Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-774-23.11.2009,15.03.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 19. Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը

Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1.-րդ մասով.

,,2.1. Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները

1. Անձն, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

2. Սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը` խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է (կարծիքը կամ գնահատող դատողությունը (value judgement)):

Սույն հոդվածի իմաստով արտահայտությունը չի համարվում անձին արատավորելու մտադրությամբ կատարված, եթե այն տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակշռող հանրային շահով:

3. Սույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը` անձի վերաբերյալ նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող եւ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների (statement of fact) հրապարակային արտահայտությունն է:

4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը, կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններկամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցները:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստացի տվյալները չեն մեկնաբանվում որպես զրպարտություն.

ա) եթե դրանք տեղ են գտել դատական քննության ընթացքում դատական քննության մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում,

բ) եթե այն արտահայտելը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակշռող հանրային շահով, եւ եթե անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխիղճ է ներկայացրել այդ տվյալները:

6. Վիրավորանքի դեպքում անձն որպես բարոյական վնասի հատուցում  իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած անձից դատական կարգով պահանջել ստորեւ թվարկված միջոցներից մեկը կամ մի քանիսը`

ա) հրապարակային ներողություն: Ներողություն հայտնելու ձեւը սահմանում է դատարանը,

բ) հերքում, եթե դա հնարավոր է` հաշվի առնելով վիրավորանքում տեղ գտած արտահայտության էությունը: Հերքման ձեւը սահմանում է դատարանը,

գ) վիրավորանք տարածած ԶԼՄ-ում դատարանի վճռի հրապարակում:  Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում է դատարանը,

դ) միանվագ փոխհատուցման վճարում
 

  • նվազագույն աշխատավարձի մինչեւ 250-ապատիկի չափով,
     
  • վիրավորանքը անձի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետեւանքով զանգվածային լրատվության միջոցներով տարածվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով
     
  • զանգվածային լրատվության միջոցով վիրավորանքի դեպքում զանգվածային լրատվություն իրականացնողի կողմից` նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով:

    Գումարի չափը սահմանում է դատարանը` հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները:

    7. Զրպարտության դեպքում անձն իրավունք ունի որպես բարոյական վնասի հատուցում  իրեն զրպարտած անձից դատական կարգով պահանջել ստորեւ թվարկված միջոցներից մեկը կամ մի քանիսը`

    ա) զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հրապարակային հերքում: Հերքման ձեւը սահմանում է դատարանը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրեքով սահմանված կարգով,

    բ) զրպարտությունը տարածած ԶԼՄ-ում դատարանի վճռի հրապարակում:  Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում է դատարանը,

    գ) միանվագ փոխհատուցման վճարում` 

  • նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով,
     
  • զրպարտությունը անձի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետեւանքով զանգվածային լրատվության միջոցներով տարածվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով
     
  • զանգվածային լրատվության միջոցով զրպարտության դեպքում զանգվածային լրատվություն իրականացնողի կողմից` նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով:

    Գումարի չափը սահմանում է դատարանը` հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները:

    8. Սույն հոդվածի 6-7-րդ  մասերով սահմանված բարոյական վնասի հատուցում ստանալու հետ միասին անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջել վիրավորանքի կամ զրպարտության հետեւանքով իրեն պատճառված նյութական վնասները, այդ թվում` ողջամիտ դատական ծախսերը եւ խախտված իրավունքների վերականգման համար իր կողմից կատարված ողջամիտ ծախսերը:

    9. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության տարածման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում, սակայն ամեն դեպքում ոչ ուշ քան հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում:

    Հոդված 3. Օրենսգրքի 22-րդ հոդվածի «19 հոդվածով» բառերը փոխարինել «1087.1-րդ հոդվածով» բառերով:

    Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարպարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: