Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-159-11.11.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, մանուկների ու պատանիների առողջ կենսակերպի եւ անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

մանկապատանեկան սպորտ՝ տղաների եւ աղջիկների (մինչեւ 14 տարեկան, այսուհետեւ՝ մանուկներ) ու պատանիների եւ աղջիկների (մինչեւ 18 տարեկան այսուհետեւ՝ պատանիներ) մարզական պարապմունքներ։

մարզական կազմակերպություններ՝ մանկապատանեկան մարզադպրոցներ, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցներ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ։

Հոդված 3. Օրենքի նպատակը եւ խնդիրները

Սույն օրենքի նպատակն է ապահովել մանուկների ու պատանիների, բազմակողմանի զարգացումը, նրանց համար առողջ կենսակերպի ապահովումը, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ հիվանդությունների, վնասակար սովորույթների ու իրավախախտումների կանխումը:

Սույն օրենքի խնդիրներն են.

ա) ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվող մանուկների եւ պատանիների իրավունքների պաշտպանությունը.

բ) մանկապատանեկան սպորտի զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

գ) մանկապատանեկան սպորտի զարգացման բնագավառում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ պարտականությունների սահմանումը.

դ) ֆիզկուլտուրայով եւ սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար պայմաններ ստեղծող հիմնարկներին ու կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը՝ անկախ դրանց սեփականության ձեւից.

ե) մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը.

զ) ուսումնական եւ մարզական կազմակերպությունների, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների կողմից մանուկներին ու պատանիներին մատուցվող սպորտային եւ առողջարարական բնույթի ծառայությունների համապատասխանեցումը նախադպրոցական, հանրակրթական, միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին.

է) մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների շրջանավարտներին տրվող փաստաթղթերի (սպորտային կարգ, մրցավարական կոչում) փոխադարձ ճանաչման կազմակերպա-իրավական երաշխավորումը.

ը) մանուկների ու պատանիների շրջանում ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը.

թ) բարձրակարգ մարզիկների աշխատանքային փորձի փոխանակումը, ուսումնա-մարզական միջոցառումների իրականացումը.

Հոդված 4. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը

1. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:

2. Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 5. Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

1. Մանկապատանեկան սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը ապահովում է մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման ոլորտում սպորտային կրթություն ստանալու հնարավորությունների իրականացումը։

2. Պետությունը ապահովում է՝

ա) հավասար պայմաններ ֆիզկուլտուրայով եւ սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար.

բ) գիտահետազոտական աշխատանքների կոորդինացումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը սպորտային պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, խթանիչների նկատմամբ վերահսկողությունն ու կենսաբժշկական երաշխավորությունը.

գ) մարզական վիճակագրության կատարելագործումը, ֆիզիկական դաստիարակության ընդհանուր համադրելի ցուցանիշների եւ չափորոշիչների հիման վրա.

դ) երաշխիքների ստեղծումը սպորտային հերթափոխ պատրաստելիս մարզական բազայի, գիտական նվաճումների ու մարզիչների միասնական օգտագործման համար.

ե) մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրային բնույթը:


ԳԼՈՒԽ 2.

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒՄԸ

Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունը ուսումնական հաստատություններում

1. Կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում` ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:

2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը կառավարության սահմանած կարգով իրականացվում է մանկապարտեզներում` մանուկների օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգենիայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով՝ անկախ սեփականության ձեւից` անվճար պարապունքների ձեւով:

3. Հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության, հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում եւ մարզական կազմակերպություններում (այդ թվում` պետական եւ հավատարմագրված, ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը եւ ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը եւ առողջ կենսակերպի ձեւավորորումը այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից մեկն է:

4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են շաբաթական առնվազն 3 անգամ, իսկ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` շաբաթական առնվազն 4 ժամ:

5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնա-մարզական պարապմունքներ:

6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնա-մարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական եւ միջազգային մրցաշարերին:

7. Ուսումնական հաստատությունները եւ մարզական կազմակերպությունները կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզկուլտուրայի ու սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, սպորտաձեւերն ու պարապմունքների տեւողությունը՝ հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա, կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային, առողջարարական եւ սպորտային աշխատանքներ:

8. Ուսումնական հաստատություններն անց են կացնում ամենամյա ատեստավորում եւ պետական չափորոշիչներին համապատասխան ստուգում մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան յուրաքանչյուր սովորող ստանում է ֆիզիկական պատրաստականության համար գնահատական, իսկ ավարտական դասարաններում՝ (կուրսերում) հանձնում է քննություն:

Հոդված 7. Հաշմանդամ մանուկների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակությունը

1. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ներգրավումը ֆիզկուլտուրայի եւ սպորտի պարապմունքներում նպատակ ունի բարձրացնել նրանց շարժողունակությունը, վերականգնել օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները, նրանց համար ստեղծել բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ:

2. Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքների կազմակերպումը, մեթոդաբանական, բժշկական ապահովագրությունը եւ բուժական հսկողությունն իրականացվում են ուսումնական հաստատությունների եւ առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ապահովության հիմնարկների եւ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի իրավասու մարմինների կողմից՝ կառավարության սահմանած կարգով:

3. Ուսումնական հաստատությունները, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի իրավասու մարմինները, հաշմանդամների եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական միջոցառումների անցկացումը, հաշմանդամ մանուկների ու պատանիների նախապատրաստումը եւ մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին /այդ թվում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին/` ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Հոդված 8. Ֆիզիկական դաստիարակությունը բնակության վայրում

1. Մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաեւ հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի իրավասու մարմինները աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ֆիզկուլտուրային, մարզական եւ առողջարարական աշխատանքների անցկացման, առողջ կենսակերպի պրոպագանդման գործում:

Հոդված 9. Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը

1. Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը զինծառայությանը իրականացվում է հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ պետական ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան` կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը կարող է պայմանագրեր կնքել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի, սպորտային զինվորական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայությունը կազմակերպելու վերաբերյալ:

3. Պատանիների ֆիզիկական նախապատրաստումը զինվորական ծառայությանը եւ դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

Հոդված 10. Մարզական կազմակերպությունները

Մարզական կազմակերպությունները իրականացնում են մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքները, նախապատրաստում են մարզիկներ տարբեր մարզաձեւերի հավաքական թիմերը համալրելու համար, ապահովում են մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների ու գիտելիքների տիրապետումը:

Մարզական կազմակերպությունները իրենց գործունեությունն իրականացնում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական լիազրված մարմնի կողմից հաստատված ծրագրերին ու նորմատիվներին համապատասխան:

Մարզական կազմակերպությունները ստեղծվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով համապատասխան մարզաձեւերի ֆեդերացիաների, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների ներկայացմամբ եւ կարող են գտնվել ինչպես ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի, այնպես էլ այլ իրավաբանական անձանց ենթակայության ներքո:

Հոդված 11. Մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությունները

Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա մինչեւ տասնչորս տարեկան անչափահասը մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հանաձայն:

Տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի համաձայն՝ օրինական ներկայցուցչի գրավոր համաձայնությամբ:

Հոդված 12. Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները

Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները անցկացնում են մարզիչ-մանկավարժները, որոնց ընտրության կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 13. Մանկակապատանեկան մարզական միջոցառումների մրցավարությունը

Մանկակապատանեկան մարզական միջոցառումների մրցավարությունը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով իրականացնում են համապատասխան մասնագիտական որակավորում ու պատրաստվածություն ունեցող մրցավարները, որոնք հաշվառված են համապատասխան մարզաձեւերի ֆեդերացիաներում:

Հոդված 14. Սպորտով զբաղվողների բուժ ապահովությունն ու բժշկական վերահսկողությունը

1. Սպորտային պարապմունքներին մասնակցելու իրավունք ունեն այն մանուկներն ու պատանիները, որոնք բժշկական հաստատություններում հետազոտվել են եւ թույլտվություն են ստացել մասնակցելու ուսումնամարզական պարապմունքներին ու սպորտային միջոցառումներին:

2. Առողջապահության բնագավառի իրավասու մարմինները ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի իրավասու մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծում են առողջարարական, բուժական, ֆիզկուլտուրայի կենտրոններ ու կետեր, ախտորոշման-խորհրդատվական կետեր, կաբինետներ, ֆիզկուլտ-առողջարարական դիսպանսերներ, դրանք համալրում են հատուկ անձնակազմով, բժշկական սարքավորումներով, սպորտային բժշկության ոլորտում իրականացնում են մասնագետների եւ բուժաշխատողների նախապատրաստման եւ վերաորակավորման աշխատանքները:

3. Ֆիզկուլտուրային-առողջարարական դիսպանսերները, պոլիկլինիկաների, տեղամասային հիվանդանոցների անչափահասների համար նախատեսված կաբինետները մարզիչների, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հրահանգիչների, մանկավարժ-կազմակերպիչների հետ համատեղ առողջապահության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով վերահսկողություն են իրականացնում մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման ու առողջական վիճակի նկատմամբ եւ իրականացնում նրանց հաշվառումը:

4. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքներում եւ խմբերում ընդգրկված մանուկների ու պատանիների առողջության պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում ֆիզկուլտուրային-սպորտային կազմակերպությունների եւ ուսումնական ու մարզական հաստատությունների ղեկավարները ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 15. Սպորտային կարգերը եւ մրցավարական կոչումները

1. Անհատական մարզաձեւերում, ինչպես նաեւ սպորտային թիմերի կազմում բարձր արդյունքների հասած մանուկներին ու պատանիներին սպորտային կարգեր Է շնորհվում է ֆիզկուլտուրայի ու սպորտի բնագավառի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով:

2. Հատուկ պատրաստված եւ մրցավարությանը մասնակցած պատանիներին ֆիզկուլտուրայի ու սպորտի բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով շնորհվում է «սպորտային մրցավար», «պատանի մրցավար» կոչումները կամ սպորտային կատեգորիա, որը գործող մրցավարական որակավորման համաձայն համապատասխանում է նրա պատրաստականության աստիճանին:

Հոդված 16. Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների եւ պատանիների ու նրանց մարզիչների պետական աջակցությունը

Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների եւ պատանիների ու նրանց մարզիչների համար կառավարությունը սահմանում է պատվովճարներ, պարգեւատրումներ, թոշակներ եւ խրախուսման այլ ձեւեր, ինչպես նաեւ դրանց չափը եւ տրամադրման կարգը:

Հոդված 17. Մարզիկի փաստաթուղթը

1. Մրցավարական կոչումների եւ սպորտային կարգային չափորոշիչների նորմատիվները հաղթահարած մանուկներին ու պատանիներին տրվում է փաստաթուղթ համապատասխան սպորտային կարգի կամ մրցավարի կոչումի ձեռք բերման վերաբերյալ:

2. Մրցավարական կոչումների եւ սպորտային կարգերի չափորոշիչները սահմանում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ 3.

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 18. Մանկապատանեկան սպորտի տարեկան ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքներն իրականացվում են մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում:

Հոդված 19. Տարեկան ծրագրի բովանդակությունը եւ դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման (այդ թվում օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) մարզադպրոցներից, մարզական ակումբներից, մարզաբազաներից եւ մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու համար իրականացվող միջոցառումները.

է) մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները եւ հեռանկարները.

ը) ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների եւ պատանիների ընդգրկման համար համապատասխան պայմանների ստեղծման եւ նրանց հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները,ուղղությունները եւ նախատեսվող արտոնությունները.

թ) մանուկների եւ պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային եւ սպորտային միջոցառումներին՝ այդ թվում միջազգային մրցաշարերին նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները,այդ միջոցառումների անցկացման ժամանակացույցը.

ժ) մանուկների եւ պատանիների ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների (այդ թվում՝ համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք,նյութատեխնիկական ապահովվածություն եւ այլն) ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

ժա) մանուկներին ուպատանիներին մատուցվող սպորտային եւ առողջապահական բնույթի ծառայություններից անվճար օգտվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

ժբ) ուսումնական եւ մարզական հաստատություններում, բնակության վայրերում մանուկների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակության եւ սպորտով զբաղվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

ժգ) մինչզորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

ժդ) մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին եւ պատանիներին ու նրանց մարզիչներին պատվովճարներ, պարգեւտրումներ, թոշակներ եւ խրախուսման այլ ձեւեր տրամադրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

ժե) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

ժզ) նախատեսված աշխատանքներն ըստ լիազորված մարմինների.

ժէ) մանկապատանեկան սպորտի բնագավառում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման միջոցառումները.

ժը) այլ պայմաններ,որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար.:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ԱԺ է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը։

Հոդված 20. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է։


ԳԼՈՒԽ 4.

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Մանկապատանեկան սպորտի կառավարումը

Մանկապատանեկան սպորտի կառավարումը իրականացվում է իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Հոդված 22. Մանկապատանեկան սպորտի բնագավառում կառավարության լիազորությունները

Մանկապատանեկան սպորտի բնագավառում կառավարությունը

ա) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառի պետական քաղաքականության իրականացումը.

բ) պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային Ժողով է ներկայացնում մանկապատանեկան սպորտի զարգացման Տարեկան ծրագիրը.

գ) մշակում է մանուկների եւ պատանիների ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ (այդ թվում՝ համապատասխան մարզադպրոցներ մարզաբազաներ, մարզական գույք եւ այլն) պայմանների նվազագույն չափորոշիչները.

դ) սահմանում է ուսումնական հաստատություններում մանուկների եւ պատանիների ֆիզիկական կուլտուրա առարկայի պարտադիր դասավանդման կարգը.

ե) սահմանում է մարզական բարձր ցուցանիշերի հասած մանուկներին եւ պատանիներին ու նրանց մարզիչներին հատկացվող պարգեւատրումների, թոշակների եւ խրախուսման այլ ձեւերի չափերն ու տրամադրման կարգը.

զ) աջակցում է մանուկների եւ պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակեր-պություններին.

է) սահմանում է առողջարարական բնույթի ծառայություններից, մարզադպրոցներից, մարզաբազաներից եւ մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու կարգը.

ը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 23. Մանկապատանեկան սպորտի ոլորտում ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական լիազորված մարմնի լիազորությունները

Մանկապատանեկան սպորտի ոլորտում ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական լիազորված մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով

ա) իրականացնում է մանկապատանեկան սպորտի ոլորտի պետական քաղաքականությունը.

բ) վերհսկում է մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը.

գ) մշակում է Տարեկան ծրագիրը եւ մասնակցում դրա իրականացմանը.

դ) մշակում է մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղություններն ու հեռանկարները.

ե) մշակում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների ու պատանիների ընդգրկման ձեւերն ու եղանակները.

զ) հաստատում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային եւ սպորտային միջոցառումների անցկացման օրացուցային պլանը.

է) սահմանում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային եւ սպորտային միջոցառումներին՝ այդ թվում միջազգային մրցաշարերին նրանց մասնակցության կարգը.

ը) մշակում է մինչզորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները.

թ) համակարգում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների գործունեությունը.

ժ) աջակցում է մանկապատանեկան սպորտի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

ժա) մանկապատանեկան սպորտի հարցերի վերաբերյալ մշակում է մեթոդական փաստաթղթեր.

ժբ) համագործակցում է մանուկների եւ պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

ժգ) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների,մանկավարժների եւ այլն) պատրաստումը եւ վերապատրաստումը.

ժդ) սահմանում է անհատական մարզաձեւերում,ինչպես նաեւ սպորտային թիմերի կազմում բարձր արդյունքների հասած մանուկներին ու պատանիներին սպորտային կարգեր շնորհելու կարգը.

ժե) իրականացնում է այլ լիազորություններ:

Հոդված 24. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով

ա) մանկապատանեկան սպորտի բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում ապահովում են օրենսդրության պահանջների կատարումը.

բ) մասնակցում են մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.

գ) համակարգում են պետական պետական իրավասու մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեությունը.

դ) համակարգում եւ իրականացնում են մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերը.

ե) աջակցում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

զ) աջակցում են մարզի եւ համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային եւ սպորտային միջոցառումներին.

է) աջակցում են մարզի եւ համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

Հոդված 25. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները

ա) իրենց լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով աջակցում են համայնքի տարածքում օրենսդրության պահանջների կատարմանը.

բ) աջակցում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի իրականացմանը.

գ) աջակցում են համայնքի տարածքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

դ) աջակցում են համայնքի տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային եւ սպորտային միջոցառումներին.

ե) նպաստում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

Հոդված 26. Միջազգային համագործակցությունը

1. Մանուկների ու պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում միջազգային համագործակցությունը կառուցվում է միջպետական համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:

2. Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի իրավասու պետական մարմինները, ուսումնական եւ մարզական հաստատությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են անմիջական կապեր հաստատել օտարերկրյա ու միջազգային ֆիզկուլտուրային-սպորտային կազմակերպությունների հետ, իրականացնել միջազգային մարզական եւ գիտահետազոտական ծրագրեր, անդամակցել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին, միավորումներին, ֆեդերացիաներին եւ այլ կառույցներին:

3. Պետությունը ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում մանուկների ու պատանիների հետ աշխատանքներ տանելիս միջազգային կազմակերպությունների հետ իրականացնում է համաձայնեցված քաղաքականություն երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջէ մտնում 2004 թ. հունվարի 1-ից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է մանկապատանեկան սպորտի զարգացման, պետության կողմից մանուկների ու պատանիների ֆիզիկական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը մշակելիս օգտագործել ենք «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին » ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների մշակած «Մանկապատանեկան սպորտի մասին» մոդելային օրենքի մի շարք դրույթներ:

Օրենսդրական նախաձեռնությունը նախապատրաստվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ի.Զաքարյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ համատեղ: