ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակները եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի (այդ թվում՝ գինիների եւ սպիրտային խմիչքներ) նկատմամբ, բացառությամբ բնական եւ հանքային ջրերի։
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում.
ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, եւ որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ բնական եւ մարդկային գործոնները, եւ որի արտադրությունը, վերամշակումը եւ պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.
երաշխավորված ավանդական արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք, որի յուրահատկությունները ճանաչված են եւ որը գրանցված է սույն օրենքի համաձայն.
սեռային անվանում՝ արտադրանքի անվանում, որը նույնիսկ եթե պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առեւտրային շրջանառության մեջ է դրվել, կորցրել է իր սկզբնական իմաստը եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի համար դարձել է ընդունված անվանում.
արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք, ներառյալ գինիները եւ սպիրտային խմիչքները,
յուրահատկություն՝ բնութագիր կամ բնութագրերի համախմբություն, որով արտադրանքը հստակ տարբերվում է նույն կատեգորիային պատկանող այլ նույնատիպ արտադրանքից.
ավանդական՝ շուկայում տեւական ժամանակահատվածում օգտագործում, որը ցույց է տալիս սերնդից սերունդ փոխանցելու հանգամանքը (այդ ժամկետը պետք է համապատասխանի մարդկային սերնդի համընդհանուր ընդունված տեւողությանը եւ կազմի, առնվազն՝ 25 տարի).
աշխարհագրական անվանում՝ գոյություն ունեցող տարածքի, տեղանքի կամ երկրի անվանում.
պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը սույն օրենքի եւ իր կանոնադրության համաձայն իրականացնում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված սույն օրենքով նախատեսված գործառույթները.
բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը.
խումբ` արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում, անկախ կազմակերպական-իրավական ձեւից եւ կազմից, որը գործում է իր կանոնադրության հիման վրա եւ արտադրական գործունեություն է իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ.
թվական՝ օր, ամիս, տարի:
Հոդված 3. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մասին օրենսդրությունը
1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
Հոդված 4. Օտարերկրյա անձանց իրավունքները
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց համահավասար։
2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը։
Հոդված 5. Պետական լիազոր մարմինը
1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝
1) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի ընդունումը, քննարկումը, փորձաքննության անցկացումը եւ գրանցումը.
2) պետության անունից աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերի հանձնումը.
3) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցամատյանների, ինչպես նաեւ աշխարհագրական նշումներ օգտագործողների եւ ծագման տեղանուններ օգտագործողների ցանկի վարումը.
4) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը.
5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
6) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը։
2. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ գրանցված աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաեւ իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։
3. Պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։
Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Պետական տուրքերը
1. Սույն օրենքի համաձայն իրավունքների ձեռքբերման եւ պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր։ Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը եւ կարգը սահմանվում են օրենքով։
ԳԼՈՒԽ 2
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. Իրավական պահպանության հիմնական դրույթները
1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա։
Հոդված 8. Աշխարհագրական նշման եւ ծագման տեղանվան պահպանության պայմանները
1. Որպես աշխարհագրական նշում կարող է պահպանվել տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար՝
1) որը ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից, եւ
2) որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, եւ
3) որը արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում։
2. Որպես ծագման տեղանուն կարող է պահպանվել տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար՝
1) որը ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից, եւ
2) որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ բնական եւ մարդկային գործոնները, եւ
3) արտադրվել, վերամշակվել եւ պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում։
3. Որպես աշխարհագրական նշումներ կամ ծագման տեղանուններ կարող են պահպանվել նաեւ արտադրանքի ավանդական աշխարհագրական կամ ոչ աշխարհագրական անվանումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին:
4. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից, ծագման տեղանուններին հավասարեցվում են որոշ աշխարհագրական անվանումներ այն դեպքում, երբ այդ անվանումներով նշվող ապրանքների արտադրության համար օգտագործվող սկզբնական հումքը ծագում է ավելի լայն աշխարհագրական տեղանքից կամ այլ տարածքից, որը տարբերվում է նրանից, որտեղ տեղի է ունենում դրա վերամշակումը, պայմանով, որ՝
1) որոշված են սկզբնական հումքի արտադրության տարածքի սահմանները.
2) ստեղծված են սկզբնական հումքի արտադրության հատուկ պայմաններ.
3) կազմակերպված է տեսչական վերահսկողություն, որն պահովում է սույն մասի 2-րդ կետում նշված պայմանների կատարումը։
5. Սույն հոդվածի 4-րդ մասի իմաստով հումք համարվում են միայն կենդանի կենդանիները, միսը եւ կաթը։
6. Գինիների համար սույն օրենքի համաձայն կարող են գրանցվել աշխարհագրական նշումներ եւ ծագման տեղանուններ, իսկ սպիրտային խմիչքների համար՝ միայն աշխարհագրական նշումներ:
Հոդված 9. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը
1. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք կարող է պահպանվել այն արտադրանքը, որը՝
1) ստացվում է ավանդական սկզբնական հումքից, կամ
2) բնութագրվում է ավանդական բաղադրությամբ, կամ
3) բնութագրվում է արտադրության եւ (կամ) վերամշակման եղանակով, որը համապատասխանում է արտադրության եւ (կամ) վերամշակման ավանդական եղանակին։
2. Բնութագիրը կամ բնութագրերի համախմբությունը, որը պայմանավորում է արտադրանքի յուրահատկությունը, պետք է կապված լինի այդ արտադրանքին բնորոշ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ զգայորոշման որակների հետ, արտադրության եղանակի կամ առանձնահատուկ պայմանների հետ։ Արտադրանքի արտաքին տեսքը չի համարվում դրա յուրահատկության բնութագիր։
3. Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել, եթե նրա անվանումն ըստ էության յուրահատուկ է կամ արտահայտում է արտադրանքի յուրահատկությունը։
4. Ըստ էության յուրահատուկ անվանումը պետք է լինի ավանդական եւ համապատասխանի կայացած սովորույթներին։
5. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է պարունակել աշխարհագրական անվանում, եթե այն չի վնասում պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքին։
6. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը չպետք է վնասի ապրանքային նշանի իրավունքին կամ մտավոր սեփականության այլ իրավունքներին։
7. Բույսի տեսակի եւ կենդանու ցեղատեսակի անվանումը կարող է օգտագործվել ավանդական երաշխավորված արտադրանքի անվանման մեջ, եթե սպառողը մոլորության մեջ չի ընկնի արտադրանքի բնույթի հարցում:
Հոդված 10. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը մերժելու հիմքերը
1. Որպես աշխարհագրական նշում չեն գրանցվում եւ չեն պահպանվում այն անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պայմաններին կամ համապատասխան դեպքերում՝ նույն հոդվածի 3-րդ մասի պայմաններին։
2. Որպես ծագման տեղանուն չեն կարող գրանցվել եւ չեն պահպանվում այն անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պայմաններին, կամ համապատասխան դեպքերում՝ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պայմաններին։
3. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք չեն կարող գրանցվել եւ չեն պահպանվում այն արտադրանքի անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պայմաններին։
4. Որպես աշխարհագրական նշում, ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանք չեն կարող գրանցվել եւ չեն պահպանվում այն անվանումները, որոնք՝
1) դարձել են ապրանքի սեռային անվանում.
2) հակասում են հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաեւ անհարիր են ազգային կամ հոգեւոր արժեքներին։
5. Անվանումը չի կարող գրանցվել որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, եթե՝
1) որեւէ ապրանքային նշանի համբավի ու ճանաչված լինելու, ինչպես նաեւ դրա տեւական օգտագործման պատառով, գրանցումը կարող է մոլորության մեջ գցել սպառողին ապրանքի իսկության հարցում.
2) շփոթություն է առաջացնում բույսի տեսակի կամ կենդանու ցեղատեսակի օմոնիմիկ (նույնանուն, համանուն) անվանման հետ համադրելի արտադրանքի հարցում, այն դեպքում, երբ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտի ներկայացման թվականի դրությամբ բույսի տեսակը կամ կենդանու ցեղատեսակը եղել է առեւտրային արտադրության առարկա, որի արդյունքում վտանգ է առաջանում, որ սպառողը կարող է գրանցված անվանումը կրող արտադրանքը շփոթել բույսի տեսակի կամ կենդանու ցեղատեսակի հետ։
6. Պահպանվող անվանմանը օմոնիմիկ կամ մասնակի օմոնիմիկ անվանման գրանցումը մերժվում է, եթե հաշվի առնելով տեղական եւ ավանդական կիրառումը, ինչպես նաեւ շփոթելու փաստացի վտանգը, սպառողի մոտ թյուր տպավորություն կառող է ստեղծվել, որ ապրանքը ծագում է այլ տարածքից, եթե նույնիսկ տվյալ անվանումը ճիշտ է այն տարածքի, տեղանքի կամ բնակավայրի համար, որտեղից ծագում են տվյալ անվանմամբ պահպանվող արտադրանքը։
7. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք չի կարող գրանցվել արտադրանքը, որի յուրահատկությունը պայմանավորված է իր ծագմամբ կամ աշխարհագրական վայրով։ Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման մեջ աշխարհագրական վայրերի անվանումներ կարող են օգտագործվել, եթե դա չի վնասում մտավոր սեփականության ավելի վաղ այլ իրավունքներին, մասնավորապես՝ ապրանքային նշանների, պահպանվող աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքներին։
Հոդված 11. Արտադրանքի տեխնիկական հատկորոշումները
1. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան նկատմամբ իրավունքի ձեռքբերման կամ որպես երաշխավորված ավանդական արտադրանք ճանաչվելու համար ապրանքը պետք է համապատասխանի սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավասու մարմնի կողմից հաստատված արտադրանքի տեխնիկական հատկորոշումներին։
2. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝
1) աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, որի համար հայտարկվում է պահպանությունը.
2) արտադրանքի, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ հումքի անվանումը եւ նկարագրությունը, ինչպես նաեւ արտադրանքի ֆիզիկաքիմիական, մանրէաբանական եւ (կամ) զգայորոշման հիմնական բնութագրերը.
3) աշխարհագրական գոտու սահմանների նշումը եւ անհրաժեշտության դեպքում՝ նշումներ, որոնք հավաստում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանների պահպանված լինելը.
4) նշումներ, որոնք ապացուցում են ապրանքի ծագումը տվյալ աշխարհագրական գոտուց սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կամ, ըստ անհրաժեշտության, 2-րդ մասին համապատասխան.
5) արտադրանքի ստացման եղանակի եւ, անհրաժեշտության դեպքում, արտադրանքի ստացման համար տեղական բարեխիղճ եւ մշտապես օգտագործվող եղանակների նկարագրությունը, ինչպես նաեւ փաթեթավորմանը վերաբերող պահանջերի նկարագրությունը, եթե հայտատուն նշում եւ հիմնավորում է արտադրանքը տվյալ աշխարհագրական գոտում փաթեթավորելու անհրաժեշտությունը` որակի պահպանման կամ ծագման երաշխավորման կամ վերահսկողության ապահովման նպատակով.
6) նշումներ, որոնք հիմնավորում են արտադրանքի բնութագրերի եւ որակի կապը աշխարհագրական միջավայրի հետ, կամ, անհրաժեշտության դեպքում,
արտադրանքի բնորոշ հատկությունների, համբավի կամ այլ առանձնահատկությունների կապը դրա աշխարհագրական ծագման հետ.
7) պետական մարմինների կամ տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների անվանումները, նրանց հասցեները, ինչպես նաեւ նրանց պարտավորությունների ճշգրտումը.
8) տվյալ արտադրանքի մակնշման այլ հատուկ կանոններ.
9) այլ հնարավոր հատկորոշումներ, որոնք գործող օրենսդրության համաձայն պետք է պահպանվեն։
3. Երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝
1) երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը.
2) արտադրանքի նկարագրությունը՝ դրա ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ զգայորոշման հատկությունների նշմամբ.
3) արտադրության եղանակի նկարագրությունը, որը կիրառվում է արտադրողների կողմից, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, արտադրանքի սկզբնական հումքի բնույթի եւ բնութագրերի կամ օգտագործվող բաղադրամասերի եւ պատրաստման մեթոդների նկարագրությունը.
4) արտադրանքի յուրահատկությունը որոշող հիմնական տարրերը.
5) էական տարրերը, որոնք պայմանավորում են արտադրանքի ավանդական լինելը.
6) արտադրանքի յուրահատկության նվազագույն պահանջները եւ գնահատման գործընթացի նկարագրությունը։
Հոդված 12. Պահպանության իրավունք
1. Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել, եթե՝
1) այն համապատասխանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի կամ համապատասխան դեպքում՝ 9-րդ հոդվածի, ինչպես նաեւ 11-րդ հոդվածի դրույթներին, եւ պահպանության տրամադրումը ենթակա չէ մերժման 10-րդ հոդվածի դրույթների համաձայն.
2) գրանցման ներկայացված հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին։
2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի միայն խումբը, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեություն:։
3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին՝
1) կարող է հավասարեցվել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե հայտ ներկայացնելու թվականի դրությամբ նա միակ անձն է, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեությունը.
2) կարող են միանալ նաեւ այլ շահագրգիռ անձինք։
4. Խումբը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցման հայտ ներկայացնել միայն այն ապրանքների համար, որոնք ինքն է արտադրում կամ արդյունահանում։
5. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքը համատեղ պատկանում է այն անձանց, որոնք տվյալ ապրանքներն արտադրում եւ (կամ) վերամշակում եւ (կամ) պատրաստում են համապատասխան աշխարհագրական գոտում՝ պահպանելով տեխնիկական հատկորոշումների դրույթները։
6. Համապատասխան աշխարհագրական գոտում գտնվող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների դրույթների համաձայն արտադրում եւ (կամ) վերամշակում եւ (կամ) պատրաստում է ապրանք, կարող է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ դրա օգտագործման իրավունք ստանալու համար։
7. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն առաջին անգամ է առեւտրային շրջանառության մեջ դնում երաշխավորված ավանդական արտադրանք, նունիսկ եթե հանդիսանում է խմբի անդամ, պարտավոր է այդ մասին նախապես գրավոր ծանուցել սույն օրենքի 37րդ հոդվածում նշված իրավասու մարմիններին:
Հոդված 13. Գործողության ժամկետը եւ օգտագործման իրավունքի երկարաձգումը
1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանությունը գործում է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից, առանց ժամկետային սահմանափակման։
2. Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը տրվում է տասը տարի ժամկետով։ Ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան տասը տարի ժամկետով, եթե պահպանվում են տվյալ արտադրանքի տեխնիկական հատկորոշումները։
3. Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի իրավատերերը, մինչեւ յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալը կարող է են դիմել պետական լիազոր մարմին՝ օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար։ Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է պետական լիազոր մարմին արտադրանքի բնորոշ հատկանիշների պահպանվածության մասին իրավասու մարմնի կողմից տրված հավաստագրի, ինչպես նաեւ օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին։
4. Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձեւը, ներկայացման եւ քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Պահպանվող ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման իրավունքը երկարաձգման դիմումը ներկայացվում է այդ իրավունքի իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից։
6. Օգտագործման իրավունքի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում։ Դիմումը կարող է ներկայացվել նաեւ գրանցման գործողության տասնամյա ժամկետի ավարտից հետո, վեց ամսվա ընթացքում՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման պայմանով:
7. Գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը գործում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։ Գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին տվյալները մուտքագրվում են պետական լիազոր մարմնի աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների գրանցամատյանում եւ հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
Հոդված 14. Աշխարհագրական նշման եւ ծագման տեղանվան պաշտպանությունը
1. Գրանցված աշխարհագրական նշումները եւ ծագման տեղանունները պաշտպանվում են՝
1) գրանցված անվանման ուղղակի կամ անուղղակի ցանկացած առեւտրային օգտագործումից՝ գրանցումով չներառված արտադրանքի համար այնքանով, որքանով այդ ապրանքները համեմատելի են տվյալ անվանմամբ գրանցված արտադրանքի հետ կամ այնքանով, որքանով այդպիսի օգտագործումը թույլ է տալիս օգտվել պահպանվող անվանման համբավից.
2) ցանկացած ապօրինի յուրացումից, վերարտադրումից, նմանակումից կամ դրանց հիշեցնող (մտաբերող) ցանկացած օգտագործումից, եթե նույնիսկ նշված է ապրանքի իրական ծագումը, կամ պահպանվող անվանումն օգտագործվում է թարգմանաբար, կամ ուղեկցվում է այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են՝ «սեռ», «տեսակ», «տիպ» «ոճ», «նմանակում» կամ նմանատիպ այլ արտահայտություններով.
3) ցանկացած կեղծ կամ շփոթություն առաջացնող նշումից, որը վերաբերում է ապրանքի ծագմանը, աշխարհագրական վայրին, բնապայմաններին կամ էական որակական հատկություններին, որոնք առկա են ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա, գովազդում, տվյալ ապրանքին վերաբերող փաստաթղթերում կամ փաթեթավորման համար նախատեսված կոնտեյներների վրա, որոնք կարող են մոլորեցնել ապրանքի աշխարհագրական ծագման հարցում.
4) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել ապրանքի իրական աշխարհագրական ծագման վերաբերյալ։ Եթե գրանցված անվանումը պարունակում է սեռային անվանում, ապա այդ սեռային անվանման օգտագործումը համապատասխան ապրանքների համար չի հակասում սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերին։
2. Պահպանվող անվանումները չեն կարող դառնալ սեռային ։
3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումից ծագում է դրանց օգտագործման իրավունքը։ Գրանցված աշխարհագրական նշումը կամ գրանցված ծագման տեղանունը չի կարող դառնալ փոխանցման կամ լիցենզիայի կամ ցանկացած այլ գույքային իրավունքի առարկա։
4. Արգելվում է «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների կամ դրանց համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։
Հոդված 15. Երաշխավորված ավանդական արտադրանքի պաշտպանությունը
1. Սույն օրենքի համաձայն գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքը պաշտպանվում է՝
1) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել, հատկապես այնպիսի գործողություններից, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանք է.
2) գրանցված անվանման ցանկացած նմանակումից, որը վերապահված է սույն օրենքի 40 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
2. Արգելվում է առեւտրում օգտագործել ապրանքների անվանումներ, որոնք կարելի է շփոթել սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցված անվանումների հետ։
3. Արգելվում է «Երաշխավորված ավանդական արտադրանք» կամ դրան համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։
Հոդված 16. Պահպանության դադարեցումը եւ իրավունքներից զրկումը
1. Գրանցման հիման վրա ստացված իրավունքները դադարեցվում են՝
1) գրանցման հայտ ներկայացնելու թվականից, եթե գրանցումն անվավեր է ճանաչվում.
2) հետկանչի գործընթացն սկսելու թվականից, եթե հետ է կանչվում պահպանությունը.
2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե այն կատարվել է սույն օրենքի դրույթների խախտմամբ։
3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը հետ է կանչվում, եթե՝
1) սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, նշված աշխարհագրական գոտուն բնորոշ յուրահատուկ բնական պայմանների եւ (կամ) մարդկային գործոնների փոփոխության կամ վերացման հետեւանքով այլեւս անհնարին է ստանալ տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանք.
2) տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն այլեւս չի պահպանվում ծագման երկրում, եթե աշխարհագրական գոտին պատկանում է այլ երկրի։
4. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը հետ է կանչվում, եթե սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմինը անհամապատասխանություն է գտնում արտադրանքի իրական բնութագրերի եւ տեխնիկական հատկորոշումների միջեւ, այն դեպքում, երբ դրանք որեւէ ձեւով վերացնել հնարավոր չէ։
5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը պետական լիազոր մարմինը դադարեցնում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան.
2) իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում.
3) իրավատիրոջ դիմումի հիման վրա.
4) սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմնի միջնորդության հիման վրա, եթե նա գտնում է, որ տեխնիկական հատկորոշումները չեն պահպանվում։
ԳԼՈՒԽ 3
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 17. Գրանցման հայտը
1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը (այսուհետ նաեւ՝ հայտ) ներկայացվում է այն խմբի կողմից, որը համապատասխանում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին։
2. Հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը նույնպես ներկայացվում են հայերեն։ Կցվող փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում, հայտը ներկայացնելու թվականից երկու ամսվա ընթացքում ներկայացվում է դրանց հայերեն թարգմանությունը։
3. Հայտի ձեւը, ներկայացման կարգը եւ եղանակները, ներառյալ էլեկտրոնային եղանակը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 18. Հայտին ներկայացվող պահանջները
1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտը պետք է պարունակի՝
1) հայտատուի անվանումը եւ գտնվելու վայրը (հասցեն).
2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված եւ հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
3) միասնական փաստաթուղթ, որը պարունակում է տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը,. անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը, արտադրանքի նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ փաթեթավորման կամ արտադրանքի պիտակավորման նկատմամբ կիրառվող հատուկ կանոնները, նշված աշխարհագրական գոտու սահմանների հակիրճ նկարագրությունը, արտադրանքի եւ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի 2-րդ կետերի հանաձայն աշխարհագրական միջավայրի կամ աշխարհագրական ծագման միջեւ եղած կապի նկարագրությունը, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, արտադրանքի նկարագրության հատուկ տարրերը կամ դրա արտադրության մեթոդը, որոնք հաստատում են այդ կապը։
2. Երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը պետք է պարունակի՝
1) հայտատուի անվանումը եւ գտնվելու վայրը (հասցեն).
2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված եւ հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
3) տեխնիկական հատկորոշումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների անվանումները, դրանց գտնվելու վայրը (հասցեները) եւ գործառույթները.
4) փաստաթղթեր, որոնք ապացուցում են արտադրանքի յուրահատուկ եւ ավանդական բնույթը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աշխարհագրական գոտուն վերաբերող հայտին կից, բացի սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերում նշված տարրերից, պետք է ներկայացվի ծագման երկրում տվյալ անվանման գրանցումը հավաստող փաստաթուղթ։
4. Հայտին կից պետք է ներկայացվի հայտի հրապարակման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։
5. Ներկայացուցչի միջոցով ներկայացված հայտին կցվում է լիազորագիր։
Հոդված 19. Ներկայացուցչությունը
1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում ունեն գտնվելու կամ բնակության վայր, կամ գործող արդյունաբերական կամ առեւտրային հաստատություն, սույն օրենքին համապատասխան իրավունքների ձեռքբերման եւ պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ կարող են վարել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց կողմից տրված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձեւով։
2. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առեւտրային հաստատություն, սույն օրենքի համաձայն իրենց իրավունքների ձեռքբերման եւ պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ վարում են արտոնագրային կամ ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 20. Հայտի ներկայացման թվականը
1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի ներկայացման թվականը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու թվականով, պայմանով, որ այն ներառում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, կամ համապատասխան դեպքում, 2-րդ մասի, ինչպես նաեւ 4-րդ մասով նախատեսված բոլոր տարրերը։
Հոդված 21. Հայտի հետկանչը եւ փոփոխությունը
1. Մինչեւ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման ընդունման թվականը հայտատուն կարող է դիմել պետական լիազոր մարմին՝
1) հայտը հետ կանչելու համար.
2) հայտի փաստաթղթերում փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար, պայմանով, որ այդ գործողություններն էականորեն չեն ազդում գրանցման ներկայացված անվանման վրա եւ չեն ընդլայնում ապրանքների ցանկը։
2. Լրացումները, փոփոխությունները եւ (կամ) ճշգրտումները, որոնք էականորեն փոխում են գրանցման ներկայացված անվանումը կամ ընդլայնում են ապրանքների ցանկը, հաշվի չեն առնվում։ Դրանք կարող են դառնալ նոր հայտի առարկա։
3. Եթե հայտն արդեն հրապարակվել է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, ապա դրա հետկանչի կամ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները նույնպես հրապարակվում են։
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարվում են օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով։
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ձեւը, ներկայացման եւ քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 22. Հայտի փորձաքննությունը
1. Պետական լիազոր մարմինն ստացված հայտով անցկացնում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի համապատասխանությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին եւ սույն օրենքով սահմանված պահպանության պահանջներին։ Փորձաքննության տեւողությունը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փորձաքննության գործընթացը ներառում է հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննություն եւ ըստ էության փորձաքննություն։
3. Փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինը կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հարցում ուղարկել հայտատուին։ Այս դեպքում ծանուցումն ուղարկելու թվականի եւ դրա պատասխանը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու թվականի միջեւ ընկած ժամանակահատվածը հաշվի չի առնվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկման ժամանակ ։
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջված նյութերը ներկայացվում են ծանուցումն ստանալու թվականից երկու ամսվա ընթացքում։
5. Եթե հայտատուն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը, կամ սահմանված ժամկետի երկարաձգման դիմում չի ներկայացնում, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Ժամկետի երկարաձգման դիմումին կցվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ժամկետի երկարաձգման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 23. Հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննությունը
1. Հայտն ստանալու թվականից մեկ ամսվա ընթացքում պետական լիազոր մարմինն անցկացնում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության փորձաքննություն՝ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայտի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝
1) հայտը համապատասխանում է ներկայացման թվականի սահմանման պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն սահմանում է հայտի ներկայացման թվականը.
2) հայտը չի համապատասխանում ներկայացման թվականի սահմանման պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին եւ նրան առաջարկում է ծանուցումն ստանալուց երկամսյա ժամկետում կատարել պահանջվող ուղղումները։
3. Եթե հայտատուն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝
1) սահմանված ժամկետում ուղղում է հայտնաբերված անճշտությունները, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է անճշտությունների ուղղման թվականով.
2) սահմանված ժամկետում չի ուղղում հայտնաբերված անճշտությունները, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին տասնօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն։
4. Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտի տվյալները մուտքագրում է համապատասխանաբար աշխարհագրական նշումների հայտերի հիմնապաշար կամ ծագման տեղանունների հայտերի հիմնապաշար կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի հիմնապաշար:
5. Հայտի տվյալները համապատասխան հիմնապաշար մուտքագրելուց մեկ ամսվա ընթացքում պետական լիազոր մարմինը փորձաքննություն է անցկացնում հետեւյալ հիմքերով՝
1) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության.
2) սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տեխնիկական հատկորոշումներին հայտի համապատասխանության.
3) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին հայտին կցված փաստաթղթերի համապատասխանության.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության։
6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը՝
1) համապատասխանում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ըստ էության փորձաքննության անցկացման մասին եւ տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է հայտատուին՝ նշելով նաեւ հայտի՝ ներկայացման թվականը.
2) չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մաով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին եւ առաջարկում է եռամսյա ժամկետում ուղղել դրանք։
7. Եթե սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն ծանուցման արդյունքում հայտատուն սահմանված ժամկետում չի ուղղում անճշտությունները կամ ժամկետի երկարաձգման դիմում չի ներկայացնում, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին եւ տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։
Հոդված 24. Հայտի հրապարակումը
1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը աշխարհագրական նշման, ծագման տեղանվան գրանցման կամ երաշխավորված ավանդական երաշխավորված արտադրանքի հայտի տվյալները մեկամսյա ժամկետում հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։ Հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 25. Առարկությունները
1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ ավանդական երաշխավորված արտադրանքի գրանցման հայտի հրապարակումից երեք ամսվա ընթացքում ցանկացած շահագրգիռ անձ, պետական մարմիններ, այդ թվում՝ այլ երկրների, իրավունք ունեն գրանցման դեմ առարկություն ներկայացնելու։
2. Առարկությունը պետական լիազոր մարմին է ներկայացվում գրավոր եւ պետք է լինի հիմնավորված։ Առարկության հետ պետք է ներկայացվի օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Եթե օրենքով սահմանված պետական տուրքը սահմանված ժամկետում չի վճարվել, ապա առարկությունը համարվում է չներկայացված։
3. Առարկություն ներկայացնող անձը ներկայացման թվականից մեկ ամսվա ընթացքում կարող է լրացուցիչ փաստարկներ եւ հիմնավորումներ ներկայացնել։
4. Փորձաքննության են ենթարկվում միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում պետական լիազոր մարմին ներկայացված առարկությունները։
5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման դեմ ներկայացված առարկությունները կարող են բավարարվել միայն այն դեպքում, երբ դրանք ապացուցում են, որ հայտարկված անվանումը՝
1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջներին, կամ
2) հակասում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերին, կամ
3) գրանցման դեպքում վնաս կհասցնի ավելի վաղ գրանցված աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ օմոնիմիկ են այն ապրանքային նշաններին կամ ապրանքներին, որոնք հայտի հրապարակման թվականին նախորդող առնվազն հինգ տարվա ընթացքում օրինական ձեւով գտնվում են առեւտրային շրջանառության մեջ, կամ
4) սույն օրենքի իմաստով սեռային անվանում է։
6. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ ներկայացված առարկությունները կարող են բավարարվել միայն այն դեպքում, երբ դրանք ապացուցում են, որ՝
1) պահպանված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, կամ
2) սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում նույնատիպ արտադրանքի համար հայտարկված ավանումը հայտնի է, օգտագործվում է օրինաչափ եւ տնտեսապես զգալի ծավալով:
Հոդված 26. Ըստ էության փորձաքննությունը
1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերի առկայությունը.
2) գրանցման դեմ ներկայացված առարկությունները։
2. Ելնելով փորձաքննության արդյունքներից՝ պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ հայտի մերժման մասին։ Որոշման մասին մեկամսյա ժամկետում ծանուցվում է հայտատուն։
3. Հայտի փորձաքննությունն անցկացվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում։
Հոդված 27. Առարկության քննարկումը
1. Եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան նարկայացված առարկությունը քննության է առնվում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին, որը ծանուցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում կարող է շարադրել իր տեսակետը, որից հետո պետական լիազոր մարմինը կողմերին առաջարկում է վեճը լուծել բանակցությունների միջոցով։
2. Եթե առարկող կողմը եւ հայտատու խումբը համաձայնության են եկել, ապա այդ համաձայնությունը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Եթե համաձայնության արդյունքում սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն հրապարակված տվյալներում փոփոխություններ չեն կատարվում կամ փոփոխություններն էական չեն, ապա պետական լիազոր մարմինը գործում է սույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն։ Հակառակ դեպքում պետական լիազոր մարմինը նոր փորձաքննություն է անցկացնում՝ համաձայն սույն օրենքի 22-րդ հոդվածի ։
3. Եթե կողմերը համաձայնության չեն եկել, ապա պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 4-7-րդ մասերի համաձայն քննարկում է ներկայացված առարկությունները եւ որոշում է ընդունում՝ հաշվի առնելով տեղական սովորույթներն ու ավանդույթները եւ շփոթության առկա վտանգը։
4. Պետական լիազոր մարմինը քննարկում է առարկության բավարարման հնարավորությունը եւ կողմերի փաստարկները։ Սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 2-4-րդ կետերով, կամ, համապատասխան դեպքում, 6-րդ մասով նախատեսված չափանիշները քննության են առնվում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ մտավոր սեփականության իրավունքների առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այդ իրավունքների նկատմամբ։
5. Հայտատուի հարցման հիման վրա առարկության հիմք հանդիսացած ավելի վաղ գրանցում ունեցող ապրանքային նշանի իրավատերը պետք է ապացույցներ ներկայացնի, որ հայտի հրապարակման թվականից առաջ, 5 տարվա ընթացքում, ավելի վաղ գրանցված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել է այն ապրանքների եւ ծառայությունների համար, որոնց նկատմամբ գրանցված է եւ որոնց վրա հիմնվում է առարկությունը, կամ, որ գոյություն ունեն չօգտագործելու համար պատճառաբանված հիմքեր, պայմանով որ այդ պահի դրությամբ ապրանքային նշանը գրանցված լինի առնվազն 5 տարի։ Այդպիսի ապացույցներ չներկայացնելու դեպքում առարկությունը մերժվում է։
6. Առարկության քննարկումը կողմերից մեկի հիմնավորված դիմումի հիման վրա կարող է կասեցվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով։
7. եթե քննության արդյունքում առարկությունը բավարարվում է, ապա պետական լիազոր մարմինը մերժում է հայտը, իսկ հակառակ դեպքում՝ մերժում է առարկությունը՝ այդ մասին ծանուցելով կողմերին։
Հոդված 28. Հայտի մերժումը
1. Պետական լիազոր մարմինը հայտը մերժելու մասին որոշում է կայացնում, եթե՝
1) սույն օրենքի 23-րդ եւ 26-րդ հոդվածների համաձայն կատարված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված անվանումը սույն օրենքի դրույթների համաձայն չի կարող գրանցվել համապատասխանաբար որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, կամ հայտարկված արտադրանքը չի համապատասխանում երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար սույն օրենքով նախատեսված պայմաններին.
2) ներկայացված առարկությունը սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն բավարարվել է։
2. Եթե գրանցման ներկայացված աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը պարունակում է մեկ կամ ավելի սեռային անվանում, եւ եթե դրանց ներառումն անվանման մեջ կարող է կասկած առաջացնել այդ անվանման պահպանության ծավալների նկատմամբ, պետական լիազոր մարմինը որպես գրանցման պայման պահանջում է, որ հայտատուն հայտարարություն ներկայացնի այն մասին, որ այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունք չի խնդրարկում։ Այդ հայտարարությունը հրապարակվում է գրանցման տվյալների հետ միաժամանակ։
3. Եթե օրենքով սահմանված գործընթացի համաձայն հայտը մերժվել է այն հիմքով, որ որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն հայտարկվող անվանումը սեռային հասկացություն է, պետական լիազոր մարմինը տվյալ որոշումը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
4. Մերժման մասին որոշումը չի ընդունվում, քանի դեռ հայտատուին չի տրվել հայտը հետ կանչելու կամ փոփոխելու, կամ մերժման հիմքերի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելու հնարավորություն։
Հոդված 29. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը եւ օգտագործման իրավունքների տրամադրումը
1. Եթե սույն օրենքի 23-րդ եւ 26-րդ հոդվածների համաձայն հայտի քննարկման արդյունքում պարզվում է, որ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար բոլոր պայմանները բավարարված են, եւ որ գրանցման դեմ որեւէ առարկություն չի ներկայացվել, կամ ներկայացված առարկությունները մերժվել են, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում համապատասխանաբար՝
1) աշխարհագրական նշումը աշխարհագրական նշումների պետական գրանցամատյանում գրանցելու եւ հայտատուին աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք տրամադրելու մասին.
2) ծագման տեղանունը ծագման տեղանունների պետական գրանցամատյանում գրանցելու եւ հայտատուին ծագման տեղանվան օգտագործման իրավունք տրամադրելու մասին.
3) երաշխավորված ավանդական արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանում գրանցելու մասին։
2. Գրանցման մասին որոշումն ընդունելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինը հայտատուին է հանձնում պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր։ Վկայագրի ձեւը եւ պարունակող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Եթե հայտատուն կամ նրա ներկայացուցիչը մեկամսյա ժամկետում օգտագործման իրավունքի վկայագիրը չեն ստանում, ապա պետական լիազոր մարմինը տասնօրյա ժամկետում այն առաքում է փոստով։
4. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին տվյալները, ինչպես նաեւ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ստացած անձանց մասին տվյալները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը դիմումի հիման վրա կարող է տրամադրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի պայմաններին համապատասխանող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի։
Հոդված 30. Պետական գրանցամատյանները
1. Պետական լիազոր մարմինը վարում է պահպանվող աշխարհագրական նշումների պետական գրանցամատյանը, պահպանվող ծագման տեղանունների պետական գրանցամատյանը եւ պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանը։
2. Պետական գրանցամատյաններում մուտքագրվում են այն տվյալները, որոնք նախատեսված են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Պետական գրանցամատյանում մուտքագրված ցանկացած գրառում կամ փոփոխություն հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
3. Պետական գրանցամատյանները բաց են հանրության համար։
4. Պետական լիազոր մարմինը ցանկացած անձի դիմումի հիման վրա եւ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քաղվածքներ է տրամադրում պետական գրանցամատյաններից։
ԳԼՈՒԽ 4
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։
ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Հայտերի վերաբերյալ որոշումների բողոքարկումը
1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի վերաբերյալ ցանկացած որոշում կողմերը կարող են վիճարկել դրա ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դրանց գրանցման մասին տեղեկություն ունեցող երրորդ անձանց կողմից՝ որոշումն ընդունելու թվականի եւ գրանցելու թվականի միջեւ ընկած ժամանակահատվածում։
2. Բողոքը ներկայացվում է բողոքարկման խորհուրդ գրավոր եւ պետք է լինի հիմնավորված։ Այն համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում։
Հոդված 32. Բողոքի քննարկումը
1. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկելու ընթացքում կողմերին հնարավորություն է տալիս մյուս կողմի փաստարկների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու։
2. Բողոքարկման խորհուրդը քննարկման արդյունքում ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը՝
1) բողոքարկվող որոշումն ուժի մեջ թողնել.
2) բողոքարկվող որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել։
3. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
4. Բողոքարկման խորհուրդը տասնօրյա ժամկետում կողմերին տեղեկացնում է ընդունված որոշման մասին, որը կարող է վիճարկվել դատարանում, ընդունման օրվանից եռամսյա ժամկետում։
Հոդված 33. Օմոնիմիկ անվանումների օգտագործումը
1. Ամբողջությամբ կամ մասնակի օմոնիմիկ անվանումներով գրանցված աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների օգտագործումը թույլատրվում է այն դեպքում, երբ հաջորդ գրանցված օմոնիմիկ անվանումը բավարար չափով տարբերվում է նախորդ գրանցված անվանումից, հաշվի առնելով արտադրողի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովումը եւ սպառողին մոլորության մեջ գցելու կանխումը։
Հոդված 34. Ապրանքային նշանների հետ հակասությունը
1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը սույն օրենքի համաձայն արդեն գրանցվել է, ապա նույնատիպ ապրանքների համար ներկայացված ապրանքային նշանի գրանցման հայտը, որը համապատասխանում է 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որեւէ մեկին, ենթակա է մերժման, եթե ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվել է համապատասխանաբար աշխահագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո։
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ գրանցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման։
3. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որեւէ մեկին համապատասխանող ապրանքային նշանի օգտագործումը, որը գրանցման է ներկայացվել կամ բարեխիղճ ձեւով գրանցվել է մինչեւ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատեւել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։
Հոդված 35. Ֆիրմային անվանումների հետ հակասությունը
1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա նույնատիպ ապրանքների համար ֆիրմային անվանման գրանցման հայտը, որը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից մեկին, ենթակա է մերժման, եթե այդ ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվել է է աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո։
2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածում նշված իրավիճակներից որեւէ մեկին համապատասխանող ֆիրմային անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձեւով գրանցվել է մինչեւ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ ավանդական երաշխավորված արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատեւել գրանցված ախաշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ֆիրմային անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։
Հոդված 36. Դոմեն անվանման հետ հակասությունը
1. Եթե աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա ցանկացած դոմեն անվանման գրանցումը, որի օգտագործումը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որեւէ մեկին, ենթակա է չեղյալ ճանաչման, եթե դոմեն անվանման գրանցումն իրականացվել է աշխահագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքին պահպանության սկզբի թվականից հետո։
2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որեւէ մեկին համապատասխանող դոմեն անվանման օգտագործումը , որը բարեխիղճ ձեւով գրանցվել է մինչեւ աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատեւել գրանցված աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան դոմեն անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։
Հոդված 37. Պաշտոնական վերահսկողությունը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է այն մարմինների ցանկը, որոնք լիազորված են ապրանքների համապատասխանության գնահատման բնագավառի օրենսդրության համաձայն իրականացնելու աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումներով ապրանքների համապատասխանության նկատմամբ պաշտոնական վերահսկողությունը։
2. Պաշտոնական վերահսկողության համակարգը մատչելի է ցանկացած արտադրողի համար:
3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրատարակում եւ պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասում եւ սույն օրենքի 38-րդ հոդվածում նշված մարմինների անվանումներն ու գտնվելու վայրը (հասցեները)։
Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների ապահովման վերահսկողությունը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է այն մարմինների ցանկը, որոնք լիազորված են եւ պատասխանատու տարբեր տիպի ապրանքների համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաեւ սույն օրենքի դրույթների համաձայն տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության ընդհանուր սկզբունքների, փուլերի եւ ընթացակարգերի սահմանման համար։
2. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի, որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է, տեխնիկական հատկորոշումների պահպանման վերահսկողությունը մինչեւ ապրանքները շուկայական շրջանառության մեջ դնելն իրականացվում է սույն օրենքի 37-րդ հոդվածում նշված մարմինների կողմից, եւ(կամ) ապրանքների սերտիֆիկացման գործառույթները վերահսկող մեկ կամ ավելի մարմինների կողմից։
3. . Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի, որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, տեխնիկական հատկորոշումների պահպանման վերահսկողությունը մինչեւ ապրանքները շուկայական շրջանառության մեջ դնելն իրականացվում է ծագման երկրի մեկ կամ մի քանի համապատասխան իրավասու մարմինների կողմից եւ(կամ) ապրանքների սերտիֆիկացման մեկ կամ ավելի մարմինների կողմից։
4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված ապրանքների սերտիֆիկացման մարմինները պետք է օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինեն։
Հոդված 39. Նշումների, նշանների եւ խորհրդանշանների կիրառումը
1. Սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կարող է օգտագործվել միայն տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց կողմից։
2. Հայաստանի Հանրապետությունից ծագած եւ սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կրող անվանումներով ապրանքները շուկայական շրջանառության մեջ կարող են դրվել «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ համապատասխան դեպքում «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների եւ(կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային խորհրդանշանների կիրառմամբ։
3. Երրորդ երկրներում արտադրված եւ սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կրող անվանումներով ապրանքները շուկայական շրջանառության մեջ նույնպես կարող են դրվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշումների կիրառմամբ։
4. Միայն այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական հատկորոշումները, իրավունք ունեն արտադրանքի պիտակների վրա, գովազդում կամ ուղեկցող փաստաթղթերում հղում կատարել երաշխավորված ավանդական արտադրանքին։
5. Եթե հղում է կատարվում երաշխավորված ավանդական արտադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքի պիտակի վրա կարող է դրվել «Պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանք» նշումը եւ(կամ) Հայաստանի Հանրապետութան կառավարության կողմից հաստատված ազգային խորհրդանշանը։
6. Սույն հեդվածի 5-րդ մասով նախատեսված նշումները համապատասխանաբար կիրառելի են նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս արտադրված երաշխավորված ավանդական արտադրանքի համար։
Հոդված 40. Ավանդական երաշխավորված արտադրանքի անվանումների օգտագործման պայմանները
1. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի հրապարակման թվականից սկսած դրա անվանումը չի կարող օգտագործվել այն արտադրանքի մակնշման համար, որի տեխնիկական հատկորոշումները համապատասխանում են միայն սույն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի պայմաններին։ Սակայն գրանցված տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների օգտագործումն ապրանքների պիտակների վրա կարող է շարունակվել առանց «Պահպանվող ավանդական երաշխավորված արտադրանք» գրառման կամ համապատասխան ազգային խորհրդանշանի կիրառման։
2. Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել՝ վերապահելով հրապարակված տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանքի անվանումը, եթե խումբը խնդրարկել է դա գրանցման հայտում եւ, որ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարված ըստ էության փորձաքննության արդյունքում չի պարզվել, որ նույնատիպ արտադրանքի համար տվյալ ավանումը հայտնի է, օգտագործվում է օրինաչափ եւ տնտեսապես զգալի ծավալներով: Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի հրապարակման թվականից սկսած տվյալ անվանումը չի կարող օգտագործվել տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող նույնատիպ ապրանքների պիտակների վրա՝ նույնիսկ առանց «Պահպանվող ավանդական երաշխավորված արտադրանք» գրառման կամ համապատասխան ազգային խորհրդանշանի կիրառման։
3. Եթե երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցվել է միայն մեկ լեզվով, ապա հայտարկող խումբը տեխնիկական հատկորոշումներում կարող է նախատեսել, որ ապրանքի առեւտրայնացման ժամանակ հնարավոր է արտադրանքի անվանման բնագրի հետ միասին պիտակի վրա լինեն այլ լեզուներով նշումներ, որոնք մատնանշում են, որ ապրանքն ստացված (պատրաստված, արտադրված) է այն տարածաշրջանի կամ երկրի ավանդույթների համաձայն, որտեղից ներկայացվել է հայտը, այն դեպքում, երբ ապրանքի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունը չէ։
Հոդված 41. Տեխնիկական պահանջերում փոփոխություններ կատարելը
1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանող եւ օրինական շահ ունեցող խումբը կարող է խնդրարկել աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների փոփոխություններ, հատկապես հաշվի առնելով գիտական եւ տեխնիկական գիտելիքների զարգացումը։ Փոփոխությունները կարող է խնդրարկվել նաեւ տարածքային սահմանների վերանայման համար։ Համապատասխան դիմումում նկարագրվում են խնդրարկվող փոփոխությունները եւ դրանց հիմնավորումները։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող փոփոխությունները ենթադրում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նկարագրված միասնական փաստաթղթի մեկ կամ ավելի փոփոխություն, ապա փոփոխությունների համար ներկայացված դիմումը ենթարկվում է սույն օրենքի 22-րդ, 25-րդ եւ 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերին։
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող փոփոխությունները չեն ենթադրում միասնական փաստաթղթի փոփոխություն, ապա կիրառվում են հետեւյալ կանոնները՝
1) եթե աշխարհագրական գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա դիմումատուն պետք է ներկայացնի իրավասու մարմնի որոշումը՝ փոփոխությունները հաստատելու մասին.
2) եթե աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հայտատուն պետք է ապացույցներ ներկայացնի ծագման երկրում փոփոխության ընդունման մասին։
4. Պետական լիազոր մարմինը փոփոխությունները մուտքագրում է պահպանվող աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան կամ պահպանվող ծագման տեղանունների պետական գրանցամատյան եւ փոփոխություններն ու դրանց հիմնավորումները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
5. Երաշխավորված ավանդական արտադրանքների տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու դիմումը կարող է ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանող խումբը։ Փոփոխություններ կատարելու դիմումը պետք է ցուց տա օրինական տնտեսական շահի առկայությունը, պարունակի խնդրարկվող փոփոխությունների նկարագրությունը եւ հիմնավորումը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխություններ կատարելու դիմումը ենթարկվում է սույն օրենքի 22-րդ, 25-րդ եւ 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերին։
7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխությունները էական չեն, ապա պետական լիազոր մարմինը դրանց ընդունման կամ մերժման մասին որոշումը կարող է կայացնել առանց սույն օրենքի 25-րդ եւ 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերի կիրառման։ Ընդունված փոփոխությունները հրապարակում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
8. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխությունները քննարկելիս, բացի սույն օրենքով նախատեսված առարկություններից, հաշվի են առնվում նաեւ առարկություններ, որոնք ցույց են տալիս երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրության տնտեսական շահի առկայությունը։
9. Եթե պետական մարմինների կողմից սանիտարական կամ ֆիտոսանիտարական պարտադիր միջոցների ընդունման արդյունքում խնդրարկվում է տեխնիկական հատկորոշումների ժամանակավոր փոփոխություն, ապա՝
1) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան փոփոխություններ կատարելու մասին դիմումը քննարկվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգով.
2) երաշխավորված ավանդական արտադրանքի փոփոխություններ կատարելու մասին դիմումը քննարկվում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ընթացակարգով։
10. Սույն հոդվածի 1-ին կամ համապատասխան դեպքում՝ 5-րդ կամ 9-րդ մասերի համաձայն փոփոխություններ կատարելու մասին դիմումը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու մասին դիմումի ներկայացման եւ քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 42. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործումն արգելելը
1. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հաստատում է, որ այլ անձի կողմից համապատասխան հատկանիշներից զուրկ ապրանքի նկատմամբ սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործումն ուղղակիորեն կան անուղղակիորեն վնաս է հասցնում բնական կամ մշակված իր ապրանքի նկատմամբ իրավունքներին, կարող է դիմել դատարան՝ այդ անվանման կամ նշման օգտագործումն արգելելու հայցով։
Հոդված 43. Գրանցումը չեղյալ ճանաչելը, պահպանությունը դադարեցնելը եւ օգտագործման իրավունքից զրկելը
1. Եթե սույն օրենքի 37-րդ կամ 38-րդ հոդվածների համաձայն իրականացված վերահսկողության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական հատկորոշումները այլեւս չեն պահպանվում սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն կրող ապրանքի կամ երաշխավորված ավանդական արտադրանքի համար, ապա գնահատման մարմինն սկսում է պահպանությունը չեղյալ ճանաչելու կամ դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում՝ անվանման կամ նշման օգտագործման իրավունքից զրկելու գործընթաց։
2. Ցանկացած օրինական շահ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դիմում ներկայացնել գրանցումը չեղյալ ճանաչելու, պահպանությունը դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում՝ անվանման կամ նշման օգտագործման իրավունքից զրկելու համար։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները mutatis mutandis կիրառվում են սպառողների կամ արտադրողների իրավունքների պաշտպանության միավորումների նկատմամբ, պայմանով, որ դրանք հիմնադրված են առնվազն վեց ամիս առաջ։
4. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումը չեղյալ ճանաչելու կամ պահպանությունը դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում՝ օգտագործման իրավունքից զրկելու համար դիմումը ներկայացվում է դատարան։
ԳԼՈՒԽ 5
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 44. Անցումային դրույթներ
1. . Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերը շարունակում են գործել մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելին քան մինչեւ 2010 թվականի հունիսի 30-ը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքների ծագման տեղանունների գրանցումները եւ դրանց օգտագործման իրավունքի վկայագրերը 2010 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված ապրանքների ծագման տեղանունների գրանցման եւ(կամ) դրանց օգտագործման իրավունքի այն հայտերով, որոնց քննարկումը չի ավարտվել, փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։
Հոդված 45. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: