Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (22-ը փետրվարի 2007 թվական, ՀՕ-123-Ն) 38-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 38.1-րդ հոդվածով`
«Հոդված 38.1. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը եւ հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ իրավասու գերատեսչությունը:
3. Վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի` միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը եւ հիմնավորումը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` արտաքին գործերի նախարարություն:
4. Իրավասու գերատեսչությունից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք եւ տվյալ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իր կարծիքի հետ 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը, ըստ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի, ցանկացած ժամանակ` մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը (վավերագրերի փոխանակում, վավերացման կամ հաստատման ընթացակարգերը ավարտելու մասին ծանուցում, վավերագրի ի պահ հանձնում), իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը: Քանի որ այդ իրավունքի իրականացման ընթացակարգերը ներպետական իրավունքում նախատեսված չեն, ապա անհրաժեշտություն կա այդ նպատակով լրացնել միջազգային պայմանագրերի կնքման կարգը նախատեսող` «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը:
Անհրաժեշտ ճկունություն ապահովելու տեսանկյունից, նպատակահարմար է նախատեսել ոչ միայն կնքման ընթացակարգերի դադարեցման, այլ նաեւ կասեցման հնարավորություն: