Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8141-08.02.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3.-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Տարեկան ծրագրում պարտադիր ներառման է ենթակա օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման հարցը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Տնտեսության ընդհանուր զարգացման եւ հատկապես ֆինանսական սահմանափակ հնարավորությունների դեպքում առաջնահերթ ու անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով յուրաքանչյուր երկիր կարող է այլ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից սահմանված կարգով ու չափով ներգրավել  փոխառություններ եւ վարկային միջոցներ: Այս պրակտիկան երկար տարիներ գործում է Հայաստանում, սակայն դրանց օգտագործման արդյունավետության հարցը մինչեւ օրս շարունակում է մնալ վիճահարույց, քանի որ տվյալ գործընթացը չի իրականացվում անհրաժեշտ հիմնավորմամբ եւ թափանցիկությամբ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի, Ազգային ժողովը վավերացնում է վարկային պայմանագրերը, ինչով, ըստ էության, վերջանում է Ազգային ժողովի մասնակցությունը տվյալ հարցում: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 77-ի համաձայն, «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ»: Սակայն, բերված դրույթի վերջին մասով պայմանավորված հարաբերությունների, իմ կարծիքով, ոչ ամբողջական կարգավորվածության պայմաններում Ազգային ժողովը զրկված է վարկային միջոցների օգտագործման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման, համապատասխան ծրագրերի նախապատրաստման, ինչպես նաեւ այդ միջոցների օգտագործման արդյունավետության ապահովման առումով Ազգային ժողովի մասնակցության մասին ուղղակիորեն չի նշվում: Միաժամանակ, տրամաբանական է, որ տվյալ գործընթացի առումով երկրի օրենսդիր մարմինը պետք է օժտված լինի այդ ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տեղեկացված լինելու եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությամբ հանդես գալու հնարավորությամբ:

Ներկայացվող օրենքների նախագծերն ուղղված են օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ պայմանագրերի մշակման եւ կնքման գործընթացներում ԱԺ-ի մասնակցության ապահովման մեխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ վերջինիս կողմից այդ միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման սահմանադրական պահանջի կատարմանը: