Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ հանդիսացող եւ այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհանդիսացող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին` ամբողջությամբ կամ համապատասխան ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ հանդիսացող եւ այդ ֆոնդի միջոցների սեփականատեր հանդիսացող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաեւ այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք չեն հանդիսանում իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ:»:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«3. Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«5. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող եւ նրա սեփականությունը հանդիսացող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք օրենքի համաձայն ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչին:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ին: