպքում՝  Մադրիդյան hամաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով     համարվում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, պայմանով, որ Միջազգային բյուրոն հայտն ստացել է երկամսյա ժամկետում։ Այլ դեպքում միջազգային գրանցման  թվականը կհամարվի Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը։

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան հայտնաբերվում են սխալներ կան անճշտություններ, որոնց ուղղումը պահանջում է հայտատուի համաձայնությունը, մասնավորապես ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկի ճշգրտում, պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում ուղղել սխալները կամ անճշտությունները՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները։

Հոդված   61.  Հետագա նշումների մասին դիմումը

1. Միջազգային գրանցման  իրավատերը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, կարող է հետագայում  հայտարկել տվյալ գրանցման պահպանության տարածքային ընդլայնում մեկ կամ ավելի  երկրների նկատմամբ, որոնք  սկզբնական միջազգային հայտում նշված չեն եղել, միջազգային գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար՝ պետական լիազոր մարմնի միջոցով  Միջազգային բյուրո համապատասխան դիմում ներկայացնելով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում  նշված դիմումին կից ներկայացվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Հետագա նշումների մասին դիմումի նկատմամբ սույն օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 64-րդ հոդվածի դրույթները կիրառվում են mutatis mutandis։

4. Պահպանության հետագա տարածքային ընդլայնումն ուժի մեջ է մտնում Միջազգային գրանցամատյանում այդ մասին գրառում կատարելու թվականից եւ դադարում է համապատասխան միջազգային գրանցման գործողությունը դադարելու հետ միաժամանակ։

Հոդված 62. Միջազգային բյուրոյի կողմից ծանուցված միջազգային գրանցման հետ կապված գործընթացը

1. Միջազգային բյուրոյից ստացված միջազգային գրանցման ցանկացած ծանուցման նկատմամբ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, կամ համապատասխան դեպքերում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահպանության հետագա տարածքային ընդլայնմանը, կիրառվում են սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն բողոքի ներկայացման եւ 44-րդ հոդվածի համաձայն նշանի փորձաքննության անցկացման գործընթացները, այն նույն պայմաններով, որոնք նախատեսված են անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի համար։

2. Միջազգային գրանցման դեմ բեղոքը կարող է ներկայացվել տվյալ միջազգային գրանցման կամ դրա  գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային ընդլայնման վերաբերյալ տեղեկությունները  Միջազգային բյուրոյի կողմից պաշտոնական  հրապարակման թվականից վեցամսյա ժամկետում։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն նշանի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ միջազգային գրանցումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին կամ եթե տվյալ միջազգային գրանցման դեմ բողոք  է ներկայացված, որի քննարկումը չի ավարտվել, կամ տվյալ բեղոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարվել է, ապա պետական լիազոր մարմինը բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ համապատասխան դեպքում՝ դրանց մի մասի համար ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրման   նախնական մերժման որոշում է  կայացնում, որի մասին ծանուցում է Միջազգային բյուրոյին։

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված նախնական մերժման մասին որոշումից հետո սույն օրենքով նախատեսված ցանկացած գործընթաց պետական լիազոր մարմնի եւ ապրանքային նշանի իրավատիրոջ միջեւ իրականացվում է վերջինիս ներկայացուցչի իջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով  այլ բան նախատեսված չէ։

5. Միջազգային գրանցման վերաբերյալ  վերջնական որոշում կայացնելուց  հետո պետական լիազոր մարմինը Միջազգային բյուրոյին ծանուցում է՝

1) գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանության տրամադրումը մերժելու մասին, կամ

2) գրանցման մեջ նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների մի մասի համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին, կամ

3) գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին։

6. Պետական լիազոր մարմինը սահմանված կարգով Միջազգային բյուրոյին ծանուցում է միջազգային գրանցման վերաբերյալ դատարանների բոլոր վերջնական որոշումների մասին։

Հոդված 63. Միջազգային գրանցման գործողությունը Հայաստանի Հանրապետությունում

1. Ցանկացած միջազգային գրանցում, որի մեջ նշված է Հայաստանի Հանրապետությունը, սկսած միջազգային գրանցման թվականից կամ համապատասխան դեպքում՝ Հայաստանի Հանրապետության  հետագա նշման թվականից, ունի նույն գործողությունը, ինչ այն դեպքում, երբ ապրանքային նշանը գրանցման  ներկայացված լիներ անմիջականորեն պետական լիազոր մարմին։

2. Եթե պետական լիազոր մարմինը չի ծանուցել Միջազգային բյուրոյին սույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գրանցման մերժման մասին կամ եթե ծանուցված մերժումը մասնակիորեն կամ ամբողջությամբ հետ է կանչվել, ապա սկսած սույն հոդվածի 1-ին մասում նշված թվականից, ապրանքային նշանի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում կլինի նույնը, ինչ այն դեպքում, երբ ապրանքային նշանը գրանցված լիներ անմիջականորեն պետական լիազոր մարմնում։

3.Եթե ապրանքային նշանի պահպանությունը մերժվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն, համարվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տվյալ միջազգային գրանցումը  սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված գործողություն չի ստացել։

Հոդված 64. Ապրանքային նշանի ազգային գրանցման փոխարինումը միջազգային գրանցումով

Ապրանքային նշանների ազգային գրանցամատյանում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ պահանջով պետական լիազոր մարմինը Մադրիդյան համաձայնագրի 4bis հոդվածին եւ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության  4bis հոդվածին համապատասխան ի գիտություն է ընդունում այդ ապրանքային նշանի գրանցման փոխարինումը  նույն ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, նույն իրավատիրոջ անունով, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածված հետագա միջազգային գրանցումով: Փոխարինման մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցամատյան, առանց իրավատիրոջ  ավելի վաղ ձեռք բերած իրավունքներին վնասելու։

Հոդված 65. Միջազգային գրանցման փոխակերպումն ազգային հայտի

1. Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նշմամբ միջազգային գրանցման իրավատերը, նշված արձանագրության 9 quinquis հոդվածին համապատասխան, միջազգային գրանցումը նույն ապրանքային նշանի գրանցման հայտի փոխակերպելու խնդրանքով կարող է դիմել պետական լիազոր մարմին, եթե ծագման երկրի լիազոր մարմնի պահանջով միջազգային գրանցման գործողությունը դադարեցվում է համապատասխան գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների  կամ դրանց մի մասի համար։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը քննարկվում է նույն ընթացակարգով, ինչը կկիրառվեր, եթե այն  անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված լիներ  միջազգային գրանցման թվականին, կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հետագա տարածքային ընդլայնման թվականին եւ եթե միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանն  առաջնություն է ունեցել, ապա այդ հայտով ներկայացված ապրանքային նշանը   կօգտվի նույն առաջնությունից, պայմանով, որ՝

1) հայտը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում, հաշված այն թվականից, երբ միջազգային գրանցումը հանվել է Միջազգային գրանցամատյանից.

2) հայտում թվարկված ապրանքները եւ (կամ) ծառայությունները ներառում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ  միջազգային գրանցման մեջ նշված ապրանքները եւ (կամ) ծառայությունները.

3) հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին.

4) հայտին կից ներկայացված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Փոխակերպման հայտին կից պետք է ներկայացվի Միջազգային բյուրոյի կողմից տրված փաստաթուղթ, որը պետք է պարունակի ապրանքային նշանի պատկերը եւ ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը նշված է եղել մինչեւ Միջազգային գրանցամատյանից միջազգային գրանցումը հեռացնելը։

4. Եթե Միջազգային գրանցամատյանից միջազգային գրանցման հեռացման թվականի դրությամբ լրացել է Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն  նախնական մերժման մասին ծանուցելու ժամկետը եւ եթե տվյալ թվականի դրությամբ պետական լիազոր մարմինը մերժման մասին որոշում չի կայացրել եւ չկա տվյալ ապրանքային նշանի նկատմամբ պահպանության դադարեցման դատական որեւէ գործ, ապա սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն մերժման գործընթացը չի կիրառվում, իսկ պետական լիազոր մարմինը ապրանքային նշանի գրանցումն իրականացնում է համաձայն սույն օրենքի 46-րդ հոդվածի։
 


ԳԼՈՒԽ  11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 66. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցումները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

2.  Ապրանքի ծագման տեղանուն պարունակող ապրանքային նշանները, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցվել են գրանցված ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի հիման վրա, մինչեւ 2010 թվականի հունիսի 30-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքով եւ «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն չհամապատասխանեցված ապրանքային նշանների գրանցման գործողություննրը դադարեցվում են 2010 թվականի հուլիսի 1-ից:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված ապրանքային նշանների գրանցման հայտերի քննարկումը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները, որոնց քննարկումը չի ավարտվել,  պետական լիազոր մարմնի կողմից շարունակվում են քննարկվել սույն օրենքով սահմանված կարգով:

6.  Սույն օրենքի 16-րդ եւ 22-րդ հոդվածների, ինչպես նաեւ 26-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների վրա:

7. ՈՒժը կորցրած ճանաչել «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. մարտի 20-ի ՀՕ-41  օրենքը:

Հոդված 67. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

Հիմնավորում

«Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման


Նշված օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ մտավոր սեփականությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցմամբ :

Անհրաժեշտություն կա հիմնովին փոխակերպելու աշխարհագրական նշումների իրավական պահպանության համակարգը, ինչը ներկայումս կարգավորվում է տարրական դրույթների նվազագույն ծավալով, իսկ ապրանքի ծագման տեղանունների իրավական պահպանության հետ կապված օրենսդրությունը ունի բազմաթիվ բացեր: Օրենսդրորեն կարգավորված չեն նաեւ այն հարաբերությունները, որոնք վերաբերում են ավանդական արտադրանքի պատրաստմանը եւ այդ արտադրանքի համապատասխան անվանումների պահպանությանը, ինչը կարեւոր նախապայման է երաշխավորված ավանդական արտադրանքի պատրաստման եւ շրջանառության մեջ դնելու համար:

1. Ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործումն առաջին հերթին ենթադրում է իրավական պահպանության տրամադրման մեխանիզմների կատարելագործում, մասնավորապես՝ ապրանքային նշանների փորձաքննության ընթացակարգի։ Անհրաժեշտություն կա, որպեսզի նախատեսվի ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու այնպիսի  ընթացակարգ, որը ավելի վաղ ծագած իրավունքնեերի իրավատերերին հնարավորություն կտա նախապես ծանոթանալու եւ հարկ եղած դեպքում առարկելու այն ապրանքային նշանների գրանցումներիմ դեմ, որոնց գրանցման եւ օգտագործման հետեւանքով կխախտվեն իրենց իրավունքները:

Նշված խնդիրն ըստ էության լուծված է նախագծում, որի համաձայն, գրանցված ապրանքային նշանների մասին տեղեկությունները հրապարակելուց հետո երկամսյա ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է բողոք ներկայացնել գրանցման դեմ, որի արդյունքում որոշում է կայացվում տվյալ գրանցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու, կամ գրանցումն ուժի մեջ թողնելու մասին: Բոլոր դեպքերում ապրանքային նշանների վկայագրերը տրվում են նշված երկամսյա ժամկետն ավարտվելուց հետո, հաշվի առնելով ստացված բողոքները:

Ապրանքային նշանների մասին գործող օրենքով սահմանված չեն դրույթներ, որոնք  հնարավորություն կտան ապահովելու ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում, երբ նման անհրաժեշտություն է առաջանում պրակտիկայում:

Ապրանքային նշանների մասին գործող օրենքով նախատեսված չեն նաեւ հավաստագրային ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու պայմաններն ու կարգը, ինչը շատ կարեւոր է համապատասխանության գնահատման բնագավառի համար: Առաջարկվող նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ, որոնք կարգավորում են հավաստագրային ապրանքային նշաններին  իրավական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ դրանց օգտագործման առանձնահատկությունները:

Ապրանքային նշանների մասին գործող օրենքով նախատեսված չեն նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրին համապատասխան իրականացվող որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել ՀՀ-ից միջազգային հայտեր ներկայացնելիս, ինչպես նաեւ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյից ստացված ծանուցագրերին համապատասխան:

Առաջարկվող նախագծում ի թիվս նշված մոտեցումների հաշվի են առնվել նաեւ Եվրամիության բոլոր այն դիրեկտիվների պահանջները, որոնք վերաբերում են ներկայացված օրենքներով կարգավորվող հարաբերություններին:

Այս առումով գործող օրենքի բազմաթիվ դրույթներ հստակեցվել եւ տեղ են գտել ներկայացվող նախագծերում, մասնավորապես ապրանքային նշանի օգտագործմանը,  լիցենզիաներին, հայտ ներկայացնելուն եւ առաջնության իրավունքին, ինչպես նաեւ գրանցումների վիճարկմանը վերաբերող  դրույթները:

«Ապրանքային նշանների մասին» օրենքի նախագծում տրվել են անցումային դրույթներ, որոնք կարգավորում են նաեւ օրենսդրական փաթեթում ներկայացվող «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են ստեղծվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Աշխարհագրական նշումների իրավական պահպանությունը ներկայումս իրականացվում ՀՀ ՔՕ 11821 եւ 1183 հոդվածներին համապատասխան, ինչպես նաեւ «Ապրանքային եւ սպասարկման մասին, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին համապատասխան, ընդ որում վերջիններս վերաբերում են այնքանով, որքանով աշխարհագրական նշումները տեղ են գտնում ապրանքային նշաններում: Գործող օրենսդրությամբ աշխարհագրական նշումների պահպանությունը դրանց պարտադիր գրանցում չի ենթադրում, ինչն իր հերթին դրանց վերաբերող դրույթների կիրառումը դարձնում է ոչ արդյունավետ: Մասնավորապես ի սկզբանե անհայտ են դրանք որպես այդպիսիք,  օգտագորման իրավունք ունեցողները հստակ սահմանված չեն, հստակ սահմանված չեն նաեւ ապրանքի այն առանձնահատկությունները, որոնց համապատասխանության դեպքում միայն ապրանքի նկատմամբ կարող է կիրառվել աշխարհագրական նշումը: Բացի դրանից ի սկզբանե հայտնի չեն նաեւ այն հիմքերն ու մարմինները, որոնք անհրաժեշտ են աշխարհագրական նշումների օգտագործման նկատմամբ համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար:

Ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանությունը կարգավորվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասով, սակայն կան մի շարք դրույթներ, որոնք համահունչ չեն Եվրամիության օրենսդրությանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է ծագման տեղանվան գրանցման իրավասություն ունեցող անձանց որոշմանը, ապրանքների առանձնահատկությունների ամրագրմանն ու համապատասխան տեխնիկական կանոնակարգերի ստեղծմանը, ապրանքի արտադրության աշխարհագրության հստակեցմանը, ծագման տեղանունների օգտագործման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ստեղծմանն ու դրանց գործունեության կանոնակարգմանը:

Ինչ վերաբերում է երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների իրավական պահպանությանը, ապա դրանք ներկայումս ՀՀ-ում  չեն պահպանվում:

Ներկայացված նախագծով կարգավորում են ապրանքի աշխարհագրական նշումների, ապրանքի ծագման տեղանունների (այսուհետ՝ ծագման տեղանուն) եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, ապրանքների ցանկից հանված են բնական եւ հանքային ջրերը, ինչը պայմանավորված է ԵՎրամիության՝ «Գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների մասին» 2003թ ապրիլի 8-ի (EC) No 692/2003 կանոնակարգի պահանջներով, որով փոփոխվել է (EC)  No 2081/92 կանոնակարգը:

Նախագիծը ենթադրում է նշված օբյեկտների իրավական պահպանության հիմքում դնել դրանց պետական գրանցումը, որի համար սահմանված են գրանցման կարգն ու պայմանները: Նախատեսվում է, որ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը պետական լիազոր մարմին կարող է ներկայացնել միայն խումբը, որը արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում է, որոնք գործում են խմբի կանոնադրության հիման վրա եւ արտադրական գործունեություն են իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ: Միաժամանակ նախատեսվում է, որ նշված օբյեկտների գրանցման պարտադիր պայմաններից է տեխնիկական պայմանների առկայությունը, ընդ որում աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների տեխնիկական պայմանները պետք է պարունակեն, մասնավորապես, աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, համապատասխան ապրանքի առանձնահատկությունները բնորոշող մի շարք տվյալներ, ինչպես նաեւ տեխնիկական պայմանների  դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների անվանումները, նրանց հասցեները, ինչպես նաեւ նրանց պարտավորությունները, իսկ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական պայմանները՝ տվյալ արտադրանքի անվանումը եւ դրա առանձնահատկությունները բնորոշող մի շարք տվյալներ:

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն իրականացվում է համարյա նույն ընթացակարգով, որը նախատեսված է ներկայացված «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի նախագծով, ընդ որում, գրանցումը կատարվում է առանց դրա գործողության ժամկետային սահմանափակման:

Գրանցման հիման վրա հայտ ներկայացնող խումբն իրավունք է ստանում օգտագործել տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը:

Գրանցման աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք կարող է ստանալ տվյալ աշխարհագրական գոտու ցանկացած անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական պայմանների դրույթների համաձայն արտադրում եւ (կամ) վերամշակում եւ (կամ) պատրաստում է ապրանքներ: Օգտագործման իրավոււնքը տրվում է պետական լիազոր մարմին ներկայացված հայտի հիման վրա, 10 տարվա ժամկետով, ամեն անգամ 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող են օգտագործել այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական պայմանների պահանջները:

«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծում եւս հաշվի են առնվել Եվրամիության բոլոր համապատասխան դիրեկտիվների պահանջները:

Փաթեթի մյուս՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է, հաշվի առնելով  վերը նշված երկու օրենքների նախագծերով նախատեսված դրույթները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները հիմնականում խմբագրական փոփոխություններ են, որոնք պայմանավորված են նոր ընդունվող օրենքների ձեւակերպումներով:

3-րդ եւ 4-րդ հոդվածների 1-ին կետերով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ պետական լիազոր մարմինը գյուտի եւ օգտակար մոդելի նկարագրությունները հրապարակում է (էլեկտրոնային եղանակով) առանց խմբագրման, հետեւապես զուտ տեխնիկական բնույթի աշխատանքի դիմաց լրացուցիչ պետական տուրքի գանձումը անհրաժեշտ է տարածել ավելի մեծ ծավալի նկարագրության վրա:

6-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են «Ապրանքային նշանների մասին» օրենքի նախագծի ընթացակարգերով  նախատեսված նոր գերծողություններով։

7-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են երկու նոր օբյեկտների՝ աշխարհագրական նշումների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման անհրաժեշտությամբ, որոնց հետ կապված համապատասխան գործողությունների համար դրույքաչափերը համապատասխանում են ապրանքի ծագման տեղանվան համար գործող դրույքաչափերը:

8-րդ հոդվածի լրացումները պայմանավորված են Ֆրանչայզինգի գրանցման անհրաժեշտությամբ, ինչը կարող է վերաբերել մտավոր սեփականության մի շարք օբյեկտների, որի պատճառով լրացումները կատարվում են օրենքի 18-րդ հոդվածում:

Նախագծի մնացած հոդվածները պայմանավորված են նոր օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: