Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-812-05.02.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-118, 16 հունիսի 1997թ.) 61 հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն իրենց ցանկությամբ կարող են հրաժարվել սույն մասով սահմանված ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից եւ ԱԱՀ-ի գումարը վճարել որպես Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքներից հաշվարկվող եւ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին գանձվող ԱԱՀ վճարներ:»:

Հոդված 2. 61 հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր բովանդակությամբ` հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքները մինչեւ նույն մասով սահմանված ժամկետների լրանալը օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքում վճարումը հետաձգված` հաշվարկված ԱԱՀ-ի գումարները մինչեւ գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի վճարներ:

Սույն մասում նշված ժամկետում ԱԱՀ-ի գումարը չվճարվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է հետաձգված ԱԱՀ-ի գումարը եւ օտարման գործարքն իրականացնելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` մինչեւ այդ գումարի վճարման օրը օրենքով սահմանված կարգով հաշվարկվող օրական տույժերը:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավելացված արժեքի հարկի մասին» (ՀՕ-118, 16 հունիսի 1997թ.) Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի նպատակը կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին մի խումբ ապրանքների ներկրման դեպքում ԱԱՀ գումարների վճարման հետաձգման հնարավորության ընձեռումն է:

Այդ դրույթը գործում է իմպերատիվ, ինչը ավելորդ բյուրոկրատական խոչընդոտներ եւ դժվարություններ է առաջացնում այն գործարարների համար, որոնք ներկրում են ապրանքներ իրացման համար եւ ի սկզբանե չեն պատրաստվում օգտվել նշված հետաձգման հնարավորությունից:

Առաջարկվում է օրենքում նախատեսել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հետաձգումից հրաժարում եւ հարկի վճարում սահմանին` որպես մաքսային մարմիններին վճարվող ԱԱՀ գումար:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նույն հոդվածի երկրորդ մասին: Առաջարկվում է այդ մասը վերախմբագրել վերջին երկու խմբագրումների համադրությամբ` մասամբ վերադառնալով այն ձեւակերպմանը, որն ընդունվել էր 2008 թվականի դեկտեմբերին, համալրելով այն 2009 թվականին ներառված որոշ դրույթներով:

Սույն օրենքի ընդունումը կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը, ինչպես նաեւ կհեշտացնի հարկային մարմինների եւ գործարարների գործունեությունը` իրացման նպատակով հոդվածում նշված ծածկագրերի ապրանքների ներկրման դեպքում: