Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-829-17.02.2010-ԱՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքը 38-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 38.1-րդ հոդվածով.

«Հոդված 38.1. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը եւ հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ իրավասու գերատեսչությունը:

3. Վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի` միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը եւ հիմնավորումը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` արտաքին գործերի նախարարություն:

4. Իրավասու գերատեսչությունից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված  փաստաթղթերը ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք եւ տվյալ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իր կարծիքի հետ 10-օրյա ժամկետում ներկայացնում  Հայաստանի Հանրապետության Նախագահին:

5. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցման դեպքում, այդ պայմանագրի կնքման ընթացակարգերը կարող են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վերսկսվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու անձանց եւ մարմինների նախաձեռնությամբ եւ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում սահմանված կարգով:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: