Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հունիսի 14-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում «տասներկուապատիկի» բառը փոխարինել «երկու հարյուր քառասնապատիկի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 13. Մահապատժի դատապարտված, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 12-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից: Առաջին հերթի ժառանգների բացակայության, նրանց` ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվելու իրավունքն անցնում է բռնադատվածի երկրորդ հերթի ժառանգներին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման առարկան.
Օրենքի նախագծի կարգավորման առարկան բռնադատվածների եւ նրանց առաջին կամ երկրորդ հերթի ժառանգների փոխհատուցման իրավունքի հետ առնչվող փոխհարաբերություն է:
2. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Բռնադատվածների, ինչպես նաեւ նրանց ժառանգների իրավունքների պաշտպանությունը մնում է Հայաստանի Հանրապետության կարեւորագույն սոցիալական խնդիրների շարքում:
Ուստի սույն նախագծի ընդունումն անհրաժեշտ է հետեւյալ նկատառումներով.
ա) սոցիալական արդարության ապահովում եւ արդարացված բռնադատվածների եւ նրանց ժառանգների իրավունքների վերականգնում,
բ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, այն է` օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքների` օրենսգրքերին համապատասխանելու պահանջի ապահովում, հետեւաբար «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների միջեւ առկա հակասության շտկում,
գ) օրենքներում տարընթերցումների եւ տարաձայնությունների վերացում:
2.2 Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` մահապատժի դատապարտված, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ բռնադատվածների առաջին հերթի ժառանգները չեն օգտվում Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց միանվագ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից: Նշված նորմը հակասում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 11-րդ մասին, ըստ որի արդարացվածի մահվան կամ անգործունակության դեպքում պահանջի իրավունքը սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 9-րդ մասերով անցնում է նրա ժառանգներին: Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի` արդարացվածի մոտակա հերթի ժառանգները որպես հատուցում իրավունք ունեն ստանալ արդարացվածի աշխատավարձը, թոշակը, նպաստները կամ այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, առգրավելու կամ գույքի վրա կալանք դնելու հետեւանքով: Ուստի «Բռնադատվածների մասին» օրենքի ու Քրեական դատավարության օրենսգրքի նշյալ հոդվածների միջեւ առկա է անհամապատասխանություն:
2.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Վերոնշյալ անհամապատասխանությունը վերացնելու, ինչպես նաեւ բռնադատվածների ժառանգների իրավունքներն ամրագրելու համար սույն նախագծով առաջարկվում է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում ոչ միայն 6-րդ եւ 7-րդ (ինչպես գործող օրենքում է), այլ նաեւ 12-րդ հոդվածներով սահմանված փոխհատուցման իրավունքից օգտվելու հնարավորություն նախատեսել բռնադատվածների առաջին հերթի ժառանգների համար, իսկ առաջին հերթի ժառանգների բացակայության, նրանց` ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքում փոխհատուցման իրավունքից օգտվելու հնարավորություն նախատեսել երկրորդ հերթի ժառանգների համար: Միաժամանակ, «Բռնադատվածների մասին» գործող օրենքով բռնադատվածներին տրվող միանվագ դրամական փոխհատուցման չափը կազմում է տասներկու հազար ՀՀ դրամ: Սույն նախագծով առաջարկվում է Օրենքի 12-րդ հոդվածի «տասներկուապատիկի» բառը փոխարինել «երկու հարյուր քառասնապատիկի» բառերով` բռնադատվածների, իսկ նրանց բացակայության պարագայում նաեւ նրանց առաջին կամ երկրորդ հերթի ժառանգների համար միանվագ դրամական փոխհատուցումը սահմանելով երկու հարյուր քառասուն հազար ՀՀ դրամ: Այդ գումարը ծայրահեղ աղքատության շեմի միջին հաշվարկային ցուցանիշն է բազմապատկած մեկ տարվա կտրվածքով:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Սույն նախագծի կիրառման արդյունքում
ա) օրենքով կկարգավորվի բռնատադվածների եւ նրանց առաջին կամ երկրորդ հերթի ժառանգների միանվագ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, այդ փոխհատուցման չափը կհամապատասխանեցվի ծայրահեղ աղքատության շեմին եւ պետության կողմից նման պատասխանատվության ստանձնման արդյունքում սոցիալ-բարոյահոգեբանական տեսանկյունից կվերկանգնվի սոցիալական արդարությունը,
բ) կվերացվեն «Բռնադատվածների մասին» օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի միջեւ առկա հակասությունները եւ
գ) կհստակեցվեն իրավական եւ իրավակիրառական մեխանիզմները: