Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-832-18.02.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Հայաստանի  Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության  1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «2009 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2012 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՄ

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

1995 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ճանաչվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը վերջին երեք տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 1998 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ձեռք բերելու համար:

Նշված հոդվածը մի քանի անգամ փոփոխվել է (այդ թվում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետը) վերջին անգամ  2003 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչեւ 2009 թվկանի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար:

Հարկ է նշել, որ 1988-1992 թվակականներին Ադրբեջանից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացն իրականացվում է վերը նշված նորմով: ՀՀ կառավարությունը որդեգրել է այդ անձանց կողմից ՀՀ քաղաքացիության ընդունումը խրախուսելու քաղաքականություն, սակայն դեռեւս Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող շուրջ 313.000 փախստականներից ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 82.000-ը: Նրանցից շատերը ցանկություն ունեն ստանալու ՀՀ  քաղաքացիություն, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու ժամկետը սահմանված է մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը, որը խոչընդոտ է հանդիսանում նրանց ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացի  կազմակերպման համար:

Այդ կապակցությամբ մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում  է ՀՀ  քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետը երկարաձգել ինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: