Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-52211-29.01.2010,02.02.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 1-ին մասը «գույքով» բառից հետո լրացնել «`բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Յրենսգրքի 67-րդ հոդվածի 6-րդ մասում «եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ապահովագրական ընկերությունների եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված բյուրոյի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«6. Ֆոնդի ակտիվների նկատմամբ ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 52.1-րդ գլխով` հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 52.1. ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 968.1. Ֆոնդի կառավարման պայմանագիր

1. Ֆոնդի կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) հրապարակած ֆոնդի կանոնների համաձայն դրամական միջոցներ է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ միջոցները համապատասխան ֆոնդի միջոցներին եւ կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին եւ ֆոնդի կանոններին համապատասխան:

2. Ֆոնդը միասնական կանոնների ներքո միավորված եւ սույն գլխով նախատեսված իրավական ռեժիմով օժտված ակտիվների համախումբ է:

3. Օրենքին համապատասխան ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ եւ միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման եւ (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգեւավճարով կամ դրանց համակցությամբ:

4. Ֆոնդում դրամական միջոցների ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների նկատմամբ, եւ նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով:

5. Ֆոնդի կառավարիչը ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները ֆոնդի կանոններին համապատասխան եւ ի շահ մասնակիցների արժեթղթերում եւ (կամ) այլ գույքում ներդնելու, այդ ներդրումների արդյունքում ձեւավորված եկամուտը օրենքով եւ ֆոնդի կանոններով սահմանված կարգով եւ պայմաններով ֆոնդի մասնակիցների միջեւ բաշխելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ իրավաբանական եւ փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

6.  Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) կառավարիչ, եւ որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) ակտիվների հաշվին: Սույն մասով նախատեսված նշումը կատարվում է կնքվող գործարքի ձեւին համապատասխան եղանակով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված նշման բացակայության դեպքում ֆոնդի կառավարչի կողմից կնքված գործարքները երրորդ անձանց համար դիտվում են որպես ֆոնդի կառավարման հետ չկապված, որոնցով ստանձնված պարտավորությունների նկատմամբ չեն տարածվում սույն օրենսգրքի 968.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները:

Հոդված 968.2. Ֆոնդի կառավարման օբյեկտը

1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված (իսկ սույն օրենքսգրքի 968.12-րդ հոդվածով նախատեսված ֆոնդերի դեպքում` ֆոնդի կառավարչի կողմից օրենքով նախատեսված այլ կարգով հավաքագրված) դրամական միջոցները, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները եւ կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

2. Ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվները հանդիսանում են ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականությունը: Ընդ որում, ֆոնդի մասնակցի` ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող ֆոնդի փայի օտարման եւ իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու, ինչպես նաեւ, օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված դեպքերում, ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող հարցերով որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքներով:

3. Օրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել ֆոնդերի (ենթաֆոնդերի) համար:

Հոդված 968.3. Ֆոնդի մասնակից

Ֆոնդի մասնակիցը ֆոնդի փայը ձեռք բերած անձն է:

Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները

1.      Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխամ կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն մասով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, եւ ֆոնդի կառավարման պայմանագրով չեն կարող սահմանվել լրացուցիչ այլ պայմաններ: Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման եւ (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգեւավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):

2.  Ֆոնդի կանոնները պետք է առնվազն ներառեն նաեւ`

1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը եւ այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային եւ այլն) սահմանափակումները.

2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման եւ հետգնման կարգը եւ պայմանները (այդ թվում` դրանց տեղաբաշխման եւ (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաեւ հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը եւ ժամկետները).

3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը եւ պայմանները.

4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգեւավճարների եւ այլ վճարների տեսակները, չափը եւ հաշվարկման կարգը.

5)  ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ տեղաբաշխման եւ հետգնման (մարման) գների որոշման եւ ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները.

6) ֆոնդի ակտիվների գնահատման եւ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.

7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):

3. Սույն օրենսգրքի 968.12-րդ հոդվածով նախատեսված ֆոնդերի կանոնների նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով սահմանված դրույթները, եւ դրանցում ներառման ենթակա պայմանները սահմանվում են օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Այդ ֆոնդերի կանոնների հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագրեր չեն կնքվում:

Հոդված 968.5. Ֆոնդի կառավարման պայմանագրի ձեւը

Ֆոնդի կառավարման պայմանագիրը կնքվում է ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի փայի ձեռքբերմամբ:

Հոդված 968.6. Ֆոնդի ակտիվների առանձնացումը

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական  ակտիվների եւ իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաեւ տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում եւ առանձնացված հաշվառում:

2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով:

3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց` բացառությամբ այն գործարքներով ստանձնված պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ, եւ որոնք կնքվել են սույն օրենսգրքի 968.1-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն մասով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի եւ ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, այդ թվում` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:

Հոդված 968.7. Ֆոնդի կառավարչի իրավունքները եւ պարտականությունները

1. Ֆոնդի կառավարիչը հանդիսանում է ֆոնդի ակտիվների անվանատերը, որի անունով են առանձնացված հաշվառվում եւ գրանցվում այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը եւ այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքները` առանց այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման:

2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում ֆոնդի կառավարչի ձեռք բերած գույքը եւ այլ իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:  Սույն մասով նախատեսված գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին` բացառությամբ սույն օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է`

1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները եւ կատարել իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).

2) ձեռնպահ մնալ իր եւ ֆոնդի մասնակիցների միջեւ շահերի բախման առարկա հանդիսացող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին.

3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր եւ ֆոնդի մասնակիցների, ինչպես նաեւ վերջինների եւ իր այլ հաճախորդների միջեւ շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար:

4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274-րդ, 275-րդ, 277-րդ եւ 278-րդ հոդվածներ): Ընդ որում, սույն մասով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:

5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով եւ (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով եւ ժամկետներում ֆոնդի եւ դրա կառավարման հետ կապված իրականացված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին:

6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ եւ նրանց  համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ:

Հոդված 968.8. Ֆոնդի կառավարման գործառույթների պատվիրակումը

Ֆոնդի կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը պատվիրակել երրորդ անձին` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով: Այդ դեպքում ֆոնդի կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով եւ բարեխղճորեն իրականացման համար:

Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը

1.  Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել ֆոնդի կառավարման համար օրենքով, այլ իրավական ակտերով եւ (կամ) ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` ֆիդուցիար պարտականությունների խախտման հետեւանքով ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասը, ինչպես նաեւ բաց թողնված օգուտը, եթե չի ապացուցում, որ նշված խախտումը հետեւանք է անհաղթահարելի ուժի: Սույն մասով նախատեսված դեպքում ֆոնդի կառավարչի կողմից տրված հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:

2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մաuնակցող երրորդ անձինք չգիտեին եւ չպետք է իմանային նշված խախտման մաuին, ապա սույն օրենսգրքի 968.1-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաեւ այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա հատուցում պահանջելու իրավունք:

3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսեւորելու դեպքում:

Հոդված 968.10. Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը փոփոխվում է ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:

2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից` ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխության կամ այլ էական փոփոխության համար իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցը ունի ողջամիտ ժամկետում լուծել ֆոնդի կառավարման պայմանագիրը:

3. Ֆոնդի մասնակցի պահանջով դատարանի վճռի հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է փոփոխվել  ֆոնդի կառավարչի փոփոխության ձեւով վերջինիս կողմից օրենքով, այլ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների էական խախտման դեպքում:

Հոդված 968.11. Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետեւանք`

1) ֆոնդի փայի օտարման, այդ թվում` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում).

2) ֆոնդի դադարեցման:

2. Ֆոնդը դադարեցվում է հետեւյալ դեպքերում.

1) լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը.

2) լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆոնդի կառավարման պարտականություններն իրականացնելուց եւ չի փոխարինվել այլ անձով:

3) օրենքով եւ ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

3. Ֆոնդի դադարեցումը պետք է իրականացվի այնպիսի ժամկետներում (առնվազն երկու ամիս) եւ այնպիսի կարգով (համապատասխան հրապարակայնության ապահովում), որպեսզի ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը իրական հնարավորություն ունենան այդ գործարքներով իրենց պահանջները ներկայացնել ֆոնդի ակտիվների նկատմամբ: Ֆոնդի դադարեցումից հետո ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը նշված գործարքներով իրենց պահանջները կարող են ներկայացնել ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե վերջինս չի ապահովել ֆոնդի դադարեցման կարգի նկատմամբ սույն մասով նախատեսված պահանջները:

4.  Ֆոնդի դադարեցման հիմքով ֆոնդի կառավարման պայմանագրի դադարման դեպքում ֆոնդի կառավարման արդյունքում առաջացած բոլոր պահանջները սույն գլխով նախատեսված կարգով ֆոնդի ակտիվների հաշվին կատարվելուց հետո ֆոնդի (ենթաֆոնդի) մնացած ակտիվները բաշխվում են ֆոնդի (տվյալ ենթաֆոնդի) մասնակիցների միջեւ ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն:

Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդեր

1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաեւ օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք չեն հանդիսանում ֆոնդի մասնակիցներ, եւ ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին:

2.  Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին եւ ֆոնդի կանոններին համապատասխան արժեթղթերում եւ (կամ) այլ գույքում ներդնելու, ֆոնդի ակտիվները օրենքով նախատեսված նպատակներին ուղղելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ իրավաբանական եւ փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

3. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 968.1-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, 968.6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով, 968.7-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով, 968.8-րդ հոդվածով եւ 968.9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված կանոնները:

4. Օրենքով կարող են սահմանվել օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ, այդ թվում` ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման այլ կարգ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 1066-րդ հոդվածից հանել «(հոդված 987, 991 հոդվածի 1-ին կետ)» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: