Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8271-16.02.2010-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 7-րդ  հոդվածի 2-րդ մասը  «անվճար» բառերից հետո  լրացնել «կամ արտոնյալ պայմաններում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  ընդունման անհրաժեշտության մասին

Առողջապահության ոլորտում պետության կողմից սահմանված առաջնահերթություն է բժշկական ծառայությունների, դեղերի եւ պարագաների մատչելիությունը եւ հասանելիությունը: Ինչպես սահմանում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է բնակչության առողջության պահպանման ծրագրերի իրականացումը, արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը նպաստելը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են մի շարք բժշկական ծառայություններ, որոնք ամբողջովին տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, ինպես նաեւ  սոցիալական անապահով խմբեր, որոնք իրավունք ունեն բժշկական ծառայություններ ստանալ անվճար:

Որոշ ծառայությունների համար (օրինակ` հաշմանդամներին դեղերի տրամադրման դեպքում) պետությունը սահմանել է արտոնյալ պայմաններում պետական բյուջեի հաշվին մասնակի փոխհատուցում` հաշվի առնելով հիվանդների ֆինանսական պաշտպանվածության անհրաժեշտությունը:  Սակայն գործնականում, բացի դեղերի տրամադրումից, նման արտոնյալ պայմաններ տրվում են նաեւ այլ բժշկական ծառայություններ եւ բժշկական պարագաներ տրամադրելու դեպքում, օրինակ` սիրտ-անոթային վիրահատությունների, հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստման ժամանակ եւ այլն:

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է սույն հարցը կարգավորել օրենքներով` սահմանելով անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը: