Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-844-11.03.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկությունների եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները,  երկակի նշանակության ապրանքներ արտահանող սուբյեկտների իրավունքները, պարտականությունները, երկակի նշանակության տեղեկատվություն եւ մտավոր գործունեության արդյունքներ փոխանցող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

երկակի նշանակության ապրանքներ (այսուհետ` հսկվող ապրանքներ) ` բոլոր տեսակի գույք, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար ու իրենց բնույթին եւ հատկություններին համապատասխան կարող են օգտագործվել նաեւ ռազմական նպատակներով` ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի եւ դրանց փոխադրման միջոցների ստեղծման համար,

երկակի նշանակության տեղեկատվություն եւ մտավոր գործունեության արդյունքներ ` /այսուհետ` հսկվող ոչ նյութական արժեքներ/ ցանկացած բնույթի տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար եւ իրենց բնույթին համապատասխան կարող են օգտագործվել նաեւ ռազմական նպատակներով` ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի եւ դրանց փոխադրման միջոցների ստեղծման համար: Տեղեկատվությունը կամ մտավոր գործունեության արդյունքը համարվում է երկակի այն պահից, երբ այն տիրապետողը գիտակցում է, որ այդ տեղեկատվությունը կամ մտավոր գործունեության արդյունքը, բացի քաղաքացիական նպատակներից կարելի է օգտագործել ռազմական նպատակներով` ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի եւ դրանց փոխադրման միջոցների ստեղծման համար,

զանգվածային ոչնչացման զենք ` միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենք.

փոխադրման միջոցներ `   հրթիռներ եւ հեռակառավարվող թռչող սարքեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով` ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման համար,

հսկվող ապրանքների արտահանում ` հսկվող ապրանքների դուրս հանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.

հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրում ` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով հսկվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մուտքի մաքսային մարմնից մինչեւ ելքի մաքսային մարմինը,

հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում   ` հսկվող ոչ նյութական արժեքների բանավոր, գրավոր, էլեկտրոնային հաղորդակցության կամ հեռահաղորդակցության համակարգի միջոցներով հաղորդումը, տրամադրումը, ինչպես նաեւ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելը այլ անձանց Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս,

շրջանառության հսկողություն ` սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ կիրառվող միջոցառումների համակարգ, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը,

վերջնական օգտագործող ` օտարերկրյա պետություն, օտարերկրյա պետության իրավաբանական եւ ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող հսկվող ապրանքի, ինչպես նաեւ հսկվող ոչ նյութական արժեքների իրական օգտագործողն է.

վերջնական օգտագործում ` վերջնական օգտագործողի կողմից հսկվող ապրանքի եւ հսկվող ոչ նյութական արժեքների կիրառում հայտարարագրված նպատակին համապատասխան,

վերջնական օգտագործողի հավաստագիր ` հսկվող ապրանքներ եւ/կամ հսկվող ոչ նյութական արժեքներ ստացող պետության կամ այդ պետության անձի /իրավաբանական կամ ֆիզիկական/ անվանման, դրա գտնվելու եւ գործունեության վայրի մասին, արտահանվող հսկվող ապրանքների կամ փոխանցվող հսկվող ոչ նյութական արժեքների նկարագրի մասին, այդ ապրանքների, տեղեկությունների կամ մտավոր գործունեության արդյունքների վերջնական օգտագործման նպատակի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որը նաեւ հավաստվում է, որ նշված ապրանքները եւ/կամ տեղեկատվությունը չեն փոխանցվի որեւէ երրորդ երկիր կամ անձի, կամ չեն օգտագործվի հայտարարագրված նպատակից բացի որեւէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի պետական կառավարման մարմնի գրավոր եւ պատշաճ ձեւով վավերացված համաձայնության: Վերջնական օգտագործողի հավաստագիրը, ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում, հաստատվում է վերջնական օգտագործողի երկրի իրավասու պետական կառավարման մարմնի կողմից,

համապատասխանության ներկազմակերպական ծրագիր ` կազմակերպչական, վարչական, տեղեկատվական եւ այլ բնույթի միջոցառումներ, որոնք իրականացնում են արտահանող սուբյեկտները շրջանառության հսկողության կանոնները պահպանելու նպատակով:

Հոդված 3. Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները

1. Շրջանառության հսկողության ոլորտում իրականացվող Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը նրա ներքին եւ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է:

2. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են.

1) հսկվող ապրանքների արտահանման եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլատվական մեխանիզմի, տարանցիկ փոխադրման դեպքում` ծանուցման մեխանիզմի կիրառումը,

2) շրջանառության հսկողության վերաբերյալ հարցերում օրինականության, հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը,

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի առաջնայնությունը,

4) միջազգային նորմերին եւ պրակտիկային շրջանառության հսկողության մեթոդների եւ ընթացակարգերի համապատասխանեցումը եւ ներդաշնակեցումը,

5) հոկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Հոդված 5. Շրջանառության հսկողության նպատակները

Շրջանառության հսկողության նպատակներն են.

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը,

2) Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը:

Հոդված 6. Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը

1. Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որեւէ ապրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է «Համապատասխանության գնահատման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունների կողմից:
 

ԳԼՈՒԽ 2

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Շրջանառության հսկողություն իրականացնող մարմինը

1. Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է շրջանառության հսկողության պետական կառավարման լիազոր մարմնի միջոցով /այսուհետ` Լիազոր մարմին/, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Շրջանառության հսկողության ոլորտում Լիազոր մարմինը թույլտվության տրամադրման հարցերը համաձայնեցնում է շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների հետ` ՀՀ կառավարության սահմանված կարգով:

3. Լիազոր մարմնի լիազորություններն են`

1) հսկվող ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը, թույլտվությունների գործողության կասեցումը եւ դադարեցումը,

2) հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ համապատասխան սուբյեկտի ծանուցումների ընդունումը եւ օրենքով սահմանված դեպքերում տարանցիկ փոխադրման արգելումը,

3) շրջանառության հսկողության զարգացման եւ կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը,

4) հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների կողմից իրականացված արտահանման եւ/կամ փոխանցման վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը,

5) հսկվող ապրանքների արտահանում, տարանցիկ փոխադրում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստուգումների անցկացումը,

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, ներմուծող երկրում ստուգումների իրականացումը` կապված արտահանվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների վերջնական օգտագործողի եւ վերջնական օգտագործման հետ,

7) շրջանառության հսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկմանը մասնակցությունը,

8) շրջանառության հսկողության նպատակների համար ՀՀ օրենսդրության համաձայն հսկվող ապրանքների արտահանում եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտներից փաստաթղթեր, տեղեկություններ, գրավոր եւ բանավոր բացատրություններ պահանջելը եւ ստանալը:

Հոդված 8. Շրջանառության հսկողության համար անհրաժեշտ համապատասխանության ներկազմակերպական ծրագիրը

1. Հսկվող ապրանքների արտահանում եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների մոտ շրջանառության հսկողությանը վերաբերող օրենսդրության պահանջներին իրենց գործունեության համապատասխանությունն ապահովվում է սուբյեկտների կողմից ներդրված համապատասխանության ներկազմակերպական ծրագրի միջոցով:

2. Համապատասխանության ներկազմակերպական ծրագրի կազմակերպման եղանակների եւ դրա գործածության հետ կապված հարցերով Լիազոր մարմինը յուրաքանչյուր արտահանող սուբյեկտին ցուցաբերում է տեղեկատվական-մեթոդական աջակցություն:

ԳԼՈՒԽ 3

ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Հսկվող ապրանքների արտահանման եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման հիմքերը

1. Սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանումը եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը իրականացվում է Լիազոր մարմնի կողմից տրված մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա:

2. Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիակական անձին եւ իրավունք է տալիս վերջինիս իրականացնել մեկ հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Մեկանգամյա թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ փոխանցման միայն մեկ գործողություն:

3. Անհատական թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը եւ իրավունք է տալիս վերջինիս իրականացնել հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Անհատական թույլտվությունը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաեւ արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:

4. Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը եւ իրավունք է տալիս վերջինիս իրականացնել ապրանքային դիրքերով առանձնացված հսկվող ապրանքների արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում հայտարարված մի քանի վերջնական օգտագործողների: Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է առավելագույնը երեք տարի ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաեւ արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:

5. Թույլտվությունների հիման վրա արտահանում եւ/կամ փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է ոչ ուշ քան արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո 10-օրյա ժամկետում Լիազոր մարմնին ներկայացնել արտահանման կամ փոխանցման իրականացման վերաբերյալ հաշվետվություն` կցելով արտահանված ապրանքների եւ/կամ փոխանցված արժեքների ցանկը եւ դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճեն: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտահանված եւ/կամ փոխանցված արժեքների հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճեի ներկայացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա:

6. Անհատական եւ ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

Հոդված 10. Հսկվող ապրանքների արտահանման եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալը

1. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար նշված ապրանքները արտահանող եւ/կամ  ոչ նյութական արժեքներ փոխանցող անձը Լիազոր մարմնին է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ իրավաբանական անձի համար նշվում է իրավաբանական անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձեւը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության եւ գործունեության իրականացման վայրերը, ինչպես նաեւ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հայցվող թույլտվության տեսակը եւ ժամկետը,

2) իրավաբանական անձի համար կանոնադրության պատճեն, անհատ ձեռնարկատիրոջ համար պետական գրանցման վկայականի պատճեն,

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ պարբերության պահանջներին համապատասխանող վերջնական օգտագործողի հավաստագիրը,

4) արտահանման ենթակա հսկվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների տեխնիկական նկարագրերը,

5) հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի պատճեն,

6) ապրանքի, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքի հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին պատկանելիության վերաբերյալ արտահանող սուբյեկտի գրավոր հայտարարագիրը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փորձագիտական եզրակացությունը,

7) անհատական եւ ընդհանուր թույլտվություններ հայցելու դեպքում` պետական տուրքի վճարման անդորրագիրը:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական բնակության մեկնող անձանց վրա:

3. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումն ընդունվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը Լիազոր մարմնին ներկայացնելու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 11.  Դիմումի մերժումը, թույլտվության գործողության կասեցումը եւ դադարումը

1. Դիմումի մերժման հիմքերն են`

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը թերի են,

2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են,

3) արտահանման կամ փոխանցման նախատեսվող գործողությունների եւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջեւ հակասությունների առկայությունը:

2. Թույլտվություն ստանալու դիմումը Լիազոր մարմնի կողմից մերժվելու դեպքում, վերջինս դրա մասին որոշումը կայացնելու պահից երօրյա ժամկետում պատշաճ կերպով ծանուցում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:

3. Լիազոր մարմնի կողմից թույլտվության գործողությունը կասեցվում է եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց պայմաններում հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման եւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջեւ կարող են ծագել հակասություններ: Թույլտվության կասեցումը չի կարող տեւել 30 օրացույցային օրից ավել: Նշված ժամկետը լրանալուց հետո Լիազոր մարմնի կողմից թույլտվության դադարեցման մասին ծանուցում չստանալու դեպքում արտահանող կամ փոխանցող սուբյեկտը իրավունք է ստանում շարունակել արտահանման կամ փոխանցման գործողությունները:

4. Լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության գործողությունը դադարեցվում է.

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի դիմումի հիման վրա,

2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի լուծարման կամ մահվան դեպքում,

3) եթե պարզվել է, որ թույլտվությունը ստանալիս անձը ներկայացրել է կեղծ կամ թերի փաստաթղթեր,

4) եթե կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման եւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջեւ առկա են հակասություններ,

5) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի կողմից շրջանառության հսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում:

5. Սույն հոդվածով սահմանված թույլտվության կասեցումը կամ դադարեցումը ուժի մեջ մտնելու պահից երկօրյա ժամկետում Լիազոր մարմինը պատշաճ կերպով ծանուցում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին` նշելով համապատասխան հիմքերը:

Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը

1. Հսկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը Լիազոր մարմնին է ներկայացվում հսկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 15 օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների անվանացանկը,

2) փոխադրման միջոցը,

3) արտահանողի, փոխադրողի եւ ներմուծողի անվանումը (անունը),

4) երթուղին,

5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը,

6) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների վերջնական օգտագործման նպատակը:

2. Ծանուցմանը կցվում է արտահանող պետության հսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության եւ վերջնական օգտագործողի հավաստագրի պատճեները:

3. Լիազոր մարմինը ծանուցում ստանալու պահից 3-օրյա ժամկետում նախատեսվող տարանցիկ փոխադրման մասին տեղյակ է պահում շահագրգիռ պետական կառավարման մարմիններին` կցելով սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները եւ փաստաթղթերը:

4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը կարող է հակասել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, Լիազոր մարմինը ծանուցումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացվում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին եւ արգելում է տարանցիկ փոխադրումը:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետությունից արտահանված հսկվող ապրանքների մաքսային ռեժիմի փոփոխությունը կամ արտահանման ժամկետների երկարաձգումը

Հայաստանի Հանրապետությունից արտահանված հսկվող ապրանքների մաքսային ռեժիմի փոփոխությունը կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգումն իրականացվում է սույն օրենքով սահմանված արտահանման ընդհանուր ընթացակարգով:
 

ԳԼՈՒԽ 4

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը

1. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ուղղված է.

1) օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանը` զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների, ինչպես նաեւ դրանց ստեղծման տեխնոլոգիաների տարածման կանխարգելմանը,

2) միջազգային հարաբերությունների կայուն եւ անվտանգ համակարգի ձեւավորմանը նպաստելուն,

3) շրջանառության հսկողության միջազգային եւ ներպետական մեխանիզմների կատարելագործմանը, շրջանառության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի բացահայտմանը:

2. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների սկզբունքներին համապատասխան եւ միջազգային համաժողովներում Հայաստանի Հանրապետության մասնակցության, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների եւ խորհրդատվությունների անցկացման միջոցով, տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաեւ երկկողմ եւ բազկակողմ հիմունքներով համատեղ ծրագրերի եւ այլ միջոցառումների անցկացմամբ:

3. Հայաստանի Հանրապետության շրջանառության հսկողության բնագավառում Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների եւ կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ:

4. Շրջանառության հսկողության ներպետական գործընթացներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է շրջանառության հսկողության բնագավառում հասարակական միավորումների եւ օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատումը:

ԳԼՈՒԽ 5

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-7-Ն օրենքը: