Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-828-16.02.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետութան 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «կարգով» բառը փոխարինել «դեպքում» բառով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «ղեկավարը» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի  ընդունման անհրրաժեշտությունը. Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպություների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում առկա հակասությունը վերացնելու անհրաժեշտությամբ:

Կարգավորվող հարաբերությունների ներկա  վիճակը եւ առկա խնդիրները. «Պետական ոչ առեւտրային կազմակերպություների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 19-րդ հոդվածի գ) կետի միջեւ առկա է ներքին հակասություն: Օրենքի առկա շարադրանքից բխում է, որ այն դեպքերում, երբ գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը հիմնադրի որոշմամբ վերապահվել է պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին, ապա այդ պայմանագիրը պետք է
ստորագրի նաեւ պետական լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն` այդ պայմանագրի հաստատումը վերապահվել է երկու մարմինների, ինչը, ըստ էության, իրատեսական չէ: Այս հանգամանքը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից 2009թ. փետրվարի 18-ի N ե 877 գրությամբ:

Հիշյալ հակասությունն արդեն իսկ հասցրել է կոլեգիալ կառավարման մարմին ունեցող պետական ոչ առեւտրային կազմակերպություններում տնօրենի ընտրությունից հետո տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ:

Առաջարկվող լուծումները. Արդարադատության նախարարության առաջարկության համաձայն կոլեգիալ կառավարման մարմնի առկայության պարագայում ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը պետք է հաստատվի խորհրդի կողմից:

Համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «Պետական ուսումնական հաստատության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ընտրում է տնօրեն եւ հիմնադրի անունից նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի փորձագիտական եզրակացության հիման վրա վաղաժամկետ դադարեցնում է
տնօրենի լիազորությունները` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով»:

Օրենքի ընդունման  դեպքում ակնկալվող արդյունքը. Սույն օրենքի ընդունմամբ ակնկալվում է վերացնել հիշյալ օրենսդրական հակասությունները: