Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-831-18.02.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն) 353-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 353. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դիտավորությամբ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն պետք է նախատեսվի բոլոր քաղաքացիների համար, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը հանդիսանում է պաշտոնեական դիրքի չարաշահում, որը առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված սանկցիան ըստ էության չի համապատասխանում կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանին:

Օրենքի նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը (Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Բուլղարիա, Հունգարիա, Գերմանիա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդավիա, Ղազախստան), որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար:

Որոշ երկրներ (Մոլդավիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան) քրեական պատասխանատվություն են նախատեսում ինչպես քաղաքացիների, այնպես էլ պաշտոնատար անձանց համար:

Այդ առումով առավել ընդունելի ենք համարում եվրոպական երկրների փորձը, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց, հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը:

Ներկայացված օրենքի նախագծի կապակցությամբ անհրաժեշտ է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.3-րդ հոդվածը: