Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-224-18.02.2008,15.03.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ կարգավորում է ներքին աուդիտի կազմակերպման եւ գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

1) Հանրային հատվածի կազմակերպություններ (այսուհետ` Կազմակերպություններ) -

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ,

բ. պետության կամ համայնքների հիմնարկներ,

գ. պետական կամ համայնքների ոչ առեւտրային կազմակերպություններ,

դ. հիսուն տոկոսից ավել պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ:

2) Ներքին աուդիտ - անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը եւ բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված եւ կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով:

Ներքին աուդիտը իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական եւ տարեկան ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով:

3) Ներքին աուդիտի համակարգ - ներքին աուդիտի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, պահանջների եւ ներքին աուդիտի մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների ամբողջությունն է:

4) Ֆինանսական կառավարման, հսկողության համակարգեր - կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված կանոնների (քաղաքականությունների), ընթացակարգերի եւ գործողությունների ամբողջությունն է, որով ողջամիտ ձեւով երաշխավորվում է հետեւյալ պայմաններին համապատասխան կազմակերպության նպատակների իրականացումը.

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին եւ այլն) համապատասխանություն,

բ. տնտեսող, արդյունավետ եւ օգտավետ գործառույթներ.

գ. տեղեկությունների ամբողջականություն եւ վստահելիություն,

դ. կորուստներից, չարաշահումներից եւ վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն:

5) Տնտեսող - նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար նախատեսված ռեսուրսների նվազեցում` պահպանելով նախապես սահմանված որակը:

6) Արդյունավետ - գործառույթի արդյունքի կամ նպատակի իրագործման աստիճան, այսինքն` գործառույթի արդյունքի կամ նպատակի մասով պլանավորված եւ փաստացի վիճակների համեմատությունը:

7) Օգտավետ - տրված ռեսուրսների (ներդրումների) պարագայում գործառույթի արդյունքի կամ նպատակի առավելագույն մակարդակի ապահովում:

8) Ռիսկ - իրադարձության տեղի ունենալու հավանականություն, որը կարող է ազդել  կազմակերպության նպատակների իրագործման վրա: Ռիսկը չափվում է ազդեցությամբ եւ տեղի ունենալու հավանականությամբ:

9) Ռիսկերի կառավարում - կազմակերպության նպատակների իրականացման համար ռիսկերի բացահայտման, գնահատման եւ հսկման գործընթացն է:

10) Հսկողություն - կազմակերպության ղեկավարության գործողություններն են` ուղղված կազմակերպության նպատակների իրականացման ռիսկերի կանխմանը կամ նվազեցմանը:

11) Անկախություն - ներքին աուդիտի գործառույթի` կազմակերպության այլ գործառույթներից առանձնացված իրականացումն է:

12) Օբյեկտիվություն - ներքին աուդիտորների կողմից աուդիտի ընթացքում տեղեկությունների հավաքագրման, գնահատման եւ փոխանակման գործընթացում մասնագիտական անշահախնդրության անվերապահ ցուցաբերումն է: Ներքին աուդիտորները իրականացնում են բոլոր հանգամանքների հավասարակշռված եւ համարժեք գնահատում, եւ  չեն ենթարկվում սեփական հետաքրքրությունների կամ այլ անձանց դատողությունների անհարկի ազդեցության:

13) Կարողունակություն - ներքին աուդիտորների կողմից համապատասխան գիտելիքների, հմտությունների, փորձառության եւ իրենց պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ կարողությունների տիրապետումը եւ կիրառումն է:

14) Անկողմնակալություն - ներքին աուդիտորների կողմից իրենց աշխատանքների ազնիվ եւ պատասխանատու ձեւով իրականացումն է:

15) Գաղտնիություն - ներքին աուդիտորների կողմից իրենց աշխատանքի ընթացքում ստացած տեղեկությունների հուսալի պահպանումն է: Ներքին աուդիտորները պարտավոր են առանց համապատասխան լիազորության չհրապարակել եւ չտրամադրել իրենց գործունեության ընթացքում կամ արդյունքնում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

16) Ներքին աուդիտի ստանդարտներ - միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներն են:

17) Վարքագծի կանոններ - միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտորների վարքագրքի հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոններն են: Վարքագծի կանոնները տարածվում են ինչպես անհատ ներքին աուդիտորների, այնպես էլ ներքին աուդիտ իրականացնող կազմակերպությունների վրա:

18) Ներքին աուդիտի կանոնակարգ - կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված փաստաթուղթ, որով սահմանվում է ներքին աուդիտի նպատակը, լիազորությունները եւ պարտականությունները: Այլ պայմաններից բացի, կանոնակարգը նաեւ`

ա. մատնանշում է կազմակերպությունում ներքին աուդիտի դիրքը.

բ. սահմանում է ներքին աուդիտի շրջանակը.

գ. կարգավորում է ներքին աուդիտորների համար, աուդիտորական առաջադրանքների կատարման նպատակով, անհրաժեշտ փաստաթղթերի, աշխատակազմի եւ գույքի հետ կապված հարցերը:

19) Աուդիտորական առաջադրանք - ներքին աուդիտի կոնկրետ առաջադրանքը կամ ուսումնասիրությունը, որը ներառում է հավաստիացման կամ խորհրդատվության ծառայություն:

20) Լիազոր մարմին - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական մարմին:

21) Ներքին աուդիտի կոմիտե - կազմակերպության ղեկավարի կողմից սահմանված եւ վերջինիս կողմից ղեկավարվող կոլեգիալ մարմին, որն աջակցում է կազմակերպության ներքին աուդիտի համակարգին եւ այդ նպատակով իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորություններ:

Հոդված 3. Ներքին աուդիտի սկզբունքները

1. Ներքին աուդիտը իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների եւ հետեւյալ սկզբունքների համաձայն`

1) անկախություն,

2) օբյեկտիվություն,

3) կարողունակություն,

4) անկողմնակալություն,

5) գաղտնիություն:

2. Ներքին աուդիտը աջակցում է կազմակերպության ղեկավարին, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող եւ արդյունավետ ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի առկայության ապահովման համար:
 

ԳԼՈՒԽ 2

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Հոդված 4. Ներքին աուդիտի շրջանակը

Ներքին աուդիտի են ենթարկվում կազմակերպության գործունեության ֆինանսական կառավարմանը,  հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները:

Հոդված 5. Ներքին աուդիտի կազմակերպումը

1. Ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Ընդ որում`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի աշխատակազմում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի ենթակայությամբ:

2) Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա ստեղծված պետական մարմիններում` հանձնաժողովներում եւ խորհուրդներում, ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ հանձնաժողովի կամ խորհրդի ենթակայությամբ:

3) Հայաստանի Հանրապետության նախարարություններում ներքին աուդիտի համակարգը գործում է նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա պետական կառավարման այլ մարմիններում` մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության համայնքներում` համայնքի ղեկավարի, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա ստեղծված այլ պետական մարմիններում` տվյալ մարմնի ղեկավարի ենթակայությամբ:

2. Ներքին աուդիտը իրականացվում է կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ հրավիրված` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված անձանց կողմից: Եթե աուդիտը իրականացվում է հրավիրված անձանց կողմից, ապա վերջիններս են ապահովում սույն օրենքով աուդիտի ստորաբաժանման, ներառյալ ստորաբաժանման ղեկավարի համար սահմանված իրավունքների եւ պարտականությունների կատարումը:

3. Կազմակերպության ղեկավարն ապահովում է կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը եւ գործունեությունը:

4. Կազմակերպության ղեկավարը եւ կազմակերպության այլ պաշտոնատար անձինք պարտավոր են համագործակցել ներքին աուդիտորների հետ եւ իրավունք չունեն չբացահայտել կազմակերպությանը վերաբերող տեղեկությունները կամ մերժել դրանց տրամադրումը:

5. Այն կազմակերպություններում, որտեղ ներքին աուդիտը իրականացվում է ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից սահմանվում է, իսկ այլ կազմակերպություններում` կարող է սահմանվել ներքին աուդիտի կոմիտե:

6. Ներքին աուդիտի ստորաբաժանմանը եւ ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է Լիազոր մարմինը:

Հոդված 6. Ներքին աուդիտի բնույթը

1. Կազմակերպության գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ներքին աուդիտը պետք է աջակցի կազմակերպությանը հասնել իր նպատակներին`

1) օժանդակելով կազմակերպության ղեկավարին կազմակերպությունում առկա ռիսկերը բացահայտելու եւ գնահատելու գործում,

2) գնահատելով ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը եւ համապատասխանությունը հետեւյալ պայմաններին`

ա. կազմակերպության ղեկավարության կողմից ռիսկերի բացահայտում, գնահատում եւ կառավարում.

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին, գերատեսչական նորմատիվ ակտերին եւ այլն) համապատասխանություն,

գ. տնտեսող, արդյունավետ եւ օգտավետ գործառույթներ.

դ. տեղեկությունների վստահելիություն եւ ամբողջականություն.

ե. կորուստներից, չարաշահումներից եւ վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն.

զ. առաջադրանքների կատարում եւ նպատակների իրագործում:

2. Ներքին աուդիտը իրականացվում է որոշակի աուդիտորական առաջադրանքների ապահովմանն ուղղված հավաստիացման կամ  խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով:

3. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող աուդիտը պետք է կազմված լինի ներքին աուդիտորի կողմից ապացույցների օբյեկտիվ գնահատումից, որպեսզի անկախ դիրքորոշում կամ եզրակացություն ներկայացվի գործընթացի, համակարգի կամ աուդիտի ենթարկված այլ բաղադրիչի վերաբերյալ:

4. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող յուրաքանչյուր աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում է աուդիտորական առաջադրանքով: Ներքին աուդիտը իրականացվում է հետեւյալ փուլերով` պլանավորում, փաստացի գնահատումների իրականացում, հաշվետվություն եւ հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետեւելու նպատակով:

5. Հավաստիացման ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքը իրականացվում է համակարգային մոտեցմամբ` համապատասխանության աուդիտի կամ կատարողականի աուդիտի միջոցով, կամ համապատասխանության եւ կատարողականի աուդիտի տեսակների համակցությամբ:

6. Խորհրդատվական ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքը բաղկացած է խորհրդատվության, կարծիքի ներկայացման, ուսուցման եւ այլ ծառայությունների մատուցումից, որոնք ուղղված են կազմակերպության ռիսկերի կառավարման եւ  հսկման գործընթացի բարելավմանը: Ներքին աուդիտորը չի կարող իրականացնել կազմակերպության կառավարման որեւէ գործառույթ:

7. Խորհրդատվական ծառայությունների նպատակով նշանակված աուդիտը նախաձեռնում է կազմակերպության ղեկավարը եւ յուրաքանչյուր նման աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով:
 

ԳԼՈՒԽ  3

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ ներքին աուդիտորների իրավունքները

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ ներքին աուդիտորների համար հասանելի են կազմակերպության գործունեության վերաբերյալ ամբողջ, այդ թվում գաղտնի տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տվյալների հասանելիության կարգի, եւ բոլոր գրառումները, այդ թվում` էլեկտրոնային, որոնք անհրաժեշտ են աուդիտի իրականացման համար:

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները իրավունք ունեն.

1) աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից եւ աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը:

2) պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ որեւէ տվյալ:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն օգտվում է նաեւ հետեւյալ իրավունքներից`

1) զեկուցում է կազմակերպության ղեկավարին աուդիտի իրականացման խոչընդոտների եւ խնդիրների վերաբերյալ.

2) առաջարկում է կազմակերպության ղեկավարին փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.

3) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի եւ դրա անդամների հետ, մասնակցում է նրանց խորհրդակցություններին:

Հոդված 8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ ներքին աուդիտորների պարտականությունները

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորություները եւ պարտավոր են`

1) հետեւել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին եւ Լիազոր մարմնի կողմից հաստատված ներքին աուդիտի մեթոդաբանությանը.

2) չհրապարակել եւ չտրամադրել իրենց գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

3) գիտակցաբար չմասնակցել անօրինական գործողությունների եւ կատարել աշխատանքներ, որոնք վարկաբեկում են ներքին աուդիտորի մասնագիտությունը եւ տվյալ կազմակերպությունը:

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ներքին աուդիտի ստորաբաժանման ընդհանուր գործունեության համար, եւ այդ թվում նա պետք է`

1) պատրաստի եւ կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական եւ տարեկան ծրագրերը.

2) ներքին աուդիտորներին` ըստ նրանց գիտելիքների եւ հմտությունների բաժանի իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքները.

3) կազմի եւ կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.

4) հետեւի ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը եւ ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.

5) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով Լիազոր մարմնի հետ, մշակի առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար.

6) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնի աուդիտի որակի երաշխավորման ծրագիր, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաեւ արտաքին խորհրդատուներ,

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է կազմակերպության ղեկավարին եւ ներքին աուդիտի կոմիտեին ու վերջիններիս է ներկայացնում հաշվետվություններ, այդ թվում`

1) աուդիտի արդյունքների եւ արձանագրված խնդիրների, արված առաջարկությունների եւ կազմակերպության գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների մասին.

2) տարեկան ներքին աուդիտի գործունեության ծրագրի իրականացման մասին.

3) ներքին աուդիտի իրականացման համար օգտագործված եւ անհրաժեշտ ռեսուրսների մասին.

4) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ ներքին աուդիտորների առջեւ ծառացած սահմանափակումների բոլոր դեպքերի մասին.

4. Եթե բացահայտվում են կեղծիքի նշաններ, ապա ներքին աուդիտորները այդ մասին տեղեկացնում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին, որը տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին եւ ներքին աուդիտի կոմիտեին, առաջարկելով այդ մասին հայտնել պատկան մարմիններին եւ իրականացնել անհրաժեշտ այլ գործողություններ:

5. Ներքին աուդիտորները չեն կարող հավաստիացման աուդիտ իրականացնել այնպիսի գործունեության կամ միավորների մասով, որին նրանք վերջին մեկ տարվա ընթացքում մատուցել են խորհրդատվական ծառայություններ կամ որի կազմում աշխատել են:

6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից տվյալ կազմակերպությունում այլ գործառույթներ եւ աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն:
 

ԳԼՈՒԽ 4

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա հիմնարկներում համապատասխանաբար հանդիսանում են քաղաքացիական կամ օրենքով սահմանված այլ պետական, այդ թվում հատուկ ծառայողներ կամ համայնքային ծառայողներ, ովքեր ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում:

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որը բավարարում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին եւ ունի առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում:

3. Անձը որը ընդգրկված չէ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում կարող է մինչեւ երեք տարով նշանակվել որպես ուսուցանվող աուդիտոր: Անձը կարող է մեկ անգամ նշանակվել որպես ուսուցանվող աուդիտոր: ՈՒսուցանվող աուդիտորները եւ աուդիտորները ունեն սույն օրենքով սահմանված նույն իրավունքները ու պարտականությունները:

4. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել այն անձիք, որոնք`

1) պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ,

2) հանդիսանում են պաշտոնի նշանակման պահին կամ դրան նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպության կամ կազմակերպության համակարգի կառուցվածքային, այդ թվում ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցրած պաշտոնատար անձանց փոխկապակցված անձիք: Փոխկապակցված են համարվում մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձիք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր):

5. Մինչեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի նշանակվելը դրա հավակնորդը ստորագրում եւ կազմակերպության ղեկավարին է փոխանցում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումների բացակության մասին գրավոր հայտարարություն:

6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում, ինչպես նաեւ վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում կազմակերպության ղեկավարը:

7. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով):

ԳԼՈՒԽ 5

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ  ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Հոդված 10. Ներքին աուդիտի պլանավորումը

1. Ներքին աուդիտի պլանավորումը կատարվում է ռիսկերի գնահատման հիման վրա:  Ներքին աուդիտը իրականցվում է ներքին աուդիտի երեք տարվա ռազմավարական եւ տարեկան ծրագրերի հիման վրա, որոնք մշակվում են ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից:

2. Ռազմավարական ծրագիրը ղեկավարվում է կազմակերպության երկարաժամկետ նպատակներով եւ ներքին աուդիտի ոլորտում սահմանված ռազմավարական զարգացման խնդիրներով: Ռազմավարական ծրագրի հիման վրա մշակվում է նեքին աուդիտի տարեկան ծրագիր:

3. Ռազմավարական եւ տարեկան ծրագրերի եւ դրանց փոփոխությունների նախագծերը քննարկվում են  կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի անդամների հետ:

4. Ռազմավարական եւ տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները հաստատվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից եւ վավերացվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:

5. Ներքին աուդիտի տարեկան ծրագրում ներառվում են նաեւ նախկինում իրականացված ներքին աուդիտի արդյունքում տրված առաջարկությունների իրականացման որակի եւ ժամկետների պահպանման գնահատումը:

6. Յուրաքանչյուր աուդիտի համար մշակվում եւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատվում է աուդիտորական առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տեւողությունը եւ տրամադրված ռեսուրսները, աուդիտի տեխնիկան, տեսակը, ծավալը եւ անհրաժեշտ այլ մանրամասներ:

7. Կազմակերպության ներքին աուդիտի ռազմավարական եւ տարեկան ծրագրերը հաստատվում են մինչեւ տվյալ տարվա հունվարի 1-ը:

Հոդված 11. Ներքին աուդիտի իրականացումը

1. Ներքին աուդիտը իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման եւ փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձեւավորմամբ:

2. Իրականացված յուրաքանչյուր ներքին աուդիտի համար պատրաստվում է հաշվետվություն, որը բաղկացած է համառոտ նկարագրից, խնդիրներից եւ շրջանակից, արդյունքներից, եզրահանգումներից, առաջարկություններից եւ այլ մանրամասներից: Հաշվետվության նախագիծը տրամադրվում է ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս նախագծի վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք, որը հանդիսանում է հաշվետվության անբաժան մասը:

3. Աուդիտի հաշվետվությունը հաստատվում է աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից եւ տրամադրվում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին եւ ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին:

4. Կազմակերպության ղեկավարը եւ ներքին աուդիտի կոմիտեն քննարկում են ներքին աուդիտի հաշվետվությունը եւ ընդունում որոշում:

Հոդված 12. Ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում է ներքին աուդիտի իրականացման տարեկան հաշվետվություն, որը ներառում է.

1) ռազմավարական եւ տարեկան ծրագրերի կատարողականի նկարագրությունը,

2) իրականացված աուդիտի, աուդիտի իրականացման ժամանակ դրա շրջանակի սահմանափակումները եւ ծրագիրն իրականացնելու հարցում ձախողման պատճառները.

3) կազմակերպությունում ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի գործունեությանն առնչվող հիմնական եզրահանգումներն ու կազմակերպության գործունեությունը բարելավելու ուղղությամբ արված առաջարկությունները.

4) առաջարկություններն իրականացնելու համար ձեռնարկված գործողությունները.

5) իրավական ակտերի պահանջների խախտման դեպքերը եւ կեղծիքի նշանները.

6) կազմակերպության ներքին աուդիտի զարգացման առաջարկներ:

2. Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է կազմակերպության ղեկավարին եւ ներքին աուդիտի կոմիտեին:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում եւ կազմակերպության ղեկավարի միջոցով, մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Լիազոր մարմնին է ներկայացնում, նախորդող տարվա ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունը: Պետական կամ համայնքային հիմնարկները, պետական կամ համայնքների ոչ առեւտրային կազմակերպությունները, հիսուն տոկոսից ավել պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունները ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունները Լիազոր մարմնին են ներկայացնում տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմնի միջոցով:

ԳԼՈՒԽ  6

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ

Հոդված 13. Լիազոր մարմինը

1. Լիազոր մարմինը պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների եւ հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության եւ մեթոդաբանության մշակման ու ներդրմանն օժանդակելու, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների եւ ներքին աուդիտի մեթոդաբանության կիրառման գործընթացի համակարգման եւ դիտարկման (մոնիթորինգի) համար:

2. Սույն օրենքի պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Լիազոր մարմինը ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտեր: Ընդ որում`

1) ներքին աուդիտի ստանդարտները եւ ներքին աուդիտորների վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցերը), ներքին աուդիտի ձեռնարկների եւ ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցերը, ինչպես նաեւ ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է Լիազոր մարմինը:

3. Ներքին աուդիտի համակարգի զարգացման եւ մեթոդաբանության կատարելագործման նպատով Լիազոր մարմինը պարբերաբար դիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում սույն օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների եւ ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ:

4. Լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`

1) ներքին աուդիտի գործընթացի համակարգումը եւ ներդաշնակեցումը:

2) ներքին աուդիտորների ուսուցման եւ շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը:

3) ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը:

4) մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը:

5) ներքին աուդիտորների` որակավորված անհատների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը եւ վերջիններիս ցանկի հրապարակումը,

6) Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների եւ մարմինների հետ համագործակցությունը:

7) կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը եւ վարումը:

5. Լիազոր մարմնի` սույն օրենքով նախատեսված լիազորությունների կատարման կազմակերպման նպատակով, լիազոր մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, սահմանվում է ֆինանսական կառավարման, հսկողության եւ ներքին աուդիտի գործառույթների (պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի) կարգավորման եւ համակարգման համար պատասխանատու ստորաբաժանում: Նշված ստորաբաժանման աշխատակիցները պետք է ընդգրկված լինեն սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում:

6. Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով, կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից, Հայսատանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացվում են կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումներ:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ  ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 15. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով եւ 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձիք, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ստորաբաժանման աշխատակիցները համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած` Լիազոր մարմնի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սահմանում է կազմակերպություններում սույն օրենքի համաձայն ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը:

4. Սույն օրենքով նախատեսված նորմերը` հիսուն տոկոսից ավել պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների մասով ուժի մեջ են մտնում սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» եւ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական պահանջները սահմանվել են 2001 թվականին հաստատված «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի համաձայն` ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստները պարտավոր են ապահովել տվյալ կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը: Օրենքի հիշյալ պահանջի կիրարկման ապահովման նպատակով ՀՀ կառավարության եւ այս բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:

Չնայած, որ 2001 թվականից սկսած միջոցներ են ձեռնարկվել ներքին աուդիտի համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն, համակարգը գործնականում դեռեւս ամբողջությամբ ներդրված չէ եւ բավարար արդյունավետությամբ չի գործում: Մասնավորապես.

- ներքին ուդիտի հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորումը ամբողջական չէ,

- առանձին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում չի ապահովվում ներքին աուդիտի գործառույթի լիարժեք կատարումը, ձեւավորված չեն համապատասխան ենթակառուցվածքներ (միավորներ),

- հստակ չէ կապը ներքին աուդիտի եւ հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ կառույցների միջեւ,

- ներկայումս ներքին աուդիտը հիմնականում կենտրոնանում է ֆինանսական գործառույթների գնահատման վրա, այն դեպքում երբ ներքին աուդիտի շրջանակը ավելի լայն է, ինչը բացի ֆինանսական գործառույթների գնահատումից պետք է ներառի նաեւ կատարողականի եւ նեքին հսկողության համակարգերի արդյունավետության գնահատման հարցերը,

- առկա կարողությունները, այդ թվում մասնագիտական, բավարար չեն ներքին աուդիտի գործառույթի պատշաճ կատարման համար: Ներքին աուդիտորների ուսուցման, շարունակական վերապատրաստման եւ որակավորման գնահատման միասնական համակարգը բացակայում է,

- ներքին աուդիտի հետ կապված իրավական կարգավորումները առանձին դեպքերում համարժեք չեն համեմատաբար փոքր ֆինանսական միջոցներ շրջանառող պետական մարմինների եւ համայնքների գործունեության առանձնահատկություններին,

- ելնելով կառավարման համակարգի գործող առանձնահատկություններից` բարելավման կարիք ունի պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը:

Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել է «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» եւ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից քննարկվել եւ առաջին ընթերցմամբ հաստատվել է 2008 թվականի ապրիլի 10-ի նիստում:

Միաժամանակ ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի թիվ ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումները: Նշված ծրագրի <Պետական ներքին ֆինանսական հսկողություն> բաժնով սահմանվել են հետեւյալ գործողությունները (ՀՀ պարտավորությունները)`

1. ողջ պետական հատվածի համար ներդնել պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգ, որը հիմնված կլինի կառավարչական հաշվետվողականության եւ գործնականում անկախ ներքին աուդիտի սկզբունքների վրա` միջազգայնորեն համաձայնեցված չափանիշներին (IFAC, IIA, INTOSAI) եւ մեթոդաբանություններին համահունչ:

2. ապահովել ՀՀ կառավարության կողմից ընդունված ներքին աուդիտի համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացումը, որը նախատեսում է Հայաստանի պետական ոլորտում ներքին աուդիտի զարգացումը` միջազգային ստանդարտներին համապատասխան (IFAC, IIA, INTOSAI):

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության բնագավառում իրականացվող բարեփոխումները, այդ թվում <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագիծը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով 2009 թվականին ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի Բյուջետային դեպարտամենտի համատեղ նախաձեռնությամբ ՍԻԳՄԱ/SIGMA ծրագրի կողմից իրականացվել է ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի գնահատում (համեմատական վերլուծություն): Վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ հաստատված <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագիծը լրամշակվել է:

Լրամշակման արդույնքում` ՀՀ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագծում կատարվել են նշանակալի փոփոխություններ` որոշ հոդվածներ միացվել են, որոշ հոդվածներ հանվել են, ինչպես նաեւ նախագիծը համալրվել է նոր հոդվածներով: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները եւ հիմք ընդունելով <Ազգային ժողովի կանոնակարգ> ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի պահանջները, <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ ԱԺ` կրկին անգամ առաջին ընթերցմամբ քննարկելու նպատակով:

Լրամշակված Օրենքի նախագծի`

ա) 1-ին` "ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ" գլխով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ինչպես նաեւ ներքին աուդիտի սկզբունքները: Նախագծի համաձայն`

- օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը, սկզբունքները, բնույթը, շրջանակը եւ ներքին աուդիտ իրականացնողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

- Հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում` ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետության կամ համայնքների հիմնարկները, պետական կամ համայնքների ոչ առեւտրային կազմակերպությունները, պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:

- Ներքին աուդիտը սահմանվել է, որպես` անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը եւ բարելավմանը: Այն օգնում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված եւ կանոնակարգված ձեւով գնահատման ու բարելավման միջոցով:

- Ներքին աուդիտը պետք է իրականացվի ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների եւ հետեւյալ սկզբունքների համաձայն`

1) անկախություն,

2) օբյեկտիվություն,

3) կարողունակություն,

4) անկողմնակալություն,

5) գաղտնիություն:

բ) 2-րդ գլխում ներառված են ներքին աուդիտի շրջանակը, ներքին աուդիտի կազմակերպումը եւ ներքին աուդիտի բնույթը հոդվածները: Նախագծի համաձայն`

- ներքին աուդիտի են ենթարկվում կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները,

- ներքին աուդիտը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ հրավիրված` որակավորված աուդիտորների կողմից,

- կազմակերպության ղեկավարն է պատասխանատու տվյալ կազմակերպությունում օրենքի պահանջների համաձայն ներքին աուդիտի գործառույթի կազմակերպման եւ գործունեության ապահովման համար,

- կազմակերպության գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ներքին աուդիտը պետք աջակցի կազմակերպությանը հասնել իր նպատակներին`

1) օժանդակելով կազմակերպության ղեկավարին կազմակերպությունում առկա ռիսկերը բացահայտելու եւ գնահատելու գործում,

2) գնահատելով ֆինանսական կառավարման եւ հսկողության համակարգերի արդյունավետությունը եւ համապատասխանությունը օրենքով նախատեսված պայմաններին:

գ) 3-րդ եւ 4-րդ գլուխներով սահմանվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ ներքին աուդիտորների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ հիշյալ պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջները:

դ)  5-րդ գլխով կարգավորվում են ներքին աուդիտի պլանավորման, ներքին աուդիտի իրականացման եւ ներքին աուդիտի տարեկան հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հիմնական հարաբերությունները: Նախագծի համաձայն`

- ներքին աուդիտի պլանավորումը պետք է կատարվի ռիսկերի գնահատման հիման վրա եւ սահմանվի երեք տարվա ռազմավարական ծրագրով: Ռազմավարական ծրագրի հիման վրա մշակվում է աուդիտի տարեկան ծրագիր: Յուրաքանչյուր աուդիտի համար սահմանվում է աուդիտորական առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տեւողությունը եւ տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը:

- ներքին աուդիտը պետք է իրականացվի ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման եւ փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձեւավորմամբ: Իրականացված յուրաքանչյուր աուդիտի համար պատրաստվում է աուդիտի հաշվետվություն:

- ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում է ներքին աուդիտի իրականացման տարեկան հաշվետվություն, որը ներառում է ռազմավարական եւ տարեկան ծրագրերի կատարողականի նկարագրությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

ե) 6-րդ գլուխը սահմանում է ներքին աուդիտի կարգավորման, համակարգման եւ ներդաշնակեցման համար պատասխանատու լիազոր մարմինը եւ վերջինիս իրավունքները ու պարտականությունները:

Նախագծի համաձայն Լիազոր մամինը` ՀՀ կառավարության կողմից կողմից սահմանված պետական մարմին է, որը պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների եւ հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության եւ մեթոդաբանության մշակման ու ներդրմանն օժանդակելու, ինչպես նաեւ օրենքի պահանջների եւ ներքին աուդիտի մեթոդաբանության կիրառման գործընթացի համակարգման եւ դիտարկման (մոնիթորինգի) համար:

զ) 7-րդ գլով սահմանվում են օրենքի եզրափակիչ եւ անցումային դրույթները: Նախագծի համաձայն`

- օրենքը չի կարգավորում ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները:

- օրենքով նախատեսված աուդիտորների պարտադիր որակավորման պահանջը ուժի մեջ է մտնում  2013 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքը ուժի մեջ մտնելու պահին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձիք համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած:

- ՀՀ կառավարությունը` սահմանում է կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը:

- օրենքով նախատեսված նորմերը` պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների մասով ուժի մեջ են մտնում օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

- օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը:

2. «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Քանի որ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարին է վերապահվում ներքին հսկողության համակարգի առկայության ապահովման գործառույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարելու «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում:

Միաժամանակ` «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում փոփոխությունները պայմանավորված են նաեւ նշված օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի կառուցվածքում ներառված միավորների կարգավիճակի  դրանց անվանման փաստացի փոփոխությամբ: