Armenian ARMSCII Armenian
Կ-52210-29.01.2010,02.02.2010-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը «(փայի)» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Օրենքի հիման վրա ստեղծված եւ ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից եւ սահմանված են այդ օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 47.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ֆոնդի  մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 47.2-րդ հոդվածով.

«Հոդված 47.2. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը

Օրենքի հիման վրա ստեղծված եւ ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից եւ սահմանված են այդ օրենքով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: