Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8443-11.03.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում «երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության» բառերը փոխարինել «երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվան տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկայումս գործող Երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին ՀՀ օրենքով երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների բնորոշումը սահմանափակվում է միայն զանգվածային ոչնչացման զենքի պատրաստման համար անհրաժեշտ ապրանքներով եւ տեղեկատվությամբ, ինչը ըստ էության նեղացնում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների` ժամանակակից աշխարհում ընդունված բնորոշումը: Գործող օրենքը արտահանում է համարում նաեւ երկակի նշանակության տեխնոլոգիաների, տեղեկատվության եւ ծառայությունների փոխանցումը, ինչը հակասում է ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածին, որտեղ արտահանումը բնութագրվում է որպես ապրանքների եւ տրանսպորտային միջոցների դուրս հանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս: Այս դեպքում հարցը չի կարող լուծվել ՀՀ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով, քանի որ արտահանվող արժեքների շարքում տեղեկատվությունը ներառելու դեպքում փաստորեն այն արտահանողների համար լրացուցիչ պարտավորություններ է առաջանելու օրինակ, հայտարարագրել էլեկտրոնային փոստերի եւ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով փոխանցվող տեղեկատվությունը, վճարել մաքսային վճարներ եւ այլն: Բացի այդ, գործնականում անհնար է նաեւ պարզել, թե «արտահանվող տեղեկատվությունը» որ պահին է հատել մաքսային սահմանը, ինչը արտահանման պարագայում, ինչպես նաեւ իրավակիրառության տեսանկյունից /մասնավորապես, իրավախախտումների վերաբերյալ վարույթներ եւ այլն/ շատ կարեւոր է:

Գործող օրենքը երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման ոլորտում կարգավորման լիազորությունները վերապահում է երկակի նշանակության ապրանքների արտահանման հանձնաժողովին: Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել    լիազոր մարմին, որը  առավել օպերատիվ եղանակով կարող է արձագանքել տնտեսվարող սուբյեկտների այնպիսի դիմումներին, ինչպիսիք են որոշակի հարցի վերաբերյալ պարզաբանում պահանջելը, ներառյալ իրավական ակտի պարզաբանում, տեղեկատվություն պահանջելը եւ այլն, լիազոր մարմինը, սերտ համագործակցելով այլ շահագրգիռ մարմինների հետ,   առավել արդյունավետ կարող է հսկել ոլորտում ընթացող զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում արձագանքել եւ հանդես գալ տարբեր նախաձեռնություններով` ներառյալ օրենսդրական նախաձեռնություններով: Հանձնաժողովը, չհանդիսանալով պետական կառավարման մարմին, չունի նաեւ պետական կառավարչական հիմնարկի կարգավիճակ ունեցող աշխատակազմ, ինչը գործնականում դժվարեցնում է վերջինիս կողմից իր լիազորությունների կատարումը: Ոլորտի կարգավորման իրավասությունը պետական կառավարման կոնկրետ մարմնին վերապահելու պարագայում ավելի կհստակեցվի իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառելու մեխանիզմը: Լիազոր մարմնում ոլորտի համար պատասխանատու են լինելու կոնկրետ պաշտոնատար անձինք, ինչը իրավախախտումներ կատարվելու դեպքում հնարավորություն կտա իրացնել պետական հարկադրանքի միջոցները նրանց հանդեպ:

Արտահանման վերահսկողության ոլորտում ներկայումս կիրառվող միայն մեկ տեսակի թույլտվությունների մեխանիզմը չի համապատասխանում բազմաբնույթ եւ բազմաբովանդակ շուկայական տնտեսության պահանջներին: Ակնհայտ է, որ արտահանող սուբյեկտի համար խոչընդոտներ են ստեղծվում այն դեպքերում, երբ վերջինս պատրաստվում է մեկ տարի անընդմեջ մի քանի խմբաքանակներով երկակի նշանակության ապրանքներ մատակարարել որեւէ  գնորդի, եւ պետությունը թույլատրում է այդ մատակարարումը: Գործող օրենքը պարտադիր է համարում ամեն խմբաքանակի առաքման համար համապատասխան թույլտվության ստացումը, ինչը այսօրվա պայմաններում չի կարող համապատասխանել արտահանող սուբյեկտի պահանջներին: Հիշատակված խնդիրներին պատշաճ կարգավորում տալու նպատակով անհրաժեշտ է հայեցակարգային բնույթի փոփոխություններ կատարել երկակի նշանակության ապրանքների եւ ոչ նյութական արժեքների արտահանման եւ փոխանցման նկատմամբ հսկողության մեխանիզմում, ինչը անհնար է գործող օրենքում փոփոխություններ կատարելով: Այդ իսկ պատճառով մշակվել է օրենքի նոր նախագիծ, որը ՀՀ օրենսդրությանը, եւ մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ ոլորտը կարգավորող մյուս իրավական ակտերի տրամաբանությանը, ինչպես նաեւ արտահանման հսկողության միջազգային լավագույն փորձի պահանջներին համապատասխան առաջարկում է արտահանման եւ փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված հարաբերությունների կարգավորում: