Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7873-02.12.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-226  11 սեպտեմբերի 2001 թվականի) ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: 
 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հաշվի առնելով ՀՀ աշխատանքային  օրենսգիրքը (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշմամբ սահմանված գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման 8-րդ կետի պահանջը: ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ են հետապնդում նաեւ պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, դրանց կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ-ի կոնվեցիաներով եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո իրավակիրառական պրակտիկայում առաջ են եկել մի շարք  խնդիրներ, որոնք  կարելի է տարանջատել հետեւյալ խմբերի`
 

  • Օրենսգրքում տեղ գտած որոշակի իրավական նորմերի ներքին հակասության, իրավական դրույթների ոչ սահուն շարադրման արդյունքում դրանց ոչ միանշանակ, տարաբնույթ ընկալման հետեւանքով առաջացող խնդիրներ,
     
  • որոշակի հարաբերությունների կարգավորված չլինելու եւ առանձին հարաբերությունների կարգավորման մեխանիզմները ոչ հստակ լինելու հետեւանքով առաջացող խնդիրներ:

    Նախագծում ներառված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած եւ դրա կիրարկումից հետո ծագած խնդիրների կանոնակարգման հետեւյալ հիմնական մոտեցումներն ու լուծումները`

    1. քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող   քաղաքացիների մասնակցությամբ  աշխատանքային այն հարաբերությունների կարգավորում, որոնք վերաբերում են աշխատաժամանակի եւ հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը եւ առողջությանը.

    2.աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտի ներդրում. Այս ինստիտուտի ներառումը նպատակ ունի հնարավորինս նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները՝ սահմանելով, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, եթե այն բովանդակում է միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմանները, բացառությամբ աշխատավարձի չափի, հակառակ դեպքում՝ պայմանագիրը կնքվում է գրավոր: Աշխատանքային պայմանագիրը ցանկացած դեպքում կնքվում է գրավոր (նույնիսկ  նվազագույն պայմանների), եթե դա պահանջում է կողմերից մեկը:

    3. ժամանակավոր բնույթ կրող աշխատանքներում մինչեւ 16 տարեկան անձանց ներգրավելու պայմանների սահմանում` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով ամրագրված դրույթը. Նախագծում նաեւ սահմանվում են մինչեւ 16 տարեկան անձանց աշխատանքի ընդունվելու առանձնահատկությունները, մինչդեռ գործող աշխատանքային օրենսգիրքը արգելում էր մինչեւ 14 տարեկան անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը:  Սահմանելով մինչեւ 14 տարեկանների աշխատանքի ընդունվելու հնարավորություն՝ Նախագիծը միաժամանակ նշում է այն աշխատանքների սպառիչ ցանկը, որոնց կատարմանը  վերջիններս կարող են ներգրավվել:

    4. կազմակերպության վերակազմակերպման դեպքում կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետին առնչվող հարաբերությունների համալիր կարգավորում.

    5. Օրենսգրքի համապատասխան դրույթներում արտաժամյա եւ գիշերային աշխատանքի համար տրվող  հավելումների չափերի նվազեցում եւ հստակեցում, գիշերային աշխատանքի առավել իրատեսական սահմանման ներառում,  մասնավորապես` 184-րդ հոդվածով նվազեցվել է արտաժամյա եւ գիշերային աշխատանքի վարձատրության չափը՝ գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկ ու կես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում:

    6. աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում լրացուցիչ երաշխիքների սահմանում կոնկրետ աշխատանքների եւ մասնագիտությունների համար.

    7.  տվյալ տարվա ընթացքում արձակուրդի տրամադրման եւ վճարման, աշխատանքից ազատվելու դեպքում արձակուրդից չօգտվելու պարագայում դրամական փոխհատուցման, արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողին աշխատած օրերի համար եւ արձակուրդի չօգտագործած օրերի համար վճարման խնդիրների հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորում.

    8. պետական կամ հասարարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորում.

    9. միջին ամսական աշխատավարձի հաշվարկման մեխանիզմների հստակեցում.

    10. աշխատողների մասնագիտական ուսուցման պայմանների սահմանում:

    Նախագծով նախատեսվում են նաեւ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման, արձակման նպաստի վճարման,  նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ:  Մասնավորապես` Նախագծի 28-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում 95-րդ հոդվածը, որով օրենսգրքից հանվում է  ժամկետային պայմանագրերի կնքման ժամկետների սահմանափակումը:

    Նախագծի 45-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում գործող օրենսգրքի 120-րդ հոդվածը, որով գործատուին հնարավորություն է տրվում լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները կամ աշխատողի մասնագիտական ունակությունները կամ գործնական հատկանիշները չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնի կամ կատարվող աշխատանքի համար օրենսդրությամբ եւ/կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին:

    Նախագծի մեկ այլ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում 117-րդ հոդվածը եւ 114-րդ հոդվածով սահմանվում է, որ միայն գործատուի նախաձեռնությամբ արգելվում է լուծել աշխատանքային պայամանագիրը հղի կանանց հետ:

    Նախագծի 53-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում գործող օրենսգրքի 129-րդ հոդվածը, որով հստակ սահմանվում են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը՝  կախված տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:

    Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում 100-րդ հոդվածի 3-րդ մասը, 101-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 177-րդ հոդվածը` նպատակ ունենալով ամենամյա արձակուրդ չհատկացնել եւ ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցում չվճարել ամենամյա արձակուրդի իրավունքը ձեռք չբերած անձանց:

    Միաժամանակ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված պահանջը, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանում ամրագրված որոշակի դրույթներ հակասում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին եւ որ Նախագծով ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում կարգավորվում են «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունները:

    ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 1-ին կետի 1.3 ենթակետով նախատեսված պահանջի` ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվություների կազմի եւ բովանդակության վերանայում եւ կրճատման նպատակով փոփոխություններ են կատարվել նաեւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում:

    Նշյալ նախագծերը դիտարկելով ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշմամբ սահմանված գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի տեսանկյունից՝  առանձնացվում են մի շարք խնդիրներ, մասնավորապես`  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ուժը կորցրած է ճանաչվում «Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը»` վերտառությամբ 1697-րդ հոդվածը, որով այլեւս դադարում է աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելու կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելու համար վարչական պատասխանատվությունը. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 24-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում գործող օրենսգրքի 85-րդ հոդվածը, որից համապատասխանաբար հանվում է  աշխատանքային պայմանագիրը գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում գրանցելու գործատուի պարտականությունը: