Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-841-11.03.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 68. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

3. Դատական ակտերի` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 2-րդ կետը «նրան» բառից հետո լրացնել «կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին» բառերով,

2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամը չի մասնակցում նաեւ իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 107-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1 մասով.

«4.1. Արդարադատության խորհրդի նիստերի ժամանակ նիստը վարողը իրավունք չունի կարգապահական վարույթին ըստ էության վերաբերող հարցեր տալ զեկուցողներին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը «ավարտվելուց հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 2.1. մասով նախատեսված դեպքի»:

Հոդված 5. Օրենսգրքի 163-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Արդարադատության խորհուրդը անցնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվում է գործի քննության ավարտման օրը: Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման հետ մեկտեղ Արդարադատության խորհուրդը հայտարարում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման հրապարակման վայրը եւ ժամանակը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հրապարակվում է սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվանից 15 oրվա ընթացքում:»

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1 մասով.

«2.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը Արդարադատության խորհրդի որոշման հետ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում եւ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

1. ՀՀ Սահմանադրության 94.1 հոդվածով` Արդարադատության խորհրդի նախագահի կարգավիճակի վերաբերյալ ամրագրված դրույթը, ըստ որի «Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը առանց քվեարկության իրավունքի», երաշխավորված դարձնելու համար հարկ է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում հստակ դրույթ ամրագրել, որով կբացառվի  վճռաբեկ դատարանի նախագահի կողմից զեկուցողներին կարգապահական վարույթնին ըստ էության վերաբերող հարցեր տալը:

2. Արդարադատության խորհրդի անդամները չպետք է իրավունք ունենան մասնակցելու իրենց մերձավոր ազգական հանդիսացող դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների կայացմանը: Նշված սահմանափակումն անհրաժեշտ է, որպեսզի գործնականում բացառվի կաշկանդված կամ ոչ անաչառ որոշումներ կայացնելը:

3. Նպատակահարմար է, որպեսզի հնարավորություն տրվի Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամին` առանձին կարծիք ունենալու դեպքում, այն գրավոր կցել վերջնական որոշմանը, ինչն ընդունված է, օրինակ Սահմանադրական դատարանի պարագայում:

4. Արդարադատության խորհրդի կողմից որոշումների ընդունումը չպետք է անհարկի ձգձգել: Ըստ էության, նիստի ավարտից հետո տրամաբանական է անցկացնել քննարկում եւ կայացնել որոշում, հակառակ պարագայում ժամկետ սահմանելը սոսկ նախապայման է լրացուցիչ արտադատական քննարկումներ անցկացնելու եւ ուղղորդելու համար:

5. Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել դատական ակտերի հրապարակմանը վերաբերող դրույթները` սահմանելով, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այլ, ոչ թե բացի վճռաբեկ դատարանի որոշումներից, այլ ատյանի դատարանների որոշումների` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման հարցը կախման մեջ դնել ՀՀ դատարանների նախագահների որոշումներից: