Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-824-15.02.2010-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ` Օրենք) հոդված 28-րդը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վավերացման փուլում միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահումը եւ (կամ) հայտարարությունը սահմանում են Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Ազգային ժողովը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1 հոդվածով.

«Հոդված 31.1 Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից չեղյալ հայտարարելը

1. Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը, դրա կնքման ցանկացած փուլում Հայաստանի Հանրապետության կողմից կարող է  միակողմանիորեն չեղյալ հայտարարվել, եթե պայմանգրի մյուս կողմն հայտարարում է այնպիսի նախապայմանների մասին կամ ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ կամ այդպիսին կդառնան հետագայում, կատարել է խարդախություն, կաշառել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով գործադրել է հարկադրանք կամ անհիմն խախտել է պայմանագրի կնքման ընթացակարգերին առնչվող ժամկետները:

2. Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը, դրա կնքման ցանկացած փուլում Հայաստանի Հանրապետության կողմից կարող է  միակողմանիորեն չեղյալ հայտարարվել նաեւ, եթե այն կնքելու ընթացքում չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ սույն օրենքի պահանջները:

3. Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից չեղյալ են ճանաչում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված մարմինները»:

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Հայկական կողմը միջազգային պայմանագիրը վավերացնում կամ հաստատում է վերապահումով (հայտարարությամբ), եթե

1) մինչեւ երկկողմ միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը մյուս կողմը կատարել է այնպիսի վերապահում կամ հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշմանը,

2) դրանում ամրագրված դրույթները ձեւակերպված են ոչ պարզ, ոչ հստակ եւ ոչ մատչելի լեզվով, օգտագործված են հնացած, բազմիմաստ բառեր, արտահայտություններ, պատկերավոր համեմատություններ, այլաբանություններ, չափազանցություններ, փոխաբերական իմաստով բառեր կամ արտահայտություններ, որոնք պայմանագրի մյուս կողմի համար տվյալ պահին կամ հետագայում կարող են դառնալ պայմանագրի իրական առարկային կամ նպատակներին ուղակիորեն չվերաբերող մեկնաբանման կամ այդպիսի մեկնաբանմամբ պայմանագրի կիրառման հիմք,

3) իրավական նորմի որոշակիության եւ միջազգային իրավունքին համապատասխան մեկնաբանության ապահովման համար անհրաժեշտ է հստակեցնել պայմանագրի առարկան եւ նպատակը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները,

4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքրոշմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

Սույն մասի առաջին կետում նշված դեպքում հայկական կողմը կարող է վերապահումը ձեւակերպել որպես մյուս կողմի վերապահման կամ հայտարարության դեմ առարկություն: Եթե այս ձեւով վավերացնելը կամ հաստատելը ըստ էության անհամատեղելի է պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ, ապա հայկական կողմը այդ պայմանագիրը կարող է վավերացնել կամ հաստատել միայն այն դեպքում, երբ մյուս կողմը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, հանել է նման վերապահումը կամ հայտարարությունը»:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) միջազգային պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ են եկել սույն օրենքի 31.1 հոդվածով նախատեսված համապատասխան հիմքերը:»

Նույն մասում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ եւ 4-րդ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ, եթե ողջամիտ ժամկետում չեն վերացել միջազգային պայմանագրի կասեցման հիմքերը:»

Հոդված 6. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքման համապատասխան փուլում գտնվող միջազգային պայամանգրի նկատմամբ:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենսդրական նախագծերի փաթեթը նպատակ ունի հստակեցնել եւ ՀՀ կողմից միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգը համահունչ դարձնել ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ ՀՀ սահմանադրությանը:

Նախագծերով առաջարկվում է`

1. Հայաստանի Հանրապետությանը վերապահել իրավունք, որի համաձայն միջազգային պայմանագրերի կնքման ընթացքում, կնքման որեւէ փուլում, քանի դեռ միջազգային պայմանագրիրն ուժի մեջ չի մտնել, ՀՀ-ն իրավունք ունենա միակողմանիորեն չեղյալ հայտարարել պայմանագրային գործընթացը: Օրենսդրական այս բացը, ներկայումս ըստ էության ՀՀ-ին (ի դեմս պայմանգիրը հաստատող կամ վավերացնող մարմնի) զրկել է այդպիսի իրավունքից, քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքով: Մինչդեռ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 6-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն», ՀՀ սահմանադրության 9-րդ հոդվածի ուժով ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Իսկ միջազգային իրավունքը, մասնավորապես Վիենայի 1969 թվականի միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան, առանձին բացառություններով չի արգելում պետության կողմից մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը միակողմանիորեն չեղյալ ճանաչելու հնարավորությունը (ստորագրությունը հետ կանչելը, հաստատված կամ վավերացված պայմանագիրը, մինչեւ դրա գործողության մեջ մտնելը վերացնելը եւ այլն): Այլ կերպ ասած. ամրագրելով առաջարկվող նորմը` ՀՀ-ն իր արտաքին քաղաքակնության շրջանակներում վարվող բանակցությունների, ինչպես նաեւ կնքվող համաձայնությունների մեջ կլինի ավելի ճկուն:  Բացի այդ, առաջարկվում է նշել այն հիմքերը, որոնք իրավունք կտան ՀՀ-ին դրսեւորելու այդպիսի վարքագիծ: Մասնավորապես` երբ պայմանգրի մյուս կողմն հայտարարում է այնպիսի նախապայմանների մասին կամ ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ կամ այդպիսին կդառնան հետագայում, չնայած նրան, որ բանակցությունների ընթացքում չեն եղել այդպիսի պայմանավորվածություններ: Կամ պայմանագրի մյուս կողմը կատարել է խարդախություն, կաշառել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով գործադրել է հարկադրանք կամ անհիմն խախտել է պայմանագրի կնքման ընթացակարգերին առնչվող ժամկետները կամ թույլ է տվել ողջամիտ ժամկետների չարաշահում (ձգձգում) կամ երբ միջազգային պայմանագրի կնքման ընթացքում չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքի պահանջները: Ընդ որում, այս հիմքերից շատերը Վիենայի կոնվենցիայով (հոդվածներ 46-53) կարող են հիմք հանդիսանալ գործողության մեջ գտնվող պայմանագրի անվավերության համար: Հետեւաբար տրամաբանական եւ էական է այդպիսի հնարավորության ընձեռումը մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ լրացնել ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կասեցման կամ դադարեցման հիմքերը, որոնք առավել համահունչ կլինեն միջազգային իրավունքին եւ ՀՀ սահմանադրությանը:

2. նախատեսել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի հաստատման կամ վավերացման ժամանակ վերապահում անելու հիմքերը: ՀՀ ներկա օրենսդրությամբ վավերացման ժամանակ վերապահում անելու իրավունքն ու դեպքերը խիստ սահմանափակված են: Մինչդեռ, Կոնվենցիան ոչ միայն խիստ չի մոտենում այս հարցին, այլեւ դրա 19-րդ հոդվածը թվարկում է վերապահում անելու անհնարինության դեպքերի սպառիչ ցանկը` երբ վերապահումն արգելվում է պայմանագրով կամ պայմանագիրը նախատեսում է, որ կարելի է անել միայն որոշակի վերապահումներ, որոնց թվի մեջ տվյալ վերապահումը չի մտնում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ վերապահումն անհամատեղելի է պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ: Մնացած դեպքերում վերապահում անելու իրավունքը ըստ էության պետության ներքին իրավասության խնդիր է: Մյուս կողմից «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածը նախատեսում է նախքան պայմանագրի ստորագրումը դրա վերաբերյալ վերապահում անելու իրավունքը, իսկ օրինակ վավերացման կամ հաստատման փուլում այն չի կարեւորում: Մինչդեռ գործնականում լինում են դեպքեր, երբ այդպիսի վերապահում անելու անհրաժեշտություն է առաջանում հենց հաստատման կամ վավերացման ժամանակ` պայմանավորված տարբեր պատճառներով: Ի դեպ այս մասին են վկայում նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման վիճակի վերաբերյալ վերջինիս տարեկան հաղորդումները: Մասնավորապես, երբ պայմանագրերի մշակման, կազմման, ինչպես նաեւ դրանց ստորագրումից հետո հայտնի են դառնում, որ դրանցում ամրագրված նորմերը ոչ միայն չեն բավարարում իրավական որոշակիության կանոններին, այլեւ հնարավոր է ստեղծվեն հակասահմանադրական իրավիճակներ (օրինակ` երբ միջազգային պայմանագրից բխող գործողություններ են ձեռնարկվում, որոնք ըստ էության չեն համապատասխանում ՀՀ սահմանադրության դրույթներին, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի արտահատած իրավական դիրքորոշումներին):  Սա այն դեպքում, երբ ինչպես նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2009թ. տարեկան հաղորդուման մեջ. «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք դեռեւս բավարար չափով հաշվի չեն առնում սահմանադրական դատա՟րանի որոշումների պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են եւ իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանու՟թյուն: Մինչդեռ միջազգային սահմանադրական արդարադատության պրակտիկան միարժեքորեն վկայում է, որ սահմանադրական դատարանն իր որոշման մեջ Սահմանադրության նորմի իրավական բովանդակության բացահայտման կամ օրենքի նորմի սահմանադրական բովանդակության բացահայտման միջոցով ձեւակերպում է իր իրավական դիրքորոշումը, որը պարտադիր բնույթ ունի ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրինաստեղծ մարմինների համար:»:

Բացի այդ, վերապահման ինստիտուտը կարեւորվում է նաեւ գործողության մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման ընթացքում, այն մեկնաբանելիս, ինչպես նաեւ պայմանագրի մյուս կողմին (կողմերին) կամ որեւէ երրոդ կողմի հստակորեն ցույց տալու ՀՀ մտադրության մասին: Սա վկայութում է նաեւ երկրի միջազգային հեղինակության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերը հարգելու մասին:

3. միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ վերապահում սահմանելու իրավունքը ընձեռել ինչպես Հանրապետության Նախագահին, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովին: Այս խնդիրը կաեւոր է նույն իշխանության մարմինների միջեւ լիազորությունների տարանջատման, հավասարակշռման եւ փոխադարձ զսպման սկզբունքի լիարժեք գործադրման համար: Գործող օրենսդրությամբ այդպիսի իրավունքը տրված չէ ՀՀ ԱԺ-ին, ինչը առնվազը թուլացնում է օրենսդիր մարմնի դերակատարությունը երկրի կարեւորագույն հարցերում մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ արտաքաին քաղաքականությանը առավել ճկունություն հաղորդելու սահմանադրական լիազորությունների իրագործումը: Մյուս կողմից, եթե գործող օրենսդրության համաձայն. նույնիսկ տեսականորեն ՀՀ ԱԺ-ն ցանկություն արտահայտի ՀՀ Նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ արտահատել դիրքորոշում` այն չվավերացնելու կամ որոշ վերապահումներով վավերացնելու ձեւով, ապա այն կարող է արտահատվել միայն միջազգային պայմանգրի վավերացումը մերժելու միջոցով: Սա ոչ միայն նշանակում է սկզբից սկսել պայմանագրային հարաբերությունների գործընթացը, այլեւ ձեւավորում է կոնֆլիկտային իրավիճակ երկրի ներսում, հետեւաբար նաեւ թուլացնում է ՀՀ միջազգային դիրքրեը: Մինչդեռ, եթե ՀՀ ԱԺ-ի համար վերականգնվի վերապահում սահմանելու իրավունքը, ապա այդպիսի հակադրության անհրաժեշտություն չի առաջանա եւ ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի առավել նպատակային, ճկուն ու կնպաստի ՀՀ սահմանդրությամբ ամրագրված նորմերի առավել լիարժեք գործադրմանը:

Այսպիսիով, առաջարկվող փոփոխությունները կրում են համակարգային բնույթ եւ նպատակ ունեն ապահովել ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշմամբ նախատեսված պահանջների մի մասի կատարմանը: Այն է` Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, պետք է ներդաշնակ լինեն որոշմամբ ներկայացվող Սահմանադրական դատարանի իրավական դիրքրոշումներին եւ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին: Իսկ ինչպես ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասում. Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: