Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասից հանել «135-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով, 136-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարպարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի ընդունումը նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձարագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված): Խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որեւէ անձի պաիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով եւ եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Որպես անձի պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման երաշխիք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատաuխանում են իրականությանը:»: «Զաանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաuտացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինu չի ապացուցում, որ այդ փաuտերը համապատաuխանում են իրականությանը:»:
Այս հոդվածներից երեւում է, որ Հայաստանում պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի քաղաքացիաիրավական պաշտպանության առաջին եւ հիմնական ձեւը միայն հերքումն է, իսկ դրա համար առաջին կարեւոր պայմանն այն է, որ տարածված տեղեկատվությունը պետք է արատավորի մարդու պատիվն ու արժանապատվությունը, խախտի նրա իրավունքները: Նշված դրույթներում, սակայն, բացակայում է արատավորող ճանաչելու չափանիշները: Յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հիմք ընդունի, թե արդյոք տարածված տեղեկությունները հասարակության մեջ ընկալվում են որպես արատավորող, ինչպես օրինակ` անգրագետ, հիմար, պատեհապաշտ, դրածո եւ այլ արտահայտությունները կամ տարբեր անհատական որակումներով ներկայացնելը:
Բացի այդ վերոնշյալ դրույթների համաձայն ապացուցման պարտականությունը դրված է տեղեկություններ տարածած անձի` պատասխանողի վրա, այն դեպքում, երբ Արտիկլ 19 կազմակերպության «Սահմանել զրպարտությունը» հրապարակման 7-րդ սկզբունքում ամրագրված է, որ տեղեկությունները կեղծ լինելը ապացուցելու պարտականությունը պետք է կրի հայցվորը:
Նախագծում տեղ գտած սահմանումները եւ ձեւակերպումները առավելագույնս հստակեցվել են, որպեսզի խոսքի ազատությունը եւ այդ իրավունքի իրացնողները առավելագույնս պաշտպանված լինեն վիրավորանքի կամ զրպարտության կամայական մեկնաբանություններից:
Այսպես, փոփոխվող հոդվածի համաձայն`
ա) վիրավորանք է համարվում խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով կատարված հրապարակային արտահայտությունը (կարծիքը կամ գնահատող դատողությունը), որի նպատակը կամ մտադրությունը անձին արատավորելն.
բ) զրպարտություն է համարվում անձի վերաբերյալ այնպիսի ոչ ճշմարիտ փաստացի տվյալների հրապարակային տարածումը, որոնք արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:
Ամենեւին պարտադիր չէ, որ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող գործողությունները լինեն դիտավորությամբ կատարված, նույնիսկ անփութությամբ կատարվածը արատավորողին պատասխանատվությունից չի ազատվում:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումը հնարավորություն կտան ֆիզիկական անձանց քաղաքացիական դատավարության ընթացակարգերով վերականգնել իրենց պատվի եւ արժանապատվության, խախտված իրավունքի վերականգնում հերքման, պատասխանի , ինչպես նաեւ դրամական հատուցման եղանակով: Նմանապես` իրավաբանական անձինք նշված ընթացակարգերով եւ եղանակներով կկարողանան պաշտպանել իրենց գործարար համբավը զրպարտչական արտահայտություններից:Նշված փոփոխություններով անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանվում են ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից:
Վերջապես դատարանին իրավունք է վերապահված հաշվի առնելով կոնկրետ եւ հստակ հանգամանքները առավել մեղմ պատասխանատվություն նախատեսել հրապարակային արտահայտություններ կամ ոչ ճշմարիտ փաստացի տեղեկություններ տարածող անձանց նկատմամբ:
Որպես կանոն իրավաբանական նորմատիվ բազան պետք է ապահովի անմեղների արդյունավետ պաշտպանությունը եւ չպետք է սահմանափակի նյութերի հրապարակումը միայն այն պատճառով, որ դրանք կարող են վնասել պաշտոնատար անձանց հասարակական վարկին: Ճիշտ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում ասվում է, որ քաղաքական գործիչները «անխուսափելիորեն եւ գիտակցաբար իրենց յուրաքանչյուր խոսքը եւ գործողությունը հրապարակայնորեն են կատարում, ոստի համաձայնվում է այն բանի հետ, որ յուրաքանչյուր խոսք եւ գործողություն կարող է դառնալ լրագրողների եւ հանրության համար վերլուծության առարկա եւ ըստ այդմ նրանք պետք է ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերեն», այնուամենայնիվ, այս դեպքում խոսքը վերաբերում է քաղաքական գործչի խոսքին, գործունեությանը` ոչ թե անձին:
Ժողովրդավարական շատ պետություններում ենթադրվում է, որ ԶԼՄ-ները հասարակությանը սատարելու համար հաճախակի անհանգստացնում են պետական պաշտոնյաներին, որը երբեմն հանգեցնում է ԶԼՄ-ների անպատասխանատվությանը, սակայն անկախ դատական իշխանությունը եւ արդյունավետ գործող մամուլի խորհուրդները կարող են աջակցել նման շեղումների դեմ պայքարում:
Լրագրողների կողմից որոշակի պատասխանատվություն ստանձնելու եւ մասնագիտական գործունեության հետ կապված էթիկայի նորմեր կիրառելու պարտավորության օրինակ կարող է ծառայել Սլովակիայի լրագրողների Սինդիկատի որոշումը, համաձայն որի` լրագրողը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները հասարակությանը ապահովելու հավաստի, ճիշտ, ստուգված, լրիվ եւ մասնագիտական տեղեկատվությամբ: Լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, եթե պարզվի որ այն չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ եւ ունի առեւտրային ուղղվածություն: Անապացույց մեղադրանքները, վստահության չարաշահումը, մասնագիտության կամ ԶԼՄ-ների օգտագործումը անձնական կամ խմբակային շահերի նպատակով, փաստերի խեղաթյուրումը, ցանկացած սուտ տեղեկատվության կանխամտածված մատուցումը լրագրողի կողմից` դիտվում է որպես լրջագույն մասնագիտական զանցանք: Լրագրողը պատասխանատվություն է կրում իր բոլոր հրապարակումների համար (հրապարակային ներողություն, հերքում, վնասների փոխհատուցում):
Ինչպես լրագրողը, այնպես էլ յուարքանչյուր ոք պետք է հարգի սահմանադրական կարգը ժողովրդավարական ինստիտուտները, գործող օրենքները, հասարակության համընդհանուր ճանաչման արժանացած բարոյական սկզբունքները, այլոց սահմանադրական իրավունքները եւ ազատությունները, պատիվը եւ բարի համբավը, բացառելով անհատական որակումները: Այլ քաղաքացիների պես լրագրողները նույնպես պետք է օգտվեն օրենքի լիակատար պաշտպանության տակ գտնվելու երաշխիքներից:
ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներով նախատեսված է պատասխանատվություն զրպարտության եւ վիրավորանքի համար, սակայն խոսքի ազատության որեւէ դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով չի համարվում համաչափ: Նկատի ունենալով սույն հանգամանքը առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվավածները, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասից հանել «135-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով, 136-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով,» բառերը: