Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-78314-30.11.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը:

Հոդված 2. Եկամտային հարկի հասկացությունը

Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

ԳԼՈՒԽ 2. Հարկ վճարողները եւ հարկվող օբյեկտը

Հոդված 3. Եկամտային հարկ վճարողները

1. Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) եւ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ (այսուհետ` ոչ ռեզիդենտ) ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (այսուհետ հարկ վճարողներ):

2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

3. Սույն օրենքի համաձայն ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն չի հանդիսանում ռեզիդենտ:

Հոդված 4. Հարկվող օբյեկտը

1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս ստացման ենթակա հարկվող եկամուտը:

2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա հարկվող եկամուտը:

3. Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի եւ սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե սույն օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ:

Հոդված 5. Համախառն եկամուտը

1. Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա բոլոր եկամուտների հանրագումարն է:

2. Եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա գույքը, ինչպես նաեւ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացման ենթակա եկամուտները:

3. Բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացման ենթակա եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացման ենթակա եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման իրավունքի ձեռքբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:

Հոդված 6. Նվազեցվող եկամուտները

Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող նպաստները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարվող կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով պետության կողմից հարկ վճարողի համար կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` պետության, գործատուի) կողմից կատարված կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչեւ կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռք բերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները.

7) զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն տրվող միանվագ վճարները.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու եւ դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացման ենթակա եկամուտները.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության եւ (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացման ենթակա գույքը եւ դրամական միջոցները.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ հարկային մարմիններում հաշվառված ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական եւ բնամթերային ձեւով ցույց տրվող օգնության գումարները.

15) Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը եւ դրամական միջոցները.

16) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաեւ այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.

17} սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացման ենթակա գումարները, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետեւանքով գույքի վաճառքից ստացման ենթակա գումարների.

18) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 12-րդ եւ 13-րդ կետերում նշված կազմակերպությունները.

19) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

20) Ստացման ենթակա վարկերի եւ փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որեւէ այլ ձեւով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

21) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որեւէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով օգնության գումարները.

22) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթների եւ մրցությունների հաղթած մարզիկների եւ մարզիչների մրցանակները.

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական եւ իրային շահումները.

24) մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

26) պետական պարգեւները (մրցանակները).

27) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցման ենթակա գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրված եւ հատուցման ենթակա տոկոսների.

28) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները.

29) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգեւավճարները եւ բոնուսները.

Հոդված 7. Արժեթղթերից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

1. Սույն հոդվածով այլ բանով սահմանված չլինելու դեպքում, հարկ վճարողի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցվում է`

1) ստացման ենթակա շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (հիմնադրամում) մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացվող եկամուտը.

2) գանձապետական պարտատոմսերից եւ պետական այլ արժեթղթերից, Համահայկական բանկի կողմից թողարկված պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձեւով ստացման ենթակա եկամտի չափով.

3) գանձապետական պարտատոմսերի եւ պետական այլ արժեթղթերի, Համահայկական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացման ենթակա եկամտի չափով.

4) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործաքներից ստացման ենթակա եկամտի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված եկամուտները ներառվում են համախառն եկամտում, եթե`

1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, չեկի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից, կամ

2) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն, կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկ վճարողն իր համախառն եկամտում կարող է չներառել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված եկամուտները, եթե`

1) հարկ վճարողի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչեւ դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, եւ

2) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաեւ արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձին հանձնելը կամ որեւէ այլ գործարքը, որը վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկ վճարողն իրավունք ունի համախառն եկամտում չներառել սույն հոդվածով սահմանված եկամուտը եւ, սույն օրենքի որեւէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտի մեջ չի ներառում արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն իր համախառն եկամտում կարող է չներառել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի եւ իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերությունը:

Հոդված 8. Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սույն հոդվածով սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացման ենթակա եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարի մեջ 10 տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:

2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`

1) հացահատիկային եւ հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

2) տեխնիկակակն մշակաբույսերը.

3) պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը եւ փակ գրունտի արտադրանքը.

4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

5) կերարտադրության այլ արտադրանքը.

6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների եւ ծաղկաբուծության արտադրանքը.

7) ծառերի եւ թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

8) ծառերի եւ թփերի սածիլները.

9) ծառերի եւ թփերի տնկիները.

10) անասնաբուծության արտադրանքը.

11) խոզաբուծության արտադրանքը.

12) ոչխարաբուծության եւ այծաբուծության արտադրանքը.

13) թռչնաբուծության արտադրանքը.

14) եղջերվաբուծության եւ ուղտաբուծության արտադրանքը.

15) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության եւ որսորդական տնտեսության արտադրանքը.

16) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

17) Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացման ենթակա եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա:

Հոդված 9. Ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս, բացի սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներից, ոչ ռեզիդենտի համախառն եկամտի մեջ չի ներառվում նաեւ ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարման ենթակա եկամուտը` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ:

2. Սույն օրենքի կիրառման նպատակով, արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության եւ տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

3. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից եւ ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտները.

4) պասիվ եկամուտները եւ ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:

4. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից` իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`

1) շահաբաժինները.

2) տոկոսները.

3) ռոյալթիները.

4) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

5) Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի եւ այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի եւ այլ ակտիվների հավելաճը.

6) փոխադրման ծառայությունների (ֆրախտ) դիմաց ստացված եկամուտները:
 
 

ԳԼՈՒԽ 3. Եկամտային հարկի դրույքաչափերը

Հոդված 10. Եկամտային հարկի դրույքաչափերը

1.Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նշված դեպքերի եկամտային հարկը հաշվարկվում է 26 տոկոս դրույքաչափով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կուտակված միջոցները հարկ վճարողի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է 35 տոկոս դրույքաչափով:

3. Ռոյալթիների եւ գույքի վարձակալությունից ստացման ենթակա եկամուտներից, ինչպես նաեւ բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500մ2 մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացման ենթակա եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ, որում չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից եւ կառուցապատող եւ (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:

Սույն օրենքի իմաստով, ռոյալթի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյուաբերական առեւտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացման ենթակա հատուցումը:

4. Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

5. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարման ենթակա եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաեւ սույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների դրույթները:

6. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձեւով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ այդ պայմանագիրն առանց նշված հոդվածով սահմանված տվյալներից որեւէ մեկի պարտադիր նշումով կնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը հաշվարկում եւ պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարման ենթակա եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հարկ վճարողին հաշվարկված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ ապրանքագրերով, կամ

2) հարկային մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործաքրի մասով) եւ այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է: Ընդ որում, նշված տեղեկությունների հավաստիությունը օրենքով սահմանված կարգով չհիմնավորվելու դեպքում եկամտային հարկի պարտավորությունն առաջանում է տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկություն ստանալու ամսում:

7.Հաստատագրված վճար վճարող անհատ ձեռնարկատերի համար եկամտային հարկը հաշվարկվում է 3 տոկոս դրույքաչափով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

Հոդված 11. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի դրույքաչափերը

Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկը հաշվարկվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետեւյալ դրույքաչափերով`

1. ապահովագրությունից ստացման ենթակա ապահովագրական հատուցումներից եւ փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացման ենթակա եկամուտներից` 5 տոկոս,

2. ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացման ենթակա եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից եւ այլ պասիվ եկամուտներից (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից)` 10 տոկոս,

3. սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված` հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա այլ եկամուտներից` 26 տոկոս դրույքաչափով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:
 


ԳԼՈՒԽ 4. Եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման կարգը, տեղեկությունների ներկայացումը

Հոդված 12. Եկամտային հարկը պահելը հարկային գործակալի կողմից

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմիներ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ եւ իրականացնել ֆիզիկական անձանց հաշվարկվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:

2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`

1) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, եւ հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն կամ

2) եկամուտները վճարման ենթակա են նոտարին:

Հոդված 13. Եկամտային հարկի հաշվարկման կարգը եւ հաշվարկների ներկայացումը

1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած եւ տվյալ ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարները: Ընդ որում, ապահովագրական նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ ապահովագրական նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից` եկամտային հարկի ամսական հաշվարկի հետ մեկտեղ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը բացառապես էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար, այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձեւի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են, մասնավորապես`

1) անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն, հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, սոցիալական քարտի համար) տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ բացառապես պասիվ եկամուտներ ստացող) ֆիզիկական անձանց, նրանց համար հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ.

2) ամփոփ տեղեկություններ տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

3. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից կամ նոտարներից ստացման ենթակա եկամուտներից սույն օրենքի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ինչպես նաեւ այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր ընդգրկվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում, ապա այդ ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս, որն արտացոլվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկում: Ընդ որում, կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկին կից բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նաեւ կուտակային կենսաթոշակային վճարների կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Հարկային գործակալները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Հոդված 14. Եկամտային հարկի գումարը բյուջե վճարելը

Սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

Հոդված 15. Տեղեկությունների ներկայացումը

1. Սույն հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են յուրաքանչյուր տարվա համար, տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով անհատական տեղեկություններ, որը պարտադիր պետք է ներառի անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն, հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, սոցիալական քարտի համար) նախորդ տարում տվյալ հարկային գործակալից բացառապես պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, նրանց համար հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

2. Սույն հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում չեն ներառվում այն ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկությունները, որոնց համար սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկներում ներառվել են անհատական տեղեկություններ:

3. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով հարկային մարմիններին ներկայացվում են կազմակերպության կողմից լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:

Հոդված 16. Հարկային մարմնի եւ հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

1. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրվում է համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ձեւով եւ կարգով:

2. Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված եւ վճարված եկամուտների, պահված հարկի գումարների, ինչպես նաեւ գործատուի կողմից աշխատողի համար կատարված կուտակային կենսաթոշակային վճարումների մասին տեղեկանքներ:


ԳԼՈՒԽ 5. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելու եւ վճարելու կարգը

Հոդված 17. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 18. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները

1. Ձեռնարկատիրական գործունեությունից եկամտային հարկի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ, բացի սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտներից, համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից եւ քաղաքացիա-իրավական պայմանագրերի կատարումից ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված եւ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա:

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումները.

գ) գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները` տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի 5 տոկոսը չգերազանցող մասով.

դ) ամորտիզացիոն մասհանումները.

ե) վարձակալական վճարները.

զ) ապահովագրական վճարները.

է) չփոխհատուցվող (չհանշվանցվող) հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարները.

ը) վարկերի եւ այլ փոխառությունների տոկոսները.

թ) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների եւ բանկային այլ ծառայությունների համար վճարները.

ժ) գովազդային ծախսերը.

ժա) ներկայացուցչական ծախսերը.

ժբ) հովանավորչական ծախսերը.

ժգ) դատական ծախսերը.

ժդ) գործուղման ծախսերը.

ժե) պատճառած վնասի հատուցումը.

ժզ) տույժերը, տուգանքները եւ գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների եւ գույքային այլ պատժամիջոցների.

ժէ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական եւ կառավարման ծառայությունների ծախսերը.

ժը) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժթ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:

3. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկ վճարողի կատարած ներդրումները:

4. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների եւ այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:

5.Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 19. Եկամտային հարկի գումարի հաշվարկումը

Եկամտային հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերով սահմանված դրույքաչափերով, կատարում է հարկ վճարողն ինքնուրույնաբար եւ սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում:

Հոդված 20. Եկամտային հարկի կանխավճարները

1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-ից 8-րդ մասերով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու եւ օրենքով սահմանված այլ դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների եւ դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտային հարկի կանխավճարներ չկատարել մինչեւ հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային մարմիններին:

4. Այն հարկ վճարողը, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտային հարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչեւ նախորդ տարվա փաստացի եկամտային հարկի գումարի հաշվարկումը հարկ վճարողը եկամտային հարկի կանխավճարները առաջին անգամ մարտի 15-ից ոչ ուշ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:

5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող օբյեկտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկ վճարողը վճարում է տույժ` փաստացի եկամտային հարկի մեկ վեցերորդի եւ տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման օրվանից մինչեւ հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը:

6. Հարկ վճարողը հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող օբյեկտից, հաշվարկում է եկամտային հարկի գումարը` դրանից հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարից ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտային հարկի գծով, եւ հարկ վճարողը պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտային հարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտային հարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

9. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մասով հարկ վճարողները եկամտային հարկի կանխավճարային մուծումները կատարում են յուրաքանչյուր ամիս 5000 դրամի չափով` մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

Հոդված 21. Եկամտային հարկի նվազագույն գումարը

1. Սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտային հարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկ վճարողը (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մասով) պարտավոր է կատարել նվազագույն եկամտային հարկի եռամսյակային վճարումներ:

2. Նվազագույն եկամտային հարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից մեկ տոկոս դրույքաչափով:

3. Նվազագույն եկամտային հարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաեւ արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածով սահմանված) իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) եւ նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի:

Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության եւ կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի եւ ամսագրերի տպագրության եւ իրացման, թանկարժեք քարերի մշակման, ինչպես նաեւ միջազգային բեռնափոխադրման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտային հարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:

5. Նվազագույն եկամտային հարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտային հարկից:

Հոդված 22. Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման առանձնահատկությունը

Անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտային հարկի վճարումները կասեցվում են մինչեւ պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:


ԳԼՈՒԽ 6. Տարեկան եկամուտների մասին հաշվարկը եւ հարկի գումարի վճարումը

Հոդված 23. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման կարգը եւ
ժամկետները

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար, մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը պարտադիր չէ այն ֆիզիկական անձանց համար, որոնց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացվել կամ ստացման ենթակա են եղել`

1) բացառապես սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներ, կամ

2) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտային հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) եւ բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում ներառում են հարկային տարվա ընթացքում ստացման ենթակա բոլոր եկամուտները` անկախ սույն հոդվածի 2-րդ մասի դրույթներից:

4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Մինչեւ հարկային տարին ավարտվելը հարկ վճարողի կողմից գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնել սույն հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:

6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից եւ հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ հաշվարկելու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն եկամտային հարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը եւ հաշվարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

7. Տարեկան եկամուտների մասին հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց:

8. Հաշվետու ժամանակաշրջանի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո հարկ վճարողներն իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել դրանցում արտացոլված տվյալներում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում:

Հոդված 24. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա հարկի վերջնահաշվարկը եւ վճարման ժամկետները

1. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա կատարվում է եկամտային հարկի վերջնահաշվարկ` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով եկամտային հարկ վճարողը պարտավոր է եկամտային հարկի գումարը վճարել պետական բյուջե տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

3. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով հարկ վճարողի` բյուջե ավել վճարած (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) հարկի գումարները ենթակա են վերադարձման հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 25. Կրկնակի հարկման բացառումը

1. Ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի գումարը ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ եւ հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտեների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին:
 


ԳԼՈՒԽ 7. Եզրափակիչ դրույթներ

Հոդված 26. Ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրանց հավասարեցված
եկամուտների վերահաշվարկը

Գործատուները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտներն ավելացնել այն չափով, որպեսզի սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ֆիզիկական անձանց վճարվող փաստացի եկամուտը եկամտային հարկի պահումից հետո պակաս չլինի սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող ամսում աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրի հիման վրա նրանց փաստացի վճարվող (եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պահումից հետո) չափից:

Հոդված 27. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց եւ հարկային
գործակալների պատասխանատվությունը

1.Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները եւ հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.Սույն օրենքի դրույթներին համաձայն` եկամտային հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտային հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

3. Հարկային գործակալի կողմից սույն օրենքի դրույթներին համաձայն, ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները խախտելու համար կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները վճարում են տուգանք` հարկային մարմիններ չներկայացրած կամ սխալ ներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամի չափով, որը ենթակա է վճարման պետական բյուջե տուգանքի կիրառման օրվանից հաշված` 10-օրյա ժամկետում:

5.Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 26 տոկոսի չափով:

6. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում եւ վճարում է այդ (չձեւակերպված) վարձու աշխատողի համար եկամտային հարկ` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու դեպքերում (այդ դեպքում եկամտային հարկը հաշվարկվում (վերահաշվարկվում) է ընդհանուր սահմանված կարգով):

7. Գործատուների կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պահանջը չկատարելը հիմք է հանդիսանում հարկային ստուգումների ընթացքում հարկային մարմնի կողմից եկամտային հարկը նշյալ հոդվածին համապատասխան որոշելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գործատուն ներկայացնում է աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները սույն օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան չբարձրացնելու կամ սույն օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված աշխատավարձը իջեցնելու վերաբերյալ հիմնավոր փաստարկներ: Սույն մասի իմաստով, հիմնավոր փաստարկներ են համարվում`

1) ստուգվող ժամանակահատվածում գործատուի գործունեության ծավալների 20 տոկոս եւ ավելի անկումը (դրամական արտահայտությամբ)` ստուգվող ժամանակահատվածին նախորդող 12 ամիսների գործունեության ամբողջ ծավալի համեմատությամբ, կամ

2) տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողի փոխարինումը տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով:

Սույն մասին համապատասխան հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով հաշվարկվող եկամտային հարկի եւ տվյալ գործատուի կողմից մինչեւ ստուգումն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարների միջեւ առաջացող տարբերության գումարը, ինչպես նաեւ այդ գումարը պետական բյուջե ուշ վճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերը վճարում է գործատուն:

Հոդված 28. Հաշվետվությունների եւ տեղեկությունների միավորումը

Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկի, ինչպես նաեւ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների համար տվյալները կարող են ներառված լինել «Եկամտային հարկի ու կուտակային վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված անձնավորված հաշվետվության մեջ:

Նշված տվյալները լիազոր մարմնին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:

Հոդված 29. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքները:

Հոդված 31. Անցումային դրույթներ

2011 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած եկամտահարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները 2011 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում եւ դրանք ենթակա են կատարման «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
 


Հիմնավորում

«Եկամտային հարկի մասին» եւ »Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով: Նախագծի հիմնական նպատակը «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների միասնականացումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առկա են մի շարք տարբերություններ, որոնք որոշակի դժվարություններ են առաջացնում հարկ վճարողների համար: Մասնավորապես, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է եկամտահարկի բազայի հաշվարկման դրամարկղային մեթոդը, մինչդեռ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվում է եկամուտների հաշվեգրման մեթոդը: Տարբեր են նաեւ եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարման ժամկետները: Միաժամանակ, գործող օրենսդրական դաշտը չի նպաստում կենսաթոշակային ապահովության համակարգի զարգացմանը, որը պետք է դրսեւորվի կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունության աստիճանի բարելավմամբ, կենսաթոշակների եւ անհատական եկամուտների միջեւ ուղղակի կապի ձեւավորմամբ եւ փոխհատուցման գործակցի (միջին կենսաթոշակ-միջին աշխատավարձ հարաբերակցություն) բարձրացմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`


2. Կարգավորման առարկան. նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների կողմից կատարվող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների միասնականեցումն ապահովող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման համար նպաստավոր միջավայր ձեւավորող օրենսդրական դաշտն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ.
 

  • կկրճատվի հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը,
  • կմիասնականացվի եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգը,
  • նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար,
  •  կբարելավվի կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունության աստիճանը,
  •  ուղղակի կապ կձեւավորվի կենսաթոշակների եւ անհատական եկամուտների չափերի միջեւ,
  •  նկատելիորեն կբարձրանա փոխհատուցման գործակիցը (միջին կենսաթոշակ-միջին աշխատավարձ հարաբերակցություն):


    «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: