Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-794-09.12.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող եւ առավելապես օտարերկրյա պետություններում բնակվող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են օտարերկրյա պետությունում իրենց մշտական բնակության վայրի հասցեով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայումս առկա են մեծ թվով ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, սակայն այդ գործընթացում առաջանում են անձի հաշվառված չլինելու հետ կապված խնդիրներ: Դրանք հիմնականում առաջանում են ՀՀ քաղաքացիություն ձեռքբերել ցանկացող ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների մոտ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն մշտական բնակության վայր եւ առավելապես բնակվում են այլ երկրում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է այդ անձանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառել օտարերկրյա պետությունում իրենց մշտական բնակության վայրի հասցեով, դրանով իսկ փորձելով վերջիններիս զերծ պահել առկա հարցի շուրջ հնարավոր խնդիրներից: