Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-157-11.11.2003-ՊԱ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի «քաղաքացին,» բառից հետո ավելացնել «ինչպես նաեւ կատարողական արվեստում պարբերաբար կազմակերպվող միջազգային մրցույթների դափնեկիրը,» բառերը:

Հոդված 2. Պարբերաբար կազմակերպվող միջազգային մրցույթների ցանկը եւ այդ մրցույթների դափնեկիրների զորակոչից ազատելու կարգը հաստատում եւ վերանայում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի կատարողական արվեստում միջազգային մրցույթի դափնեկիրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից` նրանց հնարավորություն տալով չընդհատել կատարողական արվեստում իրենց գործունեությունը, քանի որ վերջինս պահանջում է ամենօրյա եւ շարունակական աշխատանք, իսկ երկամյա դադարի դեպքում նշված անձինք կորցնում են իրենց մասնագիտական որակավորումը, ինչը վերականգնելու համար կպահանջվեն երկար տարիներ կամ ընդհանրապես հնարավոր չի լինի վերականգնել: