Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-747-29.10.2009,10.03.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածում  ավելացնել նոր` 3-րդ կետ  հետեւյալ բովանդակությամբ` «Վրաստանի Հանրապետության  Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ/կամ բնակվող  հայազգի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել առանց կացության կարգավիճակ ձեռք բերելու»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրվանից:




Հիմնավորում
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Ներկայացվող նախագծով առաջարկվում է դյուրացնել Վրաստանի Սամցխե-Ջավախք եւ Քվեմո- Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող ազ•ությամբ հայ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակությունը:

Վրաստանի վերոնշյալ նահանգներում բնակվող մեր հազարավոր հայրենակիցներ բազմաթիվ թելերով կապված են Մայր հայրենիքի հետ: Նրանցից շատերը ժամանակավոր եւ սեզոնային աշխատում ու ապրում են Հայաստանում: Մեծ թիվ են կազմում այդ նահանգներից կրթություն կամ բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության հետեւանքով հայրենիք ժամանած   եւ  բնակություն հաստատած հայերի թիվը:

Այս նախագծի ընդունումը կնպաստի Ջավախքի հայապահպանությանը: Կացության կարգավիճակ ստանալու հետ կապված խնդիրները հաճախ ստիպում են մարդկանց հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից եւ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, ինչը բերում է Ջավախքի հայաթափման: Խնդրի լավագույն լուծումը կլիներ վերոնշյալ նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին երկքաղաքացիության տրամադրումը, սակայն դա առայժմ հնարավոր չէ  հայ-վրացական համապատասխան երկկողմ պայմանագրի բացակայության պատճառով:

Ջավախքը առանձնահատուկ տարածաշրջան է եւ հայրենիքի կողմից առանձնահատուկ վերաբերմունք է պահանջվում: