Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8241-15.02.2010-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ 308 Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Միջազգային պայմանագիրը կարող է վավերացվել Հանրապետության նախագահի կամ Ազգային Ժողովի կողմից սահմանված վերապահումով եւ (կամ) հայտարարությամբ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենսդրական նախագծերի փաթեթը նպատակ ունի հստակեցնել եւ ՀՀ կողմից միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգը համահունչ դարձնել ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ ՀՀ սահմանադրությանը:

Նախագծերով առաջարկվում է`

1. Հայաստանի Հանրապետությանը վերապահել իրավունք, որի համաձայն միջազգային պայմանագրերի կնքման ընթացքում, կնքման որեւէ փուլում, քանի դեռ միջազգային պայմանագրիրն ուժի մեջ չի մտնել, ՀՀ-ն իրավունք ունենա միակողմանիորեն չեղյալ հայտարարել պայմանագրային գործընթացը: Օրենսդրական այս բացը, ներկայումս ըստ էության ՀՀ-ին (ի դեմս պայմանգիրը հաստատող կամ վավերացնող մարմնի) զրկել է այդպիսի իրավունքից, քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքով: Մինչդեռ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 6-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն», ՀՀ սահմանադրության 9-րդ հոդվածի ուժով ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Իսկ միջազգային իրավունքը, մասնավորապես Վիենայի 1969 թվականի միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան, առանձին բացառություններով չի արգելում պետության կողմից մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը միակողմանիորեն չեղյալ ճանաչելու հնարավորությունը (ստորագրությունը հետ կանչելը, հաստատված կամ վավերացված պայմանագիրը, մինչեւ դրա գործողության մեջ մտնելը վերացնելը եւ այլն): Այլ կերպ ասած. ամրագրելով առաջարկվող նորմը` ՀՀ-ն իր արտաքին քաղաքակնության շրջանակներում վարվող բանակցությունների, ինչպես նաեւ կնքվող համաձայնությունների մեջ կլինի ավելի ճկուն:  Բացի այդ, առաջարկվում է նշել այն հիմքերը, որոնք իրավունք կտան ՀՀ-ին դրսեւորելու այդպիսի վարքագիծ: Մասնավորապես` երբ պայմանգրի մյուս կողմն հայտարարում է այնպիսի նախապայմանների մասին կամ ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ կամ այդպիսին կդառնան հետագայում, չնայած նրան, որ բանակցությունների ընթացքում չեն եղել այդպիսի պայմանավորվածություններ: Կամ պայմանագրի մյուս կողմը կատարել է խարդախություն, կաշառել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով գործադրել է հարկադրանք կամ անհիմն խախտել է պայմանագրի կնքման ընթացակարգերին առնչվող ժամկետները կամ թույլ է տվել ողջամիտ ժամկետների չարաշահում (ձգձգում) կամ երբ միջազգային պայմանագրի կնքման ընթացքում չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքի պահանջները: Ընդ որում, այս հիմքերից շատերը Վիենայի կոնվենցիայով (հոդվածներ 46-53) կարող են հիմք հանդիսանալ գործողության մեջ գտնվող պայմանագրի անվավերության համար: Հետեւաբար տրամաբանական եւ էական է այդպիսի հնարավորության ընձեռումը մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ լրացնել ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կասեցման կամ դադարեցման հիմքերը, որոնք առավել համահունչ կլինեն միջազգային իրավունքին եւ ՀՀ սահմանադրությանը:

2. նախատեսել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի հաստատման կամ վավերացման ժամանակ վերապահում անելու հիմքերը: ՀՀ ներկա օրենսդրությամբ վավերացման ժամանակ վերապահում անելու իրավունքն ու դեպքերը խիստ սահմանափակված են: Մինչդեռ, Կոնվենցիան ոչ միայն խիստ չի մոտենում այս հարցին, այլեւ դրա 19-րդ հոդվածը թվարկում է վերապահում անելու անհնարինության դեպքերի սպառիչ ցանկը` երբ վերապահումն արգելվում է պայմանագրով կամ պայմանագիրը նախատեսում է, որ կարելի է անել միայն որոշակի վերապահումներ, որոնց թվի մեջ տվյալ վերապահումը չի մտնում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ վերապահումն անհամատեղելի է պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ: Մնացած դեպքերում վերապահում անելու իրավունքը ըստ էության պետության ներքին իրավասության խնդիր է: Մյուս կողմից «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածը նախատեսում է նախքան պայմանագրի ստորագրումը դրա վերաբերյալ վերապահում անելու իրավունքը, իսկ օրինակ վավերացման կամ հաստատման փուլում այն չի կարեւորում: Մինչդեռ գործնականում լինում են դեպքեր, երբ այդպիսի վերապահում անելու անհրաժեշտություն է առաջանում հենց հաստատման կամ վավերացման ժամանակ` պայմանավորված տարբեր պատճառներով: Ի դեպ այս մասին են վկայում նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման վիճակի վերաբերյալ վերջինիս տարեկան հաղորդումները: Մասնավորապես, երբ պայմանագրերի մշակման, կազմման, ինչպես նաեւ դրանց ստորագրումից հետո հայտնի են դառնում, որ դրանցում ամրագրված նորմերը ոչ միայն չեն բավարարում իրավական որոշակիության կանոններին, այլեւ հնարավոր է ստեղծվեն հակասահմանադրական իրավիճակներ (օրինակ` երբ միջազգային պայմանագրից բխող գործողություններ են ձեռնարկվում, որոնք ըստ էության չեն համապատասխանում ՀՀ սահմանադրության դրույթներին, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի արտահատած իրավական դիրքորոշումներին):  Սա այն դեպքում, երբ ինչպես նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2009թ. տարեկան հաղորդուման մեջ. «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք դեռեւս բավարար չափով հաշվի չեն առնում սահմանադրական դատա՟րանի որոշումների պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են եւ իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանու՟թյուն: Մինչդեռ միջազգային սահմանադրական արդարադատության պրակտիկան միարժեքորեն վկայում է, որ սահմանադրական դատարանն իր որոշման մեջ Սահմանադրության նորմի իրավական բովանդակության բացահայտման կամ օրենքի նորմի սահմանադրական բովանդակության բացահայտման միջոցով ձեւակերպում է իր իրավական դիրքորոշումը, որը պարտադիր բնույթ ունի ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրինաստեղծ մարմինների համար:»:

Բացի այդ, վերապահման ինստիտուտը կարեւորվում է նաեւ գործողության մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման ընթացքում, այն մեկնաբանելիս, ինչպես նաեւ պայմանագրի մյուս կողմին (կողմերին) կամ որեւէ երրոդ կողմի հստակորեն ցույց տալու ՀՀ մտադրության մասին: Սա վկայութում է նաեւ երկրի միջազգային հեղինակության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերը հարգելու մասին:

3. միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ վերապահում սահմանելու իրավունքը ընձեռել ինչպես Հանրապետության Նախագահին, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովին: Այս խնդիրը կաեւոր է նույն իշխանության մարմինների միջեւ լիազորությունների տարանջատման, հավասարակշռման եւ փոխադարձ զսպման սկզբունքի լիարժեք գործադրման համար: Գործող օրենսդրությամբ այդպիսի իրավունքը տրված չէ ՀՀ ԱԺ-ին, ինչը առնվազը թուլացնում է օրենսդիր մարմնի դերակատարությունը երկրի կարեւորագույն հարցերում մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ արտաքաին քաղաքականությանը առավել ճկունություն հաղորդելու սահմանադրական լիազորությունների իրագործումը: Մյուս կողմից, եթե գործող օրենսդրության համաձայն. նույնիսկ տեսականորեն ՀՀ ԱԺ-ն ցանկություն արտահայտի ՀՀ Նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ արտահատել դիրքորոշում` այն չվավերացնելու կամ որոշ վերապահումներով վավերացնելու ձեւով, ապա այն կարող է արտահատվել միայն միջազգային պայմանգրի վավերացումը մերժելու միջոցով: Սա ոչ միայն նշանակում է սկզբից սկսել պայմանագրային հարաբերությունների գործընթացը, այլեւ ձեւավորում է կոնֆլիկտային իրավիճակ երկրի ներսում, հետեւաբար նաեւ թուլացնում է ՀՀ միջազգային դիրքրեը: Մինչդեռ, եթե ՀՀ ԱԺ-ի համար վերականգնվի վերապահում սահմանելու իրավունքը, ապա այդպիսի հակադրության անհրաժեշտություն չի առաջանա եւ ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի առավել նպատակային, ճկուն ու կնպաստի ՀՀ սահմանդրությամբ ամրագրված նորմերի առավել լիարժեք գործադրմանը:

Այսպիսիով, առաջարկվող փոփոխությունները կրում են համակարգային բնույթ եւ նպատակ ունեն ապահովել ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշմամբ նախատեսված պահանջների մի մասի կատարմանը: Այն է` Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, պետք է ներդաշնակ լինեն որոշմամբ ներկայացվող Սահմանադրական դատարանի իրավական դիրքրոշումներին եւ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին: Իսկ ինչպես ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասում. Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: