Armenian ARMSCII Armenian
Կ-5221-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող եւ այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին` ամբողջությամբ կամ համապատասխան ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող եւ այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաեւ այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:»:

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3. Ֆոնդի  մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող եւ նրա սեփականությունը համարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք օրենքի համաձայն ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչի:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: