Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է կողմերի եւ նրանց ներկայացուցիչների, դատավարության մյուս մասնակիցների եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց կողմից դատարան ներկայանալուց չարամտորեն փուսափելով կամ դատավորի օրինական կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին`»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ, ՀՀ քաղ. դատ. օր. 115-րդ, ՀՀ քր. դատ. օր. 314.1-րդ եւ ՀՀ քր. օր. 343-րդ հոդվածների առաջին մասերը վերաբերում են քրեական եւ քաղաքացիական գործերի քննության ընթացքում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորող, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտող, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվող կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարող կամ ոչ պատշաճ կատարող անձանց նկատմամբ կիրառվող սանկցիաներին, այդ թվում` քրեական պատասխանատվությանը: Ըստ որում, Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության եւ Քրեական դատավարության օրենսգրքերի հիշյալ հոդվածները պատասխանատվության ենթարկվելիք սուբյեկտների կազմը սահմանել են ոչ միատեսակ: Դրանց կազմը երեք օրենսգրքերում (Դատական, Քաղ. դատ. եւ Քր. դատ.) սահմանված է գրեթե նույն կերպ եւ ընդգրկում է կողմերին (քրեական գործերով` մեղադրանքի եւ պաշտպանության, քաղաքացիական գործերով` գործին մասնակցող անձանց), դատավարության մյուս մասնակիցներին, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մինչդեռ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը նշված սուբյեկտներից առանձնացրել է միայն վկային, տուժողին եւ պաշտպանին ու միայն նրանց այդպիսի գործողություններն է համարել քրեորեն պատժելի արարք: Նման իրավակարգավորմամբ Քր. օր.-ը ըստ էության ոչ համաչափ վերաբերմունք է դրսեւորել դատավարության մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես` տարբերակել է նույն գործողությունները կատարող պաշտպանին դատախազից, վերջինիս դնելով արտոնյալ պայմանների մեջ:
Սույն օրինագիծը կոչված է վերացնելու նույն հարցը կարգավորող օրենսգրքերի միջեւ եղած հակասությունները, վերականգնելու դատավարության բոլոր մասնակիցների իրավահավասարությունը, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 14.01.2010թ. ՍԴՈ-851 որոշմամբ Քր. օր. 343-րդ հոդվածի 1-ին մասը իրավամբ ճանաչել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի եւ 19-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներին հակասող եւ անվավեր:
Քր. օր. 343-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրության մեջ գործածված «օրինական» բառը վերցված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետից, որն անձին ազատությունից զրկելու հիմք է համարում ոչ թե դատարանի կարգադրությանը, այլ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելը:
Օրինագծում միասնականացվել են նաեւ Քր. եւ Քր. դատ. օրենսգրքերի ձեւակերպումները դատավարությանը մասնակցող սուբյեկտների հարցում: