Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-522-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Սույն օրենքը կարգավորում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց պատճառված վնասներից բխող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի, ինչպես նաեւ օրինական հիմքերով դրանք տիրապետող այլ անձանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա է պարտադիր ապահովագրության եւ այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են ապահովագրել այդ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, սահմանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի ստեղծման, գործունեության, կարգավորման եւ նրա նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է Երաշխավորման ֆոնդի եւ Տեղեկատվական համակարգի ստեղծման եւ օգտագործման կարգը եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց շահերի պաշտպանության երաշխավորումը, Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը եւ դրա շարունակական գործունեության ապահովումը,  դրա վերաբերյալ կնքված ապահովագրության պայմանագրերի հետ կապված հարաբերությունների կարգավորումը,  ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունների սահմանումը, ինչպես նաեւ ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի արդյունավետության երաշխավորումը:

3. Սույն օրենքի իմաստով պարտադիր ապահովագրման ենթակա է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող  ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվությունը` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

4. Սույն օրենքի իմաստով հատուցման ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետեւանքով առաջացած վնասները:

ՀՈԴՎԱԾ 2. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետեւ՝ Կենտրոնական բանկ) իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով եւ  իրավական այլ ակտերով:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքի, ինչպես նաեւ, եթե  դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով այլ բան սահմանված չէ, ապա նաեւ դրանց իմաստով հետեւյալ հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը՝

1)  ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրություն.

2) ԱՊՊԱ պայմանագիր՝ ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող  ապահովագրական ընկերության եւ ապահովադրի միջեւ սույն օրենքի համաձայն կնքված ԱՊՊԱ պայմանագիր.

3) ԱՊՊԱ կտրոն՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքումը հավաստող սահմանված ձեւի եւ վավերապայմանների կտրոն.

4) Ավտոտրանսպորտային միջոց՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպեu նաեւ ոչ տրանuպորտային աշխատանքներ կատարելու համար uարքավորված անիվավոր տրանuպորտային միջոց (այդ թվում թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, բեռնատար ավտոմոբիլներ, մոտոցիկլետներ, քարշակներ, տրոլեյբուսներ).

5) Տուժող կամ տուժած անձ՝ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով սույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ, որը սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք.

6) Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ համասեփականատեր՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձ (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) կամ իրավաբանական անձ, պետություն (պետական մարմին), համայնք (տեղական ինքնակառավարման մարմին), Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններ (դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ).

7) Ապահովադիր` ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձ.

8) Ապահովագրված անձ՝ ԱՊՊԱ  պայմանագրի գործողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ինչպես նաեւ օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձը (այդ թվում` վարորդը).

9) Վնաս պատճառած անձ կամ վնաս պատճառող՝ անձ, որի գործողությունների (անգործության) հետեւանքով պատճառվել է վնասը.

10) Ավտոտրանսպորտային միջոցի վարորդ` ավտոտրանսպորտային միջոցը ղեկավարող անձ, որը  ապահովագրական պատահարի տեղի ունենալու ժամանակ օգտագործել է ավտոտրանսպորտային միջոցը: Վարորդ է համարվում նաեւ վարել սովորեցնողը.

11) Ապահովագրական պատահար՝ սույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն, որի տեղի ունենալու ուժով ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով եւ (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում.

12) Ապահովագրավճար՝ ԱՊՊԱ պայմանագրով սահմանված չափով եւ պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանն ԱՊՊԱ իրականացնելու ողջ ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գումար.

13) Ապահովագրական գումար՝ ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կողմից տուժողին կամ օրենքով եւ (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման  ենթակա ապահովագրական հատուցման  առավելագույն չափը.

14) Բազային ապահովագրավճար եւ հիմնական ապահովագրավճար` սույն օրենքի հավելվածի համաձայն Բյուրոյի կողմից հաշվարկվող հաշվարկային մեծություններ.

15) Ապահովագրական հատուցում՝ ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կողմից տուժողին կամ օրենքով եւ (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումար.

16) Չհատուցվող գումար՝ ապահովագրական գումարի սահմաններում ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կողմից հատուցման ոչ ենթակա գումար, որը սահմանվում է որոշակի գումարի եւ (կամ) ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով.

17) Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնաս (վնաս)՝ ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի գործադրմամբ կամ առանց դրա ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցի պայթյունի կամ հրկիզման հետեւանքով) պատճառված վնաս.

18) Համաձայնեցված հայտարարագիր՝ ճանապարհատրանսպորտային պատահարի տեղի ունենալու դեպքում պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից պատահարի վայրում լրացվող սահմանված ձեւի ձեւաթուղթ, որտեղ նրանց ստորագրությամբ հավաստիացվում են պատահարի տեղի ունենալու հանգամանքները, փաստերը եւ այլ տեղեկություններ.

19) Բյուրո՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո, որը հանդիսանում է իրավաբանական անձանց միություն, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող կազմակերպություն, եւ որին անդամակցում են սույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ Կենտրոնական բանկը.

20) Երաշխավորման ֆոնդ՝ սույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է հանդիսանում Բյուրոն եւ որի հաշվին սույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են ապահովագրական հատուցումներ: Երաշխավորման ֆոնդում միավորվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվները.

21) Տեղեկատվական համակարգ՝ ԱՊՊԱ համակարգի (այդ թվում` ԱՊՊԱ պայմանագրերի, ապահովադիրների, ապահովագրված անձանց, ավտոտրանսպորտային միջոցների) վերաբերյալ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ հավաքող, պահպանող, օգտագործող, տրամադրող եւ վիճակագրություն վարող համակարգ.

22) Բոնուս-Մալուս՝  ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական եւ (կամ) վարորդական պատմությունը.

23) Անդամավճար` սույն օրենքի հիման վրա Բյուրոյի կանոններով սահմանված չափով եւ կարգով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին անդամակցության դիմաց վճարվող վճարներ.

24) Կցորդ (կիսակցորդ)` ըստ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

25) Արհեստական կառույցներ, ճանապարհային կահավորանք, ճանապարհային ինժեներական շինություններ` ըստ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

26) Ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափ` Բյուրոյի կողմից սահմանված գույքին պատճառված վնասների առավելագույն չափ, որի դեպքում ապահովագրական պատահարի մասնակից կողմերը կարող են առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը.

27) Համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափ` Բյուրոյի կողմից սահմանված գույքին պատճառված վնասների առավելագույն չափ, որի դեպքում ապահովագրական պատահարի մասնակից կողմերը կարող են ապահովագրական ընկերության (ապահովագրական ընկերությունների) համաձայնությամբ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը.

28) Փոխկապակցված անձ` ըստ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:

2. Սույն օրենքի իմաստով ապահովագրական գումար եւ ապահովագրական  հատուցում հասկացությունները օգտագործվում են սույն օրենքով սահմանված պատճառված վնասներից յուրաքանչյուրի՝ անձնական եւ գույքին պատճառված վնասների համար, եթե տվյալ  դրույթում հատուկ նշված չէ, որ այն օգտագործվում է ԱՊՊԱ-ի համար ընդհանրապես:

ՀՈԴՎԱԾ 4. ԱՊՊԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեն «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու իրավունք ունեցող, Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ եւ բավարարում են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ ոլորտում գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 2. ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՀՈԴՎԱԾ 5. ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԸ

1. ԱՊՊԱ պայմանագրով սույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է ապահովագրական ընկերության եւ հետեւյալ անձանց միջեւ`

1) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, իսկ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի առկայության դեպքում` վարձակալի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի), կամ

2) Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) ներմուծող անձանց` անկախ տվյալ  ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսանալու փաստից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա այլ անձանց լիազորելու իրենց անունից ԱՊՊԱ պայմանագիր կնքելը:

4. Յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպոտային միջոցի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ավտոտրասպորտային միջոցների) համար կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր: Բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքի, արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր: Արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնելը` բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ավտոտրասպորտային միջոցների, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հանվում են պետական հաշվառումից: Արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ կտրոն չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության  տարածք ներմուծումը թույլատրելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների:

5. Ապահովագրական հատուցումը առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ, սույն օրենքով նախատեսված դեպքերում, Բյուրոյի կողմից` անկախ ապահովագրական պատահարում վնաս պատճառած անձի` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագիր ունենալու կամ տուժողի` իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագիր ունենալու հանգամանքից:

6. ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանցից յուրաքանչյուրի հետ, ով կդիմի իրեն, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտմանը: Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց անհիմն կերպով խուuափելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 461-րդ հոդվածով uահմանված կանոնները: Ապահովագրական ընկերությանն արգելվում է հաճախորդի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիu տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինu այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ ապահովագրական ընկերության հետ կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նախապայման համարել իր կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելը, ինչպես նաեւ այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի այլ անձի հետ կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նախապայման համարել այլ անձի կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ծառայությունը անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար:

7. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում լրացված ԱՊՊԱ կտրոնը, ինչպես նաեւ պայմանագիրը եւ համաձայնեցված հայտարարագրի նմուշը: Կտրոնը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է փակցված լինի ավտոտրանսպորտային միջոցի վրա: Համաձայնեցված հայտարարագրի ձեւը, բովանդակությունը, ԱՊՊԱ կտրոնի ձեւը, դրանում ներառվող տեղեկատվությունը, լրացնելու եւ օգտագործման կարգը, ինչպես նաեւ ԱՊՊԱ կտրոնի եւ դրա ձեւաթղթի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Բյուրոյի խորհրդի կողմից կարող է սահմանվել ԱՊՊԱ պայմանագրից եւ ԱՊՊԱ կտրոնից բացի ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի հիմնական դրույթները պարունակող այլ փաստաթղթեր ապահովադրին տրամադրելու պահանջ, որոնց ձեւը սահմանվում է Բյուրոյի խորհրդի կողմից:

8. ԱՊՊԱ պայմանագրի ձեւը հաստատում է Բյուրոյի խորհուրդը, որն առնվազն պետք է պարունակի օրենքով սահմանված էական պայմանները, այդ թվում` այն ավտոտրանսպորտային միջոցը (ավտոտրանսպորտային միջոցները), որի (որոնց) օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրվում է, նշում ապահովադրի եւ (կամ) ապահովագրված անձի (անձանց) Բոնուս-Մալուս գործակցի (գործակիցների) արժեքի (արժեքների) մասին, ապահովագրական պատահարը տեղի ունենալու դեպքում Բյուրոյի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի մասին հայտնելու կանոնները, ինչպես նաեւ ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքերը:

9. ԱՊՊԱ պայմանագիրը եւ կտրոնը, ինչպես նաեւ դրանց ձեւաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: ԱՊՊԱ պայմանագրի եւ կտրոնի ձեւաթղթերը իր անդամ ապահովագրական ընկերություններին տրամադրում է Բյուրոն: Բյուրոն կարող է ԱՊՊԱ պայմանագրի կամ կտրոնի ձեւաթղթերը տրամադրել միայն իր անդամ ապահովագրական ընկերություններին:

10. ԱՊՊԱ պայմանագրի եւ/կամ կտրոնի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրը այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված ժամկետում եւ կարգով: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը եւ անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի եւ/կամ կտրոնի կրկնօրինակը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր որոշմամբ սահմանել այն պետությունների ցանկը, որոնց տարածքում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում երթեւեկելու համար չի պահանջվում կնքել ԱՊՊԱ պայմանագիր եւ կարող են գործել այդ երկրների տարածքում կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը:

ՀՈԴՎԱԾ 6. ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերի, ԱՊՊԱ պայմանագրով պարտադիր ապահովագրման ենթակա է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժողին պատճառված հետեւյալ վնասներից՝

1) անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ եւ դրանց հետեւանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ)), ինչպես նաեւ տուժողի մահ.

2)  գույքին պատճառված վնասներ:

ՀՈԴՎԱԾ 7. ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ

1. ԱՊՊԱ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման օրվանից, եթե դրանում այլ ժամկետ նախատեսված չէ:

2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» եւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

3. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաեւ ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հետեւյալ դեպքերում.

1) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը փոխվել է.

2) ավտոտրանսպորտային միջոցը հանվել է պետական հաշվառումից.

3) ապահովագրական ընկերությունը լուծարվել է եւ ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այն ապահովագրական ընկերության հետ, որին փոխանցվում է ապահովագրական պորտֆելը.

4) օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունը իր ապահովագրական պորտֆելը փոխանցում է այլ ապահովագրական ընկերությանը եւ ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այդ ապահովագրական ընկերության հետ.

5) օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

5. Ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ-ի   վերաբերյալ իր պորտֆելը կարող է փոխանցել միայն սույն օրենքով սահմանված կարգով ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերի առաջացման դեպքում այդ մասին ապահովադիրը տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ժամկետում եւ կարգով:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է համապատասխան հիմքն ի հայտ գալու պահին: Այդ դեպքերում ապահովագրական ընկերությունը ապահովադրին վերադարձնում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերով ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում պայմանագրի գործողության չլրացած ժամկետը հաշվարկվում է ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանը գրավոր դիմում ներկայացնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան համապատասխան հիմքն ի հայտ գալու պահը:

ՀՈԴՎԱԾ 8. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԸ

1.  ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները պետք է լինեն  հիմնավորված, ոչ խտրական եւ իրենց հաշվարկման հիմքում պետք է ներառեն ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարի ապահովման համար անհրաժեշտ իրատեսական ծախսերի եւ ողջամիտ շահույթի հաշվարկը, ինչպես նաեւ Բոնուս-Մալուս գործակիցները: Սույն մասով սահմանված` խտրականության արգելքին վերաբերող դրույթը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերության իրավունքը սահմանել տարբերակված ապահովագրավճարներ` հիմնվելով ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ (կամ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցների ռիսկայնության վրա: Կենտրոնական բանկը եւ Բյուրոն պարբերաբար իրականացնում են ապահովագրական ընկերությունների կողմից հաշվարկված ապահովագրավճարների` սույն մասով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգումներ:

2. Սույն օրենքի Հավելվածում սահմանված բանաձեւի հիման վրա հաշվարկվում եւ Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ անգամ սահմանվում են հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները եւ Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները:

3. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով ապահովագրական շուկայում տեղի են ունեցել էական փոփոխություններ կամ վտանգված է ԱՊՊԱ համակարգի կայունությունը եւ շարունակականությունը, ինչի արդյունքում անհրաժեշտ է սահմանել հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն նոր սահմանաչափեր, ինչպես նաեւ ռիսկայնության գործակիցների թույլատրելի նոր արժեքներ եւ (կամ) Բոնուս-Մալուս գործակիցների նոր մեծություններ, եւ դրանք ողջամիտ ժամկետում չեն սահմանվում (գրանցվում) սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի ինքնուրույն հաշվարկել եւ իր խորհրդի որոշմամբ սահմանել հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն նոր սահմանաչափեր, ինչպես նաեւ ռիսկայնության գործակիցների թույլատրելի նոր արժեքներ եւ (կամ) Բոնուս-Մալուս գործակիցների նոր մեծություններ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր կիրառման, եւ դրա ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է մինչ այդ սահմանված (գրանցված) համապատասխան սահմանաչափերի գործողությունը:

4. Բյուրոյի խորհուրդը Կենտրոնական բանկի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է սահմանել հիմնական եւ բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափեր, եթե նման սահմանաչափերի սահմանումն անհրաժեշտ է ԱՊՊԱ համակարգի կայունությունը եւ շարունակականությունն ապահովելու, ապահովագրական ընկերությունների միջեւ անբարեխիղճ մրցակցությունը բացառելու եւ (կամ) ապահովագրական շուկայում չհիմնավորված գնագոյացումը կանխելու նպատակով:

5. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նախատեսված ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը հաշվարկվում են սույն օրենքի 9-րդ հոդվածում սահմանված ապահովագրական գումարների նվազագույն չափերի համար, եւ դրանք կարելի է գերազանցել բացառապես ԱՊՊԱ պայմանագրում սույն օրենքի 9-րդ հոդվածում սահմանված նվազագույն չափերը գերազանցող ապահովագրական գումար եւ (կամ) լրացուցիչ ծառայություններ նախատեսելու դեպքում:

6. Բյուրոյի խորհուրդը՝ ելնելով ավտոտրանսպորտային միջոցների եւ դրանց սեփականատերերի կամ վարորդների վերաբերյալ տվյալներից եւ նրանց գործողությունների (անգործության) հետեւանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների եւ (կամ) թույլ տրված խախտումների քանակից եւ բնույթից (վարորդական պատմություն) սահմանում է ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) եւ դրա կիրառման կարգը:

7. Սույն օրենքի Հավելվածում սահմանված ԱՊՊԱ ապահովագրավճարի բանաձեւում ներառված հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի, ռիսկայնության գործակիցների եւ Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկների հիմնավորման նպատակով Բյուրոն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով, կարգով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում եւ հրապարակում այդ հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ եւ հաշվետվություններ:

8. Ապահովադիրը ապահովագրավճարը վճարում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված չափով, կարգով եւ ժամկետներում: Արգելվում է ապահովադրից ԱՊՊԱ պայմանագրի կնքման, դրա գործողության ընթացքում ԱՊՊԱ իրականացնելու համար ապահովագրական ընկերության կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով ապահովագրական վճարից բացի այլ գումարներ գանձելը, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տուժանքի (տուգանքի, տույժի):

9. ԱՊՊԱ իրականացնող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է իր ինտերնետային կայքում ունենալ ապահովագրավճարի հաշվիչ, որին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նույն պայմաններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ապահովագրական հաշվիչի միջոցով որոշվող ապահովագրավճարի մեծությունը չի կարող տարբերվել տվյալ ապահովագրական ընկերության ԱՊՊԱ կանոնների (պայմանների) հիման վրա հաշվարկվող ապահովագրավճարի մեծությունից:

10. Սույն հոդվածում ապահովագրավճարին վերաբերող դրույթները կիրառվում են ԱՊՊԱ պայմանագրում նշված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ առանձին:

ՀՈԴՎԱԾ 9. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի՝

1) անձնական վնասների համար՝ 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի եւ 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի.

2) գույքին պատճառված վնասների համար՝ 1 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Այն դեպքում, երբ սույն օրենքի համաձայն հատուցման ենթակա գույքին պատճառված վնասներ են կրել մեկից ավելի անձինք եւ այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

2. Այն դեպքում, երբ սույն օրենքի համաձայն հատուցման ենթակա անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք եւ այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա նրանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում: Սույն մասի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր տուժողին վճարման ենթակա գումարը չի կարող գերազանցել ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը: Այն դեպքում, երբ տուժողներից մեկի (մի քանիսի) համար սույն մասի համաձայն համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները` այդ վնասներին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

3. Ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով:

4. ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարը կիրառվում է ԱՊՊԱ պայմանագրով, իսկ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման դեպքերի համար` Բյուրոյի կանոններով նախատեսված պայմաններով եւ կարգով: Ընդ որում, ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումար կարող է նախատեսվել միայն Բյուրոյի խորհրդի սահմանած չափով եւ դեպքերում:

5. Տուժողի փաստացի կրած վնասները հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար լինելու դեպքում ապահովագրական հատուցման եւ վնասի փաստացի չափի միջեւ եղած տարբերությունը հատուցվում է վնասը պատճառողի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն: Տուժողի փաստացի կրած այն վնասները, որոնք հատուցման ենթակա չեն ԱՊՊԱ պայմանագրով, հատուցվում են վնասը պատճառողի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:

6. Ապահովագրական գումարը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ենթակա չէ նվազեցման` անկախ այդ ընթացքում ապահովագրական պատահարների դիմաց վճարված ապահովագրական հատուցումներից:

ՀՈԴՎԱԾ 10. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է.

1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր անձի պահանջով կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Բյուրոյի կանոններով սահմանված պայմաններով, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտմանը.

2) լրացնել եւ ԱՊՊԱ պայմանագրի հետ միասին ապահովադրին տրամադրել ԱՊՊԱ կտրոնը եւ համաձայնեցված հայտարարագրի նմուշը, ինչպես նաեւ բացատրել դրանց օգտագործման եւ համաձայնեցված հայտարարագրի լրացման կարգը.

3) Երաշխավորման ֆոնդի օգտին սույն օրենքի համաձայն կատարել վճարներ եւ Բյուրոյի օգտին սույն օրենքի հիման վրա Բյուրոյի կանոններով սահմանված չափերով վճարել անդամավճարներ.

4) Տեղեկատվական համակարգ ներկայացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված տեղեկատվությունը.

5) իր հետ ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր, ապահովագրված անձ կամ տուժող համարվող անձանցից ընդունել ապահովագրական պատահարի վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից կազմված արձանագրությունը.

6) ապահովագրական պատահարում ներգրավված ցանկացած անձի  պահանջով նրան անվճար տրամադրել իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրված անձանց կողմից պատճառված վնասի հատուցման հարցի քննարկման ընթացքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, փորձագետի եզրակացություն (առկայության դեպքում) եւ այլ փաստաթղթեր: Այն դեպքում, երբ պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը պարունակում է օրենքով պաշտպանվող ապահովագրական, բանկային, առեւտրային կամ այլ գաղտնիք, ապա այն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում.

7) իր մասնաճյուղերի եւ գործակալների գործունեության վայրը եւ աշխատանքային ժամերը մշտապես հրապարակել իր ինտերնետային կայքում.

8) իրականացնել օրենքով, Բյուրոյի կանոններով, իրավական այլ ակտերով կամ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ 3. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 11. ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ

1. Տուժողին պատճառված անձնական վնասներ են համարվում տուժողի առողջությանը պատճառված վնասները, դրանց հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաեւ տուժողի մահը:

2. Տուժողին պատճառված անձնական վնասների դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում են սույն օրենքի 12-14-րդ հոդվածներով նախատեսված  գումարները, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վնասներից:

ՀՈԴՎԱԾ 12. ՏՈՒԺՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

1. Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում տուժողին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններ տեղափոխելու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններում պահելու, ախտորոշման, բուժման եւ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը: Բյուրոյի կողմից հաստատված սահմանաչափերով հատուցվում են նաեւ բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների, դեղեր ձեռք բերելու,  պրոթեզավորման, անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ այլ ծախսեր:

2. Ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն ապահովագրական գումարի սահմաններում հատուցում են սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված անհրաժեշտ, հիմնավորված եւ փաստացի ապացուցված ծախսերը: Հատուցման ենթակա (այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար) ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության եւ փաստացի ապացուցվածության չափանիշները, ինչպես նաեւ հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, սահմանվում են Բյուրոյի խորհրդի կողմից:

3. Տուժողն իրավունք ունի բժշկական օգնություն ստանալ կամ առողջությունը վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Բյուրոյի կազմում Բյուրոյի խորհրդի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի անդամների առնվազն կեսը պետք է լինեն բժիշկներ (բժշկության ոլորտի աշխատակիցներ): Հանձնաժողովի կազմը, նրա աշխատանքի կանոնակարգը, այդ թվում` նիստերի հրավիրման եւ անցկացման, որոշումների ընդունման կարգը սահմանվում են Բյուրոյի խորհրդի որոշմամբ: Հանձնաժողովի անդամները Բյուրոյի խորհրդի կողմից սահմանված չափով եւ կարգով ստանում են փոխհատուցում հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար: Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանում է տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված այդպիսի վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողը կարող է ստանալ սույն օրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով սահմանված հատուցում Բյուրոյից կամ նրա անդամ հանդիսացող ապահովագրական ընկերությունից:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու դիմաց ապահովագրական հատուցումը տուժողին վճարվում է ապահովագրական գումարի սահմաններում` բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար փաստացի կատարված, ինչպես նաեւ դրանց հետ կապված եւ փաստացի կատարված այլ ողջամիտ ծախսերի չափով:

7. Այն դեպքում, երբ տուժողին պատճառված վնասը ներառված չէ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողը բժշկական օգնությունն ստացել է կամ առողջության վերականգնումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա սույն օրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված հատուցումը նրան վճարվում է այն չափով, որքան կհատուցվեր նույն բուժումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու դեպքում.

8. Այն դեպքում, երբ տուժողին պատճառված վնասը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողի բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող եւ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված բժշկական հաստատությունների ցանկում չներառված բժշկական հաստատությունում, ապա սույն օրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված հատուցումը նրան վճարվում է այն չափով, որքան կհատուցվեր նույն բուժումը սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված բժշկական հաստատությունների ցանկում ներառված բժշկական հաստատությունում իրականացնելու դեպքում:

9. Սույն հոդվածի 6-8-րդ մասերում նախատեսված ծախսերը տուժողին հատուցվում են բացառապես կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

10. Տուժողի բժշկական օգնություն ստանալու եւ առողջությունը վերականգնելու իրավունքը իրականացվում է «Բնակչության  բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Տուժողը բժշկական օգնության եւ առողջության վերականգման հարցերում կաշկանդված չէ ԱՊՊԱ պայմանագրով եւ (կամ) վնասը պատճառած անձի կողմից հատուցման ենթակա գումարով եւ կարող է ընտրել իրեն բժշկական օգնության կամ առողջության վերականգման հարցերում ծառայությունների մատուցման տեսակը, միջոցը, արժեքը եւ դրանց համար լրավճարել սեփական միջոցներից, եթե ապահովագրական ընկերության, Բյուրոյի եւ (կամ) վնասը պատճառողի կողմից վճարման ենթակա գումարը բավարար չեն դրա համար:

ՀՈԴՎԱԾ 13. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ (ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ)

1. Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետեւանքով կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

2. Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները) տուժողին հատուցվում են իրավական ակտերով սահմանված անաշխատունակության ողջ ժամանակահատվածի համար:

3. Կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցումը դադարեցվում է հետեւյալ դեպքերում`

1) վերականգնվել է տուժողի աշխատունակությունը,

2) սպառվել է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը:

ՀՈԴՎԱԾ 14. ՏՈՒԺՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

1. Տուժողի մահվան դեպքում օրենքի համաձայն նրա մահվան հետեւանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանց  կրած վնասի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված վնասները հատուցվում են ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում: Այն դեպքում, եթե մինչեւ տուժողի մահը նրան վճարվել է սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով նախատեսված վնասների համար ապահովագրական հատուցում, ապա սույն մասով նախատեսված վնասները հատուցվում են ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի եւ այդ հատուցման չափի տարբերության սահմաններում:

ՀՈԴՎԱԾ 15. ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐ

1. Տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում`

1) տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը.

2) վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող) եւ սեփականության իրավունքով տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ  կորուստը.

3) տուժողին պատկանող եւ սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում չնշված գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը:

2. Տուժողի գույքին պատճառված վնասների դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում են սույն օրենքի 16-18-րդ հոդվածներով նախատեսված ծախսերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վնասներից: Ընդ որում, այդ ծախսերը հատուցվում են տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) համապատասխան գումար վճարելով կամ վնասը վերականգնելով` ըստ տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) ընտրության: Այն դեպքում, երբ փորձագետի եզրակացության համաձայն վնասի վերականգնումը հնարավոր չէ կամ ողջամիտ չէ, ծախսերը տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) հատուցվում են միայն համապատասխան գումար վճարելով:

3. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված կարգով համաձայնեցված հայտարարագիր լրացվելու դեպքում տուժողի գույքին պատճառված վնասի համար հատուցումը չի կարող գերազանցել համապատասխանաբար ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը կամ համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը` բացառությամբ եթե գույքին պատճառված վնասների չափը գնահատվել է գործն ըստ էության լուծող եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

ՀՈԴՎԱԾ 16. ՏՈՒԺՈՂԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ, ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԵՎ ԿՈՐՈՒՍՏԸ

1. Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի վերականգման հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ ավտոտրանսպորտային միջոցի՝ մինչեւ պատահարի տեղի ունենալու պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետեւանքով առաջացած գումարային տարբերությունը ենթակա չէ հատուցման:

2. Տուժողի ավտոտրանսպորտային միջոցը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարի տեղի ունենալը ավտոտրանսպորտային միջոցի արժեքի 80%-ը): Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչեւ դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի եւ Բյուրոյի խորհրդի կողմից սահմանված կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:

3. Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի կորուստ է համարվում դրա հափշտակումը կամ այլ կերպ անհետացումը, եթե կորուստը տեղի է ունեցել տուժողին կամ այն անձին, որին վստահված է ավտոտրանսպորտային միջոցը, պատճառված վնասի հետեւանքով նրանց կողմից այն հսկելու անհնարինության պատճառով: Ավտոտրանսպորտային միջոցի կորստի դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է մինչեւ ավտոտրանսպորտային միջոցի կորուստը գնահատված արժեքի չափով` ապահովագրական գումարի սահմաններում:

ՀՈԴՎԱԾ 17. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՏՈՒԺՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ, ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԵՎ ԿՈՐՈՒՍՏԸ

1. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի վերականգման հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում գույքի վերանորոգման կամ վերականգման  ծախսերը:

2. Սույն հոդվածի իմաստով գույքի կորուստ է համարվում տուժողին կամ այն անձին, ում վստահված է եղել կորած գույքը, պատճառված վնասի հետեւանքով նրանց կողմից գույքը հսկելու անհնարինության հետեւանքով առաջացած կորուստը: Ընդ որում, վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի կորստի վերականգման հետեւանքով առաջացած ծախսերը սույն օրենքի եւ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե տուժողն ապացուցում է այդ գույքի կորստի փաստը:

3. Այն դեպքում, երբ վնասվել, ոչնչացվել կամ կորել է վնաս պատճառած անձի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող եւ տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքը, ապա տուժողը կարող է ապահովագրական հատուցում ստանալ, եթե ապացուցում է, որ այդ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն:

4. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի վերականգման հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ գույքի՝ մինչեւ պատահարի տեղի ունենալու պահը առկա փաստացի վիճակը վերակագնելու համար: Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետեւանքով առաջացած գումարային տարբերությունը ենթակա չէ հատուցման:

5. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարի տեղի ունենալը այդ գույքի արժեքի 80%-ը): Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչեւ դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի եւ Բյուրոյի խորհրդի կողմից սահմանված կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 18. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ, ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԵՎ ԿՈՐՈՒՍՏԸ

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի վերականգման հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի, ներառյալ` ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային ինժեներական կամ այլ շինությունների եւ շենքերի վերանորոգման կամ վերականգման ծախսերը:

2. Սույն հոդվածի իմաստով գույքի կորուստ է համարվում տուժողին կամ այն անձին, ում վստահված է եղել կորած գույքը, պատճառված վնասի հետեւանքով նրանց կողմից գույքը հսկելու անհնարինության հետեւանքով առաջացած կորուստը: Ընդ որում, սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի կորստի վերականգման հետեւանքով առաջացած ծախսերը սույն օրենքի եւ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե տուժողն ապացուցում է այդ գույքի կորստի փաստը:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի վնասվածքի վերականգման հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ գույքի՝ մինչեւ պատահարի տեղի ունենալու պահը առկա փաստացի վիճակը վերակագնելու համար: Այդ գույքի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետեւանքով առաջացած գումարային տարբերությունը ենթակա չէ հատուցման:

4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարի տեղի ունենալը այդ գույքի արժեքի 80%-ը): Այդ գույքի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչեւ դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի եւ Բյուրոյի խորհրդի կողմից սահմանված կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 19. ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1. Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է եւ դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի կողմից որակավորված փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման եւ (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

2. Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատվում է եւ դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` պատճառված անձնական վնասների չափը գնահատվում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած կամ նրա առողջությունը վերականգնած բժշկական կամ այլ հաստատության կամ մասնագետի կողմից, իսկ անձի մեղավորության աստիճանը՝ փորձագետի կողմից:

3. Փորձաքննությունն իրականացնելիս եւ գույքին պատճառված վնասները գնահատելիս փորձագետը պարտավոր է ղեկավարվել օրենքով, այլ իրավական ակտերով, այդ թվում` Բյուրոյի խորհրդի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած վնասների գնահատման եւ փորձաքննության կարգով եւ մեթոդաբանությամբ:

4. Եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ, ապա նա սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել կրկնակի փորձաքննության անցկացում: Կրկնակի փորձաքննությունն անցկացվում է այն անցկացնելու պահանջ ներկայացրած անձի միջոցների հաշվին:

5. Միեւնույն ապահովագրական պատահարի շրջանակներում սույն օրենքով նախատեսված կրկնակի փորձաքննության պահանջ կարող է ներկայացվել միայն մեկ անգամ: Կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացվելու դեպքում փորձագետին նշանակում է Բյուրոն, որը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) եւ ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով:

6. Այն դեպքում, երբ վնասը պատճառվել է մի քանի անձանց կողմից եւ հնարավոր չէ պարզել նրանցից յուրաքանչյուրի կողմից պատճառված վնասի չափը, ապա այդ անձինք տուժողի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն:

7. Մեկ անձի կողմից մի քանի անձանց վնաս պատճառելու դեպքում հատուցումը իրականացվում է նրանցից յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի:

ՀՈԴՎԱԾ 20. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ

1. ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր հանդիսացող անձը եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում  պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները եւ կարգը, ինչպես նաեւ ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո ապահովագրական ընկերության եւ պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պատահարի հետեւանքով գտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետում եւ կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել կամ ապահովադիրը տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին՝ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության ապացուցման պարտականությունը: Սույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքների վերացման դեպքում ապահովադիրը եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին պարտավոր է պայմանագրում սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:

3. Եթե ապահովագրական պատահարում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցներ եւ վնաս է պատճառվել միայն գույքին, ապա պատահարում ներգրավված անձինք պատահարի վերաբերյալ տեղեկացնում են իրենց պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը (ընկերություններին) եւ.

1) կարող են փոխադարձ համաձայնության գալու դեպքում լրացնել սույն օրենքով նախատեսված համաձայնեցված հայտարարագիրը եւ այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը (ընկերություններին), եթե պատճառված վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում Բյուրոյի կանոններով սահմանված` ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը:

2) ընկերության (ընկերությունների) համաձայնությամբ, կարող են փոխադարձ համաձայնության գալու դեպքում լրացնել սույն օրենքով նախատեսված համաձայնեցված հայտարարագիրը եւ այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը (ընկերություններին), եթե պատճառված վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում Բյուրոյի կանոններով սահմանված` համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը: Համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար համաձայնություն չտալու դեպքում ապահովագրական ընկերությունը (ընկերությունները) պարտավորվում է (են) ապահովել պատահարի վայրում իր (իրենց) ներկայացուցչի (ներկայացուցիչների) ժամանումը ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընթացակարգերով սահմանված ժամկետում: Համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար ապահովագրական ընկերության (ընկերությունների) կողմից համաձայնություն չտալու դեպքում համաձայնեցված հայտարարագիր չի լրացվում, եւ ապահովագրական պատահարի հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքով սահմանված` վնասի չափը որոշելու ընդհանուր կանոններով:

4. Համաձայնեցված հայտարարագիրը լրացնելու եւ այն ապահովագրական ընկերությանը ներկայացնելու հետ կապված ընթացակարգերը սահմանվում են Բյուրոյի կանոններով:

ՀՈԴՎԱԾ 21. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունի ապահովագրական պատահարը տեղի ունենալու օրվանից եռամսյա ժամկետում դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում Բյուրոյին: Եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը սույն մասում նախատեսված  եռամսյա ժամկետում ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետեւանքով անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում գտնվելու հետեւանքով, որ անհնարին է եղել տուժողի կամ նրա ներկայացուցչի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում եւ կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը կամ գույքին պատճառված վնասների առկայության դեպքում` այդ գույքի պահպանման համար պատասխանատու անձի (գույքը նրա մոտ գտնվել է այն պահպանելու, օգտագործելու կամ նրա համաձայնությամբ այլ նպատակներով) կողմից պատահարի մասին չտեղեկացնելու հետեւանքով՝ ապա նրա համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած: Տուժողը կամ նրա իրավահաջորդը կրում են ապահովագրական հատուցում ստանալու համար սահմանված ժամկետում դիմելու անհնարինության ապացուցման պարտականությունը:

2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը, նրա ներկայացուցիչը կամ իրավահաջորդը ներկայացնում են դիմում եւ Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված:

3. Ապահովագրական պատահարում ներգրավված անձինք միմյանց տրամադրում են ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ բոլոր տվյալները, մասնավորապես` իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը եւ ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը (եթե վնասը պատճառվել է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից), ապահովագրական ընկերության անվանումը, հասցեն, նրա հետ կնքված ԱՊՊԱ պայմանագրի համարը եւ ավտոտրանսպորտային միջոցի  վերաբերյալ այլ տվյալներ:

4. Այն դեպքում, երբ տուժողն ունի սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ: Այն դեպքում, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ, տուժողի (նրա իրավահաջորդի) պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում: Եթե տուժողն ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղեւոր է եւ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում:

5. Բյուրոն սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված գործառույթի իրականացման համար իր կատարած ծախսերի մասով վնաս պատճառած անձի նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք:

ՀՈԴՎԱԾ 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

1. Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ինչպես նաեւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերի: Փորձաքննության անցկացումը չպետք է 15 աշխատանքային օրվանից ավել տեւի: Բյուրոյի կանոններով կարող են սահմանվել փորձաքննության անցկացման առավել կարճ ժամկետներ: Փորձաքննության ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձեւով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին եւ տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն մասով նախատեսված ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացվելու դեպքում` կրկնակի փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին եւ տուժողին (նրա իրավահաջորդին): Կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին Բյուրոն որոշում է ընդունում համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) եւ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գտնում են, որ փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում: Լրացուցիչ փորձաքննության անցակցման ժամկետը սահմանվում է ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) եւ ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փոխադարձ համաձայնությամբ, սակայն ոչ ավել քան 3 ամիս: Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացնելու ժամկետը կասեցվում է լրացուցիչ փորձաքննության անցկացման ժամկետի չափով: Լրացուցիչ փորձաքննությունն անցկացվում է ապահովագրական ընկերության (Բյուրոյի) միջոցների հաշվին: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող:

3. Այն դեպքում, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ եւ ուժի մեջ է մտել այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ, ինչպես նաեւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը եւ Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասում նշված փորձաքննությունը նշանակելու, ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու կամ փորձաքննության անցկացման ժամկետները կետանցվելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին կամ նրա իրավահաջորդին յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարում են տույժ`

1) ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումը ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում` ապահովագրական հատուցման գումարի 0.1 տոկոսի չափով.

2) փորձաքննություն նշանակելու, ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշումները ընդունելու կամ փորձաքննության անցկացման ժամկետները կետանցվելու դեպքում` վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագրով տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0.1 տոկոսի չափով:

5. Այն դեպքում, երբ առկա է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ եւ ապահովագրական հատուցման վճարումը կախված է այդ գործի ելքից, ապա սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասում նշված ժամկետները կասեցվում են մինչեւ տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը: Կասեցված ժամանակահատվածի համար սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված տույժը չի գանձվում:

ՀՈԴՎԱԾ 23. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ապահովագրական հատուցումը վճարում է ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումը ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ապահովագրական հատուցումը պարբերական վճարումների ձեւով իրականացվելու դեպքում` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում: Սույն մասով սահմանված ժամկետը (ժամկետները) իր մեղքով չպահպանելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին (նրա իրավահաջորդին) վճարում է հատուցման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար:

2. Անձի առողջությանը պատճառված վնասի համար ապահովագրական հատուցումը վճարվում է անմիջապես բժշկական հաստատությանը` բացառությամբ սույն օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերի:

3. Այն դեպքում, երբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ անձի առողջությանը պատճառվել է վնաս (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված վնասների) եւ նրան անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել (նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն), եւ եթե նրա կողմից բժշկական հաստատություն դիմելու օրվանից երկու ամսվա ընթացքում դեռեւս որոշում չի կայացվել նրան ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, ապա Բյուրոն տուժողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա վճարում է բժշկական օգնության հետ կապված ծախսերը՝ տուժողի կամ նրա օրինական ներկայացուցչի եւ Բյուրոյի կողմից համաձայնեցված չափով եւ կարգով: Սույն մասով նախատեսված դեպքերում Բյուրոն վճարում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված բժշկական օգնության հետ կապված ծախսերը: Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա սույն մասում նախատեսված պարտականությունը պատվիրակել իր անդամ հանդիսացող ապահովագրական ընկերություններից որեւէ մեկին: Սույն մասում նախատեսված պարտականության պատվիրակման կարգը եւ պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծախսերը  Բյուրոյի կամ նրա անդամ հանդիսացող ապահովագրական ընկերության կողմից վճարված լինելու դեպքում, եթե որոշվում է վնասը պատճառած անձը, ապա վնասը պատճառած անձի պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցման գումարից առաջնահերթ փոխհատուցել Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության վճարած գումարը: Չփոխհատուցված գումարի, իսկ վնասը պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրված չլինելու դեպքում` Բյուրոյի (համապատասխան ապահովագրական ընկերության) կողմից վճարված ամբողջ գումարի չափով Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնասը պատճառած անձի նկատմամբ: Տուժողի մեղքի առկայության դեպքում Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) սույն մասով նախատեսված հետադարձ պահանջի իրավունքը ձեռք է բերում տուժողի նկատմամբ այն չափով, որ չափով տուժողը, օրենքի համաձայն, վնասի փոխհատուցման իրավունք չունի վնաս պատճառած անձի նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 24. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժում է օրենքով կամ Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված կանոններով սահմանված դեպքերում:

2. Արգելվում է ապահովագրական հատուցման վճարումը մերժել այն հիմքով, որ տուժողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել այն մասին, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահին վնասը պատճառած ավտոտրանսպորտային    միջոցի վարորդը եղել է ալկոհոլի  կամ այլ թմրեցնող նյութի ազդեցության ներքո:

3. Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված (պատճառաբանված):

ՀՈԴՎԱԾ 25. ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքի իմաստով պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում հետեւյալ վնասների հատուցման համար պատասխանատվության վրա՝

1) անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ.

2) ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ.

3) վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասներ, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ.

4) տուժողի դիտավորության հետեւանքով տվյալ տուժողին պատճառված վնասներ.

5) պետական սեփականություն հանդիսացող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասներ.

6) արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասներ.

7) բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասներ.

8) օրենքով նախատեսված այլ վնասներ:

2. Սույն օրենքի իմաստով պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետեւյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը՝

1) առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող  ավտոտրանսպորտային միջոցներ.

2) միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.

3) բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

ՀՈԴՎԱԾ 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՉՕԳՏՎՈՂ ԱՆՁԻՆՔ

1. Սույն օրենքի իմաստով` տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ տուժող չեն համարվում եւ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չեն օգտվում՝

1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը եւ վնասը պատճառած անձը՝ բացառությամբ այն  դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս.

2) այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ.

3) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարորդի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով բացառությամբ այն  դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս: Սույն կետի իմաստով ընտանիքի անդամներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարորդի ծնողները, ամուսինը, երեխաները, քույրը եւ եղբայրը:

ՀՈԴՎԱԾ 27. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիա) իրավունք ունի՝

1) վնասը պատճառած անձի նկատմամբ, եթե`

ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.

բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.

գ. նա ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի.

դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե՝

ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, եւ պատահարի առաջացման անմիջական պատճառ է հանդիսացել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում.

բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին եւ գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք:

3) Ինչպես նաեւ՝

ա. պատահարի տեղի ունենալու տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով եւ դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.

բ.ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի տեղի ունենալը անմիջականորեն կապված է տեխնիկական զննության թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետ.

գ.օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ  28. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրո, որը հանդիսանում է իրավաբանական անձանց միություն:

2. Բյուրոյի գործունեության նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է եւ ԱՊՊԱ համակարգի կայունության եւ զարգացման ապահովումը: Բյուրոն նպաստում է  ԱՊՊԱ-ի ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը, կարգավորում ու վերահuկում է  նրանց գործունեությունը ԱՊՊԱ-ի ոլորտում, ԱՊՊԱ-ի ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների համար մշակում է մաuնագիտական վարքագծի կանոններ:

3. Բյուրոյի անդամների կողմից Բյուրոյի կանոններով սահմանված կարգով նրան փոխանցվող գույքը հանդիuանում է Բյուրոյի uեփականությունը: Բյուրոն այդ գույքն oգտագործում է օրենքով, իրավական այլ ակտերով եւ իր կանոնադրությամբ uահմանված նպատակների իրականացման համար: Արգելվում է Բյուրոյի գույքը անդամների միջեւ բաշխելը: Բյուրոյի անդամները պատաuխանատվություն չեն կրում Բյուրոյի պարտավորությունների համար: Բյուրոն պատաuխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բյուրոն պատաuխանատվություն է կրում իր կողմից uույն oրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջների խախտման հետեւանքով պատճառված վնաuների համար:

4. Բյուրոն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում եւ կարող է գործունեություն իրականացնել միայն Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո:

5. Սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով չգրանցված անձանց արգելվում է հանդես գալ որպես Բյուրո կամ սեփական անվանման մեջ, հրապարակային հայտարարություններում կամ գովազդային նյութերում օգտագործել այնպիսի բառեր (բառերի համակցություն), որոնք կարող են շփոթություն առաջացնել Բյուրոյի կամ նրա գործունեության հետ:

6. Բյուրոյի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով եւ իրավական այլ ակտերով:

7. Բյուրոյի կազմում Բյուրոյի խնդիրների իրականացման նպատակով`

1) ստեղծվում է աշխատակազմ.

2) սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաեւ Բյուրոյի կանոններին համապատասխան ստեղծվում եւ  վարվում է Տեղեկատվական համակարգ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաեւ Բյուրոյի կանոններին համապատասխան իրականացվում է Երաշխավորման ֆոնդի կառավարումը եւ դրա հաշվին ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպումը:

ՀՈԴՎԱԾ 29. ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Կենտրոնական բանկը կարգավորում եւ վերահսկում է Բյուրոյի գործունեությունը: Կենտրոնական բանկն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգավորումն ապահովելու նպատակով իր նորմատիվ իրավական ակտերով uահմանել Բյուրոյի գործունեության նկատմամբ  պահանջներ:

2. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություններ, որոնց ձեւը, բովանդակությունը եւ ներկայացման կարգն ու ժամկետները uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել Բյուրոյի ինտերնետային կայքում, մամուլում, տեղեկատվական ամփոփագրերում, զանգվածային լրատվության եւ (կամ) այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմը եւ հրապարակման (տրամադրման) կարգը:

3. Կենտրոնական բանկն իրավունք ունի oրենքով uահմանված կարգով եւ պարբերականությամբ իրականացնել Բյուրոյի գործունեության uտուգումներ: Բյուրոն պարտավոր է uտուգումների ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել պահանջվող եւ ստուգմանն առնչվող բոլոր տեղեկություններն ու փաuտաթղթերը: Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյում ստուգումները իրականացվում են «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է պահպանել վերահuկողության ընթացքում իրեն հայտնի դարձած եւ oրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները եւ կարող է դրանք հրապարակել կամ տրամադրել այլ անձանց միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

5. ԱՊՊԱ համակարգի շարունակականությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը Բյուրոյին կարող է տրամադրել համակարգային վարկեր, որոնք ուղղվում են Երաշխավորման ֆոնդի կամ Բյուրոյի առջեւ դրված նպատակների իրականացմանը: Համակարգային վարկերը եւ դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես այն միջոցների հաշվին, որոնց համալրման համար վարկերը ստացվել են: Սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի իմաստով համակարգային են համարվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Բյուրոյին սույն մասի համաձայն տրամադրված վարկերը:

ՀՈԴՎԱԾ 30. ԲՅՈՒՐՈՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1. Բյուրոն՝

1) իր կանոնադրությամբ սահմանված կարգով վերահuկում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը` սույն օրենքի պահանջներին եւ Բյուրոյի կանոններին համապատաuխանեցնելու նպատակով.

2) ընդունում է կարգեր, կանոններ, որոշումներ եւ կարգադրություններ  ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովելու, մաuնագիտական կանոնների կիրառումն ապահովելու, տուժած անձանց, ապահովադիրների շահերի պաշտպանությունն ապահովելու եւ ԱՊՊԱ համակարգի զարգացմանն աջակցելու նպատակով.

3) համագործակցում է այլ պետությունների  ավտոապահովագրության բյուրոների, երաշխավորման ֆոնդերի, փոխհատուցում իրականացնող այլ մարմինների, տեղեկատվական համակարգերի (կենտրոնների), ապահովագրական ընկերությունների հետ.

4) իր նպատակների իրագործման համար համագործակցում է պետական մարմինների հետ.

5) մասնակցում է ճանապարհային երթեւեկության ընթացքում առաջացող պատահարների եւ ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների (զեղծարարության) կանխմանն ուղղված միջոցառումներին.

6) հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ.

7) իրականացում է oրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ Բյուրոյի կանոններով  սահմանված այլ գործառույթներ:

2. Բյուրոն իրեն վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ կարող է կազմակերպել հանրային քննարկումներ:

3. Ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի եւ դրանց հաշվարկման մեթոդաբանության կիրառման կանոնների, ինչպես նաեւ Բյուրոյի կողմից սահմանված այլ հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը Բյուրոյի իրավասու մարմնի կողմից այդ հարցերով նիստի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է տեղադրվեն Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում: Ինտերնետային կայքում տեղադրված նախագծերի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները պետք է հաշվի առնվեն համապատասխան որոշումները կայացնելիս: Սույն մասում նախատեսված հարցերով ընդունված որոշումները ենթակա են հրապարակման Բյուրոյի ինտերնետային կայքում դրանք ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 31. ԲՅՈՒՐՈՅԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

1. Բյուրոն հիմնադրվում է Կենտրոնական բանկի կողմից:

2. Բյուրոյի հիմնադրման փաստաթուղթն է Կենտրոնական բանկի որոշումը՝ Բյուրոն հիմնադրելու եւ Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու  մասին:

3. Բյուրոն հիմնադրելու եւ Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու մասին որոշմամբ հաստատվում են նաեւ Բյուրոյի կանոնադրությունը եւ Երաշխավորման ֆոնդի կանոնները: Երաշխավորման ֆոնդի կանոնները մասնավորապես ներառում են ֆոնդի միջոցների ձեւավորման, դրանց կառավարման կանոններ:

4. Բյուրոն` որպես իրավաբանական անձ, Բյուրոյի կանոնադրությունը եւ Երաշխավորման ֆոնդի ձեւավորման եւ կառավարման կանոնները գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ դրանք Կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկում գրանցման պահից Բյուրոն ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

5. Կենտրոնական բանկը՝ Բյուրոյի գրանցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորման ֆոնդի համար բացում է հատուկ հաշիվ եւ այդ հաշվին վճարում 15 000 000 Հայաստանի Հանրապետության  դրամ գումարի չափով միանվագ վճար: Կենտրոնական բանկը Բյուրոն գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցում իրականացնող պետական լիազոր մարմնին,  հրապարակում է հայտարարություն առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում, իր ինտերնետային կայքում եւ ծանուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին:

6.  Կենտրոնական բանկից բացի Բյուրոյին անդամակցել կարող են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ եւ բավարարում են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին:

7. Ապահովագրական ընկերությունների անդամությունը Բյուրոյին դադարում է սեփական նախաձեռնությամբ, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված  դասով ապահովագրություն իրականացնելու իրավունքը դադարելու  դեպքում, լուծարման, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում: Բյուրոն Կենտրոնական բանկին գրավոր տեղեկացնում է իրեն անդամակցելու եւ անդամության դադարման դեպքերի մասին՝ այդ մասին որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Այն դեպքում, երբ դադարում է ապահովագրական ընկերության անդամությունը Բյուրոյին, սակայն գործում է սույն օրենքով նախատեսված թեկուզ մեկ ԱՊՊԱ պայմանագիր, որը կնքվել է տվյալ ապահովագրական  ընկերության կողմից, ապա ապահովագրական ընկերությունը այդ պայմանագրերի գործողության ողջ ժամանակահատվածի համար շարունակում է կրել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով Բյուրոյի անդամների համար սահմանված պարտականությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական ընկերությունը այլեւս այդ պայմանագրի կողմ չէ կամ եթե ապահովագրական ընկերությունը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվճարունակ (սնանկ):

ՀՈԴՎԱԾ 32. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը եւ Բյուրոյի գործադիր տնօրենը (սույն օրենքի տեքստում` նաեւ համապատասխանաբար ժողով, խորհուրդ կամ գործադիր տնօրեն):

2. Բյուրոյի կառավարման մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ լիազորությունների շրջանակը սահմանվում է սույն օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ:

3. Բյուրոյի կանոնադրությամբ Բյուրոյի կառավարման մարմինների համար կարող են սահմանվել սույն օրենքով չնախատեսված, սակայն սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին չհակասող լիազորություններ եւ պարտականություններ:

4. Բյուրոյի կառավարման մամինները իրենց գործունեությունն իրականացնելիս եւ որոշումներ ընդունելիս պետք է ղեկավարվեն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներով` հիմնվելով տուժողների (այլ շահառուների), ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ ապահովագրական ընկերությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ անձանց օրինական շահերի հաշվառման եւ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման սկզբունքի վրա:

ՀՈԴՎԱԾ 33. ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

1. Բյուրոյի կառավարման բարձրագույն մարմինը Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովն է, որին մասնակցում են Բյուրոյի յուրաքանչյուր անդամ` իր լիազոր ներկայացուցչի միջոցով:

2. Ժողովն իրականացնում է Բյուրոյի ղեկավարումը` տարեկան կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով: Ժողովը սույն օրենքով կամ կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

3. Ժողովն իրավասու է որոշումներ ընդունել, եթե դրան մաuնակցում են անդամների առնվազն կեսից ավելին: Սույն օրենքով ժողովի իրավաuությանը վերապահված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովին մաuնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

4. Ժողովի իրավաuությանն են պատկանում`

1) Բյուրոյի կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը.

2) Երաշխավորման ֆոնդի կանոնների մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, ինչպես նաեւ Բյուրոյի անդամ  ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների վճարման կարգերի հաստատումը.

 3) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված խորհրդի անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաեւ խորհրդի նիստերին մասնակցելու համար խորհրդի անդամներին փոխհատուցման չափի եւ կարգի սահմանումը.

4) Բյուրոյի անդամության շնորհումը եւ  անդամությունից զրկելը.

5) Բյուրոյի գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հաuտատումը.

6) Բյուրոյի գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսերի տարեկան նախահաշվի եւ դրա կատարողականի հաստատումը.

7) Բյուրոյի կողմից կնքվող գործարքների այն տեսակների սահմանումը, որոնց կնքման մասին որոշումը կայացնում է Ժողովը, ինչպես նաեւ այդ գործարքների կնքման մասին որոշման կայացումը.

8) սույն օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված դեպքում Երաշխավորման ֆոնդ միջոցներ փոխանցելու մասին որոշման ընդունումը.

9) օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ  այլ անձանց` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ժողովի նախապատրաստման, գումարման, անցկացման կարգը  եւ դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ:

ՀՈԴՎԱԾ 34. ԲՅՈՒՐՈՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Բյուրոյի խորհուրդը իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը:

2. Խորհուրդն ունի յոթ անդամ, որի կազմից խորհրդի առաջին նիստում ընտրվում է խորհրդի նախագահ: Խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են հետեւյալ կարգով`

1) երեք անդամին ընտրում է ժողովը` հերթագայման (ռոտացիոն) սկզբունքով, Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով.

2) մեկ անդամին նշանակում եւ ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը, ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին իր անդամությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում` սույն կետով նախատեսված խորհրդի անդամի նշանակման իրավասությունը փոխանցվում է ժողովին.

3) մեկ անդամին նշանակում եւ ազատում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը.

4) մեկ անդամին ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով.

5) մեկ անդամին ընտրում են սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված անդամների ընտրության համար Կենտրոնական բանկը նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալուն նախորդող երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 45 օր առաջ իր ինտերնետային կայքում եւ առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հայտարարություն է հրապարակում այդ ընտրության կատարման համար ժողով գումարելու ժամկետի եւ վայրի մասին` առաջարկելով մինչեւ նշված օրը սույն հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված կազմակերպություններին Կենտրոնական բանկ հայտ ներկայացնել այդ ժողովին մասնակցելու համար: Սույն մասով նախատեսված հայտ ներկայացնելու համար սահմանված ժամանակահատվածը չի կարող մեկ ամսից պակաս լինել: Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն մասով նախատեսված հայտը, եթե հայտատու կազմակերպությունը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 4-րդ կամ 5-րդ կետերով սահմանված պահանջներին: Սույն մասով նախատեսված ժողովը որոշում է կայացնում ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե սույն մասով նախատեսված ժողովի ընթացքում խորհրդի համապատասխան անդամը չի ընտրվում, ապա վերջինիս նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Բյուրոյի խորհրդի անդամ կարող է լինել այն անձը, ով իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված լիազորությունների պատշաճ իրականացումը:

5. Խորհրդի եւ խորհրդի նախագահի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ:

6. Խորհուրդը՝

1) նշանակում է գործադիր տնօրենին, ներքին աուդիտին (ղեկավարին, անդամներին), գլխավոր հաշվապահին, պատասխանատու ակտուարին,  դադարեցնում է նրանց լիազորությունները, հաստատում է նրանց գործունեության կանոնակարգերը.

2) սահմանում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի, պատասխանատու ակտուարի եւ Բյուրոյի աշխատակազմի աշխատանքի վարձատրության եւ պարգեւատրման չափը եւ կարգը, հաստատում է Բյուրոյի աշխատակազմի ներքին կառուցվածքը: Ընդ որում Բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի, պատասխանատու ակտուարի եւ աշխատակազմի աշխատանքի վարձատրության միջին չափը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ապահովագրական համակարգում վարձատրության միջին չափին:

3) հաստատում է ԱՊՊԱ պայմանագրերի ձեւը, դրանց ձեւաթղթերի միասնական հաշվառման եւ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին  տրամադրման կարգը.

4) սահմանում է Բյուրոյի եւ Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման ձեւերը, ուղղությունները եւ սահմանաչափերը.

5) ընդունում է որոշում ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների համար Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության եւ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու մասին.

6) վերահսկում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների վճարման կարգերի պահպանումը.

7) սահմանում է ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) եւ դրա կիրառման կարգը.

8) որակավորում է փորձագետներին, սահմանում է փորձագետների որակավորման կարգը, չափանիշներն ու պայմանները եւ որակավորումից զրկման կարգն ու հիմքերը, հաստատում է ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած վնասների գնահատման եւ փորձաքննության կարգը եւ մեթոդաբանությունը եւ նպաստում դրա զարգացմանը.

9) սահմանում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերությանը կամ Բյուրո ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ ապահովագրական ընկերությունների եւ Բյուրոյի կողմից ապահովագրական հատուցումների վճարման կարգը.

10) սահմանում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների համար վերապատրաuտման, կրթական եւ մասնագիտական պահանջներ`  տեխնիկական եւ մաuնագիտացված գործունեության վարքագծի չափանիշների բավարարման նպատակով.

11) սահմանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները եւ Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները, ինչպես նաեւ ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի հաշվարկման մեթոդաբանության կիրառման կանոնները.

12)  կարող է սահմանել սահմանափակումներ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում կատարվող ծախսերի կամ դրանց առանձին տեսակների նկատմամբ.

13) կիրառում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների նկատմամբ Բյուրոյի կանոնների եւ որոշումների պահանջների խախտման համար կանոնադրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ.

14) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

8. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ, եթե Բյուրոյի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:  Խորհրդի նիստերի գումարման, անցկացման եւ դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ:

9. Խորհուրդը սույն օրենքով եւ կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

10. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստերի միջոցով` բաց քվեարկությամբ: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի որոշմամբ` խորհրդի նիստերին կարող են հրավիրվել շահագրգիռ անձինք: Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է նիստին ներկա խորհրդի անդամներից տարիքով ավագը: Խորհուրդն իրավաuու է որոշումներ ընդունել, եթե նիuտին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը:

11. Խորհուրդը Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված դեպքերում իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է uտեղծել հանձնաժողովներ: Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:

12. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով Բյուրոյի խնդիրների հնարավորինս արդյունավետ իրականացման շահերից, իրականացնել իրենց իրավունքները եւ կատարել իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն) եւ Բյուրոյի առջեւ համապարտ պատաuխանատվություն են կրում խորհրդի որոշման (անգործության) հետեւանքով Բյուրոյին պատճառված իրական վնաuի համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն: Ընդ որում, խորհրդի անդամների պաշտոնից ազատվելը չի ազատում նրանց սույն մասով նախատեսված պատաuխանատվությունից:

13. Բյուրոյին հաuցված վնաuի համար պատաuխանատվությունից ազատվում են խորհրդի այն անդամները, որոնք Բյուրոյին վնաu պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիuտին ներկա չեն գտնվել, կամ գործել են բարեխիղճ` այն համոզմունքով, որ իրենց գործողությունները (համապատասխան որոշում չկայացնելը) ելնում են Բյուրոյի շահերից:

14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված խորհրդի որոշման (անգործության) հետեւանքով Բյուրոյին պատճառված վնասները խորհրդի համապատասխան անդամի (անդամների) կողմից փոխհատուցելու պահանջով դատարան կարող են դիմել Բյուրոյի անդամները, ինչպես նաեւ գործադիր տնօրենը:

ՀՈԴՎԱԾ 35. ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

1. Բյուրոյի գործադիր տնօրենը իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը:

2. Բյուրոյի գործադիր տնoրենը նշանակվում է խորհրդի կողմից եւ հաշվետու է նրան: Գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում եւ փոխկապակցված չէ որեւէ ապահովագրական ընկերության հետ: Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման եւ Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

3. Գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

4. Գործադիր տնօրեն չի կարող լինել այն անձը, ով`

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

5. Գործադիր տնօրենը`

1) ապահովում է Բյուրոյի կառավարման մարմինների որոշումների կատարումը եւ Բյուրոյի բնականոն գործունեությունը.

2) որոշում է ընդունում փորձաքննություն (այդ թվում՝ նաեւ լրացուցիչ եւ կրկնակի) նշանակելու մասին,

3) ապահովում է Երաշխավորման ֆոնդի կառավարումը, կազմակերպում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների վճարման գործընթացը, ապահովում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հավաքագրումը, բնականոն գործունեությունը, որոշում է ընդունում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումներ վճարելու կամ հատուցումը մերժելու մասին.

4) խորհրդի կողմից սահմանված կարգով կազմակերպում է  ԱՊՊԱ պայմանագրերի եւ կտրոնների հաշվառումը եւ դրանց տրամադրումը Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին.

5) ապահովում է Տեղեկատվական համակարգի բնականոն գործունեությունը, կազմակերպում է միասնական  Տեղեկատվական համակարգի վարումը, ապահովում է Տեղեկատվական համակարգ տեղեկությունների ժամանակին եւ ամբողջությամբ մուտքագրումը, ինչպես նաեւ երաշխավորում է ապահովագրական, բանկային, առեւտրային եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը.

6) խորհրդի կողմից սահմանված կարգով եւ պարբերականությամբ խորհրդին հաշվետվություններ է ներկայացնում Երաշխավորման ֆոնդի եւ Տեղեկատվական համակարգի գործունեության, ինչպես նաեւ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումներ վճարելու կամ հատուցումը մերժելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.

7) օրենքով սահմանված դեպքերում տվյալ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ պատճառված վնասի հետեւանքով տուժած անձանց պահանջով  տրամադրում է Տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերության անվանման եւ գտնվելու վայրի մասին.

 8) կողմերի համաձայնությամբ քննում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների միջեւ, ինչպես նաեւ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների, ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ տուժողների միջեւ  ծագած վեճերը` որի արդյունքում կայացված որոշումները կրում են խորհրդատվական բնույթ եւ կողմերի համար պարտադիր չեն: Սույն կետով նախատեսված հարցով գործադիր տնօրենի կողմից որոշում չկայացվելու դեպքում այդ հարցի քննությունն իրականացնում է Բյուրոյի խորհուրդը.

9) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

6. Այն հարցերը, որոնք օրենքով կամ Բյուրոյի կանոնադրությամբ վերապահված չեն ժողովի, խորհրդի, ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի կամ պատասխանատու ակտուարի իրավասությանը, իրականացնում է գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենի իրավաuություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Բյուրոյի գործադիր տնoրենի նշանակման եւ լիազորությունների դադարեցման, ինչպես նաեւ նրա կողմից որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ:

ՀՈԴՎԱԾ 36. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Բյուրոյի կանոններն են Բյուրոյի կանոնադրությունը, Բյուրոյի կառավարման մարմինների` սույն օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում ընդունած ներքին կանոնակարգերը, կարգերը եւ այլ ներքին իրավական ակտերը, ինչպես նաեւ Բյուրոյի խորհրդի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տուժողների առողջությանը պատճառված վնասների եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկերը սահմանող ակտերը: Կենտրոնական բանկի կողմից ընդունված Բյուրոյի կանոնների գործողությունը կարող է դադարեցվել միայն Կենտրոնական բանկի կողմից:

2. Բյուրոյի կանոնները եւ դրանցում փոփոխությունները եւ լրացումներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում՝ uույն oրենքին համապատաuխան  գրանցման պահից, եթե դրանցում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին արգելվում է Բյուրոյի կանոնների խախտմամբ գործելը:

4. Բյուրոյի կանոնադրությունը պետք է առնվազն uահմանի, որ`

1) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ ժողովում ունի միայն մեկ ձայն: Միմյանց հետ փոխկապակցված անդամները ժողովում ունեն միայն մեկ ձայն.

2) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ՝ մեկ այլ անդամի  կողմից uույն oրենքի, դրան համապատաuխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ  Բյուրոյի կանոնների խախտման մաuին տեղեկանալու դեպքում պարտավոր է անմիջապեu հայտնել Բյուրոյի խորհրդին.

3) Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյի կանոններով սահմանված կարգով եւ չափով անդամավճարներ են վճարում Բյուրոյին.

4) Բյուրոյի միջոցներից ստացված եկամուտը չի կարող շահաբաժինների ձեւով կամ այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել նրա անդամներին կամ այլ անձանց եւ պետք է oգտագործվի բացառապեu կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար: Բյուրոյի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է Երաշխավորման ֆոնդ, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

ՀՈԴՎԱԾ 37. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Բյուրոյի կառավարման մարմինների կողմից ընդունվող Բյուրոյի կանոնները, դրանց գործողության դադարեցումը եւ դրանցում լրացումները եւ փոփոխությունները  գրանցման համար դիմումի հետ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ:

2. Բյուրոյի կանոնները  (դրանցում լրացումները, փոփոխությունները եւ գործողության դադարեցումը) գրանցվում են կամ դրանց գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալու օրվանից քսան աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Բյուրոյի այն կանոնները (դրանցում լրացումները, փոփոխությունները եւ գործողության դադարեցումը), որոնցով սահմանում են ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարի կիրառման թույլատրելի չափերը, դեպքերը, ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքերը, ապահովագրական հատուցման ենթակա ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության եւ փաստացի ապացուցվածության չափանիշները, հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու դեպքերը, հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն, հիմնական եւ բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափերը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները կամ Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տուժողների առողջությանը պատճառված վնասների կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկերը, գրանցվում են կամ դրանց գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալու օրվանից երեսուն աշխատանքային օրվա ընթացքում:

4. Կենտրոնական բանկի` սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որոշումը ընդունման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում է Բյուրոյին:

5. Կենտրոնական բանկը մերժում է Բյուրոյի կանոնների (դրանցում լրացումների եւ փոփոխությունների, գործողության դադարեցման) գրանցումը, եթե դրանք հակաuում են uույն oրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջներին կամ կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների, ապահովագրական ընկերությունների, այլ անձանց շահերը կամ ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը:

ՀՈԴՎԱԾ 38. ԿԱՆՈՆՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր խորհրդի որոշմամբ հանձնարարել Բյուրոյին (Բյուրոյի կառավարման համապատասխան մարմիններին) իրենց իրավասությունների սահմաններում սահմանել կանոններ, ընդունել իրավական այլ ակտեր կամ վերանայել (լրացնել, փոփոխել, ուժը կորցրած ճանաչել կամ ուժի մեջ թողնել) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման մարմինների կողմից ընդունված իրավական այլ ակտերը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով`

1)  այդպիսի կանոնների կամ իրավական ակտի ընդունումը անհրաժեշտ է ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար.

2) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման տվյալ մարմնի կողմից ընդունված իրավական ակտը հիմնավորված չեն.

3) առկա են սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը:

2. Կենտրոնական բանկի խորհրդի` uույն հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունված որոշմամբ տրված հանձնարարականը դրանում uահմանված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ.

1) ինքնուրույն սահմանել Բյուրոյի կանոններ.

2) ընդունել Կենտրոնական բանկի խորհրդի հանձնարարականով սահմանված իրավական ակտը.

3) վերանայել (լրացնել, փոփոխել, ուժը կորցրած ճանաչել կամ ուժի մեջ թողնել) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման տվյալ մարմնի կողմից ընդունված իրավական ակտը:

3. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված որոշմամբ Բյուրոյի կանոնների գործողությունը դադարեցնելու դեպքում Կենտրոնական բանկը դրանք հանում է գրանցումից:

4.  Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված իրավական ակտերը համարվում են Բյուրոյի (Բյուրոյի կառավարման համապատասխան մարմնի) կողմից ընդունված եւ պարտադիր կիրառման ենթակա են Բյուրոյի, նրա կառավարման մարմինների եւ անդամների կողմից: Դրանց պահանջները  չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

ՀՈԴՎԱԾ  39. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

1.Բյուրոյի կառավարման մարմինների գործունեությունը կարող է ժամանակավորապես կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, եթե Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների քանակը պակաս է երեքից, ինչպես նաեւ այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով Բյուրոյի կառավարման մարմինները պատշաճ չեն իրականացնում ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար սույն օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

2.Բյուրոյի կառավարման մարմինների գործունեության կասեցման դեպքում ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը: Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթները ստանձնելու մասին Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում, որի մեջ նշվում են Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթների կասեցման հիմքերը, այդ հիմքերի վերացմանն ուղղված միջոցառումները, Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթները ստանձնելու ժամկետները եւ ստանձվելիք գործառույթները, որոնք անհրաժեշտ են ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու համար:

ՀՈԴՎԱԾ 40. ԲՅՈՒՐՈՅԻ ԱՈՒԴԻՏԸ

1. Բյուրոն ունի ներքին աուդիտ: Ներքին աուդիտը գործում է Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված ներքին աուդիտի տարեկան ծրագրով: Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաuտատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:

2. Ներքին աուդիտն իրականացնում է անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործունեություն` ուղղված Բյուրոյի համար հավելյալ արժեքի ստեղծմանն ու Բյուրոյի գործառնությունների կատարելագործմանը: Ներքին աուդիտը գործում է օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` սույն օրենքի հիման վրա ընդունված ներքին աուդիտի տարեկան ծրագրի եւ Բյուրոյի խորհրդի որոշումների համաձայն:

3. Ներքին աուդիտի իրավաuություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման մարմիններին կամ այլ անձանց:

4. Ներքին աուդիտն իր կողմից իրականացվող գործառություների առումով հաշվետու է Բյուրոյի խորհրդին, իսկ վարչական առումով` Բյուրոյի գործադիր տնօրենին:

5. Ներքին աուդիտը պետք է համապատասխանի oրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության ներքին աուդիտի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման եւ Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

ՀՈԴՎԱԾ 41. ԲՅՈՒՐՈՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԸ

1. Բյուրոն ունի գլխավոր հաշվապահ, որը նշանակվում է խորհրդի կողմից: Գլխավոր հաշվապահը  պետք է համապատասխանի oրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման եւ Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

2. Բյուրոյի հաշվապահը իրականացնում է օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

ՀՈԴՎԱԾ 42. ԲՅՈՒՐՈՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

1. Բյուրոն ունի պատասխանատու ակտուար, որը նշանակվում է խորհրդի կողմից: Պատասխանատու ակտուարը  պետք է համապատասխանի oրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման եւ Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

2. Պատասխանատու ակտուարը իրականացնում է օրենքով, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 43.  ԲՅՈՒՐՈՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ

1. Բյուրոյի միջոցները ձեւավորվում են Բյուրոյի կանոններով սահմանված չափով եւ կարգով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից վճարված անդամավճարներից, ստացված վարկերից, փոխառություններից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից: Բյուրոյի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով եւ Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված  նպատակներով:

2. Բյուրոյի գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսերն են՝

1) Բյուրոյի գործառնական ծախսերը, դրանք են՝

ա. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների վճարման հետ կապված ծախսեր,

բ. uտացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոuներ,

գ. Բյուրոյի  միջոցների կառավարման հետ կապված կոմիսիոն վճարներ,

դ. ակտիվների վերագնահատումից եւ հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուuտներ,

ե. Բյուրոյին մատուցված խորհրդատվական կամ այլ ծառայությունների դիմաց վճարներ,

զ. ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործընթացների  լուսաբանման հետ կապված ծախսեր.

է. սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացման հետ կապված ծախսեր.

ը. Բյուրոյի գործառույթների իրականացման հետ կապված այլ ծախսեր.

2) Բյուրոյի վարչական ծախսերը, դրանք են՝

ա. աշխատակազմի պահպանման ծախuեր, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգեւատրում, սոցիալական ապահովության վճարներ, աշխատակազմի ուuուցում եւ վերապատրաuտում, գործուղման եւ ներկայացուցչական ծախuեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախuեր.

բ. ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախuեր,

գ. լրատվական տեղեկատվության եւ մաuնագիտական գրականության ձեռքբերման ծախuեր,

դ. տնտեuական նյութերի եւ արագամաշ առարկաների դուրuգրման հետ կապված ծախuեր,

ե. շենքերի, շինությունների, այլ հիմնական  միջոցների ու պաշարների պահպանման, uպաuարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր.

զ. Բյուրոյի առջեւ դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր:

3) Բյուրոյի կապիտալ ներդրումների գծով ծախսերը, դրանք են`

ա. Բյուրոյի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր.

բ. վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր.

3. Բյուրոյի վարչական, գործառնական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսերը իրականացվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ձեւավորված միջոցների հաշվին: Սույն մասում նշված ծախսերը կատարելու համար Բյուրոն իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացել  հաշիվներ:

4. Բյուրոյի ընթացիկ տարվա վարչական, գործառնական եւ կապիտալ ներդումների գծով ծախսերը չեն կարող գերազանցել Բյուրոյի անդամ հանդիսացող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից նախորդ տարում հավաքագրված ապահովագրավճարների 1 տոկոսը: Բացառիկ դեպքերում` Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, սույն մասում նշված սահմանաչափը կարող է փոփոխվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

5. Բյուրոյի ժողովը Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու, նրա կողմից uույն oրենքով եւ Բյուրոյի կանոնադրությամբ uահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, Բյուրոյի միջոցների ձեւավորման վերաբերյալ կատարված կանխատեսումներին համապատասխան, հաuտատում է Բյուրոյի գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսերի տարեկան նախահաշիվը: Նախահաշիվը ժողովի կողմից հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը: Բյուրոն չի կարող իրականացնել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվով չնախատեսված գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսեր: Բյուրոյի գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսերի` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվով չնախատեսված Բյուրոյի կողմից կատարված փոփոխությունները ենթակա են հաստատման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկը կարող է չհաստատել նախահաշվի փոփոխությունները, եթե Բյուրոյի կողմից բավարար չափով չի հիմնավորվել փոփոխությունների անհրաժեշտությունը: Փոփոխությունների չհաստատման դեպքում Բյուրոն պարտավոր է առաջնորդվել Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ հաստատված նախահաշվով:

6. Եթե ընթացիկ տարում Բյուրոյի կողմից փաuտացի կատարված  գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախuերն ավելի քիչ են, քան ընթացիկ տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փաստացի հավաքագրված միջոցները, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը փոխանցվում է հաջորդ տարի եւ հաշվի է առնվում հաջորդ տարվա Բյուրոյի միջոցների ձեւավորման վերաբերյալ կատարվող կանխատեսումներում կամ Բյուրոյի ժողովի որոշմամբ փոխանցվում է  Երաշխավորման ֆոնդ:

7. Բյուրոյի կանոնադրությամբ սահմանվում է Բյուրոյի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններից լրացուցիչ միջոցներ գանձելու մասին որոշում ընդունելու իրավունքը:

8. Բյուրոն իրավունք ունի իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստանալ վարկեր եւ փոխառություններ, որոնք ուղղվում են բացառապես Բյուրոյի միջոցների համալրմանը: Սույն մասում նախատեսված վարկերը, փոխառությունները եւ դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես Բյուրոյի միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 5. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴ

ՀՈԴՎԱԾ 44.  ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴ

1. Երաշխավորման ֆոնդում միավորվում են Բյուրոյի կողմից սույն օրենքով նախատեսված կարգով հավաքագրված Բյուրոյի անդամների միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարները, սույն օրենքով սահմանված կամ օրենքով չարգելված այլ ձեւերով ներդրված միջոցները, ինչպես նաեւ այն ակտիվները, որոնցում ներդրվել են դրանք եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտները: Երաշխավորման ֆոնդ բոլոր վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:  Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ Կենտրոնական բանկը, պարտավոր  են Երաշխավորման ֆոնդ կատարել օրենքով սահմանված բոլոր վճարները: Երաշխավորման ֆոնդ կատարվող բոլոր վճարները անվերադարձ են:

2. Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար սույն օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում: Բյուրոյի, դրա կառավարման մարմինների, անդամների կամ այլ անձանց` սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված պարտավորությունների համար Երաշխավորման ֆոնդի միջոցների վրա բռնագանձում, գանձում կամ արգելանք չի կարող կիրառվել:

3. Յուրաքանչյուր տարվա համար Բյուրոյի խորհուրդը ելնելով Երաշխավորման ֆոնդի նախորդ տարվա մեծությունից եւ նախորդ տարվա ընթացքում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վճարված ապահովագրական հատուցումների չափից, ինչպես նաեւ հաշվի առնելով ապահովագրավճարների չափի վրա ազդող այլ չափանիշներ եւ գործոններ, իրականացնում է կանխատեսում Երաշխավորման ֆոնդի տվյալ տարվա միջոցների եւ դրանց հաշվին տվյալ տարվա ընթացքում վճարվելիք ԱՊՊԱ ոլորտի ապահովագրական հատուցումների չափերի վերաբերյալ: Բյուրոն միջոցառումներ է ձեռնարկում Երաշխավորման ֆոնդի ռիսկերը զսպելու համար, որոնց վերաբերյալ խորհուրդը առաջարկություններ է ներկայացնում ժողովին:

4. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոն որպես ծախս կատարում է միայն ապահովագրական հատուցումներ` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված վարկերի, փոխառությունների եւ դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսների (տույժերի) մարումներ: Բյուրոն իրավունք ունի ապահովագրական հատուցումներ վճարելու նպատակով ստանալ վարկեր եւ փոխառություններ, որոնք ուղղվում են բացառապես Երաշխավորման ֆոնդի միջոցների համալրմանը: Սույն մասում նախատեսված վարկերը, փոխառությունները եւ դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին: Ցանկացած պահի դրությամբ սույն մասով նախատեսված կարգով ստացված եւ ստացվելիք վարկերի գծով չմարված գումարների մեծությունը չի կարող գերազանցել դրանց մարման նպատակով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններից Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարներ կատարելու մասին որոշմամբ (որոշումներով) սահմանված եւ դեռեւս չհավաքագրված գումարները: Սույն մասում նախատեսված վարկերը ենթակա են անհապաղ մարման Երաշխավորման ֆոնդում բավարար միջոցների առկայության դեպքում:

ՀՈԴՎԱԾ 45. ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՆԵՐ

1. Ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորման ֆոնդ վճարում են միանվագ վճար՝ 15 000 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

ՀՈԴՎԱԾ 46. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից յուրաքանչյուր եռամսյակը մեկ Երաշխավորման ֆոնդ կատարում են պարբերական վճար՝ նախորդ տասներկու ամսում իրենց կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերից հավաքագրված եւ հավաքագրվելիք ապահովագրավճարների  0.5 տոկոսի չափով:

2. Պարբերական վճարը կատարվում է տվյալ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Բյուրոյի խորհրդի առաջարկությամբ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնել Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե իր հիմնավոր կարծիքով գտնում է, որ Երաշխավորման ֆոնդի միջոցները դադարեցման ողջ ժամանակահատվածում կբավարարեն Երաշխավորման ֆոնդի առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար եւ նման դադարեցումը չի վտանգի Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը:

ՀՈԴՎԱԾ 47. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐ

1. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարները կատարում են, եթե Երաշխավորման ֆոնդի միջոցները բավարար չեն uույն oրենքով uահմանված ապահովագրական  հատուցումներ վճարելու համար: Միջոցների անբավարարության դեպքում 15 օրվա ընթացքում Բյուրոյի խորհուրդը որոշում է կայացնում լրացուցիչ վճարներ ներգրավելու վերաբերյալ, որով սահմանվում է ԱՊՊԱ ոլորտի ապահովագրական հատուցումների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ վճարների չափը: Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության չափանիշները, դրա մասին որոշման կայացման կարգը սահմանվում են Բյուրոյի կանոններով:

2. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները վճարում են Երաշխավորման ֆոնդի միջոցների չբավարարող չափով` uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված որոշման ընդունմանը նախորդող եռամuյակի ընթացքում ԱՊՊԱ գծով հաշվեգրված ապահովագրավճարների ցուցանիշում իրենց մասնաբաժնին համամաuնորեն:

3. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները վճարում են uույն հոդվածի 1-ին մաuով նախատեսված որոշումը uտանալու օրվանից երեսուն oրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 48. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ

1. Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերությունը անվճարունակ ճանաչելու մասին որոշում ընդունելու օրվանից ապահովագրական ընկերությունը Երաշխավորման ֆոնդին վճարներ չի վճարում:

ՀՈԴՎԱԾ 49. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից տուժած անձանց պատճառված  վնասները սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում հատուցվում են, եթե՝

1)  վնաս պատճառած անձը կամ ապահովադիրը անհայտ են (առկա չէ ավտոտրանսպորտային միջոցի, դրա սեփականատիրոջ, վնաս պատճառած անձի կամ ապահովագրական ընկերության մասին որեւէ տվյալ): Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները.

2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.

3)  վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար  տիրացած  ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.

4) վնասը պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա սույն օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը.

5) առկա են սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերում Բյուրոն վնասը պատճառած անձանց նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, իսկ 4-րդ կետում նախատեսված դեպքում Բյուրոն համապատասխան անձանց նկատմամբ ձեռք է բերում սույն օրենքի 27-րդ հոդվածով ապահովագրական ընկերության համար սահմանված իրավունքները:

3. Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝

1)  բացակայում են կամ վերացել են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերով  նախատեսված հիմքերը.

2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից.

3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով  առաջացած  պատահարի արդյունքում.

4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած  պատահարի արդյունքում.

5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ եւ այն  կապված է  բացառապես վտանգավոր թափոնների հետ.

6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետեւանքով.

7) վնասը պատճառվել է պետական սեփականություն հանդիսացող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին.

8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին.

9)  ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից.

10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

4. Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա իր կողմից ապահովագրական հատուցման վճարման հետ կապված գործառույթների իրականացումը (ներառյալ հատուցման վճարումը) պատվիրակել իր անդամ հանդիսացող ապահովագրական ընկերություններից որեւէ մեկին: Սույն մասով նախատեսված պատվիրակման կարգը եւ պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

ՀՈԴՎԱԾ 50. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

1. Երաշխավորման ֆոնդը կառավարում է Բյուրոն` ի դեմս խորհրդի եւ գործադիր տնօրենի:

2. Երաշխավորման ֆոնդի միջոցները կարող են ներդրվել բացառապեu վերադարձման բարձր հուuալիություն ունեցող հետեւյալ ֆինանuական ակտիվներում`

1) Հայաuտանի Հանրապետության պետական արժեթղթերում.

2) Կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ oտարերկրյա բանկերում` որպեu բանկային ավանդ եւ (կամ) բանկային հաշիվ.

3) Կենտրոնական բանկի արժեթղթերում.

4) ոuկու uտանդարտացված ձուլակտորներում.

5) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ (կամ) Կենտրոնական բանկերի արժեթղթերում.

6) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ (կամ) բանկերի արժեթղթերում.

7) Բյուրոյի անդամների ժողովի որոշմամբ եւ Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ այլ ֆինանuական ակտիվներում:

3. Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության եւ իրացվելիության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ 6. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՈԴՎԱԾ 51. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

1. Բյուրոյի կազմում գործում է Տեղեկատվական համակարգ, որը ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը երաշխավորելու համար ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը եւ դրա մատչելիությունը Տեղեկատվական համակարգից օգտվողների համար: Տեղեկատվական համակարգը հավաքագրում է տեղեկություններ ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց եւ նրանց սեփականության կամ այլ իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն Բյուրոն, Կենտրոնական բանկը, ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերությունները՝  իրենց հետ առնչվող տվյալների մասով:

3. Տեղեկատվական համակարգը ձեւավորվում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների եւ նրանց ռիսկերը վերաապահովագրած վերաապահովագրական ընկերությունների եւ սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված այլ անձանց կողմից ներկայացվող տվյալների հիման վրա:

4. Տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձեւը, կարգը, ժամկետները եւ Տեղեկատվական համակարգի օգտագործման կարգը սահմանվում են սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Տեղեկատվական համակարգի տեխնիկական շահագործման կարգը եւ պայմանները սահմանվում են Բյուրոյի խորհրդի կողմից:

5. Բյուրոյի գործադիր տնօրենը երաշխավորում է Տեղեկատվական համակարգ մուտքագրվող եւ պահպանվող տեղեկությունների ամբողջականությունը: Հավաքագրված տեղեկությունները Բյուրոն պարտավոր է պահպանել առնվազն տասնհինգ տարի:

6. Տեղեկատվական համակարգի տեխնիկական եւ տեղեկատվական սպասարկումը կարող է Բյուրոյի խորհրդի որոշմամբ պատվիրակվել այլ անձանց` Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով պահպանել իրենց գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող ապահովագրական կամ այլ գաղտնիք համարվող տեղեկությունները եւ հրապարակել կամ տրամադրել դրանք բացառապես օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

7. Տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա Բյուրոն իր ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակում է տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովադիր հանդիսացող բոլոր անձանց անուն-ազգանուն-հայրանունները (անվանումը), նրանցից յուրաքանչյուրի կողմից ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) տեսակը եւ պետհամարանիշը, տվյալ ԱՊՊԱ պայմանագրի կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության անվանումը, ինչպես նաեւ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Բյուրոն իր ինտերնետային կայքում կարող է հրապարակել նաեւ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ օրենքով չարգելված այլ տեղեկություններ:

ՀՈԴՎԱԾ 52. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

1. Ավտոտրանսպորտային միջոցների հաշվառումը իրականացնող լիազոր մարմինը սահմանված կարգով եւ ժամկետներում Տեղեկատվական համակարգ է ներկայացնում պետական հաշվառման ներկայացված ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի), դրանց սեփականատերերի եւ առկայության դեպքում՝ նաեւ այլ օրինական օգտագործողների ցանկը:

2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը սահմանված կարգով եւ ժամկետներում Տեղեկատվական համակարգ է ներկայացնում ավտոտրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) օգտագործողների վարորդական ստաժի, վարորդական իրավունքների դասի եւ նրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետներում Տեղեկատվական համակարգ են ներկայացնում իրենց կողմից կնքված, ինչպես նաեւ գործողությունը դադարած ԱՊՊԱ պայմանագրերի եւ դրանցով ապահովադիր հանդիսացող անձանց մասին տեղեկություններ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով նախատեսված այլ տեղեկություններ:

4. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը՝ Բյուրոյի կողմից տրամադրված՝ տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու ժամանակ այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման եւ ԱՊՊԱ պայմանագրի կնքելու փաստը ստուգելու ուղղությամբ, որոնց օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ սույն օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր, համաձայն Տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, չի կնքվել  ընդհանրապես կամ պայմանագրի գործողությունը դադարել է:

5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված տեղեկատվության փոխանակման կարգը, ձեւը, պայմանները, ժամկետները, փոխանակվող տեղեկատվության ցանկը, ինչպես նաեւ ձեռնարկվող միջոցառումների իրականացման կարգը եւ ժամկետները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ԳԼՈՒԽ 7. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 53. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Բյուրոյի  եւ (կամ) Բյուրոյի գործադիր տնoրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե Բյուրոն եւ (կամ) Բյուրոյի գործադիր տնoրենը կամ որակավորված այլ անձը թույլ են տվել հետեւյալ խախտումները`

1) խախտել են uույն oրենքի, Բյուրոյի գործունեությունը կարգավորող այլ oրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի կամ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնները.

2) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպեu նաեւ ֆինանuական կամ այլ հաշվետվությունների հրապարակման կամ ներկայացման կարգն ու պայմանները, եւ (կամ) այդ փաuտաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

3) չեն կատարել Կենտրոնական բանկի`  oրենքով uահմանված կարգով տրված հանձնարարականները:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Բյուրոյի  կամ  նրա գործադիր տնoրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ կիրառել հետեւյալ պատաuխանատվության միջոցները`

1) նախազգուշացում եւ խախտումները որոշակի ժամկետում վերացնելու կամ  խախտումները հետագայում բացառելուն ուղղված միջոցառումների ձեռնարկելու հանձնարարական կամ խախտումները ապագայում չկրկնելու հանձնարարական եւ (կամ)

2) տուգանք, եւ (կամ)

3) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձանց որակավորման վկայականից զրկում:

3. Uույն հոդվածով uահմանված պատաuխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Բյուրոյի եւ (կամ) Բյուրոյի գործադիր տնoրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ կիրառում է «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ապահովագրական ընկերությունների եւ նրանց ղեկավարների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման համար uահմանված կարգով:

4. Սույն օրենքի պահանջների խախտումների համար ապահովագրական ընկերությունները եւ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 54. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված, հաշվառման ենթակա ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) սեփականատերերը պարտավոր են ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Ընդ որում, մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը կնքված ԱՊՊԱ պայմանագրերն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ին:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգը (Բոնուս-Մալուս համակարգ) կիրառվում է  2013 թվականի հունվարի 1-ից հետո կնքված (երկարաձգված) ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ:

5. Մինչեւ ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգի) կիրառումը ապահովագրական ընկերությունը կարող է պահանջել փոփոխել ԱՊՊԱ պայմանագիրը, իսկ ապահովադրի անհամաձայնության դեպքում` միակողմանի դադարեցնել այն` նախապես պատշաճ կերպով տեղեկացնելով այդ մասին ապահովադրին, եթե այդ պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն երկու ապահովագրական պատահար, եւ դրանց համար վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցում է 10 500 000 Հայաստանի Հանրապետության դրամը: Ընդ որում, սույն մասում նշված անձանց հետ ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր` սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով: Սույն մասի հիման վրա ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դեպքում այդ պայմանագրով ապահովադիր հանդիսացող անձի հետ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը կարող են չկիրառվել: Սույն մասով նախատեսված գործընթացների ընթացակարգը եւ պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

6.  Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վնասները սույն օրենքի կամ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 1-ից հետո:

7. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ին:

8. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ չեն մտնում եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր չեն ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր, քանի դեռ Բյուրոյին չեն անդամակցել առնվազն երեք ապահովագրական ընկերություն:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը պարտավոր է ընդունել որոշում Բյուրոն հիմնադրելու, նրան անդամակցելու, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնադրությունը եւ Երաշխավորման ֆոնդի կանոնները հաստատելու մասին: Բյուրոյի գրանցումից հետո ԱՊՊԱ իրականացնելու ցանկություն ունեցող ապահովագրական ընկերությունները անդամակցում են Բյուրոյին՝ Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված կարգով:

10. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Բյուրոյին երրորդ ապահովագրական ընկերության անդամակցելուն հաջորդող 10 օրվա ընթացքում գումարվում է ժողովի նիստ, որն ընտրում է սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված խորհրդի անդամներին: Սույն մասով նախատեսված տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը պարտավոր են նշանակել սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված խորհրդի անդամներին:

11. Մինչեւ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժողովի առաջին նիստի գումարումը նրա լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Մինչեւ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված խորհրդի անդամների ընտրությունը (նշանակումը) խորհրդի լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը, իսկ գործադիր տնօրենի լիազորությունները` Կենտրոնական բանկի նախագահը:

12. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարությունը խորհրդի առաջին կազմի ձեւավորման դեպքում Կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված տասնօրյա ժամկետում:

13. Սույն օրենքով սահմանված կարգով Բյուրոյի գրանցումից հետո մեկ տարվա ընթացքում Տեղեկատվական համակարգը Կենտրոնական բանկի որոշմամբ փոխանցվում է Բյուրոյի կառավարմանը:

14. Սույն օրենքի իմաստով տեղի ունեցած պատահարները համարվում են ապահովագրական պատահար եւ ենթակա են հատուցման, եթե տեղի են ունեցել 2011 թվականի հունվարի 1-ից հետո:

15. Այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով կամավոր հիմունքներով կնքված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրեր, որոնց գործողության ժամկետն ավարտվում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պատշաճ կերպով ծանուցել համապատասխան պայմանագրերի կողմ հանդիսացող ապահովադիրներին այդ պայմանագրերը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու նրանց իրավունքների, ինչպես նաեւ կամավոր հիմունքներով կնքված պայմանագիրն ԱՊՊԱ պայմանագրին չփոխարինելու մասին` ողջամիտ ժամկետ տրամադրելով նրանց իրենց իրավունքներից օգտվելու համար:

16. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ծանուցման եւ նշումներին ներկայացվող պարտադիր պահանջներ եւ պայմաններ:

17. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կամավոր հիմունքներով կնքվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերում պետք է նշում պարունակվի, որ այդ պայմանագրի կնքումը չի կարող դիտվել որպես սույն օրենքի համաձայն ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականության կատարում:

18. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ դադարեցնել իր անդամությունը Բյուրոյին, սակայն ոչ շուտ, քան 2011 թվականի հունվարի 1-ը:

Հավելված