Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-847-16.03.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է շքեղություն համարվող սեփականության համար նախատեսվող հարկատեսակների  դրույքաչափերը եւ կարգավորում է դրանց վճարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Շքեղության հարկի օբյեկտները

Սույն օրենքի իմաստով շքեղություն են համարվում որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող սեփականության հետեւյալ օբյեկտները` հողամասերը, բնակարանները, առանձնատները, անձնական օգտագործման  մարդատար ավտոմեքենաները, ուղղաթիռները, ինքնաթիռները, մոտորանավակները, առագաստանավերը, դրամական միջոցները, արժեթղթերը, արտարժույթը, ինչպես նաեւ մշակույթային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրա ֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշները կամ դրանց հավաքածուները:

Դրանց հաշվառման եւ գնահատման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 3. Շքեղության հարկ վճարողները

Շքեղության հարկ վճարողներ են համարվում սույն օրենքի 2-րդ հոդվածում սահմանված շքեղության հարկի օբյեկտների սեփականատեր հանդիսացող անձինք:

Շքեղության հարկը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, ինչպես ռեզիդենտ այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

Հոդված 4. Հողամասի հարկումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց սեփականության իրավունքով պատկանող եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասի չափը գերազանցում է 10 հեկտարը` վճարում է տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 30 հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի 5 տոկոսը,

բ) մինչեւ 50 հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի 10 տոկոսը,

գ) 70 եւ ավելի հեկտարտը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստարային արժեքի 20 տոկոսը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին սեփականության իրավունքով  պատկանող եւ Երեւան քաղաքի  վարչական սահմաններում գտնվող հողամասի չափը գերազանցում է 1 հեկտարը վճարում է տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 3 հեկտարը` հողամասի գերազանցող  մասի հողի կադաստրային արժեքի 20 տոկոսը,

բ) մինչեւ 5 հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի  25 տոկոսը,

գ) 10 եւ ավելի հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի 30 տոկոսը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց սեփականության իրավունքով պատկանող եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  հողամասի չափը գերազանցում է 1 հեկտարը վճարում են տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 3 հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի 40 տոկոսը,

բ) մինչեւ 5 հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի  50 տոկոսը,

գ) 10 եւ ավելի հեկտարը` հողամասի գերազանցող մասի հողի կադաստրային արժեքի 60 տոկոսը:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա:

Հոդված 5. Բնակելի տարածքի հարկումը

1.  Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող եւ բազմաբնակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 80 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 10 տոկոսի  չափով: Սույն դրույթը չի տարածվում  այն բնակարանների վրա, որտեղ սեփականության իրավունքով բնակվում են 4 եւ ավելի անձինք:

2. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող եւ բազմաբնակարան  շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 40 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 20 տոկոսի չափով:

Սույն դրույթը չի տարածվում  այն բնակարանների վրա, որտեղ սեփականության իրավունքով բնակվում են 4 եւ ավելի անձինք:

3. Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող եւ բազմանակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող  կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 80 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար  վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի)  արժեքի 20 տոկոսի չափով:

4. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող եւ բազմաբնակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 40 քառակուսի մետրը յուրաքանչյուր  բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի)  արժեքի 40 տոկոսի չափով:

5. Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող եւ 400 քառակուսի մետրը գերազանցող առանձնատան սեփականատեր  Հայաստանի Հանրապետության քաղաքացին յուրաքանչյուր առանձնատան համար վճարում է տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 500 քառակուսի մետրը` գերազանցող  բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 2,5 տոկոսի չափով,

բ) մինչեւ 650 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 5 տոկոսի չափով,

գ) մինչեւ 800 եւ ավելի քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 10 տոկոսի չափով:

6. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող եւ 300 քառակուսի մետրը գերազանցող առանձնատան սեփականատեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին յուրաքանրյուր առանձնատան համար  վճարում է տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչը 500 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի)  արժեքի 10 տոկոսի չափով,

բ) մինչը 650 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի)  արժեքի 20 տոկոսի չափով,

գ) մինչը 800 եւ ավելի քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի)  արժեքի 40 տոկոսի չափով:

7. Երեւան քաղաքի վարչական  սահմաններից դուրս գտնվող եւ 400 քառակուսի մետրը գերազանցող առանձնատան սեփականատեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող  կամ քաղաքացիություն չունեցող անձը վճարում է տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 500 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 5 տոկոսի չափով,

բ) մինչեւ 650 քառաուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 10 տոկոսի չափով,

գ) մինչեւ 800 եւ ավելի քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 20 տոկոսի չափով:

8. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող եւ 300 քառակուսի մետրը գերազանցող առանձնատան սեփականատեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքցիություն չունեցող անձը վճարում է  տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 500 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 20 տոկոսի չափով,

բ) մինչեւ 650 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 40 տոկոսի չափով,

գ) մինչեւ 650 քառակուսի մետրը` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 80 տոկոսի չափով:

Հոդված 6. Անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենայի հարկումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող անձինք անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենայի համար, որի արժեքը գերազանցում է 30.000 ԱՄՆ դոլարը, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար վճարում են տարեկան հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 50.000 ԱՄՆ դոլարը` ավտոմեքենայի արժեքի գերազանցող մասի 10 տոկոսի չափով,

բ) մինչեւ 100.000 ԱՄՆ դոլարը` ավտոմեքենայի արժեքի գերազանցող մասի 15տոկոսի չափով,

գ) 100.000 եւ ավելի ԱՄՆ դոլարը` ավտոմեքենայի արժեքի գերազանցող մասի 25 տոկոսի չափով:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա:

Հոդված 7. Հարստության (ունեցվածքի) հարկումը

Հայաստանի Հանրապետությունում հարստություն (ունեցվածք) ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս հարստություն (ունեցվածք) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անկախ իր տարեկան եկամտի չափից, եթե ունի 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք սեփականության օբյեկտներ` հողամասեր, բնակարաններ, առանձնատներ, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, մոտորանավակներ, առագաստանավեր, դրամական միջոցներ, արժեթղթեր, արտարժույթ, ինչպես նաեւ մշակույթային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործություններ, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշներ կամ դրանց հավաքածուներ, տարեկան վճարում է հարստության (ունեցվածքի) համար հարկ հետեւյալ դրույքաչափերով`

ա) մինչեւ 800.000 ԱՄՆ դոլարը` հարստության (ունեցվաքի) ընդհանուր արժեքի գերազանցող մասի 20 տոկոսի չափով,

բ) 800.000 ԱՄՆ դոլար եւ ավելիի դեպքում` հարստության (ունեցվաքի) ընդհանուր արժեքի գերազանցող մասի 40 տոկոսի չափով:

Սույն հոդվածի դրույթները  տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա:

Հոդված 8. Շքեղության հարկի օգտագործումը

Շքեղության հարկի վճարումից ստացված ֆինանսական միջոցները փոխանցվում են պետական բյուջե եւ օգտագործվում են բացառապես սոցիալական պաշտպանության ծախսերը` այդ թվում կենսաթոշակները, ծնելիության խթանումը, ընտանեկան նպաստները, գործազրկության նպաստները, հաշմանդամության, վատառողջության  եւ անաշխատունակության նպաստները եւ միանվագ դրամական օգնությունը ֆինանսավորելու, ինչպես նաեւ բնակչության անապահով խավերի  բուժօգնության ծախսերը պետական պատվերի շրջանակում իրականացնելու նպատակով:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

Սույն օրենքի դրույթների խախտումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքը տարածվում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված շքեղություն համարվող սեփականության վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ

Օրինագծի փաթեթը մշակելիս հաշվի է առնվել հայաստանյան այսօրվա իրականությունը, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը: ԱՊՀ երկրներից շքեղության հարկի մասին օրենք գործում է Ուկրաինայում, իսկ 2009 թ. սեպտեմբերին Ղազախստանում ընդունվել է  այդօրինակ մի օրենք եւ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների ցանկը եւ դրանց հարկային դրույքաչափերը  ամրագրվել են հարկային օրենսգրքում: 2007 թվականից սկսած Ռուսաստանում բուռն քննարկումներ են ընդանում շքեղության հարկի մասին օրինագծի վերաբերյալ, մասնավորապես 2007 թվականի հունվարին այդպիսի  նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բաբակովը, իսկ հետագայում Դաշնային Խորհրդի նախագահ` Սերգեյ Միրոնովը: Միջազգային փորձը վկայում է, որ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների թվում մասնավորապես նշվում են որոշակի  չափաքանակներ եւ արժեք ունեցող բնակարանները, առանձնատները, հողամասերը, մշակույթային արժեք ունեցող արվեստի ստեղծագործությունները, թանկարժեք զարդերը, ուղղաթիռները, ինքնաթիռները, ավտոմեքենաները, առագաստանավերը, մոտոռանավակները, հարստությունը (ունեցվածքը) եւ այլն: Ընդ որում հողամասերի, բնակարանների, առանձնատների հարկային դրուքաչափերի սահմանման ժամանակ կարեւորվում է գոտիականության  ամրագրման սկզբունքը, որից ելնելով էլ նախատեսվում են համապատասխան մոտեցումներ: Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեցարիայում, Անգլիայում եւ Եվրոպական այլ երկրներում հարուստ լինելը բավականին թանկ է: Այդ պետություններում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են այդ անշարժ գույքի արժեքի  1-2 տոկոսը: Ավստրիայում եւ Շվեյցարիայում այսպես կոչված էլիտար վայրերում գտնվող 500-600 քառ. մետր մակերես ունեցող կոտեջի համար նրա սեփականատերը պետությանը տարեկան վճարում է 10-15 հազար եվրո գումար: Ֆրանսիայում հարստության, ունեցվածքի  համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ հարստության, ունեցվածքի արժեքը ավել է 750 հազար եվրոյից` անկախ իրենց ունեցած տարեկան եկամտի չափից: Գերմանիայում 2006 թվականին  քաղաքացիներից գանձվող գերշահույթների չափը  42-ից բարձրացվել է 45 տոկոսի: Հարստության հարկ են վճարում նաեւ Իտալիայում: ԱՄՆ-ում շքեղության հարկը մտցվել է դեռեւս 1898 թվականին` Իսպանիայի դեմ մղվող  պատերազմի ծախսերը ֆինասավորելու  համար եւ կազմում էր 3 տոկոս: 2009 թվականի սեպտեմբերից Ղազախստանում գործող օրենքի համաձայն եթե թանկարժեք ունեցվածքի` այդ թվում անշարժ գույքի արժեքը կազմում է 420 հազարից 1 միլիոն ամերիկայն դոլար, ապա գանձվող հարկի չափը կազմում է 0.75 տոկոս, իսկ 1 միլիոնից ավելիի դեպքում` 1 տոկոս: Հետաքրքիր է միջազգային փորձը նաեւ շքեղություն համարվող անձնական օգտագործման թանկարժեք ավտոմեքենաների հարկման վերաբերյալ: Մի շարք երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա)  այդպիսի ավտոմեքենաների օգտագործման համար նախատեսված հարկային դրույքաչափերը պայմանավորված են տվյալ ավտոմեքենայի կշռով, չափերով, շարժիչի հզորությամբ, արտանետվող CO2  գազի քանակով: Դանիայում հիմքում դնելով էկոլոգիական գործոնը ավտոմեքենայի գրանցման համար  գանձվում է ավտոմեքենայի արժեքի  105 տոկոսի չափով գումար: Իսկ եթե ավտոմեքենայի արժեքը ավել է 18 հազար ամերիկյան դոլարից, ապա համապատասխան գումարը կազմում է 180 տոկոս: Իսրայելում ավտոմեքենաների հարկման չափորոշիչների հիմքում դրվում են ավտոմեքենայի չափերը եւ վնասակար գազերի արտանետումների քանակը: Այդ պարագայում քաղաքացիները վճարում են հարկ, որի չափը կազմում է տվյալ ավտոմեքենայի  արժեքի շուրջ 70 տոկոսը: Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ` տվյալ ավտոմեքենայի արժեքի 33 տոկոսի չափով: Ընդ որում շքեղ են համարվում 57 հազար ամերիկյան դոլարից ավել արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները:

Օրինագծի հայեցակարգը, համապատասխան դրույքաչափերը եւ մյուս  դրույթները քննարկելի են: Հեղինակը պատրաստ է այդ քննարկումների արդյունքում լրամշակել ներկայացված օրինագիծը: Մեր գնահատականով օրինագծի ընդունումը  կնպաստի Հայաստանում սոցիալական արդարության հաստատմանը:

Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: