Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-770-17.11.2009,04.12.2009-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾԵԼՈՒ, ԷՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանարապետության Ազգային ժողովը.

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ կազմավորման գործընթացի լիովին եւ անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը,

Շեշտելով Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  եւ Ադրբեջանի Հանրապետության ձեւավորումը,

Փաստելով ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացին ի պատասխան, ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրված էթնիկ զտումների քաղաքականության եւ ուժային մեթոդներով հարցի լուծման ճանապարհը, դրսեւորված.

- Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր  բնակավայրերում` Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու եւ այլ 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության զանգվածային տեղահանումներով, ջարդերով, բռնություններով ու սպանություններով,

- ԼՂՀ եւ հարակից տարածքներում իր բնօրրանում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկական զտումներով,

- վարձկան գրոհայինների եւ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջան կողմից 1991-1994թթ. սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայով,

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հանձնառությունն առ այն, որ հանդիսացել եւ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորը,

Արձանագրելով , որ Ադրբեջանի ուժային քաղաքականության արդյունք հանդիսացող  բազմահազար մարդկային անդառնալի կորուստների,անկախ ազգային պատկանելիությունից  մեկ միլիոնից ավելի փախստականների ու տեղահանվածների, ծանր նյութական կորուստների ու ԼՂՀ եւ Ադրբեջանի փոխադարձ վերահսկողության տակ տարածքներ  անցնելու անմիջական պատասխանատուն ագրեսոր Ադրբեջանն է,

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից շարունակվող.

-  արցախյան հիմնախնդրի էության եւ հակամարտության ծագման ու ծավալման պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որպես բանակցային լիիրավ կողմ չճանաչելու Ադրբեջանի մարտավարությունը, որոնք նպատակ են հետապնդում խուսափել հակամարտության բուն առարկան հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի եւ անվտանգության հետ կապված հարցերի առաջնահերթ լուծումից եւ հակամարտության հետեւանքների համար պատասխանատվությունից,

-  ռազմատենչ հայտարարությունները, հայատյացության եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը, ինչը խոչընդոտում է կողմերի միջեւ փոխվստահության ձեւավորման հնարավորությունները,

Համոզված լինելով , որ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման, ռազմական ճանապարհի բացառման եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության եւ արդյունավետության ապահովման երաշխիքը եղել եւ մնում է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի անվերապահ կիրառումը,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման եւ հետեւանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ եւ այս քաղաքականության շարունակության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով եւ խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգայաին հանրության մոտ կեղծ պատկեր ձեւավորել հակամարտության ծագման եւ ծավալման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արյունալի հակամարտության հանգեցրած իր հանցավոր գործողությունները եւ իրական ագրեսորին զոհ, իսկ զոհին որպես ագրեսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքների ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Մինչդեռ բազմաթիվ եւ հատկապես ոչ հայկական  աղբյուրներ փաստել են Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված հայերի ջարդերն ու հետապնդումները: Մասնավորապես, Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը փաստված է անմիջապես դեպքերից հետո կատարվածի վերաբերյալ, զորօրինակ, հենց Սումգայիթ քաղաքի գործադիր կոմիտեի նախագահ Ռ. Էմինբեյլու ներկայացրած զեկուցագրով, ինչպես նաեւ, 1988թ. նոյեմբերի 18-ին ք. Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի վճռով եւ 1988թ. դեկտեմբերի 20-ին ՌԽՖՍՀ Վորոնեժի մարզային դատարանի կողմից կայացրած դատավճռով, իսկ հունվարի 13-ից-19-ը Բաքվում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերը վավերագրված են 1990 թվականի փետրվարի 19-ին եւ մարտի 1-ին գումարված ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 3-րդ նստաշրջանի փակ նիստերում ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ.Ա.Կրյուչկովի եւ ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վ.Վ.Բակատինի կողմից ներկայացված փաստերով:

Սակայն, պատմությունը նենգափոխելու եւ գլխիվայր շուռ տալու պետական  մարտավարությամբ, Ադրբեջանը օգտվելով հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություներում շատերի անտեղյակությունից եւ հարցի էությանը ծանոթ չլինելու հանգամանքից, ձգտում է կարգավորման` միմյանց հետ շաղկապված բաղադրիչների, փաթեթից առաջնահերթ լուծման համար առանձնացնել տարածքների եւ փախստականների հարցերը եւ ձեռք բերել այդ խնդիրների վերաբերյալ պահանջատիրոջ կարգավիճակ: Դրա հիման վրա, Ադրբեջանը անթաքույց նպատակ է հետապնդում հող ստեղծել իր հնարավոր նոր ագրեսիայի արդարացման համար` պահպանելով հակամարտության կարգավորման ռազամական ճանապարհը:

Առաջնահերթ խնդիր է միջազգային ատյաններում վերակագնել կատարվածի իրական պատկերը եւ մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման, դրա հետեւանքների եւ չկարգավորման վերաբերյալ, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` ակտիվորեն ներգրավելով այդ գործում խորհրդարանական դիվանագիտությանը: