Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43-րդ կետով.
«43. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, պետական մարմինների եւ պետական հիմնարկների կողմից տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը) տրամադրման համար` | ||
10 էջը գերազանցող տպագրված կամ պատճենահանված յուրաքանչյուր էջի համար՝ | բազային տուրքի մեկ եւ կես տոկոսի չափով | |
յուրաքանչյուր էլեկտրոնային կրիչի (պնակիտ, խտասկավառակ, տեսասկավառակ) համար` | բազային տուրքի 30 տոկոսի չափով. | |
յուրաքանչյուր ձայներիզի համար` | բազային տուրքի 30 տոկոսի չափով. | |
յուրաքանչյուր տեսաերիզի համար` | բազային տուրքի չափով»: |
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին: Անցած 6 տարվա ընթացքում դրսեւորվեցին ինչպես օրենքի կենսունակությունն ու հասարակական անհրաժեշտությունը, այնպես էլ՝ ի հայտ եկան մի շարք բացթողումներ1 , որոնց վերացման է ուղղված օրենքների նախագծերի ներկայցվող փաթեթը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է՝
1) հստակեցնել «հրապարակում» հասկացության սահմանումը` հրապարակման միջոցների թվում ընդգրկելով պաշտոնական տեղեկագրերը, ինչպես նաեւ «օրենսդրությամբ սահմանված» բառերը փոխարինելով «օրենսդրությամբ չարգելված» բառերով` դրանով ընդլայնելով տեղեկությունը հրապարակելու միջոցների ձեւերը (նախագծի 2-րդ հոդված).
2) հստակեցնել տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները` դրանք լրացնելով օրինականությունը, հավաստիությունը, խտրականության բացառումը սկզբունքներով եւ օրենքով սահմանված սկզբունքներից հանելով տեղեկությունները գրանցելու, դասակարգելու եւ պահպանելու միասնական կարգի սահմանման մասին սկզբունքը, որի ապահովումը գործնականում անիրագործելի է (նախագծի 3-րդ հոդված).
3) վերացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հակասությունները2 (նախագծի 5-րդ հոդված).
4) վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող` տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգերի վերաբերյալ դրույթները՝ օրենքի կիրառումը նվազագույնս պայմանավորելով այլ իրավական ակտերի ընդունմամբ (նախագծի 4-րդ, 9-րդ եւ այլ հոդվածներ).
5) հստակեցնել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը (նախագծի 6-րդ հոդված).
6) տեղեկության տրամադրաման մերժման հիմքերը լրացնել նոր հիմքով` տեղեկության տրամադրումը մերժվում է նաեւ, երբ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթի կամ այլ մշակութային արժեքի բնագիր կամ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթուղթ է (նախագծի 7-րդ հոդված).
7) տեղեկության տրամադրումը չմերժելու հիմքերը լրացնել նոր հիմքով` տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա դիմողի վերաբերյալ է կամ այլ անձի վերաբերյալ է եւ դիմողն ունի տեղեկությունը հավաքելու, պահպանելու, օգտագործելու կամ տարածելու մասին այդ անձի համաձայնությունը, որը Սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջն է (նախագծի 7-րդ հոդված).
8) հստակեցնել տեղեկություններ ստանալու կարգը` կանոնակարգելով էլեկտրոնային եղանակով տեղեկություններ ստանալը, ինչպես նաեւ սահմանելով տուրքերի եւ այլ վճարների մուծման կարգը` դրանով ամբողջացնելով տեղեկությունների ստացման գործընթացը եւ նպաստելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը գործնականում կիրառվի առանց այլ իրավական ակտերի` մասնավորապես ՀՀ կառավարության որոշումների եւ տեղեկատվություն տնօրինողի կողմից սահմանվող կարգերի ընդունմամբ (նախագծի 8-րդ հոդված).
9) սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից տեղեկություն տրամադրելու համար տուրքեր եւ այլ վճարներ գանձելու պարտադիր պահանջ (նախագծի 9-րդ հոդված).
10) սահմանել տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից անվճար ստանալու երկու նոր դեպք`
ա) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ դիմումատուի, ինչպես նաեւ դիմումատու ֆիզիկական անձի անձնական, ընտանեկան կամ նրա խնամարկյալի, հոգաբարձության տակ գտնվող իրավունքներին, ազատություններին, պարտականություններին, իրավունքների սահմանափակումներին կամ պատասխանատվությանը.
բ) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնատար անձանց անուններին, ազգանուններին, կրթությանը, մասնագիտությանը, ծառայողական հեռախոսահամարներին, ծառայողական էլեկտրոնային փոստի եւ ծառայողական այլ հասցեներին (նախագծի 9-րդ հոդված).
11) հստակեցնել տեղեկության տրամադրումը մերժելու կարգը` հնարավորինս նվազեցնելով օրենքով սահմանված նորմերի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը (նախագծի 10-րդ):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է ամրագրել 10 էջը3 գերազանցող յուրաքանչյուր պատճենահանված կամ տպագրված էջի, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչով, ձայներիզով եւ տեսաերիզով տրամադրվելքի տեղեկությունների համար գանձվող պետական (տեղական) տուրքերի չափերը:
«ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «ՀՀ քրեական օրենսգրքի» 148-րդ հոդվածում օգտագործված բառերը եւ տերմինները համապատասխանեցվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում օգտագործված բառերին եւ տերմիններին4 :
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում կատարվող լրացմամբ «ապօրինաբար տեղեկությունը չհրապարակելը» հավասարեցվում է «ապօրինաբար տեղեկությունը չտրամադրելուն», որն ուղղված է մասնավորապես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում նախատեսված տեղեկությունների հրապարակման ապահովմանը.
Տեղեկատվության ազատության կենտրոնի եւ հեղինակի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք հասարակական քննարկումներ, որոնց մասնակցել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ այլ շահագրգիռ անձինք: Այդ քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունների հիման վրա նախագծերում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրամշակումներ:
Օրենքների նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ.Դանիելյանը, նրա տեղակալ Գ.Մալխասյանը, Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շ.Դոյդոյանը եւ հասարակական հիմունքներով իմ օգնական Ե.Դալլաքյանը:
ՀՀ կառավարության համաձայնության դեպքում հեղինակը պատրաստ է հանդես գալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:
--------------------------------------------------------------------------------
1
Մասնավորապես` ելնելով օբյեկտիվ պատճառներից, օրենքի 5-րդ հոդվածով եւ 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպես էլ չընդունվեցին՝ խոչընդոտելով օրենքի արդյունավետ կիրառմանը:
2
Համաձայն Սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ մասի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ ստանալու ազատություն ունի յուրաքանչյու ոք, այնինչ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով այդ իրավունքը վերապահված է յուրաքանչյուր անձի, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանափակված է օտարերկրյա անձանց տեղեկություններ ստանալու ազատությունը:
3
Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս գանձում չի կատարվում:
4
Տես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մաս: