Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված հարաբերություննները կարգավորվում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գույք` uույն oրենքով պետական գրանցման ենթակա անշարժ գույք եւ oրենքով նախատեuված դեպքերում պետական գրանցման ենթակա շարժական գույք (բացառությամբ տրանսպորտային միջոցների).»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը «շարժական գույքի նկատմամբ իրավունքները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքների ընդունման
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի նախատեսում տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների գրանցման կարգ, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը հայտնաբերելու, տրանսպորտային միջոցի վրա արգելանք դնելու, երրորդ անձանց իրավունքներով այն ծանրաբեռնելու համար:
Գործող օրենսդրության բացթողումները հատկապես խոչընդոտում են ավտովարկավորման զարգացումը: Մասնավորապես` «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքով հնարավորություն է ստեղծվել գրանցել տրանսպորտային միջոցների նկատմամբ գրավի իրավունքը: Այնուամենայնիվ գրավի իրավունքի գրանցումը արդյունավետ չի պաշտպանում գրավառուների իրավունքները, քանի որ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցում չի իրականացվում: Արդյունքում գրավառուն (օրինակ՝ վարկ տրամադրող բանկը) հնարավորություն չունի պարզելու, թե ով է իրականում հանդիսանում գույքի սեփականատերը, եւ արդյոք տվյալ անձն իրավունք ունի գրավ դնել տրանսպորտային միջոցը: Այսպիսով վարկատու կազմակերպությունները զրկվում են իրենց ռիսկերը արդյունավետորեն զսպելու հնարավորությունից:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նաեւ կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու հարցում, քանի որ ինչպես վերը նշվեց ներկայումս գոյություն չունի տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հստակ ընթացակարգ, ինչի պայմաններում քաղաքացիները գործնականում զրկվում են իրենց սեփականությանը իրավունքը պատշաճ եւ արդյունավետ իրականացնելու ու պաշտպանելու հնարավորությունից:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով ներդնել տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների պարտադիր պետական գրանցման ինստիտուտը: Նախագծերով կարգավորվում է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը, սահմանվում են իրավունքները չգրանցելու հետեւանքները, կարգավորվում են իրավունքների գրանցման հետ կապված այլ հարաբերություններ:
2. Կարգավորման առարկան
Նախագծերի կարգավորման առարկան է հանդիսանում տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցումը:
3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման հետ կապված հարաբերությունները, կամրապնդվի քաղաքացիական շրջանառության անվտանգությունը, ՀՀ տարածքում գործող վարկատու կազմակերպությունները հնարավորություն կունենան զսպելու իրենց ռիսկերը, ինչը կնպաստի ավտովարկավորման ծավալների աճին: Հաշվի առնելով, որ ՀՀ գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է տրանսպորտային միջոցների հաշվառումը (վերահաշվառումը), սեփականության իրավունքի գրանցումը լրացուցիչ պարտականություններ չի դնի տրանսպորտային միջոցներ ձեռք բերող անձանց վրա: