Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-78313-30.11.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2007թ. ապրիլի 9-ի «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝ «Ընկերությունները կարող են իրականացնել միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «հաստատագրված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կենսաթոշակային ապահովագրություն:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը» բառերը փոխարինել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «հաստատագրված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր խմբակային կենսաթոշակային միջոցների կառավարում» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից:
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Կուտակային կենսաթոշակների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրման, դրա կառավարման եւ պետական կարգավորման անհրաժեշտությունից:

ՀՀ-ում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները, նպատակ ունենալով դրանք հասցնել արժանավայել մակարդակի:

Սույն օրենքով ներդրվող համակարգը միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն փորձի օրինակ է, որի կիրառմամբ անմիջական կապ է ստեղծվում մարդու եկամուտների եւ կենսաթոշակի միջեւ: Միեւնույն ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգը ապահովում է մարդու աշխատունակ տարիքում եկամտի եւ կենսաթոշակային տարիքում կենսաթոշակի միջեւ էական տարբերության բացառումը:

Միեւնույն ժամանակ պետությունը կատարում է Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորությունները քաղաքացիների հանդեպ ինչպես «Պետական կենսաթոշակների մասին» եւ սոցիալական բնագավառի այլ օրենքներով սահմանված կարգով, այնպես էլ սույն օրենքով նախատեսվող կուտակային համակարգին անցած անձանց` իրենց վճարումների չափով պետական լրացուցիչ աջակցության միջոցով:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ժողովրդագրական անբարենպաստ միտումներով` ծնելիության կրճատմամբ, 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքով, ինչպես նաեւ այն փաստով, որ «Ծնելիության Բումի» սերունդն առաջիկա տարիների ընթացքում համալրելու է կենսաթոշակառուների բանակը: Հարկ է նշել, որ կյանքի սպասվող միջին տեւողությունը ավելանալու միտում ունի: Այս փաստերի համադրության դեպքում կարելի է տեսնել, որ միջին եւ երկար ժամկետ ապագայում պետության համար բավականին բարդ կլինի ապահովել կենսաթոշակների արժանավայել մակարդակը եւ պարբերական աճը:

Այսպիսով Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն եւ ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ` ապահովելով աշխատողների եւ կենսաթոշակառուների կյանքի որակի ճեղքվածքի նվազումը, ինչպես նաեւ կստեղծի տնտեսությունում երկարաժամկետ ներդրումների համար հիմք:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: