Հոդված 1. «Ընդերքն օգտական հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 43 հոդվածում «2003» թիվը փոխարինել «2004» թվով:
Հոդված 2. Օրենքի 76 հոդվածի 2-րդ մասում «մեկ տարի» բառերը փոխարինել «տասնչորս ամիս» բառերով:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2003թ. ապրիլի 1-ից, բացառությամբ օրենքի հինգերորդ բաժնի առաջին գլխի. 43 հոդվածը հանքարդյունահանման դիմաց լիցենզառուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող գումարների նոր մեխանիզմ սահմանող օրենքի ֆինանսական դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսել 2003 թվականի հուլիսի 1-ը: Հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել են օրենքի լիարժեք կիրառման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները. ընդունվել են օրենքից բխող իրավական ակտեր (այդ թվում` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են կայունացման եւ կոնցեսիոն պայմանագրերի օրինակելի ձեւերը), ստեղծվել է ՀՀ կոնցեսիոն գործակալությունը: Սակայն օրենքի 43 հոդվածի կիրառման պարագայում առաջացել են որոշ խնդիրներ, որոնց կարգավորմանն են ուղղված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ներկայացված նախագիծը:
Համաձայն «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2003թ. մայիսի 1-ից մինչեւ 2004թ. մայիսի 1-ը սահմանված է որպես անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում իրականացվում է 1992թ. Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի համապատասխան տրված լիցենզիաների փոխարինումը «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին համապատասխան հանքային իրավունքները հավաստող լիցենզիաներով: Միաժամանակ, նշված գործընթացին զուգահեռ ընդերքօգտագործման հայտ ներկայացրած սուբյեկտներին տրամադրվում են արդեն «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիցենզիաներ` համապատասխան պայմանագրերի կնքմամբ:
Քանի որ օրենքով սահմանված անցումային ժամանակաշրջանը դեռեւս ավարտված չէ, օբյեկտիվորեն առաջացել է մի իրավիճակ, երբ ընդերքօգտագործման բնագավառում գործող սուբյեկտներն այս պահին հայտնվել են տարբեր կարգավիճակներում` հանքային իրավունքների լիակատար տիրապետման եւ իրավահարաբերությունների հստակ կարգավորված լինելու տեսանկյունից: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն փաստը, որ հանքարդյունահանման ոլորտում զգալի թիվ են կազմում օտարերկրյա ներդրողները, որոնց մի մասի եւ ՀՀ կառավարության միջեւ առանձին պայմանագրեր են կնքված: Այդ ներդրողների նկատմամբ ռոյալթիների կիրառման հարցում հետագա հնարավոր հակադրությունների համար որեւէ հիմք չառաջացնելու նկատառումով առավել նպատակահարմար է գանձման նոր մեխանիզմների կիրառումը սկսել նրանց հանքային իրավունքների վերաձեւակերպումից հետո միայն, երբ կնքվող լիցենզային, կայունացման եւ/կամ կոնցեսիոն պայմանագրերով օրենքի հիման վրա ճշգրտված կլինեն պետության հետ բոլոր հարաբերությունները, այդ թվում` ռոյալթիների հաշվարկման համար հիմք հանդիսացող պայմանները (հանքարդյունահանման ծախսեր, ֆինանսավորման պայմաններ եւ այլն):
Առանձնակի նշանակություն տալով օտարերկրյա ներդրողների խնդրին (պայմանավորված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության վերաբերյալ կնքված բազմաթիվ միջպետական եւ միջազգային պայմանագրերի թելադրանքով)` գտնում ենք, որ արդարացի է նույն մոտեցումը ցուցաբերել նաեւ ցանկացած ընդերքօգտագործողի նկատմամբ, այսինքն` այդ ոլորտում գործող շուրջ 300 սուբյեկտներին հնարավորություն ընձեռել օրենքով նախատեսված ժամկետներում ավարտել լիցենզիաների փոխարինման, անհրաժեշտ պայմանագրերի կնքման միջոցով փոխհարաբերությունների հստակ կարգավորման գործընթացի իրականացումը: Օրենքով սահմանված անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո արդեն հանրապետությունում բոլոր ընդերքօգտագործողները հանդես կգան նույն կարգավիճակով` գործելով միեւնույն իրավական դաշտում, եւ այդ դեպքում պետության հետ ֆինանսական փոխհարաբերությունների սկզբունքորեն նոր` ռոյալթիների գանձման վերջնականապես կարգավորված մեխանիզմները կարող են կիրառվել առավել արդյունավետությամբ:
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հավանություն ստանալու դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ ներկայացվող օրենքի ընդունումը անհրաժեշտ է համարել անհետաձգելի, քանի որ օրենքի ֆինանսական դրույթների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը սկսվել է 2003թ. հուլիսի 1-ից: